Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել են ՀՀԿ–ն (47,39%), ԲՀԿ–ն (22,71%), ՀԱԿ–ը (17,41%):
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքները՝ ԿԸՀ–ն արձանագրել է հետեւյալը.
– քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 412464 ընտրող:
– ՏԸՀ–ներին հատկացվել է 790000 քվեաթերթիկ:
– Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը կազմել է 377980, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 10493, վավեր քվեաթերթիկների թիվը (հավասար է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվերի գումարին)՝ 401310, անճշտությունների չափը՝ 2104:
– ԿԸՀ–ի արձանագրությունը կազմվել է հունիսի 1–ին, ժամը 9.10–ին: Այն ստորագրել են ԿԸՀ–ի 8 անդամներից 7–ը: Ստորագրելուց հրաժարվել է «Ժառանգությունը»-ը ներկայացնող Զոյա Թադեւոսյանը:
Ըստ արդյունքների՝ պատկերը հետեւյալն է.
– անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել են ՀՀԿ–ն (47,39%), ԲՀԿ–ն (22,71%), ՀԱԿ–ը (17,41%): Իսկ ՕԵԿ–ը հավաքել է 5,22%, ՀՅԴ–ն՝ 4,65%, ԺԿ–ն՝ 2,14%, ՀԱՍԿ–ը՝ 0,49%:
Բայց արի ու տես, որ 3-րդ տեղից դժգոհեց ՀԱԿ-ը ու հաղորդագրություն տարածեց, թե «մայիսի 31-ի վաղ առավոտից, ինչպես եւ սպասելի էր, կրկին սկսեց աշխատել ապօրինի վարչախմբի ընտրակեղծիքների դժոխային մեքենան: Վաղ առավոտից հազարավոր ավտոբուսներով ու տաքսիներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր: Հարյուրավոր ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել հանրապետության այլ քաղաքներից ու բնակավայրերից, որոնք ապօրինաբար մասնակցել են քվեարկությանը: Քվեարկողներ են բերվել նաեւ հարեւան Վրաստանի Ախալքալակի շրջանից: Տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում: Տեղամասերի մոտ տեղակայված քրեական տարրը խոչընդոտել է ընտրություններին հազարավոր քաղաքացիների մասնակցությանը»: ՀԱԿ-ը շտապեց հաղորդել նաեւ, թե իրենց վստահված անձնաց ու լրագրողների նկատմամբ կիրառվել են բռնություններ, նրանց ծեծել, դուրս են հանել ընտրական տեղամասերից, խլել լրագրողների աշխատանքային գործիքները (վստահված անձ ասվածը հասկանալի է, բայց ի՞նչ է նշանակում վստահված լրագրող-ը: Այսինքն՝ եթե այդ լրագրողը տեսներ, որ չարաշահումներ են արվում հօգուտ ՀԱԿ-ի, չէ՞ր արձագանքելու – հեղ.): ՀԱԿ-ը հայտնեց նաեւ, թե ընտրակեղծիքների, բնակչության ահաբեկման ու մանավանդ ընտրակաշառքի համար գործածվել են պետական կառույցները՝ ոստիկանությունը, բանակը, կենսաթոշակային հիմնադրամը, նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլն, ծախսվել են հսկայական բյուջետային միջոցներ:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց նաեւ, թե չի ընդունում մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, «չի հանդուրժելու հանցագործ վարչախմբի կողմից ժողովրդի կամքը բռնաբարելու շարունակական այս գործողությունները, վիճարկելու է ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է իր պայքարը՝ որպես առաջին խնդիր դնելով ավազակապետության ներկա պարագլուխ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը»:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը շտապեց ողջունել ՀԱԿ որոշումը՝ հրաժարվել Երեւանի ավագանու մանդատներից: Կարապետիչը մտադիր չէ բողոքարկել ընտրության արդյունքները, քանի որ դրա մեջ իմաստ չի տեսնում: Իմաստ չի տեսնում, բայց միաժամանակ հայտարարում է. որ ընտրությունները կեղծելը սպառնալիք է ազգային անվտանգությանը… Ստացվում է՝ ազգային անվտանգությանը սպառնացող գործոնների դեմ պայքարելը ԺԿ-ի գործը չէ՞…
Ինչեւէ, հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ, 2009թ. մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ
ՀՀ հատուկ քննչական
ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել են թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը: Նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Մայիսի 31-ին զանգվածային լրատվամիջոցներում («Ա1+», «Հետք» եւ «Լրագիր» ինտերնետային կայքէջերում) թիվ 8 ընտրատարածքի 01, 05, 08, 09, 21 եւ 24 տեղամասերում տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ հրապարակումների հիման վրա հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Մի խոսքով, եթե դեպքերի ընթացքը երկար թվարկելու փոխարեն հակիրճ ամփոփենք, ապա պատկերը հետեւյալն է. Երեւանում Երեւանի ավագանու ընտրությունները անցան ինչպես… մեր երկրում բոլոր ընտրությունները՝ մի մասի կարծիքով՝ խայտառակ խախտումներով, իսկ մի մասի համոզմամբ՝ աներեւակայելի արդար:
Օրինակ, ՀԱԿ-ին հակառակ, «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու նպատակով գործուղել էր մոտ 500 դիտորդներ, ասաց, թե իրենց դիտորդները լիարժեք հնարավորություն են ունեցել ներկա գտնվել եւ մասնակցել ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքներին, ներկա գտնվել ձայների հաշվարկին: Կազմակերպությյունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի Երեւանի ավագանու ընտրությունները անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար եւ թափանցիկ:
Դիտորդները նաեւ այն տեսակետը հայտնեցին, թե ԿԸՀ-ն արեց հնարավորը, որպեսզի Երեւանի ավագանու առաջին ընտրությունները անցնեն բարձր մակարդակով, այսինքն՝ հ/կ-ի դիտորդները «չեն արձանագրել ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ: Երեւանի ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի անձանց, պետական հաստատությունների կամ իրավապահ մարմինների կողմից այդ տեղամասերի աշխատանքներին միջամտելու կամ ընտրությունների ելքը կանխորոշելու փորձեր»:
Տրամագծորեն հակառակ տեսակետների համաձայն էլ, խախտումներ են գրանցվել ամեն քայլափոխի, ասենք՝ լցոնումներ են արել ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քույրն ու գործարար Սամվել Ալեքսանյանը՝ դրա հետեւանքով ԲՀԿ-ին «մատ անելով» եւ Մալաթիայում գտնվող 8-22 ընտրատեղամասում ընդամենը 263 ձայն «բաշխելով»… եւ նմանատիպ այլ բաներ…
Այս համապատկերում ամենեւին էլ էական չէ, որ այդ ամենին ականատես է եղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Էականն այն է, որ մենք հերթական անգամ հաստատում ենք, որ ընտրություններում հաղթում է նկարչություն անողը: Ավելին, քանի որ նկարչություն անում են ոչ նկարիչները, այդ ընտրությունն ամեն անգամ դառնում է… գավառական խզբզոցի արդյունք: Թե չէ ինչ կմտածի այս դեսպանը, այն դիտորդը… իրապես կարեւոր չէ: Սովորենք հաշվետու լինել նախ ինքներս մեզ: Իսկ քանի դեռ այդպես չէ, նայելու ենք ու վախվորած հաշվի առնելու՝ որ դեսպանը կողքից ինչ տեսավ, ինչ արձանագրեց, ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների որ դեսպանները որտեղ եւ ինչ խորհրդավոր ընթրիք հրավիրեցին եւ այլն:
Ինչեւէ, ինչպես նախագահական, այնպես էլ այս ընտրություններում մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ճիշտ է Հայ ազգայնականների համախմբման ընտրած ուղին՝ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին (պատճառները տես «Լուսնացք»-ի նախորդ համարում) եւ մաս չկազմել մշտապես անտաղանդ բեմադրվող ողբերգական կատակերգությանը…
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք», թիվ 21 (107), 2009թ.



