Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) 20-ամյա հոբելյանը:
1989թ. ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ովքեր այլեւս չէին հավատում հանրահավաքային պայքարի հաջողությանը եւ հասկանում էին, որ միայն զենքով է հնարավոր ինքնապաշտպանվել ու առավել եւս՝ վերատիրել Արցախին, նախաձեռնեցին ազգային բանակ ստեղծելու գործը:
ՀԱԲ-ը այդ տարիների կամավորական կազմավորումներից ամենամեծն էր թվաքանակով, եւ ամենաազդեցիկը գաղափարախոսությամբ: Ավելի քան 100 հզ. կամավորականներ էին զինվորագրվել ռազմական այս կառույցին, որը որդեգրել էր Նժդեհի ցեղակրոն ուսմունքը եւ իր նվիրյալ մարտիկներով ռազմական ճամբարներ էր կառուցել ՀՀ սահմանների ամբողջ երկայնքով:
Այսօր նույնիսկ 10-15 հոգանոց ջոկատներն են կարեւորվել պետականորեն (բնավ չենք կասկածում որեւէ ջոկատի կարեւորությհանը, քավ լիցի, նույնիսկ մեկ մարդու գործն է կարեւոր), սակայն, այս հզոր ռազմական կազմավորման գնահատումը ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ինչը պատիվ չի բերում մեր նորանկախ պետության ոչ մի իշխանության:
ՀԱԲ-ը նպաստել է այսօրվա անկախ պետության կայացմանը, իսկ նրա մարտիկները նույնիսկ ՀԱԲ-ի դավադիր լուծարումից հետո շարունակեցին մարտնչել արցախյան ճակատում, մինչեւ 1994թ. զինադադարը:
Ներկայումս ոմանք փորձում են ՀԱԲ-ի անունը շահարկել ինչ-որ հասարակական նույնանուն կազմակերպություն ստեղծելով, ինչն ավելի շատ ՀԱԲ-ի անունը շահարկելու միտում ունի, եւ նույնիսկ կարող է ՀԱԲ-ը վարկաբեկելու նպատակ է հետապնդում:
Բայց պատմական ՀԱԲ-ը այնքան փառք է վաստակել, որ դա անհնարին է, իսկ ՀԱԲ-ի ու հաբականների գնահատումը դեռ պատմությունը կտա…
Հավերժ փառք ՀԱԲ-ի բոլոր նահատակ մարտիկներին, նրա վաղամեռիկ գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին (շուրջ 4 տարի է հեռացել է երկրային կյանքից), ով նաեւ արորդի էր, եւ բոլոր ապրող հաբականներին, ովքեր դեռեւս շնչում ու գործում են հանուն ազգի եւ հայրենիքի:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ,
ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար



