Սահմանադրությունը ազգի անձնագիրն է – Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – մաս 1-ին)…

Ինչպես մարդիկ ունեն անձնագրեր, այնպես էլ՝ ազգը: Այսօր ազգ երեւույթը գործնականում արգելափակված է եւ նախապատվությունը տրվել է մի ժողովուրդ զանգվածի, որի ստեղծած Սահմանադրությունն էլ առավելապես այդ ժողովրդի պատկերացրած պետության անձնագիրն է: Մարդն ունի անձնագիր, բայց քանի որ անձնագիրը չի պարզաբանում նրա դեմքն ու ինքնությունը, ժողովրդավար համակարգը պարտադրողները մարդկանց համարակալմամբ նույնականացման փաստաթղթեր են ստեղծում՝ սոցիալական, կենսաչափական, հետո նաեւ՝ այլ քարտերի ներդրմամբ: Նույնն էլ Սահմանադրության դեպքում է: Այն որպես ժողովրդի անձնագիր է դիտարկվում, բայց տարբեր օրենքներն այստեղ կատարում են սոցիալական կամ կենսաչափական քարտերի դերը: Հասկանալի է, որ այս դեպքում՝ խոսքը մարդկային տեսակի, ազգային պատկանելությամբ եւ ինքնությամբ օժտված հավաքականության մասին է, որին փորձում են զրկել իր կերպից ու արժեհամակարգից: Սա իրականացնում են պարտադրված արժեքներով Սահմանադրության ներքին էությամբ եւ դրանից բխող օտարահունչ օրենսդրությամբ:

Որ մեր Սահմանադրությունը հայանպաստ ու հայաշունչ չէ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սրանով հայը չի կարող գերակա համարել իր ազգայինն ու պետականը, որոնք ստորադասված են միջազգայինի առաջ: Այլ օրենքներ են պետք, առայժմ՝ անցումային, որը կգործի ազգայինի ու միջազգայինի համադրությամբ, մինչեւ Հայոց Գլխավոր Օրենսգիրքը ամբողջական կդրվի հանրաքվեի: Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հայ արիներն առաջարկում են Հայաստանի Ազգային Սահմանադրության այս նախագիծը:

* * *

Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու  էությամբ հայկական ազգային պետություն է

Հայաստանի Ազգային Սահմանադրություն

(Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն). Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.) 

Նախաբան

Հայաստանն ամփոփված է Հայկական լեռնաշխարհում, որը բացառապես Հայկական բնաշխարհ է ու հայերի Բնօրրան-Հայրենիքն է:

Մենք՝ աշխարհասփյուռ հայերս, իրականացրած հայոց պետականության վերականգնման նախնիների սրբազան պատգամը՝ լի ենք վճռականությամբ՝ նվիրվելու մեր ստեղծած ազգային պետության հզորացմանը եւ բարգավաճմանը՝ հանուն հայոց հարատեւության եւ առաքելության իրականացման:

Արդ հավաստում ենք մեր կամքն ու հավատարմությունը հայոց ազգային արժեքներին: Մեզ համար հավիտենարժեք են Հայոց ծագումը, ինքնությունը, հավատը, առաքինություններն ու առաքելությունը, Հայոց արարչատուր բնօրրանը, որ հայության հավիտենական հայրենիքն է:

Հայաստանաբնակ այլազգիների համար Հայաստանը նրանց ապահով բնակավայրն է, իրավական պետությունը, որտեղ նրանք պաշտպանված են եւ օգտվում են Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ պայմանավորված բոլոր իրավունքներից, ինչպեսեւ՝ ստանձում են սահմանադրորեն տրված բոլոր պարտականությունները: Հայաստանը միմիայն ի՛ր բնիկների՝ հայերի հայրենիքն է:

Հայաստանի բնական տարածքների վերամիավորումը, Հայ դատի վերջնական ու արդարացի լուծումը համայն հայության գերխնդիրն է, որ պաշտպանվում է Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ:

Պատրաստակամ ենք ապրել համամարդկային արժեքային համակարգի ա՛յն սկզբունքներին ներդաշնակ, որոնք համահունչ են մեր ինքնիշխան ազգային պետության իրավունքներին, գրված եւ ավանդագրված օրենքներին: Հայոց հայրենիքում չեն անտեսվում ավանդական ու սովորութական իրավունքները:

Ընդունում ենք Հայաստանի Ազգային Սահմանադրությունը՝ որպես ազգային ու պետական անվտանգության, պաշտպանության, արդարադատության, իրավունքի ու կեցակարգի գրավական:

Գլուխ 1

Հիմնադրույթներ

*Հոդված 1. Հայաստանի Ազգային Պետությունը (կարճ անվանումը՝ Հայաստան) բնույթով՝ հայկական է, կարգավիճակով՝ ինքնիշխան, կազմակերպման ձեւով՝ քաղաքացիական:

Կազմակերպման քաղաքացիական ձեւը մարդակենտրոն է՝ իրավականորեն եւ այլ առումներով ածանցված ազգակենտրոն համակարգի հիմնադրույթներից:

Հոդված 2. Պետական կառավարումն իրականացվում է ազգային գաղափարախոսության հենքով, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների լիազորությունների տարանջատման սկզբունքով՝ Ազգային Սահմանադրությանը համապատասխան:

Հոդված 3. Հայաստանի իշխանության միակ անօտարելի իրավատերը հայ ազգն է, որն իր կամքն արտահայտում է հանրաքվեների, ընտրությունների միջոցով, իշխանությունը գործադրում՝ Ազգային Սահմանադրությամբ ստեղծված կառավարման մարմինների միջոցով:

Հոդված 4. Հանրաքվեները, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իրականացվում են համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքով՝ գաղտնի քվեարկությամբ: Թեկնածուներն առաջադրվում են համամասնական եւ մեծամասնական, կամ՝ միայն մեծամասնական ընտրակարգով:

Հոդված 5. Հայաստանում գործում է քաղաքական բազմակուսակցական համակարգ: Կուսակցությունները ստեղծվում եւ գործում են օրենսդրությանը համապատասխան. կազմավորում են ընտրական հանձնաժողովներ, մասնակցում են կառավարման մարմինների ընտրություններին՝ թեկնածուներ առաջադրելով համամասնական ընտրակարգով:

Հոդված 6. Ազգային Սահմանադրությունը գերակա է ամբողջ օրենսդրական համակարգի նկատմամբ եւ կոչված է կարգավորելու անհատ-ազգ, քաղաքացի-պետություն, ազգ-պետություն իրավահարաբերությունները, նախանշելու արտաքին քաղաքականության հիմնադրույթները: Ազգային Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, եւ նրա դրույթները, հոդվածները գործում են անմիջականորեն: Հայաստանի օրենսդիր մարմինը կարող է վավերացնել միայն Ազգային Սահմանադրությանը չհակասող օրենքներ ու իրավական որոշումներ, միջազգային, միջպետական  պայմանագրեր:

Հայաստանի Ազգային Սահմանադրությունը Հայաստանի բնակչության համար գերակա է՝ միջազգային բոլոր օրենքների, պայմանագրերի ու որոշումների նկատմամբ:

*Հոդված 7. Հայաստանի պետական լեզուն հայերենն է՝ իր բոլոր գոյաձեւերով:

*Հոդված 8. Պետությունն ապահովում է հայոց արժեքային համակարգի գերակայությունը, պահպանում ազգային հոգեւոր (հայոց հավատի), բարոյական, մշակութային եւ նյութական հարստությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

*Հոդված 9. Հայաստանի պետական ամրագրված խորհրդանիշն է Հայերենի Այբուբենը՝ Այբից Քե, պետականության խորհրդանիշերից Դրոշը, Զինանշանը, Օրհներգը հաստատվում են հանրաքվեով:

Հոդված 10. Պետությունն ապահովում է քաղաքացու գոյատեւման, կյանքի, աշխատանքի, սեփականության, անվճար հանրակրթության, հանգստի, առողջության, անձի անձեռնմխելիության ու պաշտպանվածության իրավունքը:

Հոդված 11. Պետությունն ապահովում է քաղաքացու ազատությունը՝ համապատասխան հայոց բարոյահոգեբանական սկզբունքներին եւ սահմանում իրավունքն ու պարտականությունը՝ համահունչ ազգային ու միջազգային չափանիշներին:

Հոդված 12. Հայաստանի քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի: Այլ պետության քաղաքացին կարող է լինել Հայաստանի պատվավոր քաղաքացի, մշտական, ժամանակավոր բնակիչ:

Հոդված 13. Պետությունը երաշխավորում է սեփականության բազմաձեւությունը, ապահովում տնտեսական ազատ մրցակցությունը, բացառում օտարերկրյա տնտեսավարողների մենաշնորհը եւ 49%-ից ավելի բաժնեմասի իրավունքը:

*Հոդված 14. Ազգային հարստություն համարվող եւ պետական անվտանգության նշանակություն ունեցող հողատարածքները, բնական պաշարները, կառույցները պետական սեփականություն են. մասնավորեցման ենթակա չեն: Ցանկը սահմանված է հավելված 1-ում:

*Հոդված 15. Հայաստանում հողի սեփականության իրավունք ունեն միայն Հայաստանի հայազգի քաղաքացիները:

Հոդված 16. Հայաստանում անշարժ գույքի սեփականության իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները, օտարահպատակ հայազգի պատվավոր քաղաքացիները:

Հոդված 17. Անշարժ գույքի սեփականության իրավունքը համապետական անհրաժեշտության դեպքում կարող է վերացվել՝ կառավարության որոշմամբ, օրենսդիր մարմնի հաստատմամբ, համարժեք փոխհատուցման պայմանով:

Հոդված 18. Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը, քաղաքային, գյուղական համայնքները: Հատուկ կարգավիճակ է սահմանված Հայաստանի մայրաքաղաքի՝ Երեւանի համար:

Հոդված 19. Հասարակության կյանքի կենսական հիմնահարցերը ներկայացվում են համաժողովրդական քննարկման եւ հանրաքվեի: Հիմնահարցերի ցանկը սահմանվում է ըստ հավելված 2-ի:

Հոդված 20. Հայաստանն աշխարհիկ պետություն է, որի բնակիչների համար երաշխավորվում է նաեւ հոգեւոր իրավունքը: Հայաստանում չեն կարող գործել հայոց ազգային հավատին հակադրվող կամ մերժող հոգեւոր կազմակերպություններ, կրոններից շեղված եւ անբարո բարքեր սերմանող աղանդներ:

*Հոդված 21. Պետական դավաճանությունը պատժելի է օրենքով սահմանված կարգով: Պետական դավաճանություն է համարվում նաեւ Ազգային Սահմանադրության անփոփոխելի հոդվածները՝ 1-ը, 7-ը, 8-ը, 9-ը, 14-ը, 15-ը, 21-ը փոխելու փորձը, նախաձեռնությունը, գործողությունը՝ թե օրենսդրական ճանապարհով, թե զենքի ուժով:

Գլուխ 2

Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգը

Հոդված 22. Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգը բաղկացած է հանրային միավորումներից, քաղաքական կազմակերպություններից՝ կուսակցություններից:

Հասարակական, քաղաքական կազմակերպությունները կազմավորվում են քաղաքացիության հիմքով (առանձնահատուկ դեպքերում նաեւ՝ ազգային պատկանելության պայմանով). Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամ կարող են լինել միայն Հայաստանի քաղաքացիները:

Հասարակական միավորման առանձնահատուկ տեսակ է ազգային փոքրամասնության համայնքը, որը կազմավորվում է ազգային պատկանելության հիմքով, արտերկրի հետ շփվում պետական միջնորդավորմամբ, նպատակ ունի ապահովել Հայաստանի այլազգի քաղաքացիների՝ իրենց համայնքի ներսում ազգային լեզուն, մշակույթը պահպանելու իրավունքը:

Հասարակական կազմակերպությունները չեն կարող ծավալել հակահայ ու հակապետական գործունեություն, ինչպեսեւ՝ անբարո, հակամարդկային ու հակազգային, օտարամոլական քարոզչություն:

Հոդված 23. Կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն անկախ իրենց՝ կառավարման համակարգի ձեւի ու տնտեսակարգի մասին պատկերացումներից, հայոց պետականության բովանդակությունը՝ Ազգային Սահմանադրության հոդվածներ 1-ը, 7-ը, 8-ը, 9-ը, վիճարկելու իրավունք չունեն: Պարտավոր են հարգել հայ ազգային գաղափարախոսության սկզբունքները եւ իրենց գործունեությամբ չվտանգել հայոց պետականությունը:

Վիճելի գործունեություն ծավալող քաղաքական կազմակերպությունների գոյության իրավունքի հարցը դրվում է հասարակական քննարկման, տրվում քաղաքական եւ իրավական գնահատական: Բացասական գնահատականի դեպքում՝ Սահմանադրական դատարանի որոշումով, կասեցվում է տվյալ կուսակցության գործունեությունը:

Հոդված 24. Կառավարման համակարգի ընտրովի մարմինների ընտրական հանձնաժողովները կազմավորում են քաղաքական, հասարակական կազմակերպությունները. օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունները ընտրական հանձնաժողովի համալրման 50%-ի իրավունք ունեն, արտախորհրդարանական կուսակցությունները՝ 30%-ի, հասարակական կազմակերպությունները՝ 20%-ի:

Քաղաքական, հասարակական կազմակերպությունները պարտավոր են վճարել հանձնաժողովի իրենց ներկայացուցիչներին սահմանված չափի աշխատավարձ, պատասխանատու են նրանց կատարած խախտումների, կեղծիքների համար:

Հոդված 25. Պետական կառավարման համակարգի ընտրովի մարմինները համալրվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով՝ համապատասխանաբար 80% եւ 20% համամասնությամբ:

Ընտրովի մարմինների համամասնական ընտրակարգով ընտրության համար թեկնածուներ կարող են առաջադրել պետական գրանցում ունեցող, առնվազն 2 տարի գործող, 2000 եւ ավելի անդամ ունեցող քաղաքական կազմակերպությունները՝ 1 տարուց ավելի գործուն քաղաքական աշխատանք կատարող կուսակցականներից:

Հոդված 26. Հայաստանի պաշտոնական լեզուն գրական հայերենն է՝ արեւելահայերեն, արեւմտահայերեն լեզվաճյուղերով:

Հայաստանի պաշտոնական լեզվի լեզվաճյուղերից մեկնումեկի իմացության հավաստագիր չունեցող, պարտադիր զինծառայություն չկատարած զինապարտները, դավաճանության մեջ մեղադրված անձինք ընտրովի քաղաքական, հայեցողական, քաղծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնել չեն կարող:

Գլուխ 3

Հայաստանի քաղաքացու, բնակչի իրավունքները

Հոդված 27. Հայաստանի քաղաքացիության շնորհումը,  շնորհազրկումը, քաղաքացիությունից հրաժարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Հայազգիներին քաղաքացիություն շնորհվում է պարզեցված կարգով:

Քաղաքացիության ընդունումը, հրաժարումը կատարվում է կամավորության սկզբունքով. հիմք է ընդունվում անձնական դիմումը:

Հոդված 28. Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքի, պարտականության եւ ազատության չափանիշները նույնական են՝ անկախ քաղաքացու սոցիալական ու հասարակական դիրքից, նյութական վիճակից, քաղաքական հայացքներից, դավանանքից:

Հոդված 29. Հայաստանի քաղաքացիներն ունեն գոյատեւելու համար անհրաժեշտ անվճար ապրուստի իրավունք. անկախ մարդու տարիքից, աշխատունակությունից, նյութական վիճակից պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն անվճար ապրուստ՝ ջուր, հաց, վառելիք, կենսանպաստ (ապրուստի չափը, սննդացանկը եւ հագուկապը, հատկացման կարգը սահմանվում է օրենքով):

Հոդված 30. Հայաստանում ամեն ոք ունի անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ հանցանքը հաստատվելուց հետո: Քննությունից խուսափելը, թաքնվելը հանցանք է եւ պատժելի է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 31. Արգելվում է մարդուն առանց իր գրավոր համաձայնության ենթարկել գիտական, կրթական, բժշկական կամ այլ բնույթի փորձերի:

Հոդված 32. Հայաստանում ամեն ոք արժանապատիվ ապրելու իրավունք ունի: Արգելվում է վիրավորել մարդու արժանապատվությունը, նվաստացնել նրան, իշխանական լծակներ օգտագործելով՝ խոշտանգել, նվազագույն ապրուստը կտրելով՝ բացառել իր նախասիրություններին, կամքին հակառակ հասարակական, քաղաքական, կրոնական կառույցների, կազմակերպությունների մեջ ներգրավվելու այլընտրանքը:

Հոդված 33. Հայաստանի քաղաքացին ունի անձնական ու ընտանեկան կյանքի, նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային ու համացանցային ծառայության եւ իր անձին, սեփականությանը, առողջությանը վերաբերող այլ տեղեկույթի գաղտնիության իրավունք. սահմանափակումներ կարող են կիրառվել միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 34. Հայաստանի քաղաքացին ունի սեփականություն ունենալու, գնելու, վաճառելու, կտակելու, ժառանգելու, նվիրելու եւ սեփականության անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել բնակարան, անձնական սեփականություն հանդիսացող տարածք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 35. Հայաստանի քաղաքացին պետության տարածքում կարող է ազատ  տեղաշարժվել, նաեւ՝ բնակավայր ընտրել, իրավունք ունի պետությունից դուրս գալ եւ վերադառնալ առանց ժամանակային սահմանափակման (մասնակի դեպքերը կանոնակարգվում են օրենքով) ու քաղաքացիության կարգավիճակ փոխելու:

Հոդված 36. Հայաստանում ամեն ոք իրավունք ունի ազատորեն կարծիք հայտնել (արգելվում է մարդուն հարկադրել՝ հրաժարվել իր կարծիքից), պետական, անձնական գաղտնիք չհամարվող տեղեկություններ ստանալ, տարածել, պետական կառույցներին դիմել եւ հղված դիմումի պատասխանը ստանալ պարտադիր, որոշարկված ժամկետում:

Հոդված 37. Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ստեղծել մասնագիտական, մշակութային, հասարակական, քաղաքական միավորումներ կամ անդամակցել դրանց. սահմանափակումներ կարող են լինել ուժային կառույցներում, իրավապահ, պետական մարմիններում ծառայողների համար:

Քաղաքացիների խմբերը, հասարակական, քաղաքական կազմակերպությունները իրավունք ունեն դիրքորոշում արտահայտող ժողովներ հրավիրել, գիտական կամ կրթա-մշակութային խնդիրներ ներկայացնող, պարզաբանող հավաքներ կազմակերպել՝ առանց զենքի, բռնությունների, բողոք, դժգոհություն արտահայտող, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ անցկացնել:

Հոդված 38. Հայաստանի 18 տարին լրացած քաղաքացին պետության կառավարմանը մասնակցելու՝ անմիջականորեն, կամքի ազատ արտահայտմամբ, ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունի:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչվածները, պետական դավաճանության, սպանության մեղադրանքով դատապարտվածները, ընտրել կարող են, բայց ընտրվել չեն կարող ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկված՝ պատիժ կրող քաղաքացիները:

Հոդված 39. Յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ունի աշխատանքի, աշխատանք ընտրելու, առողջության անվտանգության չափորոշիչներին համապատասխան եւ հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների, աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով իրականացվող գործադուլի մասնակցելու իրավունք:

Հոդված 40. Ամեն ոք ունի հանգստի իրավունք. առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը, ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւղությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 41. Կանայք եւ տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս, աշխատանքային, հոգեւոր-մշակութային եւ հասարակական-քաղաքական գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ:

Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները պաշտպանված են Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ:

Կին, տղամարդ, ընտանիք, սեռ, սեռական եւ սերնդատվություն բնական ձեւակերպումները ամրագրվում են օրենքով՝ սահմանված է հավելված 3-ում:

Անբարո, սեռական հակաբնական կողմնորոշման, սեռափոխության, սեռային ձեւախեղումների կամ սեռերի վերացման ու ավելացման, հակամարդկային այլ «հավասարություններ» չեն թույլատրվում, պատժելի են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 42. Յուրաքանչյուր քաղաքացի ունի սոցիալական ապահովության իրավունք՝ ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 43. Ամեն ոք ունի առողջության պահպանման իրավունք. պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման՝ անվճարունակ խավի բուժօգնության, հակահամաճարակային, բնապահպանական, սննդի անվտանգության, բնական աղետներից տուժածների անվճար բուժման գործընթաց:

Հոդված 44. Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք: Կրթական հաստատությունների հիմնադրման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով՝ ըստ ազգային-պետական չափորոշիչների: Կրթությունը եւ՜ պետական, եւ՜ մասնավոր համակարգերում իրականացվում է ազգային-պետական չափորոշիչներին համապատասխան՝ գիտելիքի հաստատված նվազագույն ծավալի ապահովմամբ:

Միջնակարգ կրթությունը պետական հանրակրթահամակարգում անվճար է: Բարձրագույն կրթության համակարգում գերազանց գնահատականներով սովորողի, անվճարունակ խավի, այլ կարգի արտոնություններ ունեցողների համար իրականացվում է անվճար ուսուցում: Արտոնությունների եւ անվճարունակության չափանիշները սահմանվում են օրենքով: Կրթական գիտափորձեր կարող են իրականացվել միայն կառավարության որոշմամբ՝ Օրենսդիր ժողովի համապատասխան հանձնաժողովի համաձայնությամբ:

Հոդված 45. Ամեն ոք ունի ստեղծագործելու իրավունք. մտավոր սեփականությունը, մշակութային արժեք ներկայացնող գործերի հեղինակային իրավունքը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 46. Ամեն ոք իր իրավունքները օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու, սահմանափակված ազատությունների մասին որոշումները համապատասխան ատյաններում բողոքարկելու, գործի հրապարակային քննություն պահանջելու իրավունք ունի:

Հոդված 47. Ամեն ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու, ձերբակալման, կալանավորման պահից դատապաշտպան, փաստաբան ունենալու իրավունք (անվճարունակության դեպքում՝ պետական կարգով):

Հոդված 48. Մարդու, քաղաքացու որոշ իրավունքներ, ազատություններ ռազմական դրության ժամանակ, պատերազմական իրավիճակում ժամանակավորապես կարող են սահմափակվել:

Գլուխ 4

Հայաստանի քաղաքացու, բնակչի պարտականությունները

Հոդված 49. Հայաստանում բնակվող ամեն ոք պարտավոր է կատարել Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված պահանջները, հարգել հայոց ավանդույթները եւ չվիրավորել հայի ազգային արժանապատվությունը, չոտնահարել այլոց իրավունքները, ազատությունները:

Հոդված 50. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել Հայաստանի հոգեւոր, բարոյական, մշակութային, գիտական, նյութական արժեքները, բնությունը, օրենքով սահմանված կարգով մասնակցել հայրենիքի պաշտպանությանը:

Հոդված 51. Ամեն ոք պարտավոր է օրենքներով սահմանված կարգով եւ չափով վճարել հարկեր, տուրքեր, կատարել այլ պարտադիր վճարումներ:

Հոդված 52. Արգելվում է պաշտոնեական դիրքի, իրավունքի եւ ազատության օգտագործումը սահմանադրական կարգը օրենսդրական փոփոխություններով կամ բռնի ուժով տապալելու, ազգամիջյան բռնություն եւ քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով:

Հոդված 53. Արգելվում են ազգի, հասարակության առողջ հոգեբանության համար վտանգ ներկայացնող երեւույթների (համասեռամոլություն, սեռախեղում, մանկապղծություն, կավատություն, թմրամոլություն, հարբեցողություն, ծխամոլություն, հոգեորսություն, բազմակնություն, խաղամոլություն) տարածման նպատակ ունեցող գործողությունները եւ քարոզչությունը:

Հոդված 54. Արգելվում է բանակում, հանրակրթական համակարգում (մանկապարտեզ, դպրոց) քաղաքական կառույցների ստեղծումը, օտար կազմակերպությունների, ծրագրերի ներդրումը, բացի ազգային հավատից՝ այլ կրոնների դասավանդումը: Դպրոցում սեռական դաստիարակությունը կազմակերպվում է բարձր դասարանցիների համար՝ հայկական ընտանիքի, սիրո եւ առողջ սեռական զարգացման գաղափարախոսական հենքով եւ տարիքային-հոգեբանական շեմի պահպանումով:

Գլուխ 5

Հայաստանի պետական կառավարման համակարգը

Հոդված 55. Հայաստանի կառավարման հիմնարար փաստաթղթերն են՝ Անկախության հռչակագիրը, Հայոց ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, Հայոց ազգային անվտանգության հայեցակարգը եւ Հայաստանի Ազգային Սահմանադրությունը:

Հոդված 56. Հայաստանի իշխանության կրողներն են՝ Հայաստանի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի Օրենսդիր Ժողովը՝ հանձին պատգամավորների եւ Օրենսդիր Ժողովի Նախագահի, Հայաստանի գործադիր իշխանությունը՝ հանձին Հայաստանի Նախագահի եւ Հայաստանի Վարչապետի, Հայաստանի դատական իշխանությունը՝ Արդարադատության խորհուրդը, հանձին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի գլխավոր դատախազի, Հայաստանի զինվորական դատախազի, Հայաստանի տեղեկատվական, քարոզչական կառույցները՝ հանձին զանգվածային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահի:

Հոդված 57. Հայաստանի Օրենսդիր Ժողովն իրեն ընձեռված իշխանությունը գործադրում է օրենքների, օրենքների փոփոխությունների ընդունման եւ օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակումը, ընդունումը վերահսկելու միջոցով:

Հոդված 58. Հայաստանի Նախագահը պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համայն հայության ազգային անվտանգության պատասխանատուն ու երաշխավորն է: Նա իրեն վերապահված իշխանությունը գործադրում է սահմանադրական կարգի պահպանման՝ Հայաստանի Ազգային Սահմանադրության անփոփոխելի հոդվածների անձեռնմխելիությունն ապահովելու, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ համապատասխան իրագործելու, ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ դրույթները կենսագործելու նպատակով:

Հոդված 59. Հայաստանի Վարչապետը կառավարության ղեկավարն է, ապահովում է Հայաստանի ներքին քաղաքականության իրականացումը՝ տնտեսավարման, գյուղատնտեսության, բնապահպանության, ներքին կարգապահության, առեւտրի, ընդերքի օգտագործման, հանրակրթության, մշակութային ու ազգային արժեքների պահպանման պատասխանատուն է:

Հոդված 60. Սահմանադրական դատարանի նախագահը կառավարման համակարգի գործունեության օրինականության երաշխավորն է:

Հոդված 61. Հայաստանի դատախազը երկրի քաղաքացիական ոլորտի արդարադատության երաշխավորն է: Հայաստանի զինվորական դատախազը ռազմական ուժերի իրավահարաբերությունների օրինականության երաշխավորն է:

Հոդված 62. Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը Հայաստանի բնակիչների եւ կազմակերպությունների՝ օրենքով չարգելված տեղեկություն ստանալու իրավունքի, ԶԼՄ-ների հավաստի եւ ազատ տեղեկատվության երաշխավորն է:

Հոդված 63. Հայաստանի կառավարման համակարգն ունի հատուկ կարգավիճակ ունեցող պետական մարմիններ՝ Ազգային անվտանգության խորհուրդ, Հայերենի բարձրագույն  խորհուրդ, Գիտության զարգացման ազգային խորհուրդ, Արդարադատության խորհուրդ, Վերահսկող, ստուգող կազմակերպությունների խորհուրդ, Պետական պաշտոնավարման կադրային ծառայություն, Հայապահպանության համահայկական խորհուրդ, Համահայկական հիմնադրամ:

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝

«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։