Ի պետս հայ-թուրքական «հաշտեցման» դավադիրների, պատմությունը չիմացողների

Հոկտեմբերի սկզբին, Ելցինին հակառակորդ ռուս խորհրդարանականները գրավեցին Մոսկվայում խորհրդարանի շենքը եւ նախագահի հրաժարականը պահանջեցին: Հեղաշրջման փորձի պատասխանատուներն էին խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը եւ փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյը: Ապահովական արտակարգ միջոցառումներ եւ պարետային ժամ հայտարարվեց Մոսկվայում, մինչ տանկերը շրջապատեցին խորհրդարանի շենքը: Հոկտեմբերի 4-ին տանկերը ռմբակոծեցին խորհրդարանը եւ բանակը կարողացավ ազատագրել շենքը: Շուրջ 187 հոգի սպանվեց եւ ուրիշ հարյուրավորներ վիրավորվեցին: Կատարողները ձերբակալվեցին՝ այսպիսով վերջ դնելով այն ճգնաժամին, որն սպառնում էր Ելցինի նախագահությանը եւ որը կարող էր քաղաքացիական պատերազմ հրահրել Ռուսաստանում:

Տեր-Պետրոսյանը Երեւանից հեռախոսազրույց ունեցավ Ելցինի հետ ու իր բացահայտ աջակցությունը հայտնեց նրան: Նա գումարեց նաեւ Ազգային անվտանգության խորհուրդը, Հայաստանի զինված ուժերը դրեց առավելագույն պատրաստության մեջ ՝ Հայաստանը պաշտպանելու համար Թուրքիայից հավանական հարձակման դեմ՝ նկատի ունենալով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը հսկող տասը հազար ռուսաստանցի զինվորներն ստիպված էին արագ կերպով Ռուսաստան վերադառնալ: Բազմաթիվ աղբյուրներից իր ստացած տեղեկությունների հիման վրա, Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Թուրքիան օգտվելու է Ռուսաստանում ներքին լուրջ իրադարձություններից՝ Հայաստանը գրավելու համար, որպես պատրվակ գործածելով կա՛մ Քրդական հարցը, կա՛մ էլ Նախիջեւանի անկլավի պաշտպանությունը:

Նա հետախուզությունից տեղեկագրեր ուներ, թե Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերջերս քննարկել է թուրքական բանակի Իրաք եւ Հայաստան ներթափանցումը‘ ՔԲԿ-ի մարտիկներին ոչնչացնելու համար: Այդ նույն երեկո՝ հոկտեմբերի 5-ին, թուրքական զինված ուժերը մտան Իրաք՝ ՔԲԿ-ի մարտիկների թարմ հետքերով:

Այս նույն խնդրի շուրջ Ֆրանսիայի դեսպանը1 հոկտեմբերի 11-ին ինձ ասաց, որ ըստ ֆրանսիական հետախուզության աղբյուրների, Խասբուլատովի (մի չեչեն մուսուլման) եւ Անկարայի միջեւ համաձայնություն է եղել, որ եթե նա հաղթանակի, ապա Թուրքիային թույլ է տալու սահմանափակ բնույթի ներխուժումներ անել Հայաստան՝ Քրդական հարցն իբր պատրվակ գործածելով, եւ Վրաստան՝ Աբխազիայի անվտանգությունն ապահովելու համար: Ըստ ֆրանսիական հետախուզության աղբյուրների, Հայաստան թուրքական ներխուժումը տեղի էր ունենալու Խասբուլատովի՝ ռուսաստանյան զորքերը Հայաստանից հեռացնելուց անմիջապես հետո: Այս տեղեկությունը հետագայում ինձ հաստատեց ԱՄՆ իմ գործընկերը2 :

Այս հարցի – որը Հայաստանի գոյության համար այդքան կարեւոր հարց է – շուրջ պատկերն ամբողջացնելու համար, ուզում եմ ներկայացնել այն, ինչ ինձ ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին: Նա ինձ պատմեց, որ Անկարան իմանում էր, թե ինչ-որ լուրջ բան է պատահելու Մոսկվայում եւ թե դրա համար էլ սեպտեմբերի սկզբին Թուրքիան ավելացրել էր իր զինված ուժերը թուրք-հայկական սահմանի վրա: Միեւնույն ժամանակ, Թուրքիան ավելացրեց իր զորքերը նաեւ Նախիջեւանում (Ադրբեջան) մինչեւ երկու բրիգադի եւ տասնհինգ ուղղաթիռի, որոնք դեռեւս կայք հաստատած էին մնում այնտեղ:

Թուրքիան նաեւ լարվածություն ստեղծեց սահմանում, երբ սեպտեմբերի 6-ին թուրք զինվորները փոքր չափի տրամաչափի զենքերով կրակեցին հայկական սահմանի ուղղությամբ: Ռուսական զորքերը զսպվածություն ցուցաբերեցին եւ կրակով չհակադարձեցին: Սեպտեմբերի 22-ին, թուրքական մի պատվիրակություն գեներալ Հայրէդդին Ուզունի գլխավորությամբ Հայաստան այցելեց ԵԱՀԿ ստուգիչ առաքելության շրջանակում եւ պահանջեց Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմաններն այցելել: Հայաստանի ռազմական իշխանությունները թուրք սպաներին թույլ չտվեցին աչքից անցկացնել այս սահմանները ցամաքով. նրանք այս տարածքները նրանց ցույց տվեցին բարձրից թռչող ինքնաթիռից, այնպես որ նրանք չկարողանան ռազմական տեղեկություններ հավաքել Հայաստանի ամրությունների մասին: Կառավարությունը գիտեր, թե այնքան ժամանակ, որ ռուսաստանյան զորքերը կմնան Հայաստանում, Թուրքիան չի համարձակվի հարձակվել: Ահա թե ինչո՛ւ հոկտեմբերի 2-ի եւ 3-ի ճակատագրական շաբաթավերջին Սարգսյանը մշտական հաղորդակցության մեջ էր իր ռուս գործընկերոջ հետ, որը նրան հավաստիացնում էր, թե ռուսաստանյան զինված ուժերը զորակցում են Ելցինին եւ
թե Հայաստանից ռուսաստանյան զորքերին հետ կանչելու խնդիր չկա:

Արդյոք Թուրքիան նախօրոք իմանո՞ւմ էր, թե ինչ-որ մի լուրջ բան է պատահելու Մոսկվայում՝ միայն Անկարան կարող է մեզ ասել: Բայց այն փաստը, որ Մարուխյանն3 այդ մասին տեղեկատվություն ուներ4 , մեծացնում է հավանականությունն այն բանի, որ Անկարան եւս նույն տեղեկատվությունն ուներ:

Նախիջեւանում թուրքական զինված ուժերի քանակի ավելացումն, իհարկե, կարելի էր վերագրել Ղարաբաղի զինված ուժերի կողմից Ֆիզուլու գրավման: Այդուհանդերձ, մենք ունեինք երկու լուրջ հատուկ սպասարկություններ (Ֆրանսիայինը եւ Միացյալ Նահանգներինը), որոնք հաստատում էին, թե մի տեսակ համաձայնություն կար Խասբուլատովի եւ Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի միջեւ՝ Թուրքիային թույլ տալ վիրահատական հարվածներ հասցնել Հայաստանին5 եւ Վրաստանին, ինչքան էլ սա կարող է անհավատալի թվալ:

Ինչպես գրել եմ նախապես, միայն Թուրքիան կարող է մեզ ասել, թե որո՞նք են եղել իր մտադրությունները մոսկովյան ճգնաժամի ատեն:

Սակայն Անկարան եթե մի օր հաստատի Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետախուզական տեղեկագրերը, դա ցույց է տալու տեսակն այն դերի, որ այդ ժամանակի թուրքական կառավարությունը ցանկացավ խաղալ Կովկասում»:

(աղբյուրը‘ Լեոնիդաս Խրիզանթոփուլոս, «Caucasus Chronicles: Nation-Building and Diplomacy in Armenia, 1993-1994» («Կովկասյան ժամանակագրություններ. Պետականության կառուցումն ու դիվանագիտությունը Հայաստանում, 1993-1994»), Gomidas Institute Books, USA, 2002, էջ 76-78) 6

Թարգմանեց եւ ծանոթագրեց պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանը

1 Այդ օրերին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն էր տիկին Ֆրանս դ,’Հարտինգը:

2 Այդ օրերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր Հարրի Գիլմորը:3

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյան: 4 Հրայր Մարուխյանը, ի շարս իր ամերիկյան եւ իրանական անձնագրերի, ուներ նաեւ Հունաստանի քաղաքացիություն:

5 Բոլշեւիկները եւս 1920թ. աշնանը քեմալականներին թույլ էին տվել նման «վիրահատական հարվածներ» հասցնել Հայաստանի Հանրապետությանը առանց նույնիսկ Կարսը գրավելու:

Սակայն մենք գիտենք, որ այդ «սահմանափակ» ներխուժումն ավարտվեց տասնյակ հազարավոր հայոց կոտորածով եւ անկախ պետականության ու հայոց հայրենիքի զգալի մասի կորուստով, ինչը հայ-թուրքական անգո «բարեկամության» այսօրվա մունետիկները փորձում են հավերժականացնել: 6 ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոփուլոսն այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

«Լուսանցք», թիվ 20, 21 (106, 107), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։