Հայ արիներն ու «Լուսանցք»-ը փորձում են աջակցել ոստիկանությանը՝ բացահայտելու ճշմարտությունը

Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը բնավ միտում չունեն չհավատալ ոստիկանության ներկայացրած հաղորդագրությանը: Այն է՝ որ Արմեն Ավետիսյանի հետ կատարվածը բացառապես վրաերթ է, այլ ոչ թե՝ մահափորձ: Բայց ոստիկանությունն էլ իրավունք չունի չհավատալ մեզ, չլսել Արմեն Ավետիսյանի կուսակիցների առաջ քաշած տարբերակներն ու վարկածները:

Քանզի եթե այդ վարկածներն անգամ «թույլ արգումենտներ» են (ինչին մենք վերապահումով ենք մոտենում), ոստիկանությունն իրավունք չունի դրանք անտեսել: Քանզի նույնիսկ եթե այդ «արգումենտը» թույլ է, մենք աջակցում ենք ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա պարզել գործի իսկությունը: «Թույլ արգումենտը» նախ պետք է քննել, հետո միայն որոշել դրա թույլն ու ուժեղը՝ դրանով կամ ժխտելով կամ հաստատելով տվյալ վարկածը:

Բայց երբ ոստիկանությունն անգամ լսել չի ուզում այդ վարկածների մասին, դա մեզ մտահոգում է: Եվ, բնականաբար, հարց է ծագում՝ ինչու՞: Մենք կներկայացնենք մամուլում արծարծված այն «թույլ արգումենտները», որոնք հնչեցրել էինք մայիսի 5-ի մամլո ասուլիսում:

Մեջբերումներ «Հայոց աշխարհ»-ից:

«Ա. Ավետիսյանի ձեռքի հեռախոսը նուրբ մոդելի «Մոտոռոլա» է, ու վրաերթի դեպքում, այսինքն՝ փոքր հարվածի դեպքում (նույնիսկ-խմբ.) պիտի որ ջարդվեր, իսկ այն անվնաս է»…

«Սակայն, հատկապես «ֆայլաբազարում» գտնվողներից շատերը նշեցին, թե լսել են վթարի, ավելի ճիշտ՝ «ավտոյի տակ մարդ ընկնելու» մասին» (ի դեպ, «ֆայլաբազարը» հենց այն փողոցում է, որտեղ եղել է վթարը-խմբ.)…

«Հստակեցնենք, որ Խորենացու եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկը (որտեղ, ըստ ոստիկանության, վրաերթն է եղել-խմբ.) «Այրարատ» կամ, որ ավելի հայտնի է, «Ռոսիա» կինոթատրոնի մերձակա խաչմերուկն է: Ըստ որում, ՀԱՄ գրասենյակը գտնվում է Ագաթանգեղոսի 7 հասցեի բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում, այսինքն՝ նշված խաչմերուկից ոչ հեռու»…

«Ի դեպ, այդ բոլոր զրույցներից տողերիս հեղինակը նաեւ այն տպավորությունը ստացավ, որ առաջինն է, ով վկաներ է փնտրում, մինչդեռ մեզանից առաջ դա թերեւս պետք է ոստիկանության քննիչներն արած լինեին»…

«Իսկ զրուցակիցներից մեկը ասաց, որ ինքը տեսել է դեպքը, համենայնդեպս այն, որ «մի մեքենա ստորգետնյա ճանապարհի մոտ հարվածել էր մի տղամարդու: Նա գետնին ընկած գալարվում էր»: Մեր զրուցակցի խոսքով, այդ պահին երկու տղամարդ էին փողոցն անցնում, եւ մյուսը վազեց ու «լացում էր», իսկ մյուսը մեքենայի տակ ընկածն էր: Ավելին՝ այդ անձնավորությունը նշեց, որ մեքենայի միջից ելած մի տղամարդ օգնություն էր կանչում, որպեսզի օգնեն՝ տուժածին դնեն մեքենայի մեջ ու տանեն հիվանդանոց» (նկատենք, որ ճանապարհային ոստիկանության քննիչի ներկայությամբ Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած Շողակաթ Ամիրխանյանն ասաց, որ իր մեքենայում ինքը մենակ է եղել-խմբ.):

* * *

Արմեն Ավետիսյանի գործով կատարվում է նախաքննություն: Առայժմ Հայ ազգայնականներն իրենց սիրելի առաջնորդին հապշտապ առողջություն են ցանկանում: Այս օրերին Հայ Արիական Միաբանության գրասենյակ են զանգահարում եւ մեզ իրենց զորակցությունն են հայտնում քաղաքական գործիչներ, պատմաբաններ, հոգեբաններ, պաշտոնատար անձինք, Արմեն Ավետիսյանի գործունեությանը ծանոթ այն քաղաքացիները, ովքեր հավատում են նրա խոսքին, գործին, վստահում նրան:

Առայժմ կարող եմ ասել, որ հանդիպել եմ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի պետ Հարություն Մարգարյանին, քննիչ Գագիկ Հարությունյանին, դատաբժշկական փորձագետ Արսեն Մամջանյանին, նաեւ՝ Շողակաթ Ամիրխանյանին հենց ճանապարհային ոստիկանությունում եւ հենց քննիչի ներկայությամբ, որպեսզի պարզեմ, թե ինչու է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկելուց հետո թողել կես ճանապարհին եւ չի հասցրել հիվանդանոց, ի վերջո մեքենայում Շողակաթն ինքը մենա՞կ է եղել, թե՞ ոչ, ովքե՞ր են օգնել ՀԱՄ ղեկավարին տեղավորել մեքենայում եւ տանել հիվանդանոց եւ ինչու՞ հանկարծ օգնողներն էլ «վախեցել» են ու Արմեն Ավետիսյանին այդ
պես էլ հիվանդանոց չեն հասցրել:
Կամ՝ ինչու՞ հեռախոսազանգերին չեն պատասխանել: Շ. Ամիրխանյանն ասում է, թե հեռախոսի կափարիչն ու մարտկոցը դուրս թռած են եղել: Մինչդեռ «դուրս թռած»-ի դեպքում զանգեր չեն գնում: Եվ որ հեռախոսը «պիտի» անհասանելի լինի, ուշ են գլխի ընկնում Ա. Ավետիսյանին տեղափոխողները եւ ոստիկանության նշած վրաերթի դեպքի ժամանակից շատ անց է հեռախոսը անհասանելի դառնում ու հետո հայտնվում քննիչի մոտ անվնաս: Ի՞նչ ընկերություն է Շողակաթ Ամիրխանյանի ղեկավարած «Սիթի քեփը», գործու՞մ է արդյո՞ք եւ էլի շատ հարցեր…

Դատական փորձաքննության եզրակացությունը կլինի մինչեւ 10 օրում:

Պատկան մարմինները պնդում են, որ կատարվածը վրաերթ է եւ ուրիշ ոչինչ, որովհետեւ վրաերթի ենթարկողը հանձնվել է:

Ոստիկանությանը պատասխանեմ իրենց իսկ ոճով՝ շատ «թույլ արգումենտ է»…

* * *

Արտատպված է «Aisor.am»-ից

5.05.2009թ.

«Ես այսօր ժամը 11-ին հանդիպել եմ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, փորձել եմ հիմնավորել, թե ինչո՞ւ կասկածներ ունեմ, որ դա մահափորձ է, իսկ ոստիկանությունում ինձ խորդուրդ են տվել հարցը դիտարկել միայն վրաերթի շրջանակում», – ասաց Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակ Արմենուհի Մելքոնյանը:

Ըստ Ա. Մելքոնյանի, նրան նաեւ խորհուրդ են տվել հրաժարվել քաղաքական հաշվեհարդարի վարկածից, քանի որ վրաերթի ենթարկած վարորդ Շողակաթ Ամիրխանյանն ինքն է ներկայացել:

«Այսօր ժամը 16-ին ես ոստիկանությունում պետք է հանդիպեմ Շողակաթ Ամիրխանյանի հետ, եւ այդ ժամանակ պարզ կլինի: Ոստիկանությունից ինձ ասել են, որ կգաս, կտեսնես‘ ինչ «սոլիդնիե կին է, եւ չէր կարող խաբել», – նշեց մամլո խոսնակը:

Նրա համար զարմանալի է նաեւ այն, որ ոստիկանությունում գործին քրեական երանգ չեն տվել՝ ասելով, որ ճանապարհատրանսպորտային պատահար է, որով զբաղվում է ՊԱՏ-ը, իսկ երբ Ա. Մելքոնյանը պահանջել է ներկայացնել Արմեն Ավետիսյանի հեռախոսին եկած վերջին զանգերը, հրաժարվել են՝ ասելով, որ պետք է սպասել մինչեւ հիվանդի գիտակցության վերականգումը:

Արմենուհի Մելքոնյանը նաեւ անդրադարձավ Արմեն Ավետիսյանի վիճակին… «Մեր ընկեր բժիշկն ապացուցում է, թե կոտրվածքը վրաերթի ժամանակ ինչպիսին է լինում եւ մահափորձի դեպքում՝ ինչպիսին: Դեմքին որեւէ քերծվածք կամ հարվածի հետքեր չկան, ինչպե՞ս է ընկել, որ չի վնասվել: Մասնագետը պարզապես նայելով ասաց, որ վրաերթի դեպքում նման վնասվածքներ չեն լինում: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից՝ անգիտակից վիճակում, բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով, բայց հեռախոսը չի ջարդվել՝ նման վնասվածքներ ստանալու դեպքում, եւ հայտնվել է վարորդի մոտ»,- ասաց Ա. Մելքոնյանն ու հարցին, թե վրաերթը մահափորձի համար թո՞ւյլ վարկած չէ, պատասխանեց, որ ինքը չգիտի, թե «ով ինչ ձեռագրով է աշխատում»:

* * *

Հ.Գ. – Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը, «Լուսանցք»-ը կրկին եւ մեկ անգամ եւս շեշտում են. վարկածներ առաջ քաշելը մեր իրավունքն է ու նաեւ պատրաստակամությունը՝ աջակցելու ոստիկանությանը գտնել ու պատժել ուղղակի եւ անուղղակի մեղավոր(ներ)ին: Վարկածներ առաջ քաշելով մենք փորձում ենք հնարավորինս աջակցել պատկան մարմիններին՝ բացահայտելու ճշմարտությունը: Վարկածներ ու տարբերակներ առաջ են քաշվում, որովհետեւ դրանցում ճշմարտության հատիկն անգամ կօգնի գտնել կծիկի ծայրը: Բացի այդ, ոստիկանությանն աջակցելը մեր քաղաքացիական պարտքն է:

* * *

«Մինչ Շ. Ամիրխանյանը պայմանավորված ժամից ուշացումով կժամաներ, Արմենուհի Մելքոնյանը խոսեց Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի պետ Հարություն Մարգարյանի հետ, ով այս պահին վարում է գործը: «Նրա պնդմամբ՝ դա վրաերթ է: Առայժմ քրեական գործ հարուցված չէ: Հարազատները եւ մենք չենք կարող հարուցել: Մեզ ասում են սպասենք, տուժողն ասի ու հարուցենք»,- նշեց Ա. Մելքոնյանը:

Շողակաթ Ամիրխանյանի հետ հանդիպումից հետո մամլո խոսնակն ասաց, որ վրաերթի ենթարկածը հայտնել է, որ ցավում է, քանի որ անզգույշ է եղել:

…Նա (Շողակաթ Ամիրխանյանը-խմբ.)…պատճառաբանեց, որ Արմենն Ագաթանգեղոսի գետնանցումի պռնկով է իբր անցել, դրա համար էլ վրաերթի է ենթարկվել: Ես դա պաշտոնապես բացառում եմ, նա չէր կարող սխալ անցնել, նա շատ զգույշ էր, չէր կարող պռնկով անցնել»,- նշեց Ա. Մելքոնյանը:

Տեղեկացնենք, որ Շողակաթ Ամիրխանյանը վարել է Լեքսուս մակնիշի մեքենա, պաշտոնապես «Սիթի քեփ» ՍՊԸ-ի տնօրենն է»:

* * *

Հ.Գ. – Ոստիկանության նշած՝ Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկելու դեպքի վայրի տարածքում մենք խոսեցինք որոշ մարդկանց հետ, ովքեր ասում էին, որ ոչ թե տեսել են վրաերթը, այլ լսել այդ մասին: Եվ, ի դեպ, տեսնողներն էլ նկարագրում էին վրաերթի ենթարկված տղամարդու, ում հագին եղել է շագանակագույն կոստյում: Տեղեկացնենք, սակայն, որ Արմեն Ավետիսյանի հագինը կոստյում չի եղել, այլ եղել է վերնաշապիկ: Ճիշտ է, վերնաշապիկը շագանակագույն է եղել, բայց դա կոստյում չէ: Եվ եթե ականատեսները միաբերան պնդում են, որ կոստյում է, ի՞նչ է սա նշանակում: Գուցե իրենց տեսած վթարվածը մեկ ա՞յլ անձ է եղել, այլ ոչ թե Արմեն Ավետիսյանը:

Նորից հիշեցնեմ. «ականատեսները» հիմնականում դեպքի մասին… լսել են:

Եվս մեկ հետաքրքիր հուշում ոստիկանությանը:

Ագաթանգեղոս-Խորենացի հատման գծում, որտեղ միշտ շատ են եղել ոստիկանները, վթարի օրը ոստիկանական մեքենա չի եղել: Հետո՝ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շողակաթ Ամիրխանյանի մեքենան 944 ՏԼ 61 պետհամարանիշով է՝ սպիտակ «Ֆորդ մերկուրի»:

Հայ Արիական Միաբանության անդամները ականատեսներից պարզել են, որ շագանակագույն կոստյումով տղամարդուն վրաերթի ենթարկած մեքենան, այո, սպիտակ է եղել, «ֆորդ մերկուրի», բայց այլ համարանիշով՝ 677 ՏՕ 61: Կամ՝ ոստիկանությունը վթարի այլ ժամ է նշում՝ 13:45-14:00-ի, իսկ «ականատեսները»՝ 16:00-ի սահմաններում:

Որտե՞ղ է հակասությունը, տարբերությունը, արդյո՞ք այս մեքենաները նույնն են, համարանիշն են ականատեսները սխալ հիշում, գուցե վրաերթի ենթարկված տարբե՞ր անձանց մասին է խոսքը: Կամ՝ նորից ենք հարցնում՝ Շողակաթը մեքենայում մենա՞կ է եղել, թե՞ ոչ: Եթե ոչ, ո՞վ է հետինը, ինչու՞ նրան չեն հարցաքննում: Ինչու՞ է Շ.-ն պնդում, թե մենակ է եղել…

***

Մայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» Բ/Կ:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1966 թ. ծնված Շողակաթ Ամիրխանյանը՝վարելով «Ֆորդ Մերկուրի» մակնիշի ավտոմեքենա:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Շ. Ամիրխանյանը ներկայացել է բաժին եւ հայտնել, որ վրաերթը կատարել է Մ. Խորենացու եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում եւ իր ավտոմեքենայով տուժողին տեղափոխել է Տիտոգրադյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, կատարվում է նախաքննություն:

Մեզ անկեղծորեն մի քանի հարցեր են հետաքրքրում:

Քննիչ Գագիկ Հարությունյանը մեզ առաջին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրեց (մայիսի 5-ին, 2:26-ին, երբ մայիսի 4-ին անջատվելուց հետո առաջին անգամ միացավ Արմեն Ավետիսյանի հեռախոսը), որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հեռախոսն իրենց մ
ոտ է հայտնվել, որովհետեւ մեղայականով ոստիկանություն է ներկայացել Շողակաթ Ամիրխանյանը:

Ուզում ենք պարզ մարդկային լեզվով հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Շ. Ամիրխանյանը ներկայացել է բաժին…»: Բացատրական աշխատանքներից հետո՞ է մեղայականով հանդես եկել, այս դեպքում ի՞նչ է նշանակում «բացատրական աշխատանք»:

2. Մայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.40-ին… Այսինքն՝ 13:40-ին արդեն ոստիկանությունը տեղյակ է եղել այդ մասին: Մայիսի 4-ին, 23:45-ին, արդեն տեսնելով, որ չենք գտնում Արմեն Ավետիսյանին, այդ մասին տեղեկացրինք Կենտրոնի ոստիկանությանը: Ոստիկանության մեր տարածքայիններն այս ինչքա՞ն «սերտ» են աշխատում, որ 10 ժամ հետո Էրեբունուց Կենտրոնի ոստիկանություն դեռ հաղորդագրություն չէր ստացվել այդ մասին:

3. Բացի այդ, Արմեն Ավետիսյանի դեմքին վնասվածք չի եղել նույնիսկ վրաերթի առաջին օրը, այսինքն՝ նա անճանաչելի լինել չէր կարող: Ի՞նչ է, հիվանդանոցում որեւէ մեկը չի՞ ճանաչել նրան դեմքով…

Մի խոսքով, հարցերի շարան, որոնց պատասխանները, հուսանք, կստանանք ժամանակին:

***

Մեզ զանգահարում ու իրենց աջակցությունն են հայտնում ԱՄՆ-ից Արմեն Շահբազյանը (Հայ Արիական Բռունցք), Արթուր Արմինը, Ջավախքից Անդրանիկ Թանգամյանը, Հունգարիայից՝ Արսինե Սահակյանը, Ռուսաստանից, Կրասնոդարից, Ֆրանսիայից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, Հայաստանից՝ Դեմոկրատական կուսակցությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Լարիսա Ալավերդյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատմաբան Անժելա Տերյանը…, նաեւ պետական տարբեր մարմինների աշխատակիցներ, ովքեր ինչ-որ չափով համակիր են Արմեն Ավետիսյանի գործունեությանն ու գաղափարախոսությանը:

«Լուսանցք», թիվ 16 (102), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։