Թռչնի գրիպից հետո՝ խոզի գրիպ

Հետո՝ ասենք, տավարի, բադի եւ… այդպես շարունակ

Ամերիկյան լրագրողները արդեն մի քանի օր հետաքրքրված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջությամբ: Նրանք անընդհատ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսին հարցնում են նախագահի ինքնազգացողության, առողջության մասին: Գիբսը պարբերաբար ստիպված է լինում հավաստել, որ Օբաման իրեն չափազանց լավ է զգում, անհանգստանալու կարիք բնավ չկա: Ի՞նչն է լրագրողների անհանգստության պատճառը: Բանն այն է, որ մահացել է մեքսիկացի մի պաշտոնյա, ում նախագահ Բարաք Օբաման ձեռքով բարեւել է ապրիլի 16-ին Մեքսիկա կատարած այցի ժամանակ: Ենթադրվում է, որ նա մահացել է մրսածության հետեւանքով: Իսկ ամերիկյան լրագրողներն էլ անհանգստացել են՝ մտածելով, թե հնարավոր է այդ պաշտոնյան մահացել է խոզի գրիպից, որը մոլեգնում է Մեքսիկայում:

Տեղեկացնենք, որ վերջին տվյալների համաձայն, Մեքսիկայում 103 մարդ է մահացել խոզի գրիպից, 1614-ը տեղափոխվել են հիվանդանոց: ԱՄՆ-ում ախտորոշմամբ վիրուսը հաստատվել է 20 մարդու մոտ, Կանադայում վարակվել է 6 մարդ:

Հետաքրքիր մի զուգադիպությամբ անհնար է չմտածել այս վիրուսների տարածման հետ կապված իրական պատճառների մասին: Սկզբում Երկրում մոլեգնեց թռչնի գրիպը՝ դրանով մեծապես վնասելով թռչնի մսարտադրության ձեռնարկություններին, հիմա էլ հերթը խոզի մսարտադրությանը վնասելն է: Թե ի՞նչն է հաջորդ հերթում եւ այս ի՞նչ նոր հիվանդություններ են ծլկում, իրապես մասնագետների բացատրելիքն է…

Գոհար Վանեսյան

Խոզի գրիպը մեր նախարարներին չի սպառնում

Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց «Նաիրիտ», նա հարցերի ամբողջ շղթայում կարեւորեց նաեւ այն, թե ինչպես են սնվում գործարանի աշխատողները: Նա կառավարության անդամների եւ լրագրողներիս հետ մտավ ճաշարան: Եվ, ի դեպ, լավ էլ ախորժակով ճաշեցին կառավարության անդամները՝ դրանով հավանություն տալով գործարանի աշխատողներին տրվելիք սննդի համին ու որակին: Անձամբ չեմ կարող հավաստել ճաշերի (փլավ եւ թանապուր էր մատուցվել) համը, քանզի ճաշել ինձ խանգարեց այն հոտը, որ միշտ գալիս էր, այսպես ասենք, սովետական ճաշարաններից… Հոտ, որից միշտ խորշել եմ:

Հա, ամենաախորժակովը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր: Ում ախորժակը զարմացրեց նաեւ կառավարության մյուս անդամներին: Նշանակում է, մարդն առողջ է, ու որեւէ թռչնախոզային վարակ նրան չի սպառնում:

Սեփ. լրատվություն

Տու՛ր օրգանդ

Այսուհետ ՀՀ-ում թույլատրվում է մահացած անձանցից վերցված օրգաններն ու հյուսվածքները փոխպատվաստել դրանց կարիքն ունեցող հիվանդներին: ԱԺ-ում «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ: Ըստ միջազգային փորձի, մահացածից փոխպատվաստման համար օրգաններ են վերցվում այն դեպքում, երբ նա կենդանության օրոք տվել է մահից հետո դոնոր դառնալու իր համաձայնությունը: Միաժամանակ, եթե մահացածը անհամաձայնություն չի տվել, ապա համարվում է, որ կա նրա համաձայնությունը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։