Անկարան շարունակում է զինել ահաբեկիչներին – Հայաստանն ու Արցախը շարունակում են աջակցել եզդիներին – Թուրքիան շարունակում է իր գաղտնի ցանցերը ստեղծել Սիրիայում եւ Իրաքում…

Վերջերս իրաքյան Քրդստանի նախագահական խորհրդի ղեկավար Ֆուադ Հուսեինը հայտարարել է, որ Թուրքիան հրաժարվել է զենք տալ իրաքցի քրդերին՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու համար: Նա ասել է, որ ինքը գաղտնի այցելել է Անկարա եւ Թուրքիայից զենք խնդրել պայքարելու համար, եւ բացասական պատասխան է ստացել: Թուրքական կողմը մերժումը հիմնավորել էր Մոսուլում թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցների դեռեւս ծայրահեղականների ձեռքում պատանդ պահվելով ու Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններով:

Քուրդ առաջնորդը չի նշել, թե Թուրքիայում հատկապես ում է հանդիպել եւ ովքեր են մերժել պաշտոնական Էրբիլի խնդրանքը: Անկարան համաձայնվել է միայն հումանիտար օգնություն ցուցաբերել իսլամականների հետ բախումների շրջաններից գաղթած բնակչությանը: Հետաքրքիր է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաեւ իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումարից հետո առանձնազրույց է տեղի ունեցել Բարզանի-Էրդողան-Դավութօղլու կազմով:

Իսլամականների դեմ կռվելու համար իրաքցի քրդերին արդեն սկսել են զենք եւ սպառազինություն մատակարարել ԱՄՆ-ն եւ եվրոպական որոշ երկրներ:

Իսկ միջազգային զլմ-ները հայտնել են այն մասին, որ Թուրքիան գաղտնի զենք-զինամթերքով եւ սնունդով է ապահովում ծայրահեղ իսլամականների զինյալներին: Անկարան ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Իրաքի՝ փորձում է օժանդակելով իսլամականներին մասնատման տանել Սիրիան եւ Իրաքը, ինչը թույլ կտա տիրել նոր տարածքների, նաեւ նավթի ու գազի պաշարներով հարուստ:

Իսլամականները չեն թաքցնում, որ բոլոր մահմեդականներին են համախմբելու իրենց ստեղծած խալիֆության շուրջ եւ պատրաստվում են Թուրքիայի դեմ պատերազմի ուղարկել իրենց շարքերում կռվող 4 հազար թուրքերի: Սա ցույց է տալիս, որ Անկարան ինչքան էլ փորձում է վերահսկել իրավիճակը, չի կարողանում: Իմիջիայլոց, իսլամականների զինյալների մեջ կան նաեւ ադրբեջանցիներ:

Նշյալ 4 հազար թուրքերի Մոսուլում հատուկ նախապատրաստություն են անցնում Թուրքիայի վրա հարձակվելու համար: Հատուկ վարժանքներ են անցկացվում Թուրքիայի տարբեր շրջաններում գործելու համար: Վարժանքների կենտրոն է ստեղծել, որի ֆինանսավորումը կատարում է Սաուդյան Արաբիան: Այս արաբական պետությունը համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը, բայց պարբերաբար զինում է ծայրահեղ իսլամական խմբավորումների: Հիշեցնենք, որ չեչենական պատերազմների ժամանակ ռուսական բանակի դեմ կռվում էին նաեւ արաբ վահաբականները, իսկ իսլամական այս ուղղության՝ վահաբականության կենտրոնը Սաուդյան Արաբիան է:

Բայց Թուրքիան չի նահանջում եւ փորձում է իր գաղտնի ցանցերը ստեղծել Սիրիայում եւ Իրաքում: Վերջերս «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում կռվող թուրքմենները ձերբակալել են իսլամիստ 3 զինյալների, ովքեր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներ են: Թուրք լրտեսների ձերբակալությանը մասնակցած Նիհաթ Յալնըզը նշել է, որ թուրք լրտեսներին ձերբակալել են Ամերիլի ճակատում ընթացող մարտերի ժամանակ: Իրաքցի թուրքմենը Twitter-ում նախկին ԱԳ նախարար, այսօր՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հղած ուղերձում նշել է. «ԻԼԻՊ-ի կազմում թուրքմեններին կոտորող Մահմուդ Յըլդըրըմ անունով հետախուզության լրտեսը գլխացավանք կլինի ձեզ համար: Մենք նրա կարմիր անձնագիրը կուղարկենք Հաագայի տրիբունալ»:

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության լրտեսը խոստովանել է, որ Իրաքի բանակի վերաբերյալ Թուրքիայի «Գյոքթուրք 2» արբանյակից ստացած տեղեկությունները հայտնել են իսլամականներին: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան 1 բարելը 30 դոլարով նավթ է գնել իսլամականներից եւ դրա փոխարեն նրանց տվել զենք, դեղորայք եւ սնունդ: Հայտնել է, որ ԱՀԿ-ի լրտեսների մոտ հայտնաբերել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի բջջային հեռախոսահամարը: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թուրքիան աջակցում է ԻԼԻՊ-ի իսլամիստ ահաբեկիչներին: Ստացվում է, որ իր հետախույզների միջոցով աջակցություն ցուցաբերելով ԻԼԻՊ-ի զինյալներին, Թուրքիան օգնում է կոտորել իր արյունակից թուրքմեններին. սա են հայտարարել  թուրքմեն զինյալները:

Իրաքյան եզդիների վիճակը եւս շարունակում է մնալ նույնը, նրանց հանդեպ բռնություններն ու կոտորածը չի դադարում: Ըստ ՀՀ-ում Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եզդիների հարցը բարձրացրել է Կոնգրեսում եւ դրանից հետո Իրաքի կառավարությունը ԱՄՆ կառավարության որոշման հիման վրա զինում է եզդիների ջոկատներին: «Զենքերն արդեն ընդունել են եւ թվով 20 հազար եզդիներ զինվել ու պատրաստ են կռվելու: Նախկինում զինվածների թիվն ընդամենը հազար է­ր»,- ասել է Եզդիների միության նախագահը: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Իրաքի եզդիներին տրամադրված 100 հազար դոլար մարդասիրական օգնությանը՝ նա նշել է, որ այդ գումարը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի փախստականների հաշվեհամարին, որից հետո Կարմիր խաչի օգնությամբ կհասնի եզդիներին:

Գարեգին Բ կաթողիկոսը եւս կոչ է արել՝ անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:

Նման կոչով՝ արեւապաշտ եզդիների պաշտպանությամբ (նաեւ մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների) հանդես են եկել նաեւ հայ արիադավան-հեթանոսները, Հայ արիական միաբանությունն ու Հայ ազգայնականների համախմբումը նաեւ հանդիպումներ են ունեցել եզդիների ներկայացուցիչների հետ:

http://www.hayary.org/wph/?p=4350 – Համաշխարհային հին ծրագրի նոր խաղարկման ճանապարհին – Հայ արիականներն ու ազգայնականները սատարեցին արեւապաշտ եզդիներին եւ տարածաշրջանի հալածյալ ազգերին… Ովքե՞ր են կոտորում եզդիներին, հայերին, ասորիներին…

Ըստ ՀՀ եզդի համայնքի պատասխանատուների, Հայաստանն ամենաապահով տեղն է եզդիների համար: Իրաքի հյուսիսային մասում ապրող եզդիների արտագաղթը նոր թափ է առել եւ այստեղ բնակվող 3 միլիոն եզդիներից 1.5 միլիոնն արդեն գաղթել է: Առավելապես արտագաղթել են Սիրիա, Հայաստան եւ Թուրքիա: Վերջինիս հետ կապված մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս, քանի որ Թուրքիայի սահմանն անցնելու ժամանակ եզդիները լուրջ դիմադրության են հանդիպում: Անկարան իրականում չի ցանկանում աջակցել գաղթյալներին:

Իրաքաբնակ շատ եզդիներ ցանկություն են հայտնել տեղափոխվել եւ բնակություն հաստատել Հայաստանում, սակայն նրանց հստակ թվային տվյալների մասին ոչինչ հայտնի չէ: Այս օրերին եզդիաբնակ գյուղերում հանդիպումներ են ունեցել համայնքի ղեկավարները եւ ճշտել են, թե ովքեր են պատրաստ իրենց ընտանիքներում ընդունել եւ ապաստան տալ իրաքաբնակ իրենց եղբայր եզդիներին:

ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը հայտնել է, որ բոլորովին դեմ չեն, որ Իրաքի եզդիները բնակություն հաստատեն Հայաստանում եւ Արցախում. «Հայաստանը եզդիների համար ամենաապահով երկիրն է, քանի որ մեզ այստեղ ինքնուրույն ազգային միավոր են դիտում, գիր-գրականություն ուսուցանելու հնարավորություն ընձեռում»:

«Մենք հպարտ ու զգացված ենք նաեւ արցախցիների պատրաստակամությունից: Արցախի նախագահի խոսնակը հայտարարել է, որ պաշտոնապես Ստեփանակերտը եզդի ժողովրդի հետ է եւ պատրաստ է աջակցության: Չնայած այս կոչը զայրացրել է Անկարային ու Բաքվին, բայց եզդիները չեն բացառում, որ կարող են գաղթել նաեւ Արցա­խ»,- ասել է Եզդիների հոգեւոր շեյխ Բրո Հասանյանը: Նա անգամ զարմացել է Արցախի իշխանությունների այդ համարձակ կեցվածքից: Շեյխ Բրո Հասանյանը նաեւ նախկին ազատամարտիկ է, մասնակցել է Քաշաթաղ-Լաչինի ինքնապաշտպանության մարտերին ու ասում է, որ հիմա հպարտ է, որ «իր ու եղբայր եզդիների պայքարի ու արյան գնով ազատագրված տարածքում են այդքան համարձակ արձագանքում Իրաքի եզդիների նկատմամբ ձեռնարկվող ցեղասպանությանը եւ բարոյական աջակցություն առաջարկում»:

Ամեն դեպքում սրվում են նաեւ թուրք-քրդական հարաբերությունները: Քրդերն ակտիվանում են նաեւ Թուրքիայում, նրանք Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին պղծել եւ այրել են օրերս: Ենթադրվում է, որ սա արվել է Թուրքիայի քրդաբնակ Լիջեյի շրջանում ՔԲԿ-ի առաջին հրամանատարի հուշարձանը հանելու ժամանակ՝ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ընթացքում քուրդ երիտասարդի սպանության դեմ բողոքի դուրս եկած քուրդ երիտասարների կողմից: Դեմքերը փակած եւ ՔԲԿ-ի դրոշներով երիտասարդները սկզբում փողոց են փակել եւ անցնող մեքենաները խուզարկել, որից հետո հրդեհել են Աթաթուրքի կիսանդրին, տեղից պոկել ու գետնի վրա գլորել:

Իսկ Անկարան զգուշանում է նոր թուրք-քրդական առճակատումից, ինչը կվերածվի մի նոր զինյալ հակամարտության: Եվ այս իրավիճակում դա մասնատման կտանի հենց Թուրքիային:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։