Հայ-թուրքական ֆուտբո՞լ, թե՞ շախմատ

Հայերը շախմատ են լավ խաղում թուրքերը՝ ֆուտբոլ

Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է «Ճանապարհային քարտեզ»-ի 5 կետեր, որոնց մասին անդրադարձ է եղել նաեւ հայկական զլմ-ներում: Վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրը՝ թերթը հրապարակել է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնեցված «Ճանապարհային քարտեզ»-ը: Ըստ որոշ հայ դիվանագետների, ներքոնշյալ 5 կետերն իրապես առկա են բանակցություններում: Դրանք են՝

1. Հայաստանը ճանաչում է ՀԽՍՀ-ի, ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի հանրապետության միջեւ ստորագրված Կարսի պայմանագիրը:

2. Պատմաբանների համատեղ հանձնաժողով է ստեղծվում՝ ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար, հընթացս հանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրները:

3. Երկու երկրների միջեւ սահմանային անցակետերը բացվում են, համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում առեւտրային հարաբերությունները խթանելու համար:

4. Երկու կողմերը Վրաստանում իրենց դեսպաններին հավատարմագրում են Անկարայում եւ Երեւանում, որից հետո կստեղծվեն դիվանագիտական ուղղակի հարաբերություններ:

5. «Ճանապարհային քարտեզ»-ի համաձայնագիրը, որը օրենսդիր մարմնի հաստատման կարիք ունի, քննարկման կդրվի Թուրքիայի խորհրդարանում:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյան հայտնել է, թե «Ղարաբաղին առնչվող կետ «Ճանապարհային քարտեզ»-ում ընդգրկված չէ», այնուամենայնիվ, նա նշել է, թե «Ղարաբաղի հարցը «դե ֆակտո» առնչվելու է «Ճանապարհային քարտեզ»-ի հետ՝ քանզի «Ղարաբաղի խնդրի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու քայլերը կարվեն զուգահեռաբար»:

Իսկ, ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պարզաբանումներ են տվել հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ, որում պաշտոնական Անկարան Բաքվին կոչ է արել՝ չանհանգստանալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից, քանի որ «ամբողջ գործընթացը ծառայում է հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի: Եթե նախաձեռնված համաձայնագիրը հաջողությամբ ընդունվի, ապա դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ամբողջ Կովկասի օգտին»: Թուրք ղեկավարները նշել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա համաձայնագիրը դեռ ընդամենը նախաձեռնություն է եւ վերջնական փաստաթուղթ ստորագրված չէ, որովհետեւ համաձայն թուրքական օրենսդրության՝ համաձայնագիրը պետք է հաստատի խորհրդարանը: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ «Մենք չենք ձեռնարկի քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել մեր եղբայրներին՝ ադրբեջանցիներին: Բացի նախնական համաձայնությունից, դեռ ոչինչ ստորագրված չէ»:

Այս իրողությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Երեւանը պետք է փոխի խաղի կանոնները եւ ֆուտբոլային դաշտից տեղափոխվի շախմատային տախտակի մոտ եւ միաժամանակյա խաղի մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրախորհրդի, ԱՄՆ-ի Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ……

Օրերս հայ-թուրքական հարաբերությունների մասին պարզաբանումներով հանդես է եկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով փորձեց հայ հանրությանը հիմնավորումներ ներկայացնել, որ պատրաստ են խաղի նոր կանոններ մտցնելուն՝ արդեն շախմատային: ՀՀ նախագահը նշել է, որ եթե մինչ հոկտեմբեր Թուրքիան քայլեր չձեռնարկի սահմանի բացման հարցում, ապա նա այլեւս չի շարունակի «ֆուտբոլային դիվանագիտություն»-ը՝ «Թուրքիա չեմ մեկնի հոկտեմբերին՝ Հայաստան-Թուրքիա պատասխան հանդիպումը դիտելու, եթե մինչ այդ սահմանը բաց չլինի, կամ էլ չգտնվի բացվելու նախօրեին… Ես չեմ պատրաստվում Թուրքիա մեկնել որպես զբոսաշրջիկ կամ ֆուտբոլային երկրպագու»:

Բացի հայկական զլմ-ներից, նա հարցազրույցներ է տվել նաեւ օտարերկրյա լրատվամիջոցներին: Հատկապես «Ռաշըն Թըդէյ» եւ «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը հասկացնել է տվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի արդյունքներին չպետք է երկար սպասել:

Վերադառնալով ապրիլի 23-ի՝ Շվեյցարիայի, Թուրքիայի ու Հայաստանի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությանը, նշենք, որ Ս. Սարգսյանը Անկարային բացահայտորեն «լսեցրել» է, որ սահմանը պետք է բացել, քանի որ ինքը ապրիլի 24-ից 1 օր առաջ (հատկապես բարոյական առումով անարգելով 1,5 մլն. հայերի հիշատակը) համաձայնել է միանալ եռակողմ հայտարարությանը: Այս ամենը ենթադրել է տալիս, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Հայաստանի ու Թուրքիայի նախագահների ստամբուլյան հանդիպումից հետո կողմերին պարզ է եղել, որ մինչեւ ապրիլի 24-ը որեւէ փաստաթուղթ պետք է արդեն սեղանին դրված լինի: Սա անհրաժեշտ էր երեք կողմերի համար հետեւյալ իմաստով՝

1. ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ին չի արտասանում «ցեղասպանություն» բառը՝ պատճառաբանելով հայ-թուրքական հարաբերությունները:

2. Թուրքիայում եռակողմ հայտարարությունը համարում են ձեռքբերում, քանի որ ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում չի արտաբերում «ցեղասպանություն» բառը, իսկ Երեւանը բանակցություններ է սկսում առանց նախապայմանների, եւ այդ ամենը կապվում է հայ-թուրքական հարաբերությունների հետ, որից հետո ՀՀ-Թուրքիա սահմանի բացման խնդիրն ավելի դյուրին է դառնում:

3. Հայաստանում ձեռքբերում են համարում ԱՄՆ-ի նախագահի «Մեծ եղեռն» արտահայտությունը, Թուրքիայի հետ սահմանի բացումը՝ որպես այլընտրանքային ճանապարհ (ի հակակշիռ Վրաստանի), Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարը, ինչը կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Եվ այս ամենն արվում է առանց նախապայմանների: Հատկապես Արցախի հարցը չի շոշափվում, ինչը լրացուցիչ ձեռքբերում է համարվում:

Իսկ Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին ՀՀ նախագահն ասել է, թե որեւէ կերպ չի պատկերացնում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Անդրադառնալով պատմական իրողություններին՝ մատնանշել է այն հանգամանքները, որոնց շահարկմամբ ադրբեջանական կողմը փորձում է աղավաղել հակամարտության բնույթը. «Իմ պաշտոնավարման սկզբից ես ունեցել եմ 3 հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կարծում եմ՝ այս 1 տարին բավականաչափ ժամանակ էր, որ մենք փոխադարձ հասկացված լինենք, որպեսզի կարողանայինք յուրաքանչյուրիս դիրքորոշումը ճշտել եւ կարծիք կազմել: Կարծում եմ՝ հիմա արդեն ժամանակն է, որ մենք կարողանանք արագացնել ամբողջ գործընթացը եւ գնալ լուծումների»: Նա նշել է, որ չի կարող կողմ չլինել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, բայց Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել. այստեղ խնդիրն ուղղակի աղավաղված է, եւ ԼՂ-ի ինքնորոշման խնդիրը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ, ինչը այդպես չէ: ԼՂ-ն Ադրբեջանի կազմ է մտցվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության որոշմամբ, եւ նույնիսկ այդ պարագայում ԽՍՀՄ սահմանադրության մեջ հստակորեն ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ հասկացությունը՝ որպես ազգային-պետական կազմավորում, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԽՍՀՄ-ի ու Ադրբեջանի կազմից դուրս է եկել Սովետական Միության օրենքներին համապատասխան:

ՀՀ նախագահը Հայաստանի համար անընդունելի է համարել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առաջ քաշված նախապայմանները:

Հայ-թուրքական հարաբերությունները քննարկվել են նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր եւս: ԱԽ-ի նիստում լսվել եւ հավանության է արժանացել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի զեկույցը հայ-թուրքական քաղաքական երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Խորհրդի նիստում նախագահն անդրադարձել է հայ-թուրքական համատեղ հայտարարության ընդունման առիթով վերջին օրերին շրջանառվող մտահոգություններին ու շահարկումներին: Խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով խոսելով հայ-թուրքական երկխոսության մասին ասել է, թե «հավանություն տրվեց իրականացվող բոլոր քայլերին, ջանքերին եւ գործողություններին, որոնց բովանդակությունը բոլորին խիստ պարզ է, այն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որը հնարավորություն կտա բացել հայ-թուրքական սահմանը եւ սկսել բնականոն հարաբերություններ Թուրքիայի հետ: Միաժամանակ, զուգահեռաբար Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազագային ճանաչման գործընթացը»:

Չշտապելով հետեւություններ անել, սպասելով ասվածի եւ արվածի համեմատականը տալու պահին՝ միաժամանակ հիշեցնենք, որ մենք լուրջ մտահոգություններ ունենք, թե նախ եւ առաջ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը կարող է նպաստել Արեւմտյան Հայաստանում թուրքերի խիտ բնակեցման գործընթացին, եւ թուրքական տնտեսության ներխուժմանը մեր երկրի անվերահսկելի շուկա: Այսօր ո՛չ մեր պետությունն է պատրաստ դիմակայելու թուրքերին՝ ֆինանսա-տնտեսական առումով, ո՛չ էլ ՀՀ բնակչությունը՝ բարոյա-հոգեբանական առումով: Եթե այնպես, ինչպես մյուս այլազգիներն են «կյանք անում» Հայաստանում եւ արյունապղծում եկող սերնդին, այդպես թուրքերն էլ ազատորեն վարվեն մեր երկրում, ապա սահմանի բացումը իր բոլոր հեռանկարային «պլյուսներով» հանդերձ, կդառնա ազգակործան քաղաքականության վերջին ելեւեջը…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։