Դիվանագիտությու՞ն, թե՞ դավաճանություն

Ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կատարի իր խոստումը եւ չի արտասանի «ցեղասպանություն» բառը:

Ի վերջո, Անկարան ամեն ինչ արեց, որ մինչեւ այդ օրը Երեւանի հետ որոշակի համաձայնության հասնի եւ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրի, քանզի ԱՄՆ-ի նախագահի՝ «ցեղասպանություն» բառը չարտասանելու պայմանը դա էր:

Եվ ահա, ապրիլի 22-ին՝ ապրիլի 24-ից ընդամենը 1 օր առաջ, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի հետ համատեղ, հայտարարություն են տարածել՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է. «Թուրքիան եւ Հայաստանը միասին, Շվեյցարիայի միջնորդությամբ, լարված եւ արդյունավետ աշխատանք են տարել՝ նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները, զարգացնել դրանք բարիդրացիական հարաբերությունների ոգով եւ փոխադարձ հարգանքով՝ այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը ամբողջ տարածաշրջանում»:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում եւ համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Սահմանվել է նաեւ ճանապարհային քարտեզ:

Հայտարարությունում չի նշվում, որ փաստաթուղթ է ստորագրվել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, կա՛ ստորագրված փաստաթուղթ, որում արծարծվում է ինչպես ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցը, այնպես էլ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման խնդիրն է ներառված: Այս համապատկերում հասկանալի է արդեն, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին մեկնեց Մոսկվա: Վստահաբար ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ նա դեռ լրջորեն կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Այս խնդիրն առավել լրջացել է հատկապես ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց: Այն, որ Մոսկվան այնքան էլ ոգեւորված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, վաղուց է երեւակվել, եւ ահա ՌԴ Պետդումայի հայ պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը հայտնում է, որ «այնքան էլ չի հավատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման երկարատեւությանը՝ նույնիսկ այն պարագայում, եթե դրանք հաստատվեն: Նախորդ տարիների բեռը պահպանվում է եւ հոգեբանորեն կպահպանվի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում»: Պատգամավորը նշել է, որ «Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումից ավելի շատ կշահի, քան Հայաստանը»: Նա կարծում է, որ «Թուրքիայի համար դա միջանցիկ մուտք է դեպի ոչ միայն Կովկաս, այլեւ՝ Կենտրոնական Ասիա, ինչը կապահովի իր դիրքերի ամրապնդումը»:

Ս. Բաղդասարովի խոսքով, Թուրքիայի վարչապետ Թ. Ռ. Էրդողանը միանշանակ չի ասել, որ Թուրքիան հանդիսանում է Օսմանյան Կայսրության ժառանգորդը, իսկ «կայսերական ոգու վերածնունդը զգուշավորություն է առաջացնում»: Վստահաբար սա Մոսկվայի տեսակետի վերարտադրումն է՝ հայի բերանով:

Հայ-թուրքական հարաբերություններում իրական առաջընթաց հնարավոր է գրանցվի, եթե Թուրքիան դադարի խոսել նախապայմանների լեզվով: Այսպես են մտածում արդեն ՀՀ ԱԺ պատգամավորները: Եվ եթե խորհրդարանական կուսակցություններն ու արտախորհրդարանական ազատական ուժերը հիմնականում կողմ են այս տեսակետին, ապա ազգայնական ուժերը առավելապես դեմ են ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանը, իսկ ոմանք էլ կարծում են, թե հայկակա՛ն կողմը պետք է նախապայմաններ առաջ քաշի: Խորհրդարանական կուսակցություններից այս առումով որոշակիորեն զատվել է ՀՅԴ-ն: Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բարձրաձայնել է, որ այս պահին «Հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված կողմ է»: Ավելի մեղմ է արտահայտվել ԱԺ արտաքին

հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Արմեն Ռուստամյանը հայտնել է, թե «Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից, բացի այդ պահանջում է, որ Երեւանը ընդունի պաշտոնական Բաքվի պայմանները՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում, երրորդ նախապայմանը՝ Կարսի պայմանագրի վավերացումն է»: Եվ ըստ նրա, բոլոր նախապայմանները Հայաստանի համար ընդունելի չեն, քանի որ դրանք բավականաչափ լուրջ չեն, որպեսզի դառնան միջազգային իրավունքի հիմքեր: Նման դիրքորոշումը կրկին անգամ վերադարձ է մեկնա
րկային դիրքորոշման, ուստի՝ բնական է, եթե նման մոտեցումը շարունակվի, ապա իրական առաջընթացի մասին խոսել ուղղակի չի կարելի:

Մինչ այս, դիվանագիտական աղբյուրներից տեղեկատվություն էր սպրդել, թե Հայաստան-Թուրքիա փաստաթուղթ է ստորագրվելու, որում հարաբերությունների կարգավորումը իրականացվում է 3 փուլով: Բացվում են ՀՀ-Թուրքիա սահմանները եւ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի ներկայիս սահմանները, զուգահեռ 1915թ. «դեպքերն» ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվում, այնուհետեւ սահմանի բացումից մի քանի ամիս անց ԼՂ 7 «գրավյալ» շրջաններից դուրս են բերվում հայկական զորամիավորումները եւ վերջապես ԼՂ-ում անց է կացվում հանրաքվե, որից առաջ ադրբեջանցի փախստականները պետք է վերադարձած լինեն ԼՂ՝ իրենց նախկին բնակավայրեր:

Եթե սա է այն փաստաթուղթը, ինչի մասին հայտարարել են Շվեյցարիայի, Հայաստանի ու Թուրքիայի դիվանագետները, ապա Հայաստանում ՆՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, եւ դա հաստատ «մարտիմեկյան» ավարտ չի ունենա…

Դե, ինչ վերաբերում է է ԱՄՆ-ին, ապա պետքարտուղարությունը ողջունել է վերոնշյալ համատեղ հայտարարությունը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Ողջույնում նշված է, որ «ԱՄՆ-ն երկար ժամանակ պաշտպանում է այս դիրքորոշումը, համաձայն որի հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ժամանակի խելամիտ ժամկետներում»: Կոչ է արվում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին՝ գործել համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների ու շրջանակների:

Եվ ահա, արդեն ԱՄՆ-ն մտադիր է նոր ջանքեր ներդնել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում. «Մենք վստահեցրել ենք ադրբեջանական կառավարությանը, որ աշխուժացնելու ենք մեր ջանքերը, որոնք ուղղված են լինելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող վիճելի հարցերի լուծմանը»: Չնայած տիկին Քլինթոնը հավելել է, որ ԱՄՆ-ն գործելու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հիմա էլ փորձելու են հայ-ադրբեջանական համաձայնագիր պարտադրել:

Իսկ եթե Թուրքիայի հետ հարաբերություններում են մեզ պարտադրում զիջողության, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ պայմաններ կառաջադրվեն Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման համար…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։