Հայ արիները (ՀԱՄ) եւ համախմբված հեթանոս ազգայնականները (ՀԱՀ) Զատիկը սկսում են նշել ապրիլի 3-ից եւ այն ամփոփում են ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը (Բնության գունաբաժանման առաջին իսկ օրերից)․․․․․․

Տոն է՝ Մայր Բնության գունաբաժանման-գունազատման-գունագեղության / Բնազատում է – Զատիկ Ծաղկունքի եւ Մայր Հողի գարնանային Վերազարթնումի` ձմեռային նիրհից…

Գարնան այս օրերին Բնությունը զատում է իր գույները, եւ գարունը վառվռուն ու բազմազան երանգներով ազդարարում է զարթոնքի՝ բնության վերազարթոնքի մասին: Բնական կյանքը վերակենդանանում է ձմեռվա հարաբերական անկենդան (խորը քնի, հարաբերական մահվան) վիճակից: Նորից ծլում-ծաղկումն է դառնում բնության առօրյան, եւ այս զատման-Զատիկի հովանավորը Աստվածամայր Անահիտն է: Հայ արիները Զատիկը նշում են նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն…

Մայր Անահիտը բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրության Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները Հայոց Աստվածամորը դիմում են՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ, ազգը հայոց բազմացնելու եւ զորացնելու սրբազան պատասխանատվությամբ:

Եվ՝

Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, 

Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, 

Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին»…  

Եվ՝

Թո՛ղ հայ արական ակունքը դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, հայի գոյության եւ առաքելության հաղթանակի, Հայքի ամբողջականացման ու հզորացման…

Թո՛ղ Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի:

․․․«Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը: Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների: Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ դառնա ու լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո եւ նվիրումի մարմնացումը, հանուն եւ վասն հայ օջախների շենացման, հայի առաքելության հաղթանակի ու Հայաստանի ամբողջականացման եւ զորեղացման…

* * *

Ամենապարզ բացատրությամբ՝ տոնը Զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առիթով: Որոշ վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն եւ համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր–ցերեկն իրարից զատելու իմաստով: Ու հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դարձել է շարժական եւ տոնվում է Վահագնի ծնունդից հետո՝ առաջին լիալուսնին հաջորդող օրը: Այդ ժամանակ, ըստ ավանդության՝ արի հայերը հաղթում են ստորերկրյա չար աստծուն եւ փրկում են Հազարան հավքին, որն այդուհետ բույն շինելով Արարատի լեռներին՝ բազմագույն ձվեր է ածում՝ մարդկանց պարգեւելով հույս ու ուրախություն: Եվ այդ բազմագույն ձվերով էլ ձվախաղ են անում մեծերն ու երեխաները…

Մեկ այլ մեկնությամբ էլ Զատիկը՝ ըզ-հատիկը կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում: Եվ հենց այդ օրերին են հստակ զատվում բնության բազմահազար գույները:

Հիմնական մեկնությունից սա ըստ էության քիչ է տարբերվում եւ մեր մյուս ավանդազրույցներում ու այսօր էլ՝ արի հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը՝ ավելի զորանալով Վահագի վիշապաքաղությամբ ու Մայր Անահիտի պտղաբերությամբ:

* * *

* Առհասարակ, հայ արիները Զատկին դեռ Տրնդեզից են պատրաստվում ․․․

Հիշեցնեմ, որ Հայոց Տրնդեզը արիադավան հայերին հավաքեց Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ. հայերը ամենուր վառեցին տրնդեզյան ծիսական կրակները՝ ավարտին հասցնելով ձմռան հալոցքների վերջին տվայտանքները: Մարտի 1-ին հայ արիները նշեցին Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնը, երբ Հայր Արան, որպես տիեզերական զորավոր Աստված, իր առաքելության եւ աստվածային գործառույթների շրջանակում հավաստում է գարնան գալուստը: Նա արորդի հայերին բնության վերազարթոնքին է նախապատրաստում եւ ապահովում բնական անցումների հաջորդականությունը: Եվ մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը արիադավան-հեթանոս հայորդիները տոնում են բնական տարեփոխությունը՝ Հայոց Ամանորը, անցնելով կյանքի նոր փուլ: Այդ բնական ընթացքը ապահովում է արդեն Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Նա մարտի է բռնվում Վիշապի հետ եւ հերթական անգամ հաղթանակելով հնազանդեցնում՝ իրեն է ենթարկեցնում զորավոր Վիշապին, ինչի համար նրան Վիշապաքաղ Վահագն են ասում նաեւ: Իզուր չէ, որ մարտի վերջին տաք եւ սառը բնական հոսանքները խաչվում են մի վերջին անգամ (եւ մարտը համարվում է գիժ ամիս՝ գիժ մարտ, ինչը կարծես համահունչ է Վահագնի ու Վիշապի մենամարտի բովանդակությանը), եւ այն դադարում է, երբ Վահանգը գետնում է Վիշապին: Եվ արի հայերը այս օրը՝ Ամանորի հետ տոնում են նաեւ Վահագնի Երկրային Վերածնունդը…

(Զատիկը հիմնականում տոնվել է ապրիլին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է առաջացել: Քրիստոնեությունից հին են նաեւ Տրնդեզը, Վարդավառը եւ մյուս ավանդական տոները, որոնք քրիստոնեացումից հետո այդպես էլ մնացին միայն եկեղեցական տոներ: Իսկ հայությունը դրանք նշում է ավանդական ազգային ձեւով՝ Տրնդեզի կրակի վրայից թռչելով, Վարդավառի ջրոցիով, Զատիկի գունավոր ձվերի ձվախաղով եւ այլն):

Փա՛ռք Բնության Զարթոնքին ու Գունագեղացմանը․․․

Փա՛ռք Հայ Աստվածներին․․․

Փա՛ռք Տիեզերքին եւ Ամենայնի Արարին՝ Արարչին․․․

* Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,

Տե՜Ր ամենայնի, Տե՜ր շա՛տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՛ն բանի,

Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ

ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ՝ ունայնն են պաշտում,

Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ…

Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՛ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ

Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի՜ր

ՏԵ՜Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

,,Արարչականչ,, եւ ,,Աստվածականչ,, – (կարդալ ավելին) –  http://www.hayary.org/wph/?p=3112

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.