Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – 2-րդ մաս)

(Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն). Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.)

Սկիզբը՝թիվ 13-ում

Գլուխ 6 – Օրենսդիր Ժողովը (ՕԺ)

Հոդված 64. Օրենսդիր ժողովի լիազորություններն ամրագրված են Ազգային Սահմանադրությամբ: Օրենսդիր ժողովը գործում է համաձայն օրենքի ուժ ունեցող իր կանոնադրության եւ աշխատակարգի: Օրենսդիր ժողովն ընդունում է օրենքներ եւ որոշումներ. օրենքները հաստատում է Հայաստանի Նախագահը, որոշումները՝ Օրենսդիր Ժողովի Նախագահը:

Հոդված 65. Օրենսդիր ժողովն ունի 125 պատգամավոր, որոնցից 100-ն ընտրվում են համամասնական, 25-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Օրենսդիր ժողովի գործունեության ժամկետը 5 տարի է. լիազորություններն ավարտվում են նորընտիր Օրենսդիր ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, նիստի ժամանակ՝ լիազորությունների փոխանցման արարողությամբ:

Օրենսդիր Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է գործող Օրենսդիր Ժողովի լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:

Օրենսդիր Ժողովի ընտրությունը կատարվում է ընտրական օրենքի համաձայն: Ընտրությունը նշանակվում է Ազգային անվտանգության խորհրդի հրամանագրով:

Նորընտիր Օրենսդիր Ժողովի 1-ին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդի ընտրությունից հետո՝ երկրորդ չորեքշաբթի օրը:

Մինչեւ Օրենսդիր Ժողովի Նախագահի ընտրությունը նիստերը վարում է ամենաշատ քվե ստացած պատգամավորը (մեկից ավելի հավասար քանակի քվե ստացածների առկայության դեպքում անցկացվում է վիճակահանություն):

Հոդված 66. Օրենսդիր Ժողովի գործունեությունը չի կարող դադարեցվել՝ ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում, լիազորությունների ավարտից առաջ՝ 6 ամսվա ընթացքում, ռազմական դրության ժամանակ, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի առկայությամբ, Երկրի Նախագահի պաշտոնանկության հարուցված հարցի դեպքում:

Օրենսդիր Ժողովի գործունեությունը կարող է դադարեցվել Ազգային Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին հակասող օրենք ընդունելու դեպքում Օրենսդիր Ժողովը լուծարելու պահանջ է դրվում. լուծարելու որոշման հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու եզրակացությունը տալիս է Սահմանադրական դատարանը, որոշումը կայացնում է Ազգային անվտանգության խորհուրդը:

Հոդված 67. Պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրվելու իրավունք ունեցող, վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր ոք:

Պատգամավորն իրավունք չունի զբաղեցնել պետական այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. թույլատրվում է պատգամավորական գործունեության հետ համատեղել գիտական, մանկավարժական, ստեղծագործական բնույթի աշխատանք:

Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 68. Պատգամավորի մանդատը հրամայական է. որոշումներ կայացնելիս պատգամավորը պարտավոր է առաջնորդվել իրեն առաջադրած քաղաքական ուժի կամ իր ընտրողների դիրքորոշմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է քաղաքական ուժի կամ ընտրողների բացարկը:

Հոդված 69. Պատգամավորն անձեռնմխելի է. նրան հետապնդել, պատասխանատվության ենթարկել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Օրենսդիր Ժողովում հայտնած կարծիքի համար՝ արգելվում է: Չի կարելի պատգամավորին կալանավորել, նրա դեմ վարչական կամ քրեական վարույթ հարուցել առանց Օրենսդիր Ժողովի համաձայնության:

Հոդված 70. Պատգամավորի լիազորությունները դադարում են Օրենսդիր Ժողովի գործունեության ժամկետն ավարտվելու, Օենսդիր Ժողովը լուծարելու, Ազգային Սահմանադրության 67 հոդվածի պահանջների խախտում հայտնաբերելու, Հայաստանի քաղաքացիությունը կորցնելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու, հրաժարականի եւ ընտրողների բացարկի դեպքերում:

Պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում է Օրենսդիր Ժողովի օրենք-կանոնադրությամբ:

Հոդված 71. Օրենսդիր ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ, նիստերը դռնբաց են՝ դռնփակ նիստ կարող է գումարվել Օրենսդիր Ժողովի որոշմամբ: Օրենսդիր Ժողովի արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարվում է Օրենսդիր Ժողովի պատգամավորների առնվազն 1/3-ի կամ կառավարության նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում (տեւողությունը՝ 6 օրից ոչ ավել):

Հոդված 72. Օրենսդիր Ժողովն ունի օրենսդրական աշխատանք կատարող 7 մշտական հանձնաժողով (հավելված 4), անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ: Օրենսդիր Ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն նաեւ Հայաստանի Նախագահը, կառավարությունը՝ հանձին Վարչապետի, խորհրդարանական մանդատ ունեցող քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները՝ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:

Հոդված 73. Օրենսդիր Ժողովի հիմնական գործառույթներից են նաեւ կառավարությանը վստահության քվե տալը, պետական բյուջեն հաստատելը, բյուջեի կատարման եւ օտար պետություններից, միջազգային կազմակերպություններից ստացած փոխառությունների, վարկերի օգտագործման վերահսկողությունը, համաներում հայտարարելը, միջազգային պայմանագրեր վավերացնելը կամ չեղյալ հայտարարելը:

Օրենսդիր Ժողովը կառավարությանն անվստահություն կարող է հայտնել պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Այդ իրավունքից չի կարող օգտվել ռազմական դրության ժամանակ եւ սահմանադրական կարգին սպառնացող առկա վտանգի դեպքում:

Այս գործառույթների իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 74. Օրենսդիր Ժողովի Նախագահը եւ նրա տեղակալներն ընտրվում են պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Օրենսդիր Ժողովի նախագահն ունի երկու տեղակալ:

Օրենսդիր Ժողովի Նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Օրենսդիր Ժողովի նյութական, դրամական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Գլուխ 7 – Հայաստանի Նախագահը

Հոդված 75. Հայաստանի Նախագահ ընտրում են Հայաստանի քաղաքացիները՝ 7 տարի ժամկետով:

Հայաստանի Նախագահ կարող է ընտրվել ծագումով հայ, Հայաստանի քաղաքացիություն եւ ընտրվելու իրավունք ունեցող, 40 տարին լրացած, վերջին 15 տարին Հայաստանում անընդմեջ բնակվող, բարձրագույն կրթություն ստացած յուրաքանչյուր ոք:

Նույն անձը իրավունք չունի 2 ընտրաժամկետ անընդմեջ դառնալ նախագահ:

Հայաստանի Նախագահի ընտրությունը անցկացվում է գործող Նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ՝ Ազգային Սահմանադրությամբ եւ ընտրական օրենքով սահմանված կարգով:

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Նախագահը պաշտոնն ստանձնում է 10-օրյա ժամկետում՝ երդմնակալությամբ՝ Օրենսդիր Ժողովի արարողակարգային նիստում:

Հոդված 76. Հայաստանի Նախագահը կարող է հրապարակել Երկրի Ազգային Սահմանադրությանը եւ օրենքներին չհակասող հրամանագրեր, կարգադրություններ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի ամբողջ տարածքում:

Հոդված 77. Հայաստանի Նախագահը կարող է ուղերձ հղել Հայաստանի հանրությանը եւ Օրենսդիր Ժողովին, կազմավորել խորհրդակցական մարմիններ:

Հոդված 78. Հայաստանի Նախագահը Օրենսդիր Ժողովի ընդունած օրենքը պետք է հաստատի եւ հրապարակի 21-օրյա ժամկետում. առարկություն ունենալու դեպքում օրենքը 15 օրվա ընթացքում վերադարձնում է Օրենսդիր Ժողով՝ լրամշակման կամ փոփոխության առաջարկով: Ազգային Սահմանադրությանը հակասելու առարկությամբ վերադարձված օրենքը ներկայացվում է Սահմանադրական դատարան փորձաքննության: Փորձաքննության դրական արդյունքով ընդունված օրենքը, անփոփոխ, լրամշակված կամ փոփոխված եւ վերստին ընդունված օրենքները նախագահը պետք է հաստատի եւ հրապարակի 5-օրյա ժամկետում:

Հոդված 79. Հայաստանի Նախագահը ներկայացնում է Հայաստանն արտաքին հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ղեկավարումը. նշանակում, հետ է կանչում օտար պետություններում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը, կնքում է միջազգային պայմանագրեր:

Հոդված 80. Հայաստանի Նախագահը շնորհում է քաղաքացիություն, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ, զինվորական բարձրագույն կոչումներ, պարգեւատրում է շքանշաններով, տալիս պատվավոր կոչումներ, քաղաքական ապաստան:

Հոդված 81. Հայաստանի Նախագահն ապահովում է Ազգային Սահմանադրության անփոփոխելի հոդվածների անձեռնմխելիությունը:

Հոդված 82. Հայաստանի Նախագահը Հայոց բանակի գլխավոր հրամանատարն է, նշանակում է բարձրագույն հրամանատարական կազմը, ապահովում՝ բանակի մարտունակությունը:

Հոդված 83. Հայաստանի Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ պաշտոնանկ արվելու դեպքերում՝ Նախագահի պաշտոնը թափուր լինելուց հետո, 40-րդ օրը անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 84. Հայաստանի Նախագահի պաշտոնավարման անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում նրան փոխարինում է Հայաստանի Վարչապետը:

Պաշտոնավարման խոչընդոտները անհաղթահարելի է ճանաչում Սահմանադրական դատարանը. Նախագահի ծանր հիվանդության, մահվան եւ Օրենսդիր Ժողովի 2/3-ի որոշմամբ՝ Նախագահի հրաժարականի պահանջի, պետական դավաճանության կամ հանցագործության մեղադրանքի առկայության դեպքերում:

Հոդված 85. Նախագահի հրաժարականի կամ պաշտոնանկության մասին որոշում կայացնում, հրաժարականն ընդունում, չնախատեսված արտակարգ իրավիճակում Նախագահին փոխարինող եւ արտահերթ ընտրություն նշանակում է Ազգային անվտանգության խորհուրդը՝ խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Մինչեւ Նախագահի նոր ընտրությունն արգելվում է լուծարել Օրենսդիր Ժողովը, անվստահություն հայտնել կառավարությանը, նշանակել հանրաքվե:

Հոդված 86. Հայաստանի Նախագահի անվտանգության ապահովման ու սպասարկման կարգը, վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

Գլուխ 8 – Հայաստանի Կառավարությունը

Հոդված 87. Հայաստանի Կառավարությունը գործադիր իշխանության մարմին է: Կառվարության ղեկավարը Հայաստանի Վարչապետն է, անդամները՝ նախարարները, Կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները:

Վարչապետն ընտրվում է 5 տարի ժամկետով: Նույն անձն անընդմեջ 2 ընտրաժամկետ իրավունք ունի դառնալ Վարչապետ: Հայաստանի Վարչապետ կարող է ընտրվել հայազգի, 40 տարին լրացած, վերջին 15 տարին Հայաստանում անընդմեջ բնակվող, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին: Ընտրվելուց հետո՝ 10-րդ օրը, Վարչապետը պաշտոնական պարտականությունները ստանձնում է երդմնակալությամբ՝ Օրենսդիր Ժողովի արարողակարգային նիստում:

Հոդված 88. Կառավարության լիազորություններն ամրագրվում են Ազգային Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Կառավարության գործունեության ծրագիրը, աշխատակարգը,

Վարչապետի եւ Կառավարության աշխատակազմերի կառուցվածքը, կամ դրանց փոփոխությունները Վարչապետի ներկայացմամբ հաստատում է Ազգային անվտանգության խորհուրդը:

Կառավարության կազմը ընտրում է Վարչապետը, բացի արտաքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարներից. նրանց թեկնածությունը ներկայացնում է Նախագահը: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ:

Հոդված 89. Կառավարությունն իր կազմավորումից հետո, 20-օրյա ժամկետում, Օրենսդիր Ժողովի հաստատմանն է ներկայացնում Կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը եւ 1-ամյա պետական բյուջեն: Կառավարության ծրագիրը եւ պետական բյուջեն Օրենսդիր Ժողովի հավանությանը չարԺանանալուց հետո Կառավարությունն իրավունք ունի դրանք ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի փորձաքննությանը: Փորձաքննության դրական արդյունքի դեպքում Օրենսդիր Ժողովը պարտավոր է հաստատել ներկայացված փաստաթղթերը 10-օրյա ժամկետում, բացասականի դեպքում՝ նախագծերը հետ են վերադարձվում լրամշակման: 2-րդ անգամ ներկայացվելու եւ չհաստատվելու դեպքում առաջանում է Կառավարությանն անվստահություն հայտնելու իրավունք. Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը Օրենսդիր Ժողովը քվեարկում է այն ներկայացնելուց 48 ժամ հետո՝ 72 ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է բոլոր պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Նշված ժամկետում անվստահության նախագիծ չներկայացվելու կամ որոշում չընդունվելու դեպքում ծրագիրն ու բյուջեն համարվում են ընդունված: Անվստահության որոշումը հաստատվելուց հետո Վարչապետը Կառավարության հրաժարականի դիմումը ներկայացնում է Ազգային անվտանգության խորհրդին:

Հոդված 90. Ամեն տարի՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, կառավարությունը Օրենսդիր Ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի եւ գործունեության ծրագրի փոփոխությունների նախագծերը. դրանք պետք է հաստատվեն մեկամսյա ժամկետում: Կառավարության գործունեության ծրագրի եւ պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 91. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է Հայաստանի Վարչապետը: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել Վարչապետի նախաձեռնությամբ, Նախագահի պահանջով, կառավարության անդամների, Օրենսդիր Ժողովի, Ազգային անվտանգության խորհրդի որոշումներով:

Հոդված 92. Կառավարությունն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի՝ նախագծերի քննարկման, քվեարկության իր համար ընդունելի հաջորդականությամբ եւ ուղղումներով: ՙԱնհետաձգելի՚ նշագրումով նախագծերը Օրենսդիր Ժողովը քննարկում եւ քվեարկում է 1-ամսյա ժամկետում: Պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերը քննարկվում են Կառավարության լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ եւ քվեարկվում Կառավարության դրական կարծիքի դեպքում:

Հոդված 93. Վարչապետն ընդունում է որոշումներ, տալիս հանձնարարականներ նախարարներին, իր եւ Կառավարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին: Վարչապետի որոշումները, հանձնարարականները պարտադիր են՝ դրանք զանց առնելը պաշտոնանկության հիմք է: Կառավարության անդամն իրավունք չունի համատեղությամբ զբաղեցնել պետական այլ պաշտոն. թույլատրվում է համատեղել գիտական, մանկավարժական, ստեղծագործական բնույթի աշխատանք:

Հոդված 94. Կառավարությունը.

ա) ապահովում է բյուջեի կատարումը, կատարման մասին հաշվետվություն ներկայացնում Օրենսդիր Ժողովին եւ Ազգային անվտանգության խորհրդին,

բ) տնօրինում է պետական սեփականությունը,

գ) կառավարում է դրամա-տնտեսական համակարգը, ապահովում վարչատարածքային, հարկային, մաքսային, վարկային պետական միասնական քաղաքականության իրականացումը,

դ) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը մշակույթի, լեզվի, գիտության, կրթության, առողջապահության, սոցապահովության, բնապահպանության բնագավառներում,

ե) ապահովում է հասարակական կարգի պահպանումը, քաղաքացիական եւ աշխատանքային իրավահարաբերությունների օրինականությունը:

Վարչատարածքային կառավարումը

Հոդված 95. Հայաստանի վարչատարածքային միավորներն են՝ գյուղական, քաղաքային համայնքները, մարզերը: Մարզերը ներառում են գյուղական եւ քաղաքային համայնքներ. քաղաքի, գյուղի սեփականությունը տնօրինելու, տեղական նշանակության հարցեր լուծելու համար, 3 տարի ժամկետով, ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ավագանի (5-15 անդամ) եւ ղեկավար՝ քաղաքապետ, գյուղապետ. քաղաքապետն ու գյուղապետը ձեւավորում են իրենց աշխատակազմը:

Հոդված 96. Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, ունի մարզի կարգավիճակ:

Երեւանի վարչատարածքային միավորները թաղամասերն են, որոնցում ընտրություններով կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմիններ. ընտրվում են թաղապետեր եւ ավագանի:

Վարչատարածքային ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները սահմանվում են Ազգային Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Հոդված 97. Քաղաքի (գյուղի) ավագանին հաստատում է բյուջեն՝ հիմք ընդունելով քաղաքապետի (գյուղապետի) ներկայացրած բյուջեի նախագիծը, վերահսկում է կատարումը, ընդունում կատարման հաշվետվությունը, օրենքով սահմանված կարգով նշանակում տեղական տուրքեր, վճարներ: Ավագանու անդամը պետական պաշտոնյա է. չի կարող կատարել վճարովի այլ աշխատանք. թույլատրվում է համատեղել գիտական, մանկավարժական, ստեղծագործական բնույթի աշխատանք:

Հոդված 98. Մարզերում իրականացվում է պետական կառավարում: Մարզպետներին, Երեւանի քաղաքապետ-մարզպետին նշանակում եւ ազատում է Վարչապետը: Երեւանի քաղաքապետի դեպքում, Օրենսդիր Ժողովի 2/3-ի որոշմամբ, կարող է քաղաքապետի եւ ավագանու ընտրություն կազմակերպվել՝ մայրաքաղաքի հատուկ կարգավիճակը հաշվի առնելով: Մարզպետերը իրագործում են կառավարության վարչատարածքային քաղաքականությունը, համակարգում համապետական գործադիր մարմինների վարչատարածքային ծառայությունների գործունեությունը:

Հոդված 99. Ընտրված ղեկավարին ձայն տված ընտրողների կեսից ավելիի պահանջով կամ Մարզպետի հիմնավորված բացարկի դեպքում՝ օրենքով նախատեսված կարգով, կառավարությունը կարող է պաշտոնանկ անել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին եւ 30-օրյա ժամկետում անցկացնել արտահերթ ընտրություն: Մինչեւ նոր ղեկավարի ընտրվելն ու պարտականությունների ստանձնումը՝ Վարչապետը նշանակում է պաշտոնակատար:

Գլուխ 9 – Արդարադատությունը, դատական իշխանությունը

Հոդված 100. Հայաստանում արդարադատության երաշխավորը Արդարադատության խորհուրդն է. արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ Ազգային Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններն են. առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը, վճռաբեկ դատարանը: Հայաստանում գործում են նաեւ սահմանադրական, տնտեսական, զինվորական դատարաններ, փաստաբանական ծառայություն: Հայաստանի գլխավոր դատախազն ընտրվում է ներկայացուցչական կարգով, 10 տարի ժամկետով, Սահմանադրական դատարանի նախագահ, զինվորական դատախազ 10 տարի ժամկետով նշանակում է Ազգային անվտանգության խորհուրդը:

Արտակարգ դատարանների ստեղծում նարգելվում է:

Հոդված 101. Ի պաշտոնե Արդարադատության խորհրդի անդամներ են՝ Հայաստանի գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը, զինվորական դատախազը, արդարադատության նախարարը: Արդարադատության խորհրդի անդամներ են նաեւ 5 տարի ժամկետով ընտրված 3 իրավաբան գիտնական, 9 դատավոր, 3 դատախազ: 9-ը դատավորներից 3-ը՝ առաջին ատյանի, 3-ը՝ վերաքննիչ, 3-ն էլ՝ վճռաբեկ դատարանների դատավորներ են: Արդարադատության խորհրդի նիստերը 1-ամսյա պարբերականությամբ փոփոխելիության սկզբունքով նախագահում են խորհրդի ի պաշտոնե անդամները: Արդարադատության խորհրդի լիազորությունները, գործառույթները ամրագրվում են Սահմանադրությամբ, գործունեությունը կարգավորվում է օրենքով:

Հոդված 102. Արդարադատության խորհրդի գործառույթները.

ա) արդարադատության նախարարի առաջարկով կազմված դատավորների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներից կատարում է ընտրություն եւ նշանակումներ,

բ) գլխավոր դատախազի առաջարկով կազմված դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներից կատարում է ընտրություն եւ նշանակումներ,

գ) նշանակում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներ եւ դատավորներ, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահներ,

դ) եզրակացություն է տալիս գլխավոր դատախազի ներկայացրած՝ գլխավոր դատախազի տեղակալների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածությունների եւ համաներման հարցերի վերաբերյալ,

ե) առաջարկ է ներկայացնում դատավորներին եւ դատախազներին որակավորման դասային աստիճաններ շնորհելու մասին,

զ) հաստատում կամ մերժում է դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով պատասխանատվության ենթարկելու առաջարկները,

է) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության:

Հոդված 103. Դատավորները եւ Սահմնադրական դատարանի անդամը կարող են պաշտոնավարել մինչեւ 70 տարին լրանալը, նրանք պաշտոնավարման ընթացքում չեն կարող լինել կուսակցական՝ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Դատավորի եւ Սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները, պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 104. Սահմանադրական դատարանն ունի 9 անդամ՝ 3-ին նշանակում է օրենսդիր իշխանությունը, 3-ին՝ գործադիրը, 3-ին էլ՝ դատական իշխանությունը՝ 10 տարի ժամկետով: Նշանակված անդամներից նախագահ ընտրում է Ազգային անվտանգության խորհուրդը:

Հոդված 105. Սահմանադրական դատարանի գործառույթները.

ա) փորձաքննում եւ որոշում է՝ օրենքների, Օրենսդիր Ժողովի որոշումների, Հայաստանի Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների, կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի (մինչեւ վավերացումը) համապատասխանությունը Ազգային Սահմանադրությանը,

բ) քննում եւ որոշում է կայացնում հանրաքվեների, Հայաստանի Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքների վեճ հարուցած խնդիրների վերաբերյալ,

գ) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հայաստանի Նախագահի թեկնածուի ընտրության խոչընդոտները,

դ) եզրակացություն է տալիս Հայաստանի Նախագահին պաշտոնանկ անելու, Նախագահի՝ հետագա պաշտոնավարման անհնարինության, Օրենսդիր Ժողովը լուծարելու, Կառավարությանը անվստահություն հայտնելու հիմքերի առկայության մասին,

ե) եզրակացություն է տալիս Ազգային Սահմանադրության 109 hոդվածի բ), գ), դ), ը) կետերով նախատեսված գործողությունների մասին,

զ) համաձայնություն է տալիս Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով պատասխանատվության ենթարկելու մասին,

է) որոշում է կայացնում օրենքները խախտող կուսակցությունների գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

ը) լուծում է միջգերատեսչական օրենսդրական վեճեր,

թ) եզրակացություն է տալիս պետության, ազգի իրավունքին առնչվող հարցադրումների, փաստաթղթերի վերաբերյալ:

Հոդված 106. Սահմանադրական դատարան կարող են դիմել.‘

ա) Հայաստանի Նախագահը,

բ) Օրենսդիր Ժողովի պատգամավորները,

գ) Հայաստանի Վարչապետը,

դ) Հայաստանի Նախագահի, Վարչապետի, Օրենսդիր Ժողովի պատգամավորության թեկնածուները՝ ընտրությունների արդյունքներին առնչվող վեճերի դեպքում,

ե) Հայաստանի Կառավարությունը,

զ) Հասարակական, քաղաքական կազմակերպությունները, քաղաքացիներն՝ իրենց ոտնահարված սահմանադրական իրավունքների պաշտպանությունն այլ ատյաններում չգտնելու դեպքում:

Սահմանադրական դատարանը գործեր քննում է գրավոր դիմումի առկայության դեպքում՝ 1-ամսյա ժամկետում, որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ իրավազոր են դառնում հրապարակման պահից:

Հոդված 107. Հայաստանի դատախազությունը դատական գործընթացը վերահսկող կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է դատարանների ներկայացուցչությամբ ընտրված գլխավոր դատախազը:

Դատախազությունը.

ա) հսկողություն է իրականացնում նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ,

բ) դատարանում պաշտպանում է պետական մեղադրանքը,

գ) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,

դ) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները,

ե) հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ,

զ) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով հարուցում է քրեական հետապնդում: Դատախազությունը գործում է Ազգային Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակում՝ դատախազության մասին օրենքի համաձայն:

Գլուխ 10 – Պետական կառավարման հատուկ կարգավիճակ ունեցող մարմիններ. Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդ

Հոդված 108. Ազգային անվտանգության խորհուրդը բարձրագույն իշխանություն եւ լիազորություններ կրող ներկայացուցչական մարմին է, որոշումներ է կայացնում Երկրի համար կենսական, համազգային, համապետական շահին առնչվող խնդիրների վերաբերյալ. ունի հիմնական եւ ընդլայնված կազմ: Ի պաշտոնե խորհրդի հիմնական կազմի անդամ են՝ Հայաստանի Նախագահը, Վարչապետը, Օրենսդիր Ժողովի Նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, զինվորական դատախազը, զանգվածային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, վերահսկող կազմակերպությունների խորհրդի նախագահը: Ընդլայնված կազմն է՝ խորհրդի հիմնական կազմը, Գիտության զարգացման ազգային խորհրդի նախագահը, Հայերենի բարձրագույն խորհրդի նախագահը, Հայապահպանության համահայկական խորհրդի նախագահը, Գրողների միության նախագահը, կրթության, մշակույթի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները: Ազգային անվտանգության խորհուրդը համարվում է գործող, եթե առկա է խորհրդի հիմնական կազմի կեսից ավելին. հակառակ դեպքում՝ Երկրում հայտարարվում է արտակարգ իրավիճակ: Ազգային անվտանգության խորհրդի նիստերը նախագահում են խորհրդի հիմնական կազմի անդամները՝ պարբերական փոփոխելիության սկզբունքով:

Հոդված 109. Ազգային անվտանգության խոհրդի լիազորությունները, գործառույթները.

ա) մշակում է Հայոց ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, Հայոց ազգային անվտանգության հայեցակարգը,

բ) համապատասխան հիմքերի եւ պահանջի առկայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի եզրակացությամբ, կարող է լուծարել Օրենսդիր Ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն. արտահերթ ընտրությունն անցկացվում է լուծարումից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում,

գ) Հայաստանի Նախագահի պաշտոնավարման անհաղթահարելի խոչընդոտ առաջանալու կամ պաշտոնանկ անելու պահանջի դեպքում՝ Սահմանադրական դատարանի եզրակացության առկայությամբ, 1-ամսյա ժամկետում քննարկում եւ որոշում է կայացնում Նախագահի հրաժարականը պահանջելու, ընդունելու, արտահերթ ընտրություն նշանակելու մասին,

դ) Կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում՝ Սահմանադրական դատարանի եզրակացության առկայությամբ, 20-օրյա ժամկետում քննարկում եւ որոշում է կայացնում Կառավարության հրաժարականը պահանջելու, ընդունելու եւ Վարչապետի արտահերթ ընտրություն նշանակելու մասին,

ե) կարող է հայտարարել ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք, Հայաստանի անունից՝ պատերազմ,

զ) կայացնում է որոշում Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու, հատուկ կարգավիճակ ունեցող մարմինների ղեկավարների՝ համապատասխան մարմինների ներկայացրած թեկնածությունները հաստատելու մասին, ընդունում է, քննարկում եւ գնահատում այդ մարմինների տարեկան աշխատանքային հաշվետվությունները,

է) սահմանադրական կարգին սպառնացող վտանգի առկայության դեպքում իրավիճակը ներկայացնող ուղերձով դիմում է Հայաստանի քաղաքացիներին եւ իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ,

ը) հաստատում կամ մերժում է Օրենսդիր Ժողովի, Հայաստանի Նախագահի՝ նոր Ազգային Սահմանադրություն ընդունելու, սահմանադրական փոփոխություններ կատարելու, հանրաքվե նշանակելու նախաձեռնությունը:

թ) հաստատում է Օրենսդիր Ժողովի, Արդարադատության խորհրդի կանոնադրությունը, աշխատակարգը, Կառավարության կազմը, գործունեության ծրագիրը, աշխատակարգը,

ժ) Ազգային անվտանգության խորհուրդն իր լիազորությունները նշող բ), գ), դ), թ) կետերի գործառույթներն իրականացնում է հիմնական կազմով, ա), ե), զ), է), ը) կետերինը՝ ընդլայնված կազմով:

Հոդված 110. Հայերենի բարձրագույն խորհուրդը Հայաստանի լեզվական քաղաքականությունը մշակող, Հայերենի կանոնարկմանը, գործածությանը, ուսուցմանը, քարոզչությանը վերաբերող իրավական ակտերը, ծրագրերը, դասագրքերը փորձաքննող, հավաստագրող, նշագրող պետական կառավարման մարմին է:

Հայերենի բարձրագույն խորհուրդը վերահսկում եւ համակարգում է Հայաստանի լեզվագործածության ոլորտը, համագործակցում է արտերկրի հայագիտական, հայերենագիտական կենտրոնների հետ: Իրավատեր կողմ է Հայագիտության, Հայերենագիտության աղավաղումների դեպքում:

Հոդված 111. Գիտության զարգացման ազգային խորհուրդը գիտական հետազոտությունների առաջնահերթությունները որոշող, գիտական հիմնարկների աշխատանքը համակարգող, գիտության զարգացման հայեցակարգը մշակող պետական մարմին է:

Վերահսկող, ստուգող կազմակերպությունների խորհուրդը ստուգման գործընթացի անկախությունն ապահովող կառույց է:

Պետական պաշտոնավարման կադրային ծառայությությունը պետական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ապահովող, դասային աստիճանը բարձրացնելու, թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմող պետական պաշտոնյաների ատեստավորումն ու մրցույթը կազմակերպելու լիազորություններ ունեցող կառույց է:

Սահմանադրության հոդված 63-ում նշված հատուկ կարգավիճակ ունեցող մարմինների լիազորություններն ու գործառույթները սահմանվում են Ազգային Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Անցումային դրույթներ

Հոդված 112. Սույն Ազգային Սահմանադրությունը իրավազոր է դառնում հանրաքվեի դրական արդյունքի հիմքով՝ պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի օրենքներն ու մյուս իրավական ակտերը գործում են, եթե չեն հակասում Հայաստանի Ազգային Սահմանադրությանը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 14 (319), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։