ՀՅԴ-ն «Ժառանգության» հետքերո՞վ

ՀՅԴ-ն մի քանի անգամ արդեն հայտարարել էր, թե ինչ-ինչ իրավիճակների դեպքում դուրս կգա իշխող կոալիցիայից: Սակայն, ամեն անգամ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, մնում էր իշխանության մեջ: Բայց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փաստը այլեւս ծանր բեռ դարձավ ՀՅԴ ղեկավարների համար: Մեր տեղեկատվության աղբյուրների համաձայն, այդ բեռը ծանրացավ ոչ թե ՀՅԴ հայաստանյան ղեկավարների որոշումով, այլեւ՝ ՀՅԴ սփյուռքյան հատվածի: Հայաստանի դաշնակցականներին հստակ ասվել է, որ սփյուռքյան կառույցները չեն ճանաչի ՀՀ ՀՅԴ կառույցին, եթե վերջինս դուրս չգա կոալիցիայից՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը դեմ լինելու ձեւակերպմամբ: Իսկ թե դա ինչ կարժենար ՀՅԴ հայաստանյան կառույցին, հասկանալի է:

Նրանք կզրկվեին սփյուռքյան հատվածի դրամական եւ մարդկային ուժի աջակցությունից, իսկ ՀՀ-ում մի քանի հազար անդամանոց ընդդիմադիր ՀՅԴ-ն միանշանակ կհալածվեր եւ ղեկավար անդամներն էլ կզրկվեին այն դրամա-տնտեսական «ձեռքբերումներից», որը «վաստակել» են իշխանություն եղած ժամանակ… ՀՀ նախագահի համար դժվար չի լինի ստուգումներ կազմակերպել սոցիալական հարցերի եւ աշխատանքի, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության կամ առողջապահության նախարարություններում եւ… հասկանալի կլինի, թե ինչպես առաջացան նաեւ դաշնակցական «բիրդան աղաները», ովքեր որպես պարգեւատրում հրաժարվելով նախարարական դիրքից, դարձան ՀՅԴ բյուրոյի անդամներ: Էլ չենք ասում այն մասին, որ իշխանությունների համար իրավական առումով դեռեւս փակված չէ այսպես կոչված «Դրոյի գործ»-ը:

Այնպես որ, թե ինչպիսի նոր ընդդիմություն կունենանք առաջիկայում, կարծես թե արդեն որոշված է…

ՀՅԴ-ն հրաժարվեց ՀԱԿ-ի հետ դառնալ ընդդիմություն,

սակայն խոսում են «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինք ստեղծելու մասին: Սա ձեռնտու է մի քանի առումով: Նախ՝ միասին կդառնան ավելի ազդեցիկ (զուտ քանակական իմաստով) խորհրդարանական եւ ընդդիմադիր ուժ, եւ հետո՝ կարժանանան միջազգային ուժերի ու գերտերությունների ուշադրությանը: Ինչ-որ տեղ շա՜տ նման են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ընդդիմադիր դառնալու գործընթացները:

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում խոսեց Հայոց ցեղասպանության մասին եւ «հասկանալի» հրաժարական տալով, դարձավ ընդդիմություն, սկզբում «պասիվ», հետո՝ «ակտիվ»: Այն ժամանակ ՀՀ 1-ին նախագահին եւ ԱՄՆ-ին նման «ազգայնական» վերաբերմունք էր պետք Թուրքիային սթափ պահելու նպատակով: Եվ ահա, կարծես, ամեն բան կրկնվում է: ՀՅԴ-ն է որդեգրում «ազգայնական» կեցվածք, ինչը վաղուց կորցրել էր իշխանական կերակրատաշտի մոտ հայտնվելուց անմիջապես հետո (ի՜նչ ազգայնականություն, ի՜նչ ընկերվարություն… միա՛յն ժողովրդավարություն եւ վայրի ազատականություն): Հիմա այս կուսակցությունը կլինի «պասիվ» ընդդիմություն, հետո կդառնա «ակտիվ»: Եթե հաշվի առնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը ոչ մի հնարավորություն չուներ դառնալու խորհրդարանական ուժ եւ դրան հասավ միայն ԱՄՆ միջնորդությամբ, ապա «Ժառանգություն»-ՀՅԴ դաշինքը պիտի փորձի դառնալ ԱՄՆ քաղաքական զսպանակը Թուրքիա-Հայաստան հարաբերություններում: Ասում են, թե նման քաղաքական զսպանակը կարող է օգտակար լինել նաեւ մեր իշխանությունների համար: Ժամանակը ցույց կտա: Կոալիցիայի մյուս երեք ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ի հեռացումից հետո արձանագրել են, որ չնայած ՀՀ-ում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, բայց իրենք շարունակում են համագործակցել եւ «ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»: Նրանք նաեւ ընդգծում են, որ իշխանությունները համոզմունք ունեն, որ «հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի կարեւորությունը:

Արդեն եռյակ կոալիցիան դրական է գնահատել ՀՅԴ-ի հետ համատեղ աշխատանքը եւ հույս է հայտնել, որ կշարունակեն համագործակցել «մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում»:

Ինչ մնում է այսպես կոչված արմատական ընդդիմությանը, ապա ՀԱԿ-ը համարում է, որ ՀՅԴ-ն չի կարող լինել իրական ընդդիմություն եւ դեռ պետք է պատասխան տա իշխանություն եղած ժամանակ կատարած հանցանքների համար, այդ թվում՝ մարտիմեկյան դեպքերի:

Իսկ «Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի կարծիքով, իշխանական կոալիցիան ՀՅԴ-ի դուրս գալուց հետո պետք է լուծարվի, քանզի ըստ քառակողմ համաձայնության՝ «Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ»: Իսկ ՀՅԴ-ն փաստորեն «անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության» պայմաններում է լքում կոալիցիան… Ինչեւէ, մոտ ապագայում ամեն բան ավելի հստակ կերեւակվի:

Վահագն Նանյան

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։