Ատոմակայան՝ հայկական օրենքներով

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մայիսի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: Ամրագելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարեւորությունը՝ անվտանգության խորհուրդը քննության է առել տեխնիկատնտեսական մշակումներից մինչեւ նոր էներգաբլոկի շահագործում ընկած գործընթացի իրականացման բոլոր փուլերը:

Նոր ԱԷԿ կառուցելու հարցը քննարկվել է նաեւ ԱԺ-ում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան պատգամավորի մի հարցի՝ տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել ոչ թե շինարարություն իրականացնող, այլ ատոմակայանի ամբողջ շինարարության ընթացքը կառավարող ընկերության ընտրության համար: Թեեւ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 13 ընկերություններ, բայց դրան մասնակցել են միայն երկուսը, որոնց միջեւ էլ կատարվել է մրցութային գործընթացը: Հաղթող է ճանաչվել ամերիկյան ընկերությունը:

Նախարարի խոսքերով, «այս պահին բանակցություններ են ընթանում այդ ընկերության հետ պայմանագրային գնի վերջնական որոշման շուրջ»: Բացատրենք, որ հայկական միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու գործում կառավարումը նշանակում է՝

1. կատարել նախագծային աշխատանք՝ կոնցեպտուալ նախագծից մինչեւ շինարարության հսկողություն,

2. սարքավորումների, հանգույցների վերահսկողություն, փոխադրում մինչեւ Հայաստան,

3. շահագործման փաստաթղթերի ձեւակերպում,

4.ապագա աշխատակազմի ուսուցման ծրագրի մշակում, ուսուցման կազմակերպում եւ այլն:

Բացի այդ, որեւիցե խտրականություն չի լինելու ապագա ատոմակայանի սեփականատերերի կամ ներդրողների հարցում, բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել բաժնետոմսեր:

Բայց մի բան, միանշանակ, վստահեցնում է նախարարը: Այն է՝ ատոմակայանը պետք է շահագործվի հայկական օրենքներով, Հայաստանի էներգետիկայի ոլորտը կանոնակարգող օրենքներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն, անկախ այն բանից, թե բաժնետերը ո՞ր երկիրն է ներկայացնում:

Տարբերակենք, սակայն, երկու կարեւորագույն խնդիր.

1. Շինարարության մասնակցելն այլ գործընթաց է, բաժնետեր լինելը՝ մեկ այլ: Թուրքական որեւէ շինարարական ընկերություն ներկայումս չունի ատոմակայան կառուցելու լիցենզիա, նման իրավունք ունեն աշխարհում միայն մի քանի ընկերություններ: «Մենք ունենք պայմանավորվածություն, որ այն աշխատանքները, որոնք ի վիճակի են կատարելու մեր տեղական շինարարական ընկերությունները, կատարեն նրանք: Ինչո՞ւ պետք է թուրքական կամ որեւէ այլ երկրի ընկերություն ներառվի այդ գործում», – ԱԺ-ում զարմացել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը՝ դարձյալ կրկնելով, որ շինարարությունը, մոնտաժը, կարգաբերումն այլ գործընթացներ են, բաժնետեր դառնալը՝ այլ:

Փակագծերում նկատենք, սա երեւի պատասխանն էր այն թյուրիմացության, որ ամիսներ առաջ մամուլում սպրդեց վարչապետի մեղքով այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, թե Թուրքիան կարող է մասնակցել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցմանը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 19 (105), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։