Daily Archives: October 7, 2016

Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Չնայած կառավարության փոփոխության շուրջ մեծածավալ հետաքրքրությունների շրջանակ է գործում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում, ինչպեսեւ հանրային, լրագրողական ու այլ բնագավառներում, այնուամենայնիվ, առավել մեծ հետաքրքրությունը եղել ու մնում է բանակի եւ բանակային խնդիրների շուրջ:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ խնդրելով ներկայացնել իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ: Նախարարը հայտարարեց, որ հիշարժան օր է իր համար, «քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում, առաջին անգամ է մասնակցում ԱԺ հարցուպատասխանին»: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվեն պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը:

«Գիտեք, որ հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 25-րդ տարին է, եւ մեր խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետեւ հաշվի առնելով այն իրավիճակում, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,- ասել է Վիգեն Սարգսյանը:   Continue reading

Երբ պաշտոնյան փոխում է միայն արտաքինը – …Այս նյութի նախնական վերնագրին էր՝ «Երբ բիրդան աղաները քաղաքականությունն անբարո են դարձնում»… Ամեն նոր բան հալածվում է հավասարապես եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից…

Ցավոք, շատերի համար ՏԻՄ ընտրությունները երկրորդական նշանակություն ունեն եւ զարմանալի է, որ այդպես են մտածում նաեւ շատ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: Այս բոլորի կարծիքով «ձուկը պիտի գլխից բռնել», այսինքն՝ ոչնչից միանգամից վերցնել երկրի նախագահի աթոռը… Այժմ, սահմանադրական փոփոխություններից հետո՝ վարչապետի աթոռը:

Այսինքն՝ բոլորս դեպի խորհրդարանական գալիք ընտրություններ, իսկ տեղական ինքնակառավարումը թող մնա Հանրապետականներին: Իսկ ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում իսկապես կարեւորագույններից մեկն է:

Իհարկե, ոչ բոլոր քաղաքական ուժերն են այսպես մտածում, եւ այդպես չմտածողներից ոմանք պայքարեցին ՏԻՄ ընտրություններում եւ թեկուզ մասնակի, բայց ունեցան հաջողություններ:  

Հիմա հարցական է մնում մի խնդիր, կամ վերոնշյալ մտածողությամբ ուժերը իրապես չեն հասկանում իրավիճակը եւ «ձուկը գլխից են բռնում» կարգախոսի գերին են դարձել, կամ հասկանում են ու իբր քաղաքականություն են խաղում այս կամ այն ակնկալիքով: Վստահ ենք, որ վերջին տարբերակն է եւ երեւակայական խաղ չէ, մեղմ ասած կամ ավելի ստույգ՝ ինքնավաճառքի քաղաքական պատվեր է նշանակում սա, որը հաճախ սրանց նմանների պատճառով քաղաքականությունը պոռնկություն է դարձնում…   Continue reading

Մեր անկախության գլխավոր ձեռքբերումը՝ հայկական բանակ – Հայաստանի զինուժի ցուցադրության արձագանքները… Զորահանդեսին այն ապացույցներն էին՝ հարեւաններին եւ աշխարհին ցուցադրելու ռազմական մեր ներուժը, որին տիրապետում է Հայաստանը…

Սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը դեռ մնում է ինչպես մեր թշնամիների, այնպես էլ տարբեր պետությունների ռազմական ու պետական գործիչների ուշադրության կենտրոնում: Բոլոր այս կողմերի համար ամենասպասվածը՝ ռազմական շքերթին «Իսկանդեր»-ների ցուցադրմանը ականատես լինելն էր: Եթե հայերիս համար դա հպարտանալու եւ փառավորվելու տոնական օր էր, ապա թշնամիների համար վատ լուր էր, մյուսների համար էլ՝ զգուշացում. որ Հայաստանին տարածաշրջանում իրապես լուրջ վերաբերվեն:

Հետաքրքիր է, որ այդ նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ էր հղել «Խաղաղության միջազգային օրվա» առթիվ, իսկ մեզ համար «Իսկանդեր»-ի առկայությունը, նախ եւ առաջ խաղաղության պահպանման, ռազմական իրավիճակի սրումը կասեցնելու միջոց է: «Ամեն տարի Խաղաղության միջազգային օրը ՄԱԿ-ը բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում վայր դնել զենքերն ու 24 ժամ հրադադար պահպանել ամբողջ աշխարհով մեկ: Առանց կռիվների անցնող մեկ օրը՝ խորհրդանշական է եւ բոլորիս հիշեցնում է, որ հակամարտությունները կարող են եւ պետք է ավարտվեն: Բայց խաղաղությունը միայն զենքերը վայր դնելը չէ: Խաղաղություն հաստատել նշանակում է ստեղծել այնպիսի միջազգային հասարակություն, որտեղ մարդիկ չեն տառապի աղքատությունից եւ իրար հետ կկիսեն բոլոր բարիքները: Սա նշանակում է՝ ապրել եւ զարգանալ միասին, աջակցել միմյանց՝ մի մեծ, համընդհանուր ընտանիքի նման»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Իմիջիայլոց, այս տարվա խաղաղության միջազգային օրը նշանավորվեց «Կայուն զարգացման» 17 նպատակներով, որպես խաղաղություն ստեղծող հիմնաքարեր: Հակամարտությունը հաճախ սկիզբ է առնում, երբ մարդիկ մրցում են սահմանափակ ռեսուրսներին տիրելու համար: ««Կայուն զարգացման Օրակարգ 2030»-ը այն նախագիծն է, որը պիտի օգնի կանխել նման հակամարտությունների առաջացումը՝ բոլորի ներգրավվածությունն ապահովելով:

Երբ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի 193 անդամ պետությունները միաձայն ընդունեցին Կայուն զարգացման 17 նպատակները, նրանց ուղերձը պարզ էր ու հստակ»,- հայտարարել է Բան Կի Մունը:   Continue reading

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի… Սիրիահայերի ու ԼՂ հիմնահարցերը՝ ՄԱԿ-ի ամբիոնից… ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին… ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի ՄԻԳ հանձնակատարին…

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Այս անգամ գլխավոր քարտուղարի ընտրությունն անակնկալ է եղել շատերի համար: Արդեն տեղեկատվություն էր տարածվել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուն Բուլղարիայի ներկայացուցիչ է եւ նա էլ ընտրվելու է: Սակայն, ի զարմանս բոլորի, ընտրվեց Պորտուգալիան ներկայացնող Անտոնիո Գուտերեսը։ Այս թեկնածությունն անսպասելի էր, քանզի մինչեւ վերջին պահը նրա հարցով լուրջ քննարկում չի եղել։ Ինչեւէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարողացել է գալ ընդհանուր հայտարարի, եւ պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը արդեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է:

Նորընտիր գլխավոր քարտուղարը Պորտուգալիայի վարչապետն է եղել շուրջ 10 տարի, իսկ վերջին 10 տարին էլ զբաղեցրել է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։ Այս փաստը եւ ՄԱԿ խաղաղապահ գործունեության մեջ Գուտերեսի ունեցած փորձը այս որոշման կայացման համար լուրջ հիմք են եղել։ Այսօր ՄԱԿ-ի կարեւոր մարտահրավերներից մեկը համարվում է փախստականների ու տեղահանվածների խնդիրը, ինչպեսեւ՝ խաղաղապահ գործունեությունը։

Ի դեպ, Անտոնիո Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013թ. եւ մինչ օրս ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական այս բարձր պաշտոնն զբաղեցնելուց հետո էլ նա չի լքելու խորհուրդը եւ կպաշտոնավարի մինչեւ 2018թ.։   Continue reading

Պարտքի գերաճի դեմն առնելու համար – Վերջապես ճիշտ որոշում կայացվեց – 2017թ. բյուջեն ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող… Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…

Վերջին տարիներին երբ պետական պարտքն անընդհատ ավելանում էր, առիթով գրեցի, որ պետք չէ ամբոխահաճությամբ զբաղվել եւ ամեն տարի ուրախանալ, թե սոցիալական բյուջե ունենք, այն է՝ բարձրացնում ենք կենսաթոշակներն ու նպաստները: Դրանց չափը բարձրացնել, անշուշտ պետք էր եւ է, բայց այլ մեխանիզմներով: Մինչդեռ մենք անում էինք պարտք վերցնելով: Այլ կերպ՝ միջազգային ֆինանսական կառույցներից գումար էինք խնդրում, որ թոշակ ու նպաստ ավելացնեինք: Մինչդեռ դա պետք էր անել տնտեսության շարժին համընթաց: Իսկ շարժ չկար: Դա գրելուց հետո գիտե՞ք ինչ եղավ: Խմբագրություն զանգեցին, ի դեպ, հիմնականում միջին տարիքի մարդիկ եւ ինձ մեղադրեցին տատիկ-պապիկներին չսիրելու մեջ: Ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել, որ ներգրավված գումարները պետք է ներարկել այնպիսի ծրագրերի, որ տնտեսական իրական աճ ունենայինք՝ ըստ այդմ ավելացնելով տատիկ-պապիկներին տրվելիք վճարները:

Ինչեւէ, խմբագրություն զանգողները այսուհետ տարեցներին չսիրելու մեջ կարող են մեղադրել նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին, ով գրեթե նույնությամբ կրկնեց մտքերս:

Չսպասելով պաշտոնավարման 100 օրը լրանալուն՝ նախարարը ասուլիս հրավիրեց եւ միանգամից հայտնեց, թե 2017թ. բյուջեն պահպանողական է լինելու եւ կենսաթոշակների ու նպաստների չափը չի ավելանալու: «2017թ. բյուջեի նախագծում պահպանողական մոտեցում է դրված: Շատ դժվար է նայել կեսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Սակայն մյուս կողմից էլ ճիշտ չի լինի պարտք վերցնել ու այդ ձեւով բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ տնտեսությունն առողջացնել, որից հետո միայն նոր անդրադարձ կլինի կենսաթոշակների բարձրացմանը»,- շեշտեց նախարարը:

Նա հավելեց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծման համար հաշվի են առել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի մեր տնտեսական իրականությունը:

Վարդան Արամյանն ուշադրություն սեւեռեց վարչապետի այն հայտարարությանը, թե «մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»՝ միաժամանակ հավելելով, թե վարչապետի այդ խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձեւավորել բացասական սպասումներ: Բանն այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը  չէ որ բնորոշ է: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսեւորվում: Իսկ պատճառները երկուսն են: Առաջինը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից եւ, հասկանալի է, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենար մեր տնտեսության վրա: Երկրորդ պատճառը համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գնանկումն է: Քանի որ Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են, հասկանալի է, որ  նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում:   Continue reading

Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Շվեդիայից իմ վաղեմի ծանոթներից մեկին խոստացել էի, որ երբ Հայաստան գա, այնպիսի ձուկ պատրաստեմ իր համար, որ մոռանա «շվեդական ձկան օրերը»: Ծանոթս ինձ հյուրասիրել էր իրենց «Թարթառով» (tartar). սիգը, առանց պոչ ու գլխի, խոշոր աղով ու սպիտակ պղպեղով լավ համեմում են, փաթաթում փայլաթիթեղի մեջ, թողնում մեկ օր, այնուհետեւ շատ բարակ շերտով կտրատում եւ մատուցում խաշած կարտոֆիլով եւ մանանեխի խյուսով: Ի դեպ, Ֆինլանդիայում էլ են դրան «Թարթառ» կոչում, բայց ստուգաբանությունը ոչ ոք չգիտի (սա առանձին թեմա է, որին հիմա չեմ անդրադառնա): Երբ Հայաստան եկավ, պատասխանը տվեցի՝ հյուրասիրելով նրան դարձյալ սիգով՝ թոնրում խորովված եւ համեմված ուրցով:

Երբ ուրցը տեսավ, բացականչեց. «Ու՜րցը, ու՜րցը» եւ անընդհատ հոտ էր քաշում ու կրկին կանչում՝ «Ու՜րցը, ու՜րցը»: Ես նրան մեր Սահյանից տողեր ասացի՝ «…ուրցի բույրից մեղվի ուշքն  է գնում»՝ իմ իմացած անգլերենի չափով մոտավորապես թարգմանելով: Հանկարծ կանգ առավ. «Այդ մարդն էլ է (Սահյանը,- Ա.Մ.) իմ պես խելագարվել, ես գժվում եմ ձեր ուրցի համար: Բայց ձեզ համար այն սովորական է»: «Սովորական չէ, մենք էլ ենք շատ սիրում»,-ասացի: «Սովորական չլիներ, աշխարհին կզարմացնեիք, թեյը կլցնեիք շուկաները, եթերայուղը…»: «Շուկաները լցնելու համար նախ ճանապարհներ ենք պետք»:

«Բրենդ է պետք, բրենդ,-ընդհատեց,-ճանապարհը ինքն իրեն կգտնվի, դուք բրենդ ստեղծել չգիտեք»: Ապա շարունակեց. «Բա ձեր դաղձը, գժվում եմ, վայրի մասրենին, գժվում եմ, իսկ ձեզ համար սովորական է»…   Continue reading

Տեղական ինքնակառավարումը՝ կրկին Հանրապետականի կառավարման ներքո – Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը հաստատեցին, որ ավելի շատ ընդդիմադիր են ներկա իշխանություններին… Իսկ ի՞նչ կփաստի Երեւանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում ամփոփիչ ներկայացրեցինք ՏԻՄ ընտրությունների այն հատվածը, որը կայացավ Հայաստանի 5 մարզերում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի 317 համայնքներում: Ինչպես նշել էինք, այս համայնքներում ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցեց ընտրողների շուրջ 40%-ը: 168 համայնքներում հաղթել էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որոնց ավելացան նաեւ 22 համայնքապետեր, ովքեր համայնքապետի ընտրությանն անկախ կարգավիճակով մասնակցելով՝ հաղթել էին ընտրություններում, բայց մի քանի օր անց դիմումներ էին գրել ՀՀԿ մտնելու համար: Եվ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն այս մարզերում ընդհանուր առմամբ հաղթեց մոտ 76%-ով:

http://www.hayary.org/wph/?p=5820Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…

Ըստ ամենայնի, այս մի փուլում եւս նման, եթե ոչ ավելի մեծ առավելությամբ, հաղթեցին ՀՀԿ-ականները:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…

Հոդվածի նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDFտարբերակում (4-5 էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/33-423.pdf

Գերմանա-հայկական պատմական եւ մշակութային կապերը բավականին հին են, սակայն նախաքրիստոնեական կապերի մասին կարող ենք միայն դատել այն մշակութային պատառիկներից, որոնք պահպանված են գերմաներեն լեզվի մեջ, մասնավորապես բուրգ, հայմ, Հայկէ, Գուհար, ավանդապատումների մեջ, Արմենիոս, Հայիմդալ, Տիվաց, Իստվաց, Վան եւ այլ դիցանունների մեջ։

Գերմանա-հայկական մշակութային կապերը ավելի տեսանելի են հետքրիստոնեական շրջանում, սկսած արդեն մ.թ. 4-6 դդ., երբ քրիստոնեության առաջին հայ քարոզիչները հայտնվեցին Գերմանիայում։

Առաջին կայսերական ընտանիքի մայր, հայ իշխանական տան ներկայացուցիչ, Գերմանիայի կայսր Օտտո 2-րդի կինը՝ Թեոֆանուն  (959-991թթ.), ընդունվել է որպես «Ամենագերմանացի կայսրուհին՝ գերմանական կայսրուհիների մեջ»։

957թ-ին Ռուսական պետության առաջին կառավարիչ դարձավ Հայոց իշխանական տան ներկայացուցիչ իշխանուհի Օլգան:

Նա 959թ-ին դեսպաններ ուղարկեց Գերմանիայի կայսր Օտտոն I-ի մոտ՝ եպիսկոպոսներ եւ քահանաներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսաստանում եկեղեցի հիմնեն, հավանաբար իր քրոջ կամ հորեղբոր դստեր միջամտությամբ, ով այդ ժամանակ Օտտո 2-րդի կինն էր։

Նշանավոր դեպքերից է Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ  Վիթելսբախի (Konrad von Wittelsbach) կողմից Լեւոնի թագադրումը՝ որպես Հայկական Կիլիկիայի թագավոր։

Այս շարքի մեջ առանձնակի տեղ ունի Հայերեն առաջին տպագիր տեքստը՝ արված 1475-ին Մայնցում, լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրությունների» մեջ զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է:   Continue reading

Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…

Հովսեփ Օրբելու այսպես կոչված «Քուրդ-ռուսերեն» բառարանի  (հատոր II, հրատ. 2, Քուրդ-ռուսերեն բառարան, Երեւան-2002) գոյության մասին իմացա վերջերս, երբ գրադարանում փնտրում էի նրա գրքերից մեկը:

Բառարանի վերնագիրը զարմացրեց ինձ, որովհետեւ ծանոթ էի Հ. Օրբելու կենսագրությանը, գիտեի նաեւ այն մասին, որ նա ուսումնասիրել է Մոկսի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, բայց որ կազմել է «Քուրդ-ռուսերեն բառարան», ոչ մի տեղ չի նշվում:

Սրանից բացի ուշագրավ մեկ ուրիշ փաստ էլ կա: Բառարանի առաջաբանում պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանը գրում է. «…ըստ երեւույթի արձանագրության մեջ թույլ է տրվել սխալ՝ «Քուրդ-ռուսերեն բառարանի» փոխարեն պետք է կարդալ «Մոկսի բարբառի հայ-ռուսերեն բառարան», ինչի համար էլ մատնանշվում է Մոկսի բարբառը»: Ի գիտություն. Հ. Օրբելու արխիվում, մեր տեղեկություններով, «Քուրդ-ռուսերեն բառարանին» վերաբերող «փաթեթներով թերթիկներ» չեն հայտնաբերվել:

Հայաստանի արեւելագետները համոզված են՝ Հ. Օրբելու «Քուրդ-ռուսերեն բառարանի» հրատակարումը համարվում է մեր մեծ հայրենակցի՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահի, որի հիմնադրման 60-ամյակն է 2003թ., ոչ միայն նրա գիտական ժառանգության նոր էջն է հանդիսանում, այլ նաեւեւ ներդրում հայրենական քրդագիտության մեջ, որի հիմնադիրներից մեկն է եղել ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին»:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի… Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ… Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում… Շախմատային անցուդարձ… ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ… Մարզական այլ լուրեր…

Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի

Մայրաքաղաքի ավագանու նիստում միաձայն որոշում է ընդունվել՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել՝ Օլիմպիական չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևեւմատոլոգ Սառա Եսայանին:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի տեղեկացմամբ, կոչումները կհանձնվեն Երեւանի ծննդյան օրը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին:

Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մինչեւ16 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում՝ Մանուէլ Պետրոսյանը: Հայկը առաջին 7 փուլերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Մանուէլ Պետրոսյանը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու կրկնեց ընկերոջ հաջողությունը::

Հայաստանը միակ երկիրն է, որ այս առաջնությունում ունի 2 ոսկե մեդալակիր։

Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեր մյուս մասնակիցը ցույց տվեց 20-րդ արդյունքը՝ 6 միավոր: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում Դավիթ Միրզոյանը 5,5 միավորով գրավեց 44-րդ տեղը: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 7 միավորով ճանաչվեց 9-րդը:

Աղջիկների առաջնությունում առավել հաջող հանդես եկավ Սիրանուշ Ղուկասյանը, ով մինչեւ 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը՝ վաստակելով 6,5 միավոր:

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

Միխայիլ Տալի հուշամրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը մրցեց չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ: Մոտ 6-ամյա պայքարից հետո, 60-րդ քայլին, մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա մեր շախմատիստի 7-րդ ոչ-ոքին էր, միակ հաղթանակը նա տարել է իրեն թերագնահատած հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ:

Մեր շախմատիստը վաստակել է 4,5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի հետ միասին բաժանում է 4-5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին՝ 5,5 միավորով, նրան հաջորդում է Անիշ Գիրին՝ 5:   Continue reading

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է («Էրեբունի-Երեւան-2798»)… Էջմիածինը դարձավ 2701 տարեկան… Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը… Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը…

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է… «ԷրեբունիԵրեւան 2798»… «Երեւան՝ արեւի քաղաք»…

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին որ «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

«Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: «Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր ու հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»,– ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:

Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների եւ այդ օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում ու տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը:    Continue reading