Ցավոտ կետեր – (2-րդ մաս) Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Տեսլականին հասնելու 6 հիմնական ուղղությունները… Հայաստանում պետք է զարկ տալ «գինու զբոսաշրջությանը»…

Սկիզբը՝ թիվ 23-ում

http://www.hayary.org/wph/?p=4236 - Ցավոտ կետեր  (1-ին մաս)– Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Կարեւոր է, որ մենք հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը…

Հայաստանը անհիշելի ժամանակներից եղել է խաղողի ու գինու ծիսական կենտրոն ու կարեւոր է, որ հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը: Կա համապատասխան ռազմավարություն, որը նախանշում է բնագավառի զարգացման տեսլականը, ցուցանիշները, շուկաները, ու սրանք նույնպես ներկայացրել ենք:

Բայց ինչ քայլերով պետք է հասնել դրան: Գործողությունների ծրագիրը հիմնականում 6 ուղղություններ է նախանշում՝ 1. հումքի ապահովում, 2. իրավական դաշտի բարելավում, 3. ֆինանսական աջակցություն, 4. կարողությունների զարգացում, 5. միջազգային շուկաների առաջմղում, 6. գինու ներքին սպառման խթանում:

Հումքի ապահովման մասով եւ՛ գործադիրը եւ՛ գյուղնախարարությունն այն տեսակետին են, որ գինեգործության ոլորտի զարգացման ամենաառաջնային խնդիրը ոլորտին որակյալ եւ համապատասխան քանակությամբ խաղողի հումքով ապահովումն է: Հայկական գինիների մրցակցային առավելության հիմքում պետք է լինեն հայկական էնդեմիկ սորտերի օգտագործումը, հատկապես կարմիր: Դրանց ուսումնասիրությունը, սելեկցիան եւ այգետարածքների զարգացումը պետք է դառնա ռազմավարության կիզակետը: Ավելին՝ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ընդհանրապես խաղողագործության զարգացման համալիր ռազմավարություն մշակվի, որը կընդգրկի խաղողագործության բոլոր ուղղությունները (սեղանի, գինու, կոնյակի), այլ կերպ՝ կխոսի այսպես ասենք՝ գինեմետ խաղողագործության մասով:

Պետք է ամեն ինչ անել, որ այգետարածքները շատանան, հայկական խաողոի տեղական սորտերը բարելավեն: Երբ խոսում ենք հումքի ապահովումից, չպետք է մոռանանք բնական աղետների ու հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի մասին: Այստեղ էլ հանգում ենք հակակարկտային պաշտպանիչ համակարգի, բուժական տարբեր միջոցների հատվածին: Միայն այս երկու խնդրի լուծումը կբերի նրան, որ նվազագույնի հասցվեն աղետների եւ հիվանդությունների հնարավոր բացասական ազդեցությունը խաղողի բերքի որակի եւ քանակի վրա: Ինչ վերաբերում է հայկական սորտերի սելեկցիային. նախ ասենք, որ այն ենթադրում է գինու արտադրության համար մեծ ներուժ  ունեցող տեղական սորտերի ընտրություն եւ բազմացում: Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է գիտահետազոտական աշխատանքներ տանել  նաեւ կլիմայի փոփոխության հետ կապված  սորտերի ընտրության ուղղությամբ:

Հավելենք, որ անհատական նախաձեռնությամբ կատարվել են Արենի սորտի սելեկցիայի աշխատանքներ եւ ստացվել է 5000 որակյալ տնկի, որոնք նախատեսվում է բազմացնել եւ տրամադրել անհատ խաղողագործների: 2014թ. տնկարանի հիմնում է նախատեսվում: Գուցե գործող տնտեսությունների կողմից պետական պատվերով տնկիների աճեցման տարբերակ լինի:

Իրավական դաշտի բարելավման մասով՝ նյութիս սկզբում ասված վիճակին գալու համար հարկ է գինեգործության ոլորտը միջազգայնացնել, իսկ դրա համար կարեւոր նախադրյալ է ոլորտի կանոնակարգման եւ որակի վերահսկման համակարգի ամբողջականացումը եւ համապատասխանեցումը միջազգային չափանիշներին: Այս տեսակետից առաջնային խնդիրներից է մասնագիտացված որակի վերահսկման համակարգի ձեւավորումը: Հայաստանի գինեգործության ոլորտի միջազգայնացմանը կնպաստի նաև անդամակցությունը միջազգային մասնագիտացված կառույցներին: Հիմնական գործողություններն են՝ առկա օրենսդրության եւ կանոնակարգերի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, համալիր փորձաքննություններ անցկացնող լաբորատոր կառույցի ստեղծումը:

Ընդ որում՝ կարեւորվում է, որ լաբորատորիան լիովին անկախ կառույց լինի: Լաբորատորիայի ստեղծման ծրագիրը այս տարվա հունիսն է, բայց…

Ֆինանսական աջակցության մասով գյուղնախարարությունը նշում է, որ գինեգործության ոլորտի արտադրանքի ծավալների ընդլայնման եւ որակի բարձրացման առաջնային պահանջներից են հումքի բազայի ընդլայնումը եւ գինեգործական արտադրությունների վերազինումը: Նոր այգետարածքների հիմնումը եւ արտադրությունների վերազինումը պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ, ինչի պատճառով շատ գյուղացիական տնտեսություններ եւ արտադրողներ խուսափում են նման ներդրումներ կատարել: Ռազմավարական նախաձեռնության ֆինանսական աջակցության հիմնական նպատակը արտոնյալ ֆինանսավորման մեխանիզմներ ապահովելն է, որոնք կխթանեն եւ կաջակցեն արտադրողներին եւ գյուղացիական տնտեսություններին ընդլայնելու այգետարածքները եւ վերազինել արտադրությունները: Նախատեսվում է, որ վարկավորման նախապայմաններ կլինեն միայն ընտրված որոշակի սորտերի (հայկական գինեգործության տեսանկյունից հեռանկարային) այգիների հիմնումը: Նախատեսվում է, որ կտնկվեն այգետարածքներ մոտ 50 հա 2014թ. եւ 200 հա 2015թ.: Այս տարածքների կեսը՝ 50 հա 2014թ. եւ 100 հա 2015թ. նախատեսվում է հիմնել տրամադրված վարկային միջոցների հաշվին:

Ֆինանսական աջակցության մասով մեկ այլ քայլ է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումընոր տեխնիկա եւ սարքավորում ձեռք բերելու համար: Ֆինանսավորման աղբյուրը ՀՀ կառավարությունն է՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում: Գործի սկիզբը 2013թ.-ն է:

Կարողությունների զարգացման մասով – գինեգործական ոլորտի արտադրանքի որակի բարձրացման նպատակը պահանջում է համապատասխան եւ ժամանակակից հմտություններով մասնագետների առկայություն: Ներկայումս Հայաստանում կրթական հաստատությունները ոլորտի ժամանակակից պահանջներին բավարարող շրջանավարտներ չեն ապահովում (հիշյալ նախարարության կարծիքով) եւ գինեգործական շատ ընկերություններ որակյալ մասնագետների կարիք ունեն: Ըստ այդմ՝ հիմնական քայլը կլինի գինեգործների վերապատրաստումը՝ ծանոթացնելով առաջատար գինեգործական տեխնոլոգիաներին եւ փորձին:

Միջազգային շուկաներում առաջմղման մասով – այս շուկաներում գինիները մրցակցում են երկրների մակարդակով: Ցավոք, այնպես է ստացվել, որ Հայաստանը հիմա, որպես այդպիսին, չունի գինեգործական երկրի համբավ: Այդ իսկ պատճառով էլ արտադրողները իրենց արտադրանքն առաջ մղելու խնդիր ունեն հենց երկրի՝ գինու ոլորտում վարկանիշի բացակայությամբ պայմանավորված: Իսկ սա առանց պետության ջանքերի չի կարող լինել:

Մի խոսքով, պետությունը մասնավորի հետ համալիր գործողությունները պիտի մեկտեղի եւ միջազգային շուկայում հայկական գինուն տեղ անի:

Մեր գինին դրա ներուժը հաստատ ունի:

Հիմնական գործողություններ են նշվում միջազգային առաջխաղացման ջանքերը կոորդինացնող  «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) միության ստեղծումը (կամ դա կանի Զարգացման հայկական գործակալությունը), հայկական գինու վարկանիշի ձեւավորումը նպատակային շուկաներում, արտահանվող գինիների որակի բարելավման ինքնակարգավորման մեխանիզմների ձեւավորումը:

Հայաստանում պետք է զարկ տալ նաեւ զբոսաշրջության մի ճյուղի, որ կարելի է անվանել իբրեւ գինու զբոսաշրջություն (այս թեմային գուցե առիթով անդրադառնանք):

Գինու ներքին սպառման խթանման մասով – հայկական գինու ներկայիս հաճախ ոչ բարձր որակի հիմնական պատճառներից մեկը Հայաստանում գինու նկատմամբ պահանջարկի թույլ զարգացվածության աստիճանն է, երբ սպառողների մեծամասնությունը չունի խիստ, կոնկրետ արտահայտված պահանջներ սպառվող գինու որակի նկատմամբ (գործադիրի տեսակետն է): Ի լրումն, Հայաստանում մեկ շնչին ընկնող գինու սպառումը շատ ցածր է եւ բազմաթիվ անգամներ զիջում է այլ գինեգործական երկրների ցուցանիշներին, ինչպես նաեւ օղու եւ գարեջրի Հայաստանում սպառման ծավալներին: «Գինու սպառման մշակույթի խթանում Հայաստանում» ռազմավարական նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ եւ ձեւավորել որակյալ գինու նկատմամբ տեղական պահանջարկ: Արդյունքում ակնկալվում է, որ առավել տեղեկացված բնակչությունը ավելի շատ կսկսի սպառել գինի եւ առավել պահանջկոտ կլինի սպառվող գինու որակի նկատմամբ: Հիմնական գործողություն է դիտարկվում գինու փառատոնների եւ տոնավաճառների կազմակերպումը:

Ու քանի որ այս ամենով հանդերձ՝ գլխավոր խնդիրներից մեկը դարձյալ մնում է արտահանման գործի կազմակերպումը, հետաքրքիր է անդրադառնալ այլ երկրների փորձին ու արտահանման առումով քաղաքականությանը եւ երբեմն նույնիսկ ոչ ազնիվ քաղաքականությանը (ինչին մենք հաստատ դիմելու կարիք չենք ունենա, որովհետեւ ունենք հիմքը՝ գինու մշակույթը): Այս մասին՝ հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։