Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

Սկիզբը՝ թիվ 27-ում

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Այժմ անդրադառնանք Հնդկաստան անվան վերլուծությանը:

Օտար եւ հայերեն աղբյուրներում տեղեկություն չկա Հնդկաստան անվան ծագման վերաբերյալ: Նույնիսկ Գ. Ջահուկյանի «Հայերենը եւ հնդեվրոպական լեզուներ­ը» գրքում չի պարզաբանվում՝ այդ ո՞րն է «հնդեվրոպականը» եւ ի՞նչ է նշանակում դրա առաջին՝«հնդ» արմատը:

Բառարանի «Հայերենը եւ իլիրերենը» բաժնից տեղեկացանք, որ իլիրերեն and բառը հայերեն նշանակում է «անդ», «հանդ», «անդեայ»:

ոյություն ունի հնդկահայերեն խոսվածք (Ջուղայի բարբառ): Խոսվել է Ջուղա քաղաքում, այժմ  խոսվում է Պարսկաստանի Նոր Ջուղա, Շիրազ քաղաքներում: Ջուղայի բարբառ, հայերենի բարբառ: Մտնում է Արարատյան կամ Հյուսիս-արեւելյան բարբառախմբերի մեջ (ՀՍՀ. 6):

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում Հանդաստան (Հանդ-անդաստան) նշանակում է՝ «հանդերը, դաշտերն ու արտերը», որից հետո արվում է հետեւյալ մեջբերումը՝ «Կհսկեր Սասմա հանդ ու հանդաստան (ԱԻ­)», որտեղ հանդ ու հանդաստանը, հավանաբար, Սասնա երկիրն է:

Մենք ենթադրում ենք, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերեն «հանդ/հուն­դ» արմատից եւ «ստան» վերջավորությունից, ինչը նշանակում է «երկիր», «տուն»: Ընդ որում «հանդ/հուն­դ» բառերը փոխկապակցված են:

Որպեսզի համոզվենք դրանում, մի մեջբերում անենք Ֆուլկանելիի «Տայնի գոտիչեսկիխ սոբորով ի էզոտերիչեսկայա ինտերպրետացիյա սիմվոլով Վելիկովո Դելանիյա» գրքից: «Նյութը (մատերիան) իր էությամբ ոգի է եւ մեզ համար անտեսանելի է մեր թերի զգայարանների պատճառով: Այդ ոգին կոչվում է հունդ, սերմ (semence), որից առաջացել է ողջ կենդանի Բնություն­ը»: Քանի որ «հանդ»-ը (մատերիան) բաղկացած է «հունդից», ապա երկու բառն էլ ունեն «ոգի» իմաստը:

Ըստ հին հույն փիլիսոփա Անաքասգորասի՝ նյութական աշխարհը կազմված է սերմերից, որոնք տարբերվում են իրարից մեծությամբ: Սակայն ամենամեծ սերմն էլ աչքի համար անտեսանելի է: Նա համարում է« որ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը:

Այսպիսով՝ Հնդկաստան բառը« որը կազմված է «հանդ»=«հունդ» =«սերմ»=«ոգի» արմատից եւ «ստան» վերջավորությունից, բառացի նշանակում է Սերմի երկիր, կամ Ոգու երկիր, ու քանի որ Երկիրը «ոգի» է առնում Արևից, ապա նաեւ կնշանակի Արեւի երկիր:

Նույն իմաստն ունի Ղոշուն Դաշը (Քարահունջ աստղադիտարանի հին անվանումը), որը նշանակում է Աղավնու Դաշտ (Ոգու Դաշտ): Ելնելով այն բանից, որ Քարահունջի կենտրոնական ձվաձեւ շրջանը Երկրի խորհրդանիշն է եւ «դաշտը» նույն «հանդն» է, ապա կնշանակի նաեւ Ոգու երկիր:

Հնդկաստան անվանումը համապատասխանում է Էդեմին, որը ասորական սեպագիր արձանագրություններում կոչվում է Հինդանի կամ Հանդանիա (ինչպես գրում է Ե.Բլավատսկայան), ինչը նույն հայերեն Հանդաստանն է:

Հ. Մարտիրոսյանի «Աստվածաշնչյան Հայաստա­ն» (միջազգային գիտաժողով, Օշական 1999թ.) հոդվածում ասվում է. «Բյուրակն (Սերմանց)-Նպատ լեռնաշղթաները մարդկության ծագման օրրան նախաստեղծ Աշխարհի Սրբազան երկգագաթ լեռներն են, ինչը Երկրի գագաթն է, Երկնքի հենարանն ու երկրային ջրերի (դրախտի չորս գետերի) ակունքը: Սերմանց լեռնանունը բնիկ հայերեն «սերմ»=«ցեղ», ծնունդ, սերունդ արմատի հոգնակի սեռական ձեւն է, բառացի նշանակում է «Սերմերի լե­ռ», «Սերմաժայթքող լե­ռ»:

Սերմանց լեռը եւ Հնդկաստանը ունեն նույն իմաստը՝ «Ոգու լե­ռ», «Ոգու երկի­ր»:

Հայերեն «սերմ» բառը ունի նույն իմաստը, ինչ շումերերեն «kus» (քուշ/կուշ) բառի ընթերցման տարբերակներից մեկը՝ «su»=«ցեղ, տոհմ, սերունդ», որը թույլ է տալիս եւս մեկ անգամ պնդելու, որ Հնդկաստան անվանումը իր «հանդ»=«հունդ»=«սերմ» արմատով եւ «ստան» վերջավորությունով ծագել է հայերենից:

Մեր նախնիները Հնդկաստան են անվանել ոչ միայն մարդկության օրրանը՝ Հայաստանը, այլ նաեւ ամբողջ բնակելի աշխարհը, ինչպես օրինակ, հույները բնակելի աշխարհը հնում անվանել են «Օյկումենա»: Նոր հողերի հայտնաբերման եւ բնակեցման ժամանակներում նրանք իրենց հետ տարել եւ տարածել են հայկական լեռնաշխարհի տեղանունները, մշակույթը, գիտելիքները եւն, որոնց հետքերը պահպանվել են առ այսօր տարբեր ժողովուրդների առասպելների, գրականության, մշակույթի եւ լեզուների մեջ:

Օրինակ, ինկերի պաշտոնական նախնին է համարվել Ինտին (Արեւը) եւ նրա կինը՝ Մայր Կիլլան (Լուսինը), բայց գլխավոր Աստվածն է եղել Վիրակոչան՝ Տիեզերքի արարիչը:

Կենտրոնական Ամերիկայի ցեղերի լեգենդներում Վիրակոչան ունի սպիտակ մաշկ եւ երկար մորուք:

Մեկ այլ լեգենդում ասվում է. «Որպիսի իզուր չկորի գիշերային ժամանակը, Ինկա Պաչակուտեկը կանգնեցրել է Արեւի կառքը եւ կապել մեծ լուսատուն Ինտիուտան սարին, որով նրան հաջողվեց օրը դարձնել մշտակա­ն»:

Այս երկու լեգենդներից պարզ երեւում է« որ Ինտիուտունը Արեւի տունն է (Ոգու տունը):

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի­ց» ծանոթանանք պահպանված որոշ տեղանուններին.

– Ինդի՝ գյուղ Արեւմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգում,

– Ինդորան՝ գյուղ Արեւմտյան Հայաստանում, Վան նահանգի Հայոց ձոր գավառում,

– Ինդուա՝ ճանապարհային կայան Մեծ Հայքում,

– Ինդուսա՝ գյուղ Վրաստանում, Ասպինձայի շրջանում,

– Հինդանի՝ հնագույն երկրամաս, հիշատակված ասորական սեպագիր արձանագրություններում: Տարածված է Վանա լճի արեւմտյան կողմում,

– Հինտե, Հինդե՝ գյուղ Արեւմտյան Հայաստանում՝ նշված Լինչի քարտեզների վրա,

– Հնդկձոր, Հնդձոր՝ գյուղ Բիթլիսի նահանգում,

– Հնդկաստան, Հնդստան՝ գյուղ Արեւմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում…

Այս ցուցակին կարելի է ավելացնել Հինդուկուշը, որը եղել է Կովկասի հնագույն անվանումը (Ե. Բլավատսկայա. «Ռազոբլաչյոննայա Իզիդա»):

Ա. Մակեդոնացու աշխարհակալության քարտեզների վրա (ՀՍՀ, 1) Պարապանիս լեռները հույներն անվանել են նաեւ Հնդկական Կովկաս:

Հնդկական եւ չինական քարտեզի վրա այս լեռները նշված են որպես Հինդուկուշ լեռներ:

Էբատորֆի աշխարհացույցում ասվում է, որ Կովկասյան լեռներն սկսվում են արեւելքում՝ Չինական ծովից եւ, կամարաձեւ ձգվելով հյուսիս-արեւմուտք, հասնում են գրեթե մինչեւ Եվրոպա:

Պատմություն

Բագրատ Ուլուբաբյանն իր  «Մովսես Խորենացու Հայոց պատմության նոր թարգմանությու­ն» գրքում գրում է. «Հայ հին հեղինակները, ըստ Էմինի, Թետալիա են կոչել Բակտրիան կամ Քուշանաց երկիրը. Հնդկաց Արշակունի տոհմի երկիրը: Այդ դեպքում, սակայն, Արշակ Մեծն ինչու՞ էր այդ երկիրը տալիս Վաղարշակի­ն»:

Հանրագիտարանում (ՀՍՀ, 12) Բ. Ուլուբաբյանն անդրադառնալով վերը նշված թեմային, գրում է. «… Սակայն V դ եւ հետագայի հայկական աղբյուրները Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Սեբեոսի այլոց երկերը» քուշանների եւ նրանց թագավորության մասին խոսում են ինչպես իրենց ժամանակ էլ գոյություն ունեցող երեւույթի: Ճիշտ է, հայ հեղինակները հաճախ քուշաններին նույնացրել են հոների, նույնիսկ հեփթաղների հետ, սակայն այս հանգամանքը կարող է լոկ նշանակել, որ հայ հեղինակները հոներին ու քուշաններին համարել են ցեղակիցներ»:

Հնդկաց Արշակունի տոհմ ասելով՝ հին հեղինակները նկատի են ունեցել Մեծ Հայքի հայ Արշակունիների արքայատոհմը (66-428), ոչ թե Արշակունիների պարթեւների ճյուղը, իսկ Հնդկաց Արշակունի տոհմի երկիրը Հայոց երկիրն է, Քուշանաց երկիրն է կամ Հնդկաստանն է, որի անվան տակ միավորվում են վերը բերված բոլոր անվանումները:

Քուշաններին առավել լավ ճանաչող հնդիկները նրանց անվանել են «սակեր», այլ հեղինակներ էլ՝ «թոխարներ», «հոներ»:

Այստեղ հետաքրքիրը այն է, որ օտար հեղինակների համար «քուշաններ», «սակեր», «թոխարներ» անվանումները մեկնաբանվում են որպես տարբեր ցեղերի անվանումներ:

Իսկ հայերենում այս բոլոր՝ երեք անվանումներն էլ ունեն մեկ իմաստ՝ «քուշ/ղու­շ»=«սակ/սա­գ»=«թոխ/դո­խ»=«թռչուն», որտեղ «ղուշն» ու «դոխը» որոշ հայերեն բարբառներում նշանակում է աղավնի:

Մենք համարում ենք, որ քուշանները, սակերը եւ թոխարները նույն ցեղից են, մեր ցեղակիցներն են՝ Անգղ Աստծո արեւորդիներն են:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (հ IV) քուշաններին ներկայացնում են որպես թաթարական ցեղ, որը V դ ապրում էր Պարսկաստանի հյուսիսում, իսկ  «քուշանական» բառի բացատրումից հետո արվում է հետեւյալ մեջբերումը. «Հայոց այրուձին սովոր էր քուշանաց պատերազմի­ն» (Դ.Դ.):

Այսպիսի անհեթեթ բացատրությունից հետո (հեղինակը չի նշված) որոշեցինք անդրադառնալ նաեւ Քուշանաց թագավորության թեմային, որը սերտ կապ ունի «Հնդկաստանների» հետ:

Հիրավի քուշանները եղել են մեր ցեղակիցները, բայց «հայ քրիստոնյա եղբայրները» իրենց «Լուսավորչի» գլխավորությամբ այնպես են ավերել մեր պատմական անցյալը, որ նույնիսկ այդ ժամանակների հեղինակները ստույգ չգիտեին, թե ովքեր են քուշանները եւ ինչու են այդպես կոչվել:

Այժմ XXI սկզբին ստիպված ենք մեր փառավոր անցյալի մասին տեղեկություններ հայթայթել օտար աղբյուրներից:

Բ. Ստավիսկին («Ինդիա վ դրեվնոստի») գրքում գրում է. «Մեր տարեգրության իրադարձությունների ժամանակաշրջաններից մեկը հնագույն պատմության մեջ, դրանք հզոր կայսրությունների տիրակալության ժամանակներն էին: Հռոմը՝ Միջերկրականում, Պարթեւստանը՝ Մերձավոր Արեւելքում, Խանը՝ Չինաստանում եւ Քուշանանց կայսրությունը՝ այժմյան Միջին Ասիայի, Աֆղանստանի եւ Հյուսիսային Հնդկաստանի տարածքներում:

Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ ռազմաքաղաքական եւ մշակույթային կապերով: Բայց եւ այնպես, այս կայսրություններից մեկը՝ Քուշանաց կայսրությունը մասնավորապես նրա հյուսիսային մարզերը՝ Բակտրիան, Խորեզմը եւ Սողդը շատ թույլ են ուսումնասիրված: Այս խնդիրը՝ սովետական գրականության մեջ շատ զգուշորեն էր  շոշափվում, իսկ այլ երկրների հեղինակների կողմից ընդհանրապես անտեսվում էր:

Օրինակ՝ Ուիլերը («Ռիմ զա իմպերսկիմի ռուբեժամի») գրքում ոչ մի բան չի հատկացրել Միջին Ասիային (չէ որ գրքի մեկ երրորդը նվիրված է Ասիային): Հեղինակը ուշադիր հետազոտել է Հռոմի կապերը Հնդկաստանի, Պարսկաստանի եւ Աֆղանստանի հետ, բայց հասնելով Միջին Ասիային, շտապել է անցնել Հեռավոր Արեւելքին»:

Սովետական հնագետ Վ. Սարիանիդին 1969-1979թթ. իր արշավախմբով պեղումներ է կատարել Աֆղանստանում: Պեղումները ցույց են տվել, որ բրոնզե դարում այստեղ ամենահանրածանոթ կուռքն է եղել թեւավոր աստվածուհին, որը պատկերված է շատ իրերի եւ կնիքների վրա:

Հնագետները սկզբում ենթադրել են, որ դա հունական Աֆրոդիտեն է, բայց հետո հրաժարվել այդ գաղափարից, որովհետեւ հունահռոմեական արվեստում ոչ մի տեղ Աֆրոդիտեն պատկերված չի եղել թեւերով, իսկ բակտրիական նմուշների վրա նա ունի լայն բացված թեւեր: Սարիանիդին իր «Բակտրիա սկվոզ մգլու վեկով» գրքում մեջբերում է անում Հերոդոտոսի «Պատմությունից», որում գրված  է. «Բալխում երկրպագում էին արեւին, լուսնին, հողին, կրակին եւ ջրին: Կան տվյալներ, որ Բալխում է գտնվել Անահիտ (Անահիտա) աստվածուհու հռչակավոր տաճարը նրա արձանով, որը տաճարին է նվիրել Արտաքսերքսես Մեմնոնը (404-358 մ.թ.ա.)»:

Ավելացնենք, որ «Պատմությունում» Հերոդոտոսը հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին՝ ասիական եւ աֆրիկյան:

Այստեղ պարզ է, որ ասիական Եթովպիան Քուշանաց թագավորությունն է, իսկ աֆրիկյանը Քուշն է, որը եղել է Եթովպիայի հին անվանումը:

Բակտրիայի հնագույն անվանումը եղել է Բախտի, որը հունարենում հնչեցվել է որպես Բակտր, իսկ Միջնադարից սկսած առ այսօր կոչվում է Բալխ:

Բալխ գյուղ է եղել նաեւ Արեւմտյան Հայաստանում, Բալխա՝ գյուղ Թիֆլիսի նահանգի Ախալքալաքի գավառում, այժմ՝ Բալխո՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում:

Բ. Ուլուբաբյանը գրում է. «…V դ. դեռեւս Քուշանական թագավորներն էին նստում Ղանդաղաբում եւ Փենջապում, սակայն այդ ժամանակ հին Քուշանստանի հյուսիսային նահանգների տերն էր Սասանյան Իրանը, որի հզորությամբ էլ անշուշտ պայմանավորված է եղել Քուշանական թագավորության անկումը…

Քուշանական թագավորության արագորեն զարգացող քաղաքներում կառուցվել են միջնաբերդեր ու պաշտպանական հզոր պարիսպներ (Թարմազ, Բալխ, Սիսուկի եւ այլն)…»:

Շարունակելի

Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։