«Դժվար օրերի բարեկամը»

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով ապրիլի 13-14-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնական այցով եղավ Իրանում:

Նախագահները բարձր են գնահատել եւ հեռանկարային են համարել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: ՀՀ նախագահն առանձնահատուկ կարեւորություն է տվել Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ այս երկիրը դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարեւորություն ունեցող հարեւան եւ «դժվար օրերի բարեկամ»: ԻԻՀ նախագահն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարեւոր առաջանահերթություններից մեկը. «Անհրաժեշտ է պահպանել եւ ընդլայնել մեր ձեռքբերումները»,- նշել է նա:

Երկրի ղեկավարները երկուստեք ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական (պարսկական) համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: «Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումը լավագույն վկայությունն է բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման մեր տեսլականի: Վստահ եմ, որ քննարկված խնդիրների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն փաստաթղթերի, որոնց իրականացումը կբերի մեր բարեկամության հետագա էլ ավելի խորացմանը»,-

ասել է Ս. Սարգսյանը: Կարեւորվել է նաեւ Իրանի հայկական համայնքի լուրջ դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում: Բանակցությունների ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցմանը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, էներգետիկ, տրանսպորտի եւ առեւտրի բնագավառներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերին առնչվող հարցեր: Նախագահներն անդրադարձ են կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Իսկ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ Ս. Սարգսյանը խոսել է հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքների մասին՝ կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման ու զարգացման հարցում:

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, ծաղկեպսակ է դրել ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ Այաթոլա Խոմեյնիի դամբարանին:

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում Ս. Սարգսյանը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նարե Մշեցյան

Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։