Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

Սկիզբը՝ թիվ 28-ում

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, ՃատրակԱշտարԱստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)…

Մաս երկրորդ՝ Աշտարակ

Աշտարակ քաղաքի անվան ծագման վերաբերյալ հիմնականում կա երկու տեսակետ՝ այն առաջացել է հայերեն աշտարակ պարզ բառից կամ, ինչպես համարում է Գր. Ղափանցյանը, ասորա-բաբելական Իշտար աստվածուհու անունից:

Իսկ Ռեվազ Ջափարիձեն իր գրքում՝ «Չորս օր Հայոսի երկրում», գրում է. «Պետք է ենթադրել, որ այժմյան Աշտարակի տեղում եղել է եկեղեցի-աշտարակ, հեթանոսական աղոթարան, որը կառուցվել է Վիշապի պատվին: Հին հռոմեական քատեզների վրա այժմյան Աշտարակի փոխարեն նշված է «Շտրանգ Ուրեյ» անվանումը, ինչը լատիներեն մոտավորապես նշանակում է «Վիշապ-քաղաք»»:

Կարում ենք՝ ավելի ճիշտ թարգմանություն կունենանք, եթե օգտվենք Արմեն Դավթյանի «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան»-ից, որտեղ շումերերեն UR3 (հայ. հար, հուր) բառը հայերենում նշանակում է հուր, կրակ, իսկ «շտրանգ» բառը աղավաղված աշտարակ բառն է, ինչին դեռ կանդրադառնանք: Ուրեմն՝ Շտրանգ-Ուրեյ հայերեն կնշանակի Կրակի աշտարակ կամ Վիշապի աշտարակ:  

Աշտարակի նշանավոր հուշարձաններից է Քասախի եռակամար քարակերտ կամուրջը՝ կառուցված տաշված ծիրանագույն տուֆից: Կամուրջի դիմացի ժայռը կոչվում է Փոկաբերդ: Բերդաթաղում են գտնվում Ծիրանավոր եւ Սպիտակավոր եկեղեցիները: Ն. Մառի կարծիքով՝ Ծիրանավոր եկեղեցու տեղում նախաքրիստոնեական ժամանակներում եղել է Վիշապի-Աշտարակ-Աժդահակի կա Շտեկի պաշտամունքի մի տաճար, որ հետո քրիստոնեության օրերում վերածվել է հնագույն տիպի բազիլիկի: Տաճարի մոտ հետագայում գոյացել է գյուղ՝ Աշտարակ անվանումով:

Ահա թե ինչպես է Պերճ Պռոշյանը գունագեղ նկարագրում Աշտարակի Քասախ գետը. «Ձորը, որի միջով անսահման հավիտենականությունից հոսում է կատաղի գետակը, նմանում է մի կիսագալար տարածված վիշապ օձի, որի գլուխն ավելի մեծ է, քան թե ամբողջ մարմինը, որի տուտը եւ մարմինը փռված է ընդարձակ դաշտի մեջ, իսկ գլուխը հասցրել է յուր գալարումը մինչեւ մեծանիստ լեռները, որի բերանի ճեղքվածքը, թեեւ համեմատորեն ոչ այնքան լայնարձակ, բայց սուր-սուր ժանիքը՝ ծնոտների երկու կողմից դուրս ցցված, սարսափ են ներշնչում տեսնողին: Ահագնատեսիլ, խորդ ու բորդ քառափներն են գետակ-վիշապի ատամները, կապույտ ու պարզորակ ջուրն է նորա երկայն ու բարակ լեզուն…»:

Ի՜նչ հրաշք բնություն է պարգեւել մեզ Արարիչը՝ Մասիսի լեռը իր բնակերտ արծվով, իսկ Աշտարակը՝ բնակերտ վիշապով… 

Ծիրանավոր եկեղեցին Աշտարակ գյուղի ամենամեծ եկեղեցին է, որտեղ ժամասացություն է կատարվել առավոտյան եւ երեկոյան ժամերին ամբողջ գյուղի համար:

Երվանդ Շահազիզը «Աշտարակի պատմությունը» գրքում գրում է. «Այրերի դեմ, գետի մյուս ափին քարափները ժանիքանման կատարներ ունեն եւ կազմում են բեդապարիսպների շարք: Դա կոչվում է Փոկաբերդ: Որ կոչվում է բերդ, հասկանալի է, բայց որ կոչվում է Փոկաբերդ, անհասկանալի է»:

Որպեսզի հասկանալի լինի, նշենք, որ Աստղիկ-Աշտար դիցուհու ձուկն է համարվել փոկը, որից էլ առաջացել է Փոկաբերդ անվանումը: Կարծում ենք՝ Սպիտակավոր անվանումն էլ առաջացել է Աստղիկ դիցուհու կարեւորագույն խորհրդանիշից՝ սպիտակ քողից, իսկ Կարմրավոր անվանումը՝ կարմիր գույնից՝ կրակի խորհրդանշանից:

Կարմիր եւ սպիտակ գույները բնորոշ են եղել նաեւ միջագետքյան տաճարներին: Օրինակ՝ Ուր քաղաքի Անու աստծո տաճարը, որի արտաքին պատերի վրա նույնիսկ վեց հազար տարի անց պահպանվել են սպիտակ ներկի հետքերը: Կարծիք կա, որ Արեգ աստծո՝ Շամաշի տաճարի հիմքը եղել է սեւ գույնի, հաջորդող հարկերը՝ կարմիր գույնի, իսկ վերեւի տաճարն ունեցել է երկնագույն երեսպատում:

Բաբելոնյան աշտարակի կենտրոնական մասում հայտնաբերվել են վառ կարմրագույն թրծված աղյուսների բեկորներ՝ այսպես կոչված՝ «Հոմերի բլուրները»: Արաբերեն «հոմերա» նշանակում է «կարմիրներ»:

Ինչպես նշում է Էվելին Կլենգել-Բրանդտը «Բաբելոնյան աշտարակ» գրքում, «աղյուսի բազմամյա թալանը ազդել է կառույցի վրա: Այդ թալանի մեղավորներն են ոչ միայն շրջակա գյուղերի բնակիչները, այլ նաեւ թուրքական ղեկավարությունը, որոնց հրահանգով քանդում էին թրծած աղյուսը 4 մետր խորությամբ Ինդիե ամբարտակի կառուցման համար»:

Քոչվոր թուրքն, իհարկե, չի իմացել՝ ինչ արմատ ունի Ինդիե բառը, թե չէ այն վաղուց ջնջված կլիներ աշխարհի երեսից:

Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ սուրբ Հերոնիմոսի քարտեզի վրա նշված Հայոց լեռնաշխարհի տեղանուններին վերաբերող տեքստում ասվում է. «Կովկասյան լեռներից են սկիզբ առնում Փիսոնը (Գանգես), Ինդոսը եւ Տիգրիսը»: Կարծում ենք՝ «ես», «ոս», «իս» վերջավորությունները հունարենի հետեւանք են: Իրականում գետերը կոչվել են Գանգ, Ինդ/Հինդ եւ Տիգր: Ստրաբոնի աշխատությունում Կովկասյան լեռները կոչվում են Հինդուկուշ: Գրքում նշվում է, որ «հերակլյան սյուները» Հնդկաստանի հյուսիսային սահմանն է համարվում, իսկ Հինդ գետը տարածված է մինչեւ Կասպյան դարպասները: Ինչպես տեսնում ենք՝ այժմյան Հնդկաստանը շատ հեռու է Կասպյան դարպասներից եւ հայկական Հինդից եւ Գանգից (Հնդկաստան-Հայաստանի թեման «Լուսանցք»-ը մանրամասն ներկայացրել է):

Անգլիացի հնագետ Ջոն Օբրին՝ Սթոոնհենջի հետազոտողը, իր «Հակիրճ կենսագրություններ» գրքում գրում է. «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան եւ որը նրանք նշում էին Հինդուկուշ լեռների խմբում, սկզբում այն նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք», որովհետեւ իրենց հավատքի համաձայն, նրա գագաթի վրա էր պտտվում յոթ բրամինների կառքը, այսինքն՝ Մեծ Արջի յոթ աստղերը…»:

Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է:

Վերջերս հրատարակվել է Զ. Գալուստ Սոլականի «Ուրարտու ո՛չ առարդա Նաիրի Բիյայնա» գիրքը: Հացի արարման հատվածում հասկ բառը վերծանվել է սոր, ցոր, հաց=SA2/INDA, ինչը կարելի է համարել ծանրակշիռ փաստ, որով հաստատվում է մեր տեսակետը. այն է՝ Հնդկաստան անվանումն առաջացել է հայերեն ունդ, հունդ, ինդ արմատից, որը կրում է նաեւ սերմ (սոր) իմաստը, առանց որի չենք ունենա ոչ ցորեն (ցոր), ոչ հաց, ոչ էլ մեկ այլ հացահատիկ:

Ռուս գիտնական Ն.Ի. Վավիլովը (1887-1943) «Մշակովի բույսերի կենտրոնների տեսություն» աշխատությունում նշում է. «Միայն Հայաստանում մինչեւ այսօր պահպավել է ցորենի ամենահնագույն տեսակը»:

Ցորենին կարելի է ավելացնել նաեւ գարին, խաղողը, խնձորը, ծիրանը, նուռը, որոնք ծագել են Հայկական լեռնաշխարհում:

Հնդկաստանների առեղծվածի մասին շատ ենք գրել «Լուսանցք»-ում, բայց ամեն անգամ ստիպված ենք ցույց տալ տարբերությունը Հին Հնդկաստան-Հայաստանի եւ այժմյան թերակղզի Հնդկաստանի միջեւ: Երբ գրվում է, որ ճատրակը ծագել է Հնդկաստանում, 5-րդ դարում, ապա ոչ մեկի մոտ հարց չի ծագում՝ ո՞ր Հնդկաստանում, որովհետեւ ժամանակակից մարդու համար գոյություն ունի միայն մեկ Հնդկաստան, որ մնացել է Մեծ Հնդկաստանից: Պատճառն այն է, որ Հայոց իրական պատմությունը ծրագրված դուրս է նետվել համաշխարհային պատմությունից եւ վաղուց տաբու է դրված նրա փառահեղ անցյալի վրա:

Ռենե Գենոնը, խոսելով միջնադարի քաղաքակրթության մասին, գրում է. «Միանգամայն անհնարին է հավատալ այն հորինված առասպելին, որտեղ փորձում են միջնադարը ներկայացնել որպես խավարամտության, անգիտության եւ բարբարոսության շրջան: Անկասկած, այն ձեւավորվել է դրսի ազդեցությամբ: Պատմության այս ակնհայտ կեղծարարությունը իրականացվել է նախնական ծրագրված պլանի համաձայն եւ փաթաթվել մեր ժամանակակիցների վզին»:

Այդ կեղծարարությունները շարունակվում են ցայսօր, երբ ամեն մի քոչվոր ցեղ պատմություն է հորինում ստի ու կեղծիքի վրա, որպեսզի ցույց տա, թե «հին ազգ» է:

Աշտարակ անվան վերը նշված բոլոր տարբերակներն էլ ընդունելի են՝ Վիշապ-Աժդահակ-Աշտարակ, Աշտարի ակ՝ աղբյուր, իսկ եթե առաջացել է Լուսաբեր անունից, ապա՝ Լուսաղբյուր, ժամանակի անիվ (ակ):

Շումերերեն, նշանագիր, նոտրագիր եւ այլ գրերը նայել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում: Տեխնիկական պատճառներով՝ նյութը տեղադրելիս կայքի էջերում չեն պահպամվում այդ (ոչ ինտերնետային) գրերը,… – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/29-419.pdf  (4-րդ էջ):

Առաջարկում ենք մեկ տարբերակ եւս՝ Աշտարակ-Աշթառակ: Աշթառակ=Աշ+թառակ, որտեղ թառակ բառը նշանակում է՝ որոշ տարածության վրա այգիների բաժանմունք, որոնք ջրվում են միեւնույն ջրատարով եւ կազմում են մի ամբողջություն ու իրարից բաժանվում են միջանցքով: Այստեղ ամբողջությունը «Աշ»-ն է՝ տասը թիվը՝ … , իսկ միջանցքը մեկ թիվն է՝ I, որի տրոհումից ստացվում է երկու մեկ՝ I – I, ինչը կարելի է համեմատել Աշտարակի ջրբաժան «կավառի» հետ, որտեղ մայր առուն բաժանված է երկու մասի ու հենց այդ տեղում էլ դրված է ձկնակերպ քարը:

Շումերերեն kur (հայ. kori) բառը հայերենում նշանակում է արտը ջրելու համար մեծ առվից բացված երկրորդական եւ նեղ անցք: Ենթադրում ենք, որ «Cuar, cori» բառերը կապ ունեն Կուար-Վիշապ աստվածության հետ:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.