Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:

Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Ֆրանսիայից մի խումբ հայեր գրում են. «Ես Սերինե Չափոգջյանն եմ ու կգրեմ ինձ պես հազարների անունից: Մենք ցավով տեղեկացանք Արմեն Ավետիսյանի հետ կատարվածի մասին:

Եթե դա իսկապես մահափորձ է եղել, ուրեմն ամոթ ուղղակի եւ անուղղակի բոլոր խամաճիկներին: Մենք կխնդրենք Հայի աստծուն, որ Արմեն Ավետիսյանի ապաքինումը հնարավորինս շուտ լինի: Արմեն Ավետիսյան երեւույթի մասին դեռ կխոսվի: Բայց գոնե մենք արդեն գիտենք, թե ով է նա: Նա Հայորդին է, ազգի զավակը, ով Հային վերադարձրեց Գառնին: Երկու տարի առաջ ես եւ քույրս տուրիստական այց ունեցանք Հայաստան, եղանք Գառնիում: Մարտի 21-ին էր: Գառնին մարդաշատ էր: Այն ժամանակն դեռ չէինք հասկանում, թե ինչու՞ են այդքան հայեր հավաքվել տաճարի բակում, ի՞նչ են ուզում, երբ մեկ էլ շեփորների զարկերի միջից լսվեց «Երկնէր երկին»-ը: Աչքս ընկավ հաղթանդամ մի այրի (այդ հետո պիտի իմանայի, որ Արմեն Ավետիսյանն է): Այնպե՜ս ոգեշնչված էր փառաբանում Վահագն Աստծուն… Եվ հետո ինչքա՜ն ոգեւորված էր բացատրում մեզ այդ ամենը՝ ակամա հայրենիք վերադառնալու կոչ անելով: Բա հետո ինչքա՜ն մեծ եղավ իմ զարմանքս, երբ իմացա, որ նա քաղաքական գործիչ է: Մեր տուրիստական խումբը Արմեն Ավետիսյանին արդեն քուրմ էր իր մտքում նկարել… Այդքան նվիրված, շիտակ ու քաղաքական գործի՞չ… Հետո միշտ ոգեւորված հետեւել ենք նրա գործին, ամեն մի խոսքին ու բառին: Քաջառողջություն նրան:

Մայիսի 28-ին մենք՝ մի խումբ ֆրանսահայեր Հայաստանի դեսպանատան առջեւ ցույց կկազմակերպենք՝ զորակցելու նաեւ ազատամարտիկ Արմեն Ավետիսյանին…

Նամակներից ծաղկաքաղը՝ Անի Մարությանի

«Լուսանցք», թիվ 20, 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։