Հայ ազգայնականության միասնության տեսլականը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Ժամանակն առաջ տալ է պետք ու սկսել է պետք այդ ԺԱՄԱՆԱԿ-ը…

Հայկական ազգայնականությունը լուրջ խնդիր ունի միավորվելու, քանզի որպես ինքնապաշտպանական (ըստ անհրաժեշտության՝ նաեւ հարձակողական) գաղափարախոսության կրող քաղաքական (նաեւ հանրային) ուժ, պիտի կարողանա համահայկական լինել՝ համազգային շահերի, իրավունքների ու նպատակների պաշտպանության համար:

Բազմիցս խոսվել է ազգայնականության ինքնահաստատման եւ այդ բնադիր եւ ազգակենտրոն (նաեւ հայրենակենտրոն) ուժի իրական ու սին (նաեւ արհեստական) դրեւորումների մասին՝ ներկայացնելով ԱԶԳ-ի բնորոշիչները եւ դրանցով գաղափարավորվելու ու գործելու կարեւորությունը:

Սա պարբերաբար նշվում է, քանի որ այն մեզ համար մնում է հենակետային՝ ինչպես բոլոր նախաձեռնությունների, այնպես էլ խնդրո շուրջ ասված տեսակետների համար («Հայկական ազգայնականության հոգեւոր-քաղաքական բնականությունը», «Լուսանցք», թիվ 37 (300), էջ՝ 4-5): http://www.hayary.org/wph/?p=3590 

Այսօր հայ ազգայնականության տարանջատման խնդիրը ոչ միայն հոգեւոր տարաձայնություններն են: Թերեւս ցեղակրոն ուսմունքին քիչ թե շատ ծանոթ հայերը կարողանում են համադրություններ գտնել հեթանոսության եւ քրիստոնեության հակասությունների հորձանուտում: Իսկ հայ արիական գաղափարաբանությանը մոտ հայորդիների համար ավելի դյուրին է ՀԱՅ հասկացությամբ առաջնորդվող յուրաքանչյուրի հետ համագործակցելը: Եվ ավելի մեծ անդունդ է գոյացել ազգայնական հայերի միջեւ մի շարք այլ պատճառներով պայմանավորված:

1. Նախկինում էլ նշել ենք, որ միավորման կամ համատեղ աշխատելու խնդիրը հաստատակամորեն, նաեւ պետականորեն ու հետեւողականորեն (խոսքը չխանգարելու եւ չմիջամտելու մասին է) դեռեւս չի հաջողվում առաջադրել: Փորձեր ու բանակցություններ, իհարկե, լինում են եւ կշարունակվեն, սակայն դրանք կամավոր (հիմնականում միակողմանի) դրսեւորումների արդյունք են, որոնց օգտակարությունը քիչ է, պարբերականությունն էլ՝ անկարգ: Եվ այսօրինակ ընթացքը շատ է հեռու ցանկալիից, քանի որ անգամ առկա փոքր հաջողությունները եւ առաջընթացը հետաճ են ունենում՝ երկարատեւ ընդմիջումներից հետո: Արդյունքը զրոյանում է:

2. Ազգայնականների (փնտրող անհատների մասին է խոսքը) մի զգալի մասն արդեն համագործակցում է այս կամ այն քաղաքական խմբավորման հետ եւ իր խնդիրները փորձում է կարգավորել տվյալ պահի ազդեցիկ որեւէ ուժի միջոցով: Սա ամենավտանգավորներից է, քանզի հայ ազգայնականը այլ, հատկապես միջազգային (որը հիմնականում լինում է ապազգային) գաղափարախոսության կրող կառույցի հետ (առավել եւս՝ մեջ) հետզհետե «ոչնչանում» է կամ՝ վարկաբեկվում:

Այլ խնդիր է, երբ ազգայնական ճանապարհ անցած կազմակերպությունն է զուտ քաղաքական համագործակցության քայլ անում այդօրինակ ուժերի հետ, ինչը չի կարող համեմատվել ազգայնական անհատի ստիպված (անգամ՝ մտածված) գործունեությանը:

3. Ազգայնականությամբ առանձնապես ոգեւորված չեն համաշխարհային «ժողովրդավար տիրակալներ­ը», «գաղտնի ու մութ ուժեր­ը», եւ հայ ազգայնականներից շատերը, ինչպես անհատներ, այնպես էլ որոշակի խմբեր, պարզապես նախընտրում են գործել ընդհատակում, ոչ բացահայտ: Բայց այսօրինակ գործելաոճը չի կարող ազգայնական քաղաքականության առաջընթաց ապահովել, քանի որ ներփակ է ու աճելու հեռանկարից զուրկ: Ինքնամփոփ ազգայնականությունը միտում ունի նաեւ ազգայնամոլության վերածվելու: Ինչպես համա-արիադավանությունը (արիական ազգային հավատները) վերածվեց հեթանոսական կռապաշտության, երբ մասնատվեց ու նեղացվեց ընդհանուր մտածողության շրջանակը, այդպես էլ ներփակ ազգայնական կառույցներն են բռնում կռապաշտական ազգայնամոլության ուղին:

4. Հայկական ազգայնական ուժերը դեռեւս ուսումնասիրում են միմյանց, քանի որ վերոնշյալ հետեւանքների պատճառները չեն ըմբռնել, եւ գաղափարախոսական ճշգրտումների ու մարտավարական ընդհանրացումների գործընթացի որոշակի փուլում են մնացել: Սկսվել է ինչ-որ բան, բայց չի շարունակվում ավարտական տեսքի գալու համար:

Ուրեմն՝ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի արագացվի եւ ավարտուն վերջաբան արձանագրի այս ամենը, ազգայնական միասնական քաղաքական հատվածի ձեւավորումը իրականություն դառնա: Սա եւս փուլային է լինելու, բայց արդեն կկրի գործնական բնույթ: Այդ ընթացքում հայ ազգայնականներն իրենց համատեղ գործունեությամբ հստակություն կմտցնեն ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ) ճանաչողության առումով: Անգամ ցեղապաշտության  ու ցեղամոլության (ռասիզմ) տարբերությունները կերեւակվեն:

Եվ ազգայնականները կազատվեն կեղծ եւ անհիմն, միտումնավոր (վարկաբեկող) գործածվող բազմապիսի պիտակներից: Իսկ դա ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում արգելափակումներից կազատի ազգայնականներին՝ ավելի մեծ ճակատով գործելու եւ առավել օգտակար լինելու հնարավորություններ ընձեռելով: Իսկ ինչպես նշել ենք, ազգայնականությունը ազգի ինքնապաշտպանական թաղանթն է, եւ այս ուժի զորացումը միայն ազգօգուտ կլինի: Նման քաղաքական ուժի առկայությամբ պետությունը եւս ազգային որակներ կորդեգրի՝ դառնալով կառուցվածքով ու օրենքներով ազգային պետություն, որի ներսում չի կարող այլեւս գերակա լինել միջազգային կարգն ու օրենքը:

Շատ կարեւոր է նաեւ միասնական գաղափարաբանության խնդիրը, որը պիտի հենվի հայի ազգային ինքնությանը: Այստեղ էլ խանգարիչ բաներ կան՝ 1. Հազարարամյակների գրավոր պատմության եւ հոգեւոր-մշակութային հուշարձանների ոչնչացումը: 2. Արժեքային համակարգի աղճատումը: 3. Ազգային պետականության երկարամյա կորուստը: 4. Հայի առաքելության չգիտակցումը եւն:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

Համաշխարհային համապարփակեցման գործընթացներին եւ քաղաքական ու ռազմական ներխուժումներին դիմակայելու, միջազգային ամենատարբեր կազմակերպություններում հայ ազգի շահերն ու Հայաստանի քաղաքական վարկը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ձեւավորել ոչ միայն Երկրային (բնական ու միացյալ) Հայաստան, այլեւ՝ զուգահեռ կերտել Հոգեւոր Հայաստան (հայահոգի հայրենիք):

Միայն այս դեպքում է հնարավոր որպես մեկ ամբողջություն առաջնորդվել ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով՝ ազգի ու հայրենիքի միասնությունը, անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հաստատակամությամբ: Սրանով սկզբունքորեն պետք է շահագրգռված լինեն եւ՛ Հայաստանի իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ սփյուռքահայությունը, մի խոսքով համայն հայությունը: Սա՛ պիտի լինի համահայկական շահերից բխող մեր ռազմավարությունը…

Ազգայնական ուժերը, որոնք առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների ու միասնական հոգեւոր-հավատամքային, գաղափարախոսական սկզբունքների պահպանմանը, պիտի նախաձեռնեն այս հույժ կարեւոր ու վերանորոգչական, ազգապահպան գործը: Ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (խոր արմատներ ունենալով ԱԶԳ-ում) ազնիվ քաղաքականությամբ առաջնորդվելու եւ շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար:

Իհարկե, ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարվի հասարակության մեջ սպրդած ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպեսեւ հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալու հանգամանքը, վերականգնվի մեր խեղաթյուրված ազգային-բարոյական  նկարագիրն ու արժանապատվությունը… Բայց ժամանակն առաջ տալ է պետք ու սկսել է պետք այդ ԺԱՄԱՆԱԿ-ը…

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։