Սկիզբը թիվ 28-29-ում
http://www.hayary.org/wph/?p=5763 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»…
http://www.hayary.org/wph/?p=5750 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…
Մաս երրորդ՝ ճատրակ
Ճատրակի հետ կապված որոշ տեղեկությւոններ կներկայացնենք Վաղարշապատի պատմությունից (ՀՍՀ, 4 ): «Վաղարշապատը, մինչեւ հայ Արշակունյաց հարստության անկումը (428), կատարել է մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դերը»: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր աշտարակավոր պարիսպներ՝ մի քանի դարպասներով (հատկապես նշանավոր էր արեւելյան մեծ դարպասը՝ Արեգի դուռը): Քաղաքը հարավից պաշտպանված էր Քասախի ջրով լցվող եւ Պարկեն-փոկ կոչվող խոր խրամով, հարավ-արեւմուտքից ընդարձակ ճահճով, որը նաեւ կառափարան էր, ուր կատարվում էին մահապատիժներ:
Գրիգոր Լուսավորիչ հորջորջվողը (իրականում ավերիչ է) կործանում է Սանդարամետի մեհյանը եւ տեղում հիմնում (301-303) Կաթողիկե եկեղեցի՝ Մայր տաճար սբ. Էջմիածինը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլ.ՃԲ-ՃԺԳ):
1768-ին վերակառուցվում է վանքի պարիսպը՝ 16 բոլորշի բուրգերով ու դիտանոցներով, կոփածո քարե հիմքով, վերին մասը՝ աղյուսով: Ուղղանկյուն պարիսպները 4 կողմերում ունեցել են կամարակապ 4 մեծ դռներ եւ եւս 6 դռներ՝ տարբեր կողմերում: Բուրգերը տեղավորվել են պարիսպների 4 անկյունագլուխներում եւ տեղ-տեղ բոլոր կողմերում, որոնց շնորհիվ վանքն ստացել է ամրոցի նմանություն:
Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության, Վաղարշապատի տարածքը կոչվել է Կուարլինի (Guarlini), որտեղ Ռուսա Բ-ն ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից (Ադոնց, «Հայաստանի պատմություն»,Ե. 1972):
Իսկ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանից» տեղեկանում ենք, որ Վաղարշապատը եւ նրա շրջակայքը բնակելի են եղել դեռեւս Ք.ծ.ա. 6-3 հազարամյակներից: Նույն էջում կարդում ենք. «Ուշագրավ է վանքի տիբեթերեն արձանագրություն ունեցող զանգը»:
Հետաքրքիր է, ով է այս ապշեցուցիչ տեղեկության հեղինակը կամ տիբեթերենի «գիտակը»: Ախր ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին: Այս հարցին հետագայում մենք անպայման կանդրադառնանք:
Ենթադրում ենք, որ Աշտարակը հնում Վաղարշապատի տարածքի մեջ է մտել, որ կոչվել է Կուարլինի: Նույնիսկ նմանություն է նկատվում որոշ անվանումների միջեւ: Օրինակ՝ Աշտարակի դիմացի ժայռը կոչվել է Փոկաբերդ, իսկ Վաղարշապատի Քասախի ջրերով լցվող խրամը՝ Պարկեն-փոկ, Աշտարակի ջրբաժան Կավառը, որ աղերսվում է Կուառ-Վիշապ աստվածության հետ, Կուարլինի անվան հետ:
Երբ Ե. Շահազիզը իր գրքում խոսում է զվարճախոս ու սրամիտ աշտարակցիների մասին եւ հիշատակում Բաբելենց Մադոյին, միանգամից հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանից չի տարվել Բաբել անունը Միջագետք, որտեղից էլ կարող էին առաջանալ Բաբելոն քաղաքի եւ Բաբելոնյան աշտարակի անվանումները: Իսկ այս հարցի պատասխաններն ունենալու համար անհրաժեշտ է իմանալ Վաղարշապատի Սանդարամետի եւ Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու հիմքերի տարիքը, որոնց վրա կառուցել են քրիստոնեական եկեղեցիներ: Ավաղ, այդպիսի տվյալներ չունենք, որպեսզի համեմատենք Բաբելոնի աշտարակի տարիքի հետ: Միայն ելնելով Վաղարշապատի տարիքից (6-3 հզ., Ք.ծ.ա.)՝ կարող ենք ենթադրել, որ Բաբել անունը Հայաստանից է տարվել Միջագետք:
Վաղարշապատի վանքը իր կառուցվածքով հիշեցնում է ոչ միայն ամրոց, այլ՝ տաճար-ճատրակ իր խաղատախտակով (քառանկյուն՝ վանքի հիմքը), խաղաքարերով (16 բոլորշի բուրգեր), 4 դռներ (աշխարհի 4 կողմեր), 6 դռներ (աշխարհարարման 6 օր), դռների ընդհանուր թիվը (6+4=10, x2=10×10=100), արեւելյան Արեգ-Ուտու (UTU) աստծո դուռ (8 թիվը), հարավային դուռ (Սանդարամետ, մահ), ութ զինվոր (ութ տառ, ութ աստղեր):
Հովսեփ Օրբելու «Շատրանգ – գիրք շախմատի մասին» գիրքը թարգմանություն է պարսկերենից ու պահլավերենից: Ճատրակի պատմության վաղ աղբյուրն է եղել «Գիրք ճատրակի մասին» ձեռագիրը, որի անվանումը պահպանվել է երկու ձեւով՝ «Մատիկանի-չատրանգ» եւ «Չատրանգ-նամակ»:
Համառոտ շարադրենք գրքի բովանդակությունը, որպեսզի կարողանանք վերլուծություն կատարել:
Պարսիկ թագավոր Խոսրով Անուշիրվանի ժամանակ հնդիկների մեծ արքա Դեւսարմը պարսիկների գիտելիքները եւ իմաստությունը ստուգելու նպատակով, ինչպես նաեւ հանուն սեփական շահի, ուղարկում է ճատրակ խաղը Պարսկաստան՝ խաղատախտակով, 16 հատ զմրուխտե եւ 16 հատ կարմիր քարերով: Պարսկաստանի գիտուն Բոզորգմիհր Բախտակը բացահայտում է ճատրակի էությունը, իսկ որոշ ժամանակ անց ստեղծում նարդի խաղը եւ անվանում Արտաշիրի անունով՝ «նեւարդաշիր»: Այնուհետեւ Բոզորգմիհրը իր հետ Հնդկաստան է տանում նարդին, որպեսզի ստուգի հնդիկների գիտելիքները: Դեւսարմի իմաստունները չեն կարողանում բացահայտել նարդու էությունը:
Մի խոսքով, հեքիաթ-պատմություն, որում միշտ հաղթում են պարսիկները:
Օրբելու գրքի ամենահետաքրքիր մասն է կազմում պատմվածքը Գավի եւ Թալհանդի մասին ու ճատրակ խաղի ստեղծումը Թալհանդի մոր համար: Պատմվածքում խոսվում է Հնդկաստանում ապրող երկու արքայազների՝ Գավի եւ Թալհանդի՝ արյունակից եղբայրների մասին, որոնցից յուրաքանչյուրը ձգտել է տիրանալ գահին: Թագուհին հավասարապես սիրել է երկուսին էլ՝ չիմանալով՝ ում տալ նախապատվությունը: Գավի բազմաթիվ փորձերը՝ խաղաղ ճանապարհով լուծելու հարցը, արդյունք չեն տալիս, եւ սկսվում է պատերազմ եղբայրների միջեւ: Մարտի ժամանակ Թալհանդը պարտություն է կրում: Շուրջը տեսնելով ծով արյուն, տանջվելով տոթից, ծարավից ու քաղցից, կորցնում է գիտակցությունը եւ մահանում: Մարտի ավարտից հետո Գավը գտնում է եղբորը եւ համոզվում, որ նրա մարմնի վրա չկա ոչ մի վերք: Թագուհին, իմանալով որդու մահվան մասին, մեղադրում է Գավին եղբոր մահվան մեջ: Գավը փորձում է համոզել մորը, որ եղբոր վրա ձեռք չի բարձրացրել, բայց մայրը չի հավատում: Մայրը պահանջում է, որպեսզի իրեն ցույց տան, թե ինչպես է դա եղել, որ Թալհանդը մահացել է առանց վերքի՝ փղի վրա նստած:
Ներկայացնում ենք «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամեից» (հետո պարզ կդառնա, թե այն ինչու ենք ուշագրավ համարել), որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին Թալհանդի մոր համար:
* * *
Արքա գավից սուրհանդակներ ուղարկվեցին ամենուր՝
Քաղաքները, ուր ապրում էին այրեր բազում իմաստուն:
Գավ արքայի ապարանքը ներկայացան մեկ առ մեկ,
Մոգերը, որ քաղաքներից եկել էին հոգնաբեկ…
Գիտուն մարդկանց ներկայացավ արքա Գավը աներեր,
Հինդուստանը գիտեր նրանց, որպես խելոք, քաջ այրեր:
Ծեր մոգպետը պատերազմի դաշտը գծեց, թե քանի
Զորաբանակ, առաջնորդներ պիտի գնան պայքարի:
Այնուհետեւ նա ցույց տվեց խանդակը եւ ծովը խոր,
Ամեն մեկը մի հայտնություան խորհուրդ ուներ, մի նոր խոսք:
Արքունիքում երբ որ հնչեց թմբուկների համազարկ,
Մոգերը այն պահանջեցին էբենոսե մի տախտակ:
Եվ տախտակի վրա նրանք պատկերեցին մարտի դաշտ,
Իրար հանդեպ երկու բանակ՝ քինախնդիր ու անհաշտ:
Այդ տախտակը բաժանեցին հարյուրանկյուն վանդակի:
Որ շահերը առաջնորդեն իրենց ընտիր բանակին:
Փղոսկրից եւ սեւ տեկից պատրաստեցին փառապանծ
Երկու արքա՝ իրենց խելքով ու բանակով գերազանց:
Ապա նայիր՛, հեծելազոր եւ հետեւակ երկու զորք
Ընթանում են դեմ հանդիման, մահվան հանդեպ միշտ անհոգ:
Եվ՛ ձիերը, եւ՛ փղերը, խորհդատուն արքայի՝
Զույգ բանակներն արքաներով արդեն պատրաստ են մարտի:
Կռվի դաշտում կանգնած շահը՝ իր թիկնապահ զորքի հետ,
Իսկ նրա մոտ խորհրդատուն՝ գիտուններից խորագետ:
Տիրակալից այս ու այն կողմ փղերի գունդն է կանգնած,
Հողն է եռում ոտքերի տակ՝ Նեղոսի պես վարարած:
Տե՛ս, փղերի հետեւում շարքով ուղտերն են կանգնած
Ամեն մեկին թամբել է մի դյուցազուն կռվազան:
Ապա ճապուկ ձիեր հեծած եկու հսկա անվանի
Դեպի կռվի դաշտն է նետվում, թեկուզ կյանքը վտանգի:
Երկու ռոխ մարտական թառել է ծայրին տախտակի,
Թռչունների կտուցին վառվռում է արյունը լյարդի:
Իսկ առջեւից ու հետեւից հետիոտն է հաղթազեն,
Պատրաստ, երբ որ հրամայեն, պատերազմի մեջ նետվեն:
Ով որ կռվի դաշտը անցնի, նա կլինի փառավոր,
Ինչպես շահի խորհրդատուն մեծարվում է ամեն օր:
Խորհրդատուն կռվի պահին միշտ շահին մոտ է լինում,
Մի վանդակով է միայն նա շահից առաջ ընթանում:
Փղեը մարտական երեք վանդակով առաջ են գնում,
Մարտի դաշտը նրան ուղիղ երկու մղոնից է երեւում:…
Իսկ ուղտերը ընթանում են երեք վանդակ համաչափ,
Միշտ առաջ են վազում նրանք ու հարուցում են խուճապ:
Ձիերը նույնպես երեք վանդակով գնում են առաջ,
Սակայն երրորդ վանդակի մեջ թեքվում են ձախ կամ թե աջ:
Բայց ռոխ թռչնին հետամտել ոչ ոք բնավ չի կարող,
Նրանց տրված է թռչկոտել ամբողջ դաշտում, ամեն կողմ:
Ամեն մեկը ունի շարժման հարմարավետ իր ուղին,
Ո՛չ հեռու են գնում, ո՛չ էլ մոտիկ կանգնում ռոխին:
Երբ տեսնում են շահնշահին հանկարծահաս վտանգ կա՝
Միաբերան գոռգոռում են. «Զգուշացի՛ր, ո՛վ արքա…»:
Եվ վանդակից անմիջապես նահանջում է շահ-արքան,
Մինչեւ որ նա չի կորցնում հետադարձի կարճ ճամփան:
Ամեն կողմից պաշտպանում են շահնշահին ոսկեթագ,
Խորհրդատուն, ձին ու փիղը, ռոխ թռչունն ու հետեւակը:
Սակայն ջահել շահը զգաց կործանարար ահեղ հողմ,
Տագնապահար բանակները տարածվել են ամեն կողմ:
Ջուր ու արգելք, խրամատներ, թե ուր կարող է փախչի,
Աջ թե ահյակ, ուր էլ գնա՝ ամենուրեք թշնամի:
Այդպես կռվի օրհասական պահին եղավ շահին՝ մահ,
Քանզի տերը չցանկացավ շահ Թալհանդին տալ նոր գահ:
Նրա մահից հետո Գահը տերը դարձավ մեծ գահի,
Ի հիշատակ եղբոր մահվան՝ սկիզբ դրեց այս խաղին:
Երբ շախմատի սգո խաղին նայեց մայրը վշտաբեկ,
Որդու համար արյուն-արցունք թափեց, ինչպես պղտոր գետ:
Գիշեր-ցերեկ ողբում էր նա, որ մահացավ իր որդին,
Սիրտն ու հոգին ցավերով լի՝ նայում էր նա շախմատին:
Ուշքն ու միտքը այդ խաղին էր՝ հայացքը միտ տախտակին,
Տառապում էր մեծ ցավերով, այնտես տեսնում Թալհանդին:
Կերուխումից հրաժարվեց, մնաց անշարժ, մեկուսի,
Մինչեւ մահը եկավ, որ նա վերջին խոսքը իր ասի:
Շարունակելի
Գոհար Պալյան
«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



