Դիմում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին,
(կրկնօրինակները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին,
Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի
տնօրեն Աշոտ Մելքոնյանին,
Ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական
գիտությունների բաժանմունքի ղեկավար Վ. Բ. Բարխուդարյանին,
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին)
ԱՄՆ- ի հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից

 

Դիմում

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
ՀՀ սփյուռքի հարգելի նախարար,
ՀՀ գիտական կառույցների հարգելի ղեկավարներ,

 

Մենք, որպես ամերիկահայ հասարակական-մշակութային կազմակերպություններ, 2009 թվականի Փետրվար 12-ին, Գլենդելի հանրային գրադարանի մեծ դահլիճում կազմակերպելով «Լոս Անջելեսի հայ մտավորականների պաշտպանությունը ուսանողների ստորագրահավաքին» խորագրով միջոցառումը, արձանագրեցինք Լոս Անջելեսի հայ համայնքի եւ մտավորականության տրամադրություններն ու դիրքորոշումը, եւ արդյունքում՝ ընդհանուր դիմումով, դիմեցինք Ձեզ երկու հարցով:

Հարցերից մեկը վերաբերում էր՝ «The Armenian People from Ancient To Modern Times» սխալներով եւ զեղծարարություններով լի, հակագիտական եւ հակահայկական երկհատորյակին, որը նաեւ որպես բուհական դասագիրք շրջանառության մեջ է ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական դասընթացներում: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը պաշտոնապես մեզ տեղակացրեց, որ հանձնարարված է Հայաստանի ԳԱ ակադեմիային՝ քննարկել հիշյալ գրքում տեղ գտած սխալների եւ զեղծարարությունների հարցը եւ որոշումով պատասխանել: Փաստորեն, Ձեր հանձնարարությունը կատարվել է եւ 2009 թվականի Ապրիլի 7-ի Հայաստանի ԳԱ ակադեմիայի հումանիտար գիտությունների եւ հայագիտական բաժանմունքի կողմից հրավիրված նիստում «The Armenian People from Ancient To Modern Times» դասագրքի վերաբերյալ միաձայն որոշում է կայացվել (տես՝ ԱԶԳ, 2009-04-16): Կայացվել է նաեւ որոշում, որ այն պետք է տեղադրվի ԳԱ ակադեմիայի կայքէջում: Սակայն, մինչ այսօր, Ապրիլի 7-ի միաձայն հաստատված այդ որոշումը չի հրապարակվում: Եվ ավելին, երեկ՝ Ապրիլ 23-ին, ԳԱ ակադեմիայում տեղի է ունենում ընդհանուր բաց ժողով, եւ Վ. Բարխուդարյանի կամային ցանկությամբ, հաշվի չառնելով մասնակիցների պահանջները եւ իրավունքները, նույնիսկ չի ընթերցվում Ապրիլի 7-ի որոշումը:

Սա պաշտոնի չարաշահման բացահայտ օրինակ է: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ ակադեմիայում գոյություն չունի օրենքի եւ իրավունքի դաշտ՝ պաշտպանվածություն եւ կարգ: Ավելին, ի վերջո, չի կատրավում Ձե՛ր տված հանձնարարությունը, քանի որ վերոնշյալ դասագրքի վերաբերյալ մասնագետների կարծիքն ու կայացրած որոշումն «անհասանելի է»: Եթե նման խնդիրները մանր անձնական մակարդակներում, մեկ անձի՝ Վ. Բարխուդարյանի, կամային ցանկության սահմաններում է լուծվում, ապա կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ԳԱ ակադեմիայում չկա օրենքի կիրառման համակարգ, եւ Հայաստանի մի շարք կառույցներում չկան

մարդիկ, որոնք ճանաչում են սփյուռքը խորությամբ եւ անհանգստացած են սփյուռքահայ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հարցերով, սփյուռքի գոյատեվման՝ վաղվա օրվա ռազմավարությամբ:

Ավելացնենք նաեւ, որ մենք՝ սփյուռքի վեց հասարակական-մշակութային կազմակերպություններս, կանգնած ենք բարդ խնդրի առջեւ եւ մտածում ենք, թե սփյուռքահայ հասարակությանը մե՛ր հեռուստածրագրերով եւ մամուլով ինչպեսի՞ բացատրություն պետք է տանք դեպքերի նման ընթացքի վերաբերյալ: Եվ ի վերջո, ե՛ւ Հայստանյան պատասխանատուները (սփյուռքի նախարարություն, կրթության եւ գիտության նախարարություն), ե՛ւ մենք, ի՞նչ պատասխան պիտի տանք բողոքի ելած սփյուռքահայ ուսանողությանը եւ հազարավոր մարդկանց, որոնք իրենց ստորագրությունն են դրել բողոքի համացանցային կայքէջում (www.gopetition.com/online/24480.html):

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, խնդրում ենք Ձեր անհրաժեշտ միջամտությունը, որպեսզի Հայաստանի ԳԱ ակադեմիայի Ապրիլի 7-ի որոշումը առանց նոր վերախմբագրումների հրապարակվի:

2009-04-24

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.