Ազատամարտիկների կարիք միշտ էլ լինելու է

«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների» (ՄՀՆՋ) միությունն իր արտահերթ համագումարում առաջ է քաշել մի շարք հարցեր, որոնք ուղղվել են ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, պաշտպանության նախարարին եւ ոստիկանապետին: Այս մասին հայտնել է միության նախագահ, Արմավիրի մարզի կայազորի ռազմական ոստիկանության պետ Գրիշա Սարգսյանը: Նա մասնավորապես նշել է, թե պետք է գիտակցել, որ «պատերազմը դեռ չի ավարտվել, մեր սահմանները հանգիստ չեն, առկա են Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցերը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: Նման պարագայում ազատամարտիկները պետք է միասին լինեն, համախմբված, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին անցնեն հայրենքի պաշտպանության ազգանվեր գործին»: Իսկ դրա համար նա կարեւորում է «Ազատամարտիկի մասին» օրենքը, եւ միությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Դիմել են նաեւ ԱԺ նախագահին՝ «Ազատամարտիկների մասին» օրենք ընդունելու համար:

Հիշեցնենք, որ նման առաջարկով մի քանի տարի առաջ միասնաբար հանդես էին եկել Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների խորհուրդ»-ը, «Ազատամարտիկ» եւ «Անմար կրակներ» ռազմա-հայրենասիրական բարեգործական միությունները, ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի նախկին հրամ.կազմը եւ այլք: Սակայն որեւէ առաջընթաց չարձանագրվեց: Չնայած այդ ընթացքում բազմաթիվ ազատամարտիկներ ստացան բնակարաններ եւ դրամական ու այլ տեսակի օժանդակություններ:

ՄՀՆՋ միությունը պաշտպանության նախարարին առաջարկել է քննարկել պայմանագրային զինծառայողների տարիքային սահմանը՝ այն 45-ից դաձնելով 55 տարեկան: Այս խնդիրը կարեւորվում է հատկապես սահմանամերձ շրջաններում: Ըստ Գ. Սարգսյանի՝ «սահմանամերձ գյուղերում ունենք լավ զինվորականներ, որոնք արդեն 45-անց են: Չեն ծառայում, ստիպված գալիս են Երեւան՝ օրվա հաց վաստակելու: Որպեսզի այդ մարդկանց ամրագրենք իրենց հայրենի հողին, պետք է գոնե մինչեւ 55 տարեկան աշխատեն»: ՀՀ ոստիկանապետին միությունն առաջարկել է ոստիկանության համակարգում ստեղծել սոցիալական բաժին՝ ոստիկանության աշխատակիցների, վետերանների սոցիալական խնդիրները քննարկելու ու լուծելու համար:

Առաջարկների փաթեթում նշվում է, որ ՀՀ նախագահը հրահանգի եւ նպաստի, որ Երեւանի կենտրոնում ազատամարտիկներին տրամադրվի գրասենյակ, որպեսզի միշտ համախմբված լինեն ու անհրաժեշտության դեպքում անմիջապես անցնեն ծառայության: Գ. Սարգսյանը միաժամանակ ընդգծեց. «Չնայած դաշնակցությունը միշտ էլ կազմակերված է եղել ազգային ազատագրական պատերազմների ժամանակ եւ կարողացել է կազմակերպել կամավորական ջոկատներ, բայց ինչո՞ւ մինչեւ օրս ԱԺ-ում հանդես չի եկել «Ազատամարտիկների մասին» օրենքի ընդունման նախաձեռությամբ, չեմ հասկանում»:

Ինչեւէ: Հերթական անգամ փորձ է արվում հայոց պետության կողմից արժեւորելու ազատամարտիկներին եւ, հուսանք, այս անգամ հարցը դրական լուծում կստանա:

Մենք կռիվ ունենք (ուզենք, թե չուզենք, այս սերունդը չսկսի՝ մյուսը կսկսի) ոչ միայն արեւելյան ճակատում, այլեւ՝ արեւմտյան: Հատկապես հիմա, երբ հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենան հայ-թուրքական հարաբերությունները եւ գերտերություններն ինչպես կարձագանքեն հետագայում…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։