Վրացական մոլու՞ցք

Ծեծել են հայի…

Ապրիլի 16-ին ջավախահայ հայրենասեր «Միասնական Ջավախք – ժողովրդավարական դաշինք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանատան 6 աշխատակիցները, ինչը շարունակվել է մոտավորապես 30 րոպե: Հարձակվողները դիմակավորված չեն եղել: Պատրվակը՝ շախմատի գծագրության թուղթ հայտնաբերելն է եղել: Վ. Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի պաշտպան Զուրաբ Ռուստիաշվիլին հանդիպել են հայ քաղբանտարկյալին եւ տեսել են ծեծի պատճառով նրա ստացած վնասվածքները: Դրանք հիմնականում ոտքերի շրջանում են եղել:

Դեմքի հատվածում սպիներ չեն նկատվել, որովհետեւ ծեծից հետո երկար ժամանակ էր անցել: Բացի այդ, Վ. Չախալյանը նշել է, որ կարողացել է ձեռքերով պաշտպանել դեմքն ու գլուխը: Փաստաբանը հայտնել է, որ վրացական իշխանությունները չունենալով այլ տարբերակ, փորձում են նման կեղտոտ ձեւով կոտրել Վահագնի պայքարի ոգին: Սակայն, բռնության փաստն ամենեւին չի ազդել նրա հոգեկան վիճակի վրա: Կատարվածի կապակցությամբ Ս. Ոսկանյանը դիմել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիին, միջազգային մի շարք իրավական կազմակերպությունների, Կարմիր խաչի գրասենյակին՝ առաջարկությամբ համապատասխան բժշկական աջակցություն ցուցաբերել եւ որպեսզի այսօրինակ գործողություններն այլեւս չկրկնվեն:

Ս. Ոսկանյանը փաստել է, որ ապրիլի 7-ից հետո պաշտպանական կողմը չի ստացել դատավճռի պաշտպանական մասը, ապացույցները, որոնցով հիմնավորվել է մեղադրանքն ու կայացվել դատավճիռ: Փաստաբանի մեկնաբանությամբ կամ դատավճիռը պատրաստ չէ, որն օրենքի խախտում է, կամ էլ միտումնավոր չեն ուղարկում, որպեսզի պաշտպանական կողմը վերաքննիչ դատարան ավելի թույլ բողոք ներկայացնի: Մայիսի 7-ին լրանում է մեկամսյա ժամանակահատվածը, որի ընթացքում փաստաբանը պետք է դիմում-բողոք ներկայացնի վերաքննիչ դատարան:

Օրերս Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ կրկին կայացել է բողոքի ցույց՝ ֆրանսահայ մտավորականների եւ հասարակական գործիչների մասնակցությամբ, ովքեր վրացական կառավարությունից պահանջում են ազատ արձակել Վահագն Չախալյանին:

Կարծում ենք՝ անհրաժեշտ է վերսկսել ցույցերը նաեւ Երեւանում՝ Վրաստանի դեսպանատան առջեւ եւ Ջավախքում, որպեսզի ազգայնամոլ վրացական ղեկավարները հասկանան հայ-վրացական «բարեկամության» արժեքը: Հատկապես, որ ջավախքահայերը դիմել են ԵԽԽՎ-ին՝ «վրացական իշխանությունների կողմից Վրաստանի հայության նկատմամբ իրականացվող մեկուսացման եւ հալածանքների քաղաքականությունը կասեցնելու նպատակով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու խնդրանքով»:

Եվ վրացիների են ծեծել

Օրերս Վրաստանում ծեծի են ենթարկվել նաեւ ընդդիմության ցույցի երկու մասնակից եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության օպերատորը: Ընդդիմության առաջնորդները պատահածի համար մեղադրում են իշխանություններին, որոնք իբր հատուկ խմբեր են պատրաստել նմանատիպ հարձակումներ իրականացնելու համար, հանրահավաքի անցկացման վայրին մոտ:

Մեր տեղեկությունների համաձայն վրացական ընդդիմությունը նույնպես պատրաստվում է հատուկ խմբեր կազմավորել՝ ինքնապաշտպանվելու համար:

Կարծում ենք՝ սա լավ օրինակ է, եւ ջավախքահայերն ու թիֆլիսահայերը նույնպես պետք է ընդօրինակեն վրացական ընդդիմության այս քայլը եւ կազմեն հատուկ ինքնապաշտպանական խմբեր:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։