Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…

Լարված վիճակը Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու առումով դեռ մնում է: Չնայած արդեն ոչ միայն հեթանոսները, հայ մշակույթի պաշտպանները եւ Գառնիի բնակչությունը, այլեւ մտավորականներն են ավելի բացահայտ խոսում դրա անթույլատրելիության մասին:

http://www.hayary.org/wph/?p=3802 – Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…

http://www.panarmenian.net/arm/news/176636/ – Հանրությունը նորից հաղթեց՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (Սրճարանի կառուցման հարցով նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության  առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր» – «…մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»)…

Անցյալ ամսվա վերջին Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը 200-300 համագյուղացիների հետ բանվորներին թույլ չտվեցին սկսել մշակույթի նախարարության կողմից Գառնու տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը: «Որպես Գառնեցի դեմ եմ սրճարանի կառուցմանը: Եթե  ուզում են, տաճարի պարիսպներից դուրս տարածք կտամ, ինչքան ուզում են՝ թող սրճարան կառուցեն, զբոսաշրջիկներին ընդունեն, ճանապարհեն»,- ասել է գյուղապետը: Նրա խոսքով՝ դեռ աշնանն են սրճարանի հիմքը գցել, ինքն էլ խնդրել է, որ չշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ չլինի հնագիտական եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ, եւ որ տաճարի տարածքում կառուցվի ոչ թե սրճարան, այլ թանգարան:

Իսկ գարնանն արդեն սկսեցին հիմքի վրա քարերը կոտրել, տեղափոխել, շինանյութը բերել ու կառուցել, ուստի գառնեցիները երկրորդ անգամ են արգելում, դիմել են ոստիկանություն, որոնք խոստանում, բայց ուշ են ներկայանում: Գյուղացիների խոսքով՝ շինարարական աշխատանքներ իրականացնողները դուրս են բերել քարեր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, եւ դրանով պատ են շարում: «Եթե սրճարան կառուցելու գումար կա, ավելի լավ է դա օգտագործեն բաղնիքի սալիկները վերանորոգելու համար, ոչ թե 21-րդ դարի սրճարան կառուցեն ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող տաճարի շրջակայքում»,- դժգոհել է գյուղապետը:

Իսկ հայ արիադավան-հեթանոսները քանիցս նշել են, որ սրճարանի կառուցումը սրբապղծություն է, իրենք այնտեղ հոգեւոր ծեսեր են կատարում, տոնակատարություններ կազմակերպում, ինչին վստահաբար խանգարելու է այդ սրճարանի աղմուկն ու այնտեղ միացրած անմակարդակ կամ ոչ հայկական երաժշտությունը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն անգամ սպառնացել է, թե մի նոր 301 թվի են մղում, բայց այս անգամ հայ արիներն են դա կազմակերպելու… Նաեւ առաջարկել է սրճարանաշինությունը, որպես զբոսաշրջության «սկզբնաղբյուր», սկսել Էջմիածնի գլխավոր եկեղեցուց, քանզի այսօր ամենաշատ զբոսաշրջիկներ թերեւս այնտեղ են լինում:

Օրերս կառուցման դեմ հանդես եկան նաեւ մի խումբ ակտիվիստներ, որոնց միացան նաեւ արադավաններն ու գյուղացիները: Նրանք հայտարարեցին, որ պայքարելու են, թույլ չեն տալու այդ շինարարությունը: Երիտասարդները շինարարության համար բերված ավազը, քարերը լցրել են տոպրակները եւ հետ բերել Երեւան՝ դրել մշակույթի նախարարության դռների մոտ:

Իհարկե, խանգարելու փորձեր եղան, Կոտայքի ոստիկանության բաժնի Գառնիի բաժանմունքի պետի տեղակալ Գեւորգ Համբարձումյանը թույլ չի տվել, որ մարդկանց տեղափոխած ավտոբուսը շարժվի, վարորդին վախեցրել են, որ չվարի մեքենան ու չտեղափոխի պարկերը: Ի պաշտպանություն Գառնո տաճարի եւ ցույցի մասնակիցների, ակտիվ էր նաեւ համացանցը, օգտատերերը ահազանգում էին, որ «Գառնիի տարածքում սկսել են գաղտնի շինարարություն իրականացնել, վերսկսել են սրճարան կառուցելու աշխատանքները: Տարածքում իսկական աղբավայր է գոյացել, քանդել են 33 մետր երկարությամբ…»:

Իսկ շինարարական աղբը, միեւնույնն է, «ուղեւորվեց» մշակույթի նախարարություն: Ակտիվիստները այն «հանձնեցին» նախարար Հասմիկ Պողոսյանին: Բողոքի այս ցույցին մասնակցեցին մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ, սակայն նկատելի է, որ հարցի լարման դեպքում այդ թիվը հարյուրների կհասնի: Պարկերը տեղափոխելով նաեւ զգուշացում հնչեց, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկվեն: Այս գործողությունից հետո մասնակիցներից երկուսին՝ Եղիա Ներսեսյանին եւ Գեւորգ Սաֆարյանին «հրավիրեցին» Կենտրոնի ոստիկանության բաժին՝ նախարարության շենքի տարածքը աղտոտելու համար, սակայն մեկ ու կես ժամ անց ազատ արձակեցին:

Նախարարության «ստամոքսային» մտածելակերպը զայրացրել է նաեւ պատմաբաններին, գիտնականներին ու մտավորականներին: «Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է։ Ամեն ինչ անում է փչացնելու ու պղծելու մեր մշակույթը»,- բողոքում են նրանք: Իսկ «Նախնյաց հետքերով» մշակութային հ/կ անդամ Արման Մխիթարյանը նշել է, թե սրճարանի կառուցումը հասարակ ընչաքաղցություն չէ, սա համատարած գործընթաց է, պատմության ոչնչացման խնդիր է դրված։ Գիտակցված է սա արվում, թե՝ ոչ, արդեն երկրորդական է. «Սրճարանի կառուցումը անհնար կդարձնի մշակութային շերտերի նոր ուսումնասիրումը»:

Մարդկանց ծիծաղելի է թվում նախարարության այն պատճառաբանումը, թե տարածքի պահպանման համար գումարները չեն բավարարում, եւ ասում են, թե այնտեղ նստարաններ ու ծածկ է դրվելու, որտեղ սուրճ, հյութ ու ջուր են վաճառելու։ Մի՞թե սուրճ ու ջուր վաճառելով հնարավոր կլինի իրենց նպատակն իրագործել, թե՞ անձնական նպատակներ կան իրագործելու: «Գառնին շատ թշնամու է հաղթել՝ թուրք, մոնղոլ… կհաղթի նաեւ այսօրինակ նախարարությանը»,- վստահ են բողոքի մասնակիցները:

Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանի կարծիքով՝ սրճարանի կառուցումը «վանդալիզմ է, պղծում են, ոչ միայն տաճարը, այլ ամբողջ տարածքը, սակայն մենք դա թույլ չենք տա, որովհետեւ մենք ենք տերը մեր հողի, իսկ որկրամոլներն իրենց փորը կշտացնելու համար թող պարսպից դուրս կառուցեն սրճարանը»: Այսպես են մտածում բազմաթիվ գառնեցիներ:

Միջազգային ասպարեզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում հայկական մշակութային արժեքները տանուլ տվող այս նախարարությունը (հայկական խոհանոցը՝ հարիսա, տոլմա, կոլոլակ եւ այլն համարել են թուրքական կամ ադրբեջանական, գինին եւ կարասը՝ վրացական, լավաշը՝ իրանական…) հանկարծ Հայաստանի ներսում է «բարեգործ» դարձել: Եվ սրճարանի կառուցումը որեւէ իմաստով հավատ չի ներշնչում, քանի որ հակամշակութային ու հակահավատքային լինելուց բացի, նաեւ հայկական արժեքները դրսում օտարին զիջող նախարարությունից լավ բան չի սպասվում:

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը վրդովվել է. «Թող հեքիաթներ չպատմեն Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու մասին«, նախարարությունը անգամ պատրաստ է վտանգել «Մագելի քարանձավի կենսաբազմազանությունը՝ զբոսաշրջության նպատակով օգտագործման  ծրագիրը իրականացնելով»: «Չի կարելի սնունդ մատակարարել հոգեւոր սնունդ ստանալու հաշվին: Դա նշանակում է, որ մենք սխալ ենք դաստիարակում մեր սերունդներին: Նրանք կհասկանան, թե Գառնի պետք է գնալ մի բաժակ ըմպելիք խմելու համար՚,- ասել է Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը: Իր ասուլիսում տեղեկացրեց, որ մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցեն: Գառնու գյուղապետին կանչել են մարզպետարան եւ հայտնել, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք իրավունք չունի Գառնիի տարածքում սրճարան կառուցել: Պատասխանը Գառնու գյուղապետին գոհացրել է, այդ իսկ պատճառով նա չի ներկայացել ասուլիսին, բայց եթե շինարարությունը շարունակվի, գյուղապետը նորից կմիանա պայքարին ու բացի այդ՝ ոտքի կհանեն նաեւ ուսանողությանը»: Մի խոսքով՝ մարզպետարանից գյուղապետին հավաստիացրել են, որ մարզի մակարդակով կպայքարեն սրճարանի կառուցման դեմ:

Իսկ ցույցից հետո 5 օրով դադարեցրած աշխատանքները կարող են ամեն պահի սկսվել, ուստի այս համընդհանուր ընդդիմությունը հույս է տալիս, որ այդ 5 օրը կերկարացնեն՝ մինչեւ դադարեցնելը: Մշակույթի նախարարությունն անգամ հայտնել է, թե անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում եւս քննարկվել են  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված հարցերը: Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից հայտնել են, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ բոլոր գործընթացները կիրականացվեն Հողային օրենսգրքով եւ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն, եւ պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթեր կներկայացնի: Փոխվարչապետը անդրադառնալով խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, կարեւորել է պետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցված աշխատանքը՝ առաջարկելով ի հայտ եկող խնդիրները լուծել համատեղ աշխատանքային քննարկումների ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետը, մշակույթի, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, Գառնիի համայնքապետը:

Հնեաբանները այս առիթով հայտնում են, որ Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի, դա կարող է լրջորեն խանգարել հետագա հետազոտական աշխատանքներին, կարող է նաեւ վնասել դեռ չուսումնասիրված շերտեր: ճարտարապետ Գարեգին Եղոյանն էլ նշել է. «Ոչ թե դեմ ենք սրճարան կառուցելուն, այլ՝ դեմ ենք այն կառուցելուն հուշարձանի անմիջական հարեւանությամբ: Որովհետեւ դա կփչացնի, կխաթարի այն միջավայրը, որոնք պատմական շերտեր են այդ հողի մեջ: Դա չի կարելի անել, հուշարձանը որոշակի գոտի ունի, որի մեջ չի կարելի ինչ-որ մի բան անել: Իսկ մի քիչ հեռու, 1 հատ չէ, թող 3 հատ կառուցեն սրճարան: Ուղղակի պատահական կառույցով հուշարձանի կողքը զբոսաշրջություն չես զարգացնի, դա միֆ է»: Նա նշել է, որ զբոսաշրջիկը գալիս է տեսնելու այդ հուշարձանը եւ ծանոթանալու այդ պատմական շերտին մեր լեռնաշխարհում: Գալիս է տեսնելու այդ միջավայրը, ոնց է դա ստեղծվել, ինչպիսին է դրա պատմությունը, ճարտարապետությունը, եւ այս ամենի կողքին չպետք է լինի սրճարան…

Եվ այսքանից հետո նախարար Հասմիկ Պողոսյանի համառությունը մարդկանց մտածելու տեղիք է տալիս, արդյո՞ք զբոսաշրջության զարգացման անվան տակ մշակույթի նախարարությունը ինչ-որ մեկի պատվերն է կատարում:

Այս առումով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ասել է. «Մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել»: Նա նաեւ Հանրային խորհրդի անդամ է, ու կարծում է, թե «նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլ նաեւ լուրջ մտավախություն է առաջացնում եւ դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով»: Հայաստանի գիդերի միությունը Գառնիի տաճարի տարածքում սրճարանի կառուցումը կանխելու պահանջով արդեն դիմել է էկոնոմիկայի եւ մշակույթի նախարարություններին, դիմելու է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Միության նախագահ Լիա Բախշինյանը օրերս նորից խոսել է, որ «եթե չհաջողվի կանխել սրճարանի կառուցումը, ապա պետք է երիտասարդներին, ուսանողներին ոտքի հանել, իսկ եթե սրճարանի կառուցման մասին լուրերը հասնեն ՅՈւՆԵՍԿՕ, ապա վերջինս կդադարի համագործակցել Գառնիի տաճարի հետ»: Նա չի պատկերացնում, որ կարելի է թանգարան մտնել ու կենտրոնական մասում գտնել սրճարան. «Կոլիզեյում եթե տեսնենք սրճարան, ապա կզարմանանք. նույնը Գառնիի տաճարի դեպքում»: Նաեւ շեշտել է, որ այս մասին լուրը տարածվել է այլ երկրների զբոսաշրջիկների շրջանում եւ լուրջ մտավախություն կա, որ ոչ թե զբոսաշրջությունը կզարգանա, այլ կվերանա սրճարանի կառուցմամբ, քանի որ այս դեպքում միջազգային տուրիստական կազմակերպությունները ահազանգել են, թե այցելությունը Գառնո տաճար կհանեն իրենց ցանկից:

Եվ ՊՈԱԿ-ի տնօրենի արդեն հնացած խոսքերը, թե սրճարանի կառուցումը հիմնավորվում է նրանով, որ ստացված եկամտով վերանորոգելու են դեպի տաճար տանող ճանապարհը, արդեն կասկածելի են հնչում: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը կատարելով իր նախարարի հրահանգները, միեւնույնն է, չի ազատվելու պատասխանատվությունից, անգամ կարող է դառնալ քավության նոխազ… Նրա պատճառաբանությունները, թե «բաղնիքի խճանկարը վթարային վիճակում է, այս տարի, 230 թե 250 մլն. դրամ է հատկացված, որը քիչ է» եւ նման այլ փաստարկները այլեւս վստահություն չեն ներշնչում, քանզի Գառնո տաճարին համընդհանուր վնաս հասցնելով չի կարելի մի մասը փրկել: Դա սինաբանություն է եւ լուրջ ընդունվել չի կարող: Իսկ թե ինչու պիտի Գառնիի՝ հազարամյակների քաղաքակրթություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանի կողքին անպայման սուրճ խմել, այդպես էլ անհասկանալի է մնում, երբ զբոսաշրջիկները սիրով նստում են դարավոր քարերի վրա եւ վայելում հնության համն ու հոտը…

ՊՈԱԿ-ի տնօրենի համառությունը եւս զայրացուցիչ է. «Նախարարի հրամանը կա, մեկ է՝ կառուցելու ենք»: Նա հայտնել է, թե «ունեն 2 հնագետի՝ պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի եզրակացությունը, որ տարածքում հնագիտական շերտ չկա»: Իսկ վերջինս տեղեկացրել է, որ ճիշտ այնտեղ, որտեղ ուզում են սրճարան կառուցել, ճանապարհ է եղել ժայռի վրա, որն այժմ ծածկվել է խճաքարի շերտով՝ մոտ 1,5-2 մ բարձրությամբ՝ մշակութային շերտ չկա, բայց սա չի նշանակում, որ այնտեղ պետք է սրճարան կառուցեն: Հուշարձանն ունի պատմամշակութային միջավայր, եւ այս դեպքում առաջանում է դրա աղճատման խնդիր: Ենթադրենք՝ անգամ ճանապարհ չի եղել, ուրեմն պետք է մշակութային արգելոցի վերածված հուշարձանի տարածքում սրճարա՞ն կառուցեն: Ըստ նրա՝ տարածքում պիտի բարեկարգման աշխատանքներ կատարել, դիտակետեր կառուցել, որ դրանք ծառայեն հուշարձանն ավելի լավ ընկալելու համար: Այդ դեպքում լրացուցիչ աշխատանքներ անելն արդարացված կլիներ, բայց՝ ոչ սրճարանի տեսքով: Հնեաբաններն ու պատմաբանները համարում են, որ եթե ինչ-որ բան պետք է կառուցեն, այն պետք է չերեւա ու միջավայրը մաքուր լինի, այսինքն՝ տարածքից դուրս լինի…

Բայց մշակույթի իբր նախարարն ու ՊՈԱԿ-ի իբր տնօրենը այսքանը չեն լսել երեւի:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է, որ Գառնիի արքունական բաղնիքի դիմաց կառուցվի բացօթյա սեզոնային սրճարան. «Ընդհանրապես չի կարելի որեւիցե նման բան անել: Նախ եւ առաջ ամբողջ տարածքն ուսումնասիրված չէ: Բացի դրանից, ինչ-որ մեկը ցանկանում է էնտեղ բիզնես դնել: Անընդունելի է դա»:

Այն դիտարկմանը, թե «ինչ-որ մեկը» մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է, Գալուստ Սահակյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ով է պատվիրատուն. «Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն: Լավ էլ խոտ ա աճում, թող գան ուտեն գնան, բայց ոչ հուշարձանի տարածքում: Կողմնակից եմ, որ նման բաներ չկատարվեն»:

* * *

Վնասելու փոխարեն պետք է հեռուն նայել, Գառնին եղել է ու պետք է լինի Հայաստանի հին ու հնագույն պատմա-մշակութային գլխավոր կենտրոնը: Տեղում թանգարան պետք է կառուցել, ոչ թե սրճարան: Առաջարկներ կան, որ պատկան մարմիները սրճարանի փոխարեն Գառնիում պիտի կանգնեցնեն Հին Արեւելքում հայկական ճարտարապետության եզակի կառույցի՝ Տաճարը մ.թ.ա. 2166թ հիմնադրած Հայոց Գեղամ Նահապետի արձանը: «Ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.: Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրեւ, կոչվել է Գառնի»։ Հայտնաբերվել են նաեւ միջին եւ ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ ու հնագիտական նյութեր, ուրարտական եւ վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն եւ Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջեւ եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան եւ նոր ժամանակների կառույցներով։

Հիշեցնենք որ Գառնո տաճարը կառուցվել է որպես Հայոց արդարադատության Աստված Միհրի պաշտամունքի կենտրոն եւ այս իրողությունը եւս պետք է ամրագրվի Տաճարի համապատկերին: Մի՞թե Հունաստանի, Եգիպտոսի, Պարսկաստանի կամ Հնդկաստանի օրինակները վարակիչ չեն: Մի՞թե դա չի զարգացնի զբոսաշրջությունը եւ հետաքրքրությունը Տաճարի այցելուների մոտ:

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։