ՀՀ ԱԺ-ում վրացական գործակալնե՞ր են վխտում

Ջավախքի թեման օրեցօր ավելի անհանգիստ տարրեր է ձեռք բերում: Այս խնդիրը դարձել է ինչպես ներվրաստանյան, այնպես էլ ներհայաստանյան քննարկումների եւ պարզաբանումների առարկա:

Հատկապես հայաստանաբնակ ջավախքահայերը լուրջ մենամարտի են բռնվել ջավախքասիրության եւ ջավախքափրկության հարցերում: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ անգամ խորհրդային տարիներին «ջավախքահայությունը երբեք այսքան վատ վիճակում չի եղել», Ջավախքում տեղի հայերի նկատմամբ այդքան խտրականություն չի ցուցաբերվել, որքան հիմա: Այսպես մեղադրելով վրացիներին, այնուհետեւ նա լուրջ մեղադրանք ներկայացրեց մեկ այլ ՀՀԿ անդամ, «Վիրահայերի միություն» ՀԿ նախագահության անդամ Հայկ Սանոսյանի նկատմամբ՝ ասելով, որ երբ նման անձինք «ՀՀԿ ցուցակով գալիս էին խորհրդարան, այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե նրանք ինչով էին զբաղվելու Հայաստանում: Մինչդեռ այդ մարդկանց ուղղորդում էին վրացական հատուկ ծառայությունները:

Մի հուշում անեմ ձեզ՝ 2003թ. վիրահայերի կազմակերպության հիմնադիր ժողովում հնչեցվել է նախագահ Շեվարդնաձեի ուղերձը: Վրացական հատուկ ծառայությունների կողմից ուղղորդված տեսակետներն են, որ այսօր տարածվում են Հայաստանում: Ի՞նչ անի՝ նա էլ է խորհրդարանում, նա էլ է խոսում այդ մասին:

Խոսում է, որովհետեւ նրա վրա ճնշում կա Վրաստանից, որովհետեւ նրանք, ինչպես կայքերից մեկի լրագրողն էր ասել, իրավամբ վրացական պետության գործակալ են համարվում»:

Ինչպես ասում են, մեզ մի վրացական գործակալ՝ Վան Բայբուրդ կոչեցյալ, Վրաստանում հերիք չէր, ով նաեւ Վրաստանի նախագահի խորհրդականն է, հիմա էլ Հայաստանում են գործում վրացական գործակալները…

Դե իհարկե, հայաստանաբնակ «Վիրահայեր»-ն էլ դավադրությունների մեջ մեղադրում են հայաստանաբնակ «Ջավախք»-ի հայերին, եւ այս կռվի վերջը դեռ չի երեւում: Շ. Թորոսյանը մեղադրում է Հ. Սանոսյանին նաեւ այն բանում, որ նա ցանկանում էր Ջավախքում ՔԿՀ կառուցել. «Էական նպաստ ենք ունեցել քրեակատարողական հիմնարկի չկառուցման հարցում, էական նպաստ ենք ունեցել սահմանի վիճակի կարգավորմանը, ջավախքահայաության համախմբմանը, խնդիրների ձեւակերպմանը…»:

Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ն առաջիններից մեկն էր, որ ի շարս այլ հարցերի, նաեւ այս ՔԿՀ-ի հարցը բարձրաձայնեց եւ հետեւողականորեն հետամուտ եղավ խնդիրը պարբերաբար արծարծելուն:

Մինչեւ հայաստանաբնակ վրաստանահայերը եւ ջավախքահայերը վիճաբանում են, թե ով պետք է տիրի Ջավախքի վարչական եւ տնտեսական լծակներին (այո՜, կռիվը հենց այս հարցում է), վրացիները շարունակում են հայահալած քաղաքականությունը Ջավախքում: Նրանք վճռականորեն ցանկանում են ճաղերի հետեւում երկարատեւ փակել Վահագն Չախալյանին, որպեսզի այս դատավարությունը դաս դառնա մնացյալ ջավախքցիների համար: Բայց Հայաստանում եւ Սփյուռքում բարձրացվող հասարակական ալիքը կարող է եւ հակառակ ազդեցությունն ունենալ եւ նպաստել ջավախքահայերի համախմբմանն ու պայքարին: Երեւանում, Փարիզում, Լոս Անջելեսում եւ այլուր հնչող բողոքի հայտարարություններն ու ցույցերը, Չախալյանների ընտանիքի հանդեպ հետապնդումն ու դատապարտումը կարող են քաղաքական հարվածներ ուղղորդել Թբիլիսիի կողմը, ինչը անհրաժեշտ է անել միասնաբար եւ կազմակերպված:

Արտակ Հայոցյան

Արման Դավթյան

Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։