Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Հայտնի փաստ է, եւ դա անգամ լեզվաբաններն են նկատել, որ հայ մարդիկ իրենց երեխաներին տալիս են անուններ, որոնք դժվար բացատրելի են եւ, հաճախ, անհասկանալի, ի տարբերություն, ասենք արաբների, որոնց անունները հասարակ գոյականներ են եւ բոլորին հասկանալի: Ստուգելու համար արաբ ուսանողներից հարցնում էի նրանց անուն-ազգանունների իմաստները, ամբողջ ցուցակից կարող էր մեկը լինել, որ չիմանար, թե ի՞նչ է նշանակում իր անուն-ազգանունը, իսկ հայ ուսանողների դեպքում, ընդհակառակը, ցուցակից ընդամենը մեկը կարող է իմանալ, թե ի՞նչ իմաստ ունի, կամ որտեղից է գալիս իր անուն- ազգանունը: Գուցե այս դեպքում, նույնպես, գործել եւ գործում է հայ մարդու ինքնապաշտպանական բնազդը, ո՞վ գիտե, բայց մենք պետք է փորձենք հասկանալ, գոնե մեր եւ մեր ազգականների անուն-ազգանունների իմաստները, որը կլինի առաջին քայլը մեր ինքնությունը հասկանալու ճանապարհին:

Զրույց Է

Սկսեմ իմ ազգանունից, որը կրող ամենանշանավոր հայերը եղել են սուլթանի պալատական ճարտարապետները, եւ որոնք կառուցել են Ստամբուլի (հայերիս համար Պոլիս) հայտնի շինություններն ու հուշարձանները: Ասում են, որ նրանցից մեկի՝ Սարգիս Պալյանի պատվին արձան կա Ստամբուլի կենտրոնում, իսկ ցեղասպանությունից հետո նրանք տեղափոխվել են Կահիրե (Եգիպտոս) եւ այնտեղ են շարունակել ճարտարապետի իրենց գործը: Պապս ասում էր, որ պալ նշանակում է մեղր, եւ ես դա ընդունում էի, հետագայում պարզեցի, որ դա թուրքերեն է, իսկ հայերեն պալ կամ պաղ նշանակում է ժայռ: Ավելին, Էրզրումի տարածքում, որտեղից եկել են իմ նախնիները, եղել է Պալունիների հայտնի տոհմը, որոնց մասին մեզ քիչ բան է հայտնի: Ամենահայտնի Վարդան անունը կապվում է վարդ ծաղկի հետ, բայց քանի որ Մամիկոնյանները, ամենից հաճախ, օգտագործում էին Վարդան եւ Վահան անունները, կասկած չի մնում, որ դրանք նույն իմաստն են ունեցել, քանի որ վարդ (վարտ) կամ վերդ (վերտ) է կոչվել գործած վահանը, իսկ հայերենում այն պահպանվել է անդրավարտիք եւ վարտիք բառերում:

Պարզվում է, որ Սասունցի Դավթի եղբայր եւ ոխերիմ թշնամի Մսրա Մելիքի անունը «Եգիպտոսի թագավոր» է նշանակում, քանի որ արաբները Եգիպտոսին Մսըր են ասում, թագավորին էլ՝ մելիք: Իսկ թե ինչու՞ Բաղդատի խալիֆի ժառանգին մեր ժողովուրդը Մսրա Մելիք (Եգիպտոսի թագավոր) է կոչել, կապ ունի մեր պատմության ոչ այնքան հայտնի էջերից մեկի հետ, որի մասին դպրոցում չեն պատմում: Հայկական շատ ազգանուններ օտար արմատներով են (ջահանգիր, ջալալ եւ այլն): Կառաջարկեի ընթերցողներին պարզել իրենց ազգանունների իմաստները, քանզի դրանից ավելի հետաքրքիր զբաղմունք չեմ պատկերացնում:

Զրույցներ հայոց լեզվի մասին

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կատարած ամենամեծ գործը ոչ այնքան տառերի վերականգնումն էր, որքան ամենարդյունավետ կրթական համակարգի ստեղծումը, որով երեխաներին ու նաեւ մեծերին, առանց գրքերի սովորեցնում էին գրել- կարդալ: Հազիվ թե մեկ այլ ժողովորդ կարող է պարծենալ նման հրաշքով, բայց այսօր մեզ օտարներն են սովորեցնում, թե ինչպես կրթել մեր երեխաներին, ինչը ցավալի երեւույթ է մեր ժողովրդի կյանքում:

Շատերը գիտեն, որ Մաշտոցը տառեր ու նաեւ դպրոցներ է ստեղծել Աղվանքում եւ Վիրքում ապրող ժաղովուրդների համար, որոնց եկեղեցիները 5-րդ դարում ենթարկվում էին Հայ Առաքելական եկեղեցուն: Այդ ժամանակ Աղվանքում ապրում էին մոտ 30 անուս ցեղեր, որոնց ազգակիցները դեռ ապրում են այսօրվա Դաղստանում, եւ քանի որ նրանք սեր չունեին կրթության հանդեպ, շատ շուտ կորցրեցին Մաշտոցի ստեղծած գրերը, նաեւ իրենց հավատն ու լեզուն: Վիրքում ապրող յոթ ցեղերը ընդհուպ մինչեւ 13-րդ դարը օգտագործում էին Մաշտոցի ստեղծած հայոց տառերին նման տառեր, թեեւ երկու փորձ արել էին (9-րդ եւ 11-րդ դարերում) ձեւափոխել դրանք, քանի որ դուրս էին եկել Հայոց եկեղեցու հովանավորությունից եւ ենթարկվում էին Բյուզանդական եկեղեցուն: 13-րդ դարից սկսած նրանք օգտվում են այսօրվա տառերից, որոնք նման չեն Մաշտոցյան այն տառերին, որոնցով գրված բազմաթիվ արձանագրություններ են պահպանվել եկեղեցիներում եւ տապանաքարերի վրա, այլ ավելի շատ նման են Հնդկաչինում ապրող ժողովուրդների տառերին:

Զրույց Ը

Փորձեմ մեկնաբանել վերեւում օգտագործած Աղվանք, Վիրք եւ omni բառերը՝ առանց անդրադառնալու արդեն հայտնի ենթադրություններին: Ինչու՞ էին մեր նախնիները Քուռից հյուսիս ընկած երկներին Աղվանք եւ Վիրք անվանում եւ արդյո՞ք հունարեն omni բառը զուգահեռը ունի հայերենում:

Աղվանք-ի գրաբարյան գրելաձեւը Աղուանք է, որի Ալբան ձեւը ցույց է տալիս, որ դրա իմաստը պետք է փնտրել հայերեն հետեւյալ բառերի մեջ© աղբիուր, առու, արուարձան, արբանել (արբենալ) «խմել», արբանեակ «ծառա», որբ եւ այլն: Արբանեակ եւ որբ բառերի նախնական իմաստները մեզ առայժմ հայտնի չեն, գուցե ջուր են մատակարարել գերդաստանին (ընտանիքին), մյուսները կապ ունեն ջրի հետ, հետեւաբար Աղուանք երկրի անվանումը կապ ունի ջրի եւ, գուցե, Քուռ գետի հետ:

Վիրքը Հայոց լեռնաշխարհի նկատմամբ ցածր դիրք ունի եւ հենց այդ իմաստով էլ կարող էին կոչել երկիրը՝ Վայր (Վիր) «ցածր տեղ»՝ բացառելով, իհարկե, վայրի իմաստը:

Հետաքրքիր է հունարեն omni բառը, որով սկսվող մի շարք բառեր անգլերենում եւ ֆրանսերենում նույն ձեւով են գրվում omnibus, omniglot, omniscient եւ այլն:

Համոզված ենք, որ omni բառի զուգահեռը հայերեն ամեն (ամէն) բառն է, որն այնքան էլ ճիշտ չի մեկնաբանվում լեզվաբանների կողմից: Ամէն գրելաձեւը ցույց է տալիս, որ այն ամայն «ամենայն» կամ համայն(ք) է նշանակել եւ որ ամ-ը եւ համ-ը համարժեք են, թեեւ վերջինս իրանական մասնիկ է համարվում, ինչը դեռ պետք է ճշտել: Կարծում ենք նաեւ, որ ամէն բառի ամ-ը կապ ունի ամ «տարի» իմաստի հետ (ամեակ):

Շարունակելի

Հովսեփ Պալյան

Տեխ. գիտ. թեկնածու, ԵրՃՇՊՀ-ի դոցենտ


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։