Որոշում՝ ի նպաստ հայագիտության

Ամենավերը ազգային շահն է

ԱՄՆ-ի հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից դիմում է հղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (կրկնօրինակները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Բարխուդարյանին, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին): Դիմումում մասնավորապես ասվում է. «Որպես ամերիկահայ հասարակական-մշակութային կազմակերպություններ, 2009թ. փետրվար 12-ին, Գլենդելի հանրային գրադարանի մեծ դահլիճում կազմակերպելով «Լոս Անջելեսի հայ մտավորականների պաշտպանությունը ուսանողների ստորագրահավաքին» խորագրով միջոցառումը, արձանագրեցինք Լոս Անջելեսի հայ համայնքի եւ մտավորականության տրամադրություններն ու դիրքորոշումը»: Իսկ այդ տրամադրություններն այսպիսին են. «Հարցերից մեկը վերաբերում էր՝ «The Armenian People from Ancient To Modern Times» սխալներով եւ զեղծարարություններով լի, հակագիտական եւ հակահայկական երկհատորյակին, որը նաեւ որպես բուհական դասագիրք շրջանառության մեջ է ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական դասընթացներում:

ՀՀ սփյուռքի նախարարությունը պաշտոնապես մեզ տեղակացրեց, որ հանձնարարված է ՀՀ ԳԱԱ-ին՝ քննարկել հիշյալ գրքում տեղ գտած սխալների եւ զեղծարարությունների հարցը եւ որոշումով պատասխանել:

Փաստորեն, Ձեր հանձնարարությունը կատարվել է եւ 2009թ. ապրիլի 7-ի ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների եւ հայագիտական բաժանմունքի կողմից հրավիրված նիստում «The Armenian People from Ancient To Modern Times» դասագրքի վերաբերյալ միաձայն որոշում է կայացվել»:

Սակայն, դիմումագիրները զարմացած են, որ ապրիլի 7-ի միաձայն հաստատված որոշումը չի հրապարակվում: Եվ ավելին, «ապրիլի 23-ին, ԳԱԱ-ում տեղի է ունենում ընդհանուր բաց ժողով եւ Վլադիմիր Բարխուդարյանի կամային ցանկությամբ, հաշվի չառնելով մասնակիցների պահանջներն ու իրավունքները, նույնիսկ չի ընթերցվում ապրիլի 7-ի որոշումը:

Սա պաշտոնի չարաշահման բացահայտ օրինակ է: Փաստորեն, ՀՀ ԳԱԱ-ում գոյություն չունի օրենքի եւ իրավունքի դաշտ՝ պաշտպանվածություն եւ կարգ: Ի վերջո, չի կատարվում Ձե՛ր տված հանձնարարությունը, քանի որ վերոնշյալ դասագրքի վերաբերյալ մասնագետների կարծիքն ու կայացրած որոշումն «անհասանելի է»»:

Ավելացնենք, որ սփյուռքի 6 կազմակերպությունները կանգնած են բարդ խնդրի առջեւ եւ մտածում են, թե սփյուռքահայ հասարակությանը հեռուստածրագրերով եւ մամուլով ինչպիսի՞ բացատրություն տան դեպքերի նման ընթացքի վերաբերյալ»: Ի վերջո, ՀՀ իշխանությունները եւ գիտնականները պետք է անհապաղ լուծում տան այս հարցին, որպեսզի անորոշ վիճակի մեջ չգցեն մեր հանրությանը, որը անհամբեր սպասում է հայագիտության պետականորեն պաշտպանությանը:

Վստահ ենք, որ ՀՀ ԳԱԱ ապրիլի 7-ի որոշումը առանց նոր վերախմբագրումների կհրապարակվի մոտ օրերս: Առավել եւս, որ հայաստանցի գիտնականները հիրավի մեծ քայլ են կատարել եւ կարողացել են ինքնուրույն ու ազգանպաստ որոշում կայացնել: Ուրեմն ի՞նչ կարիք կա այն թաքցնել սեփական ժողովրդից: Իսկ եթե ճնշումներ կան, ապա դրան պետք է ազգովի դիմագրավել:

Հ. Գ. – Մեր թերթում անդրադարձել ենք նաեւ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հրատարակման պատրաստ Հայոց պատմության քառահատորյակին, որի տպագրությունը եւս ուշանում է որոշ ոչ հայանպաստ ուժերի ճնշման հետեւանքով: Ուզում ենք այս հարցում էլ լիահույս լինել, որ մինչեւ տարեվերջ խնդիրը լուծում կստանա, հատկապես, որ ֆինանսավորման հարցերը վաղուց կարգավորված են…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։