Տարածաշրջանային շահեր, որ աշխարհաքաղաքական են – Առկա հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող – տարանցիկ երկիր…

http://www.hayary.org/wph/?p=4345 – Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկմանն անդրադարձանք այն խնդրին, որ նավթա-գազային ոլորաններում Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ իրանական գազի համար: Իհարկե, դա հնարավոր է, քանի որ հենց Թեհրանի առաջարկն է, որպեսզի Երեւանը համաձայնի տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում Հայաստանը դարձնել տարանցիկ կողմ: Հայտնի է, որ իրանական կողմը նպատակ ունի Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ դեպի Եվրոպա նոր ենթակառուցվածքներ նախաձեռնել՝ ավտոմայրուղի, երկաթուղի եւ գազատար:

Ռուս-ուկրաինական ռազմա-քաղաքական եւ ռուս-ադրբեջանական նավթա-գազային հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող հենց վերոնշյալ տարանցիկ հարցերում: Իրանն ու Հայաստանը շահագրգռված են սկսել աշխատանքները, Վրաստանն էլ թերեւս դեմ չէ, բայց կսպասի Արեւմուտքի հրահանգին:

Հայաստանն ու Վրաստանը, չնայած որոշակի արտաքին քաղաքական տարբեր առաջնահերթություններին եւ կողմնորոշումներին, շարունակում են միմյանց համար ռազմավարական նշանակություն ունենալ: Հակահայ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հեռանալուց հետո, վերջին 1-2 տարվա ընթացքում բարձր մակարդակով իրականացվող այցերը դա են նպաստում: Այդ ընթացքում Հայաստանի ու Վրաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, թե աշխարհաքաղաքական նոր զարգացումների համապատկերին ամեն ինչ կանեն, որ հարեւան երկրների հարաբերությունները չտուժեն:

Իհարկե, հայ-վրացական հարաբերությունների զարգացումը կապված է ռուս-վրացական կարգավորման գործընթացի հետ եւս, ինչը թերեւս ոգեւորիչ չէ: Չնայած Մոսկվան հայտարարել է, որ Եվրասիական միության շրջանակում ապագա ծրագրերը շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե Ռուսաստանն ու Վրաստանը եւս համագործակցեն: Խոսքը նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկմանն է վերաբերում, ինչը հնարավորություն կտա երկաթուղային կապ հաստատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Սա, իհարկե, առավել շահեկան կդարձնի Հայաստանի դերն ու նշանակությունը, քանի որ Իրան-Հայաստան-Վրաստան կապը կուղղորդվի ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան: Ինչը շահեկան կլինի ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմա-քաղաքական առումով:

Բայց ուկրաինական զարգացումները արգելակում են առանց այդ էլ դանդաղ, նաեւ առաջ գնալու միտում ցուցաբերած ռուս-վրացական կարգավորման գործընթացը: Այնուամենայնիվ, Վրաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ ռուս-վրացական երկխոսությունը կշարունակվի, եթե նույնիսկ Ռուսաստանը վարի Ուկրաինայի համար անընդունելի քաղաքականություն:

Իսկ սա արդեն հուսադրող է հայկական շահերի տեսանկյունից:

Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը Իրան-Ռուսաստան ուղղությամբ գուցե մեծ ծավալումների չհասնի առաջիկայում (բայց հեռանկարային է), սակայն Իրան-Արեւմուտք մերձեցման առումով հաստատ արագորեն կծավալվի: Արդեն հստակ է, որ Իրանը Եվրոպայի համար կարող է դառնալ դեպի Արեւմուտք վառելիք արտահանող կարեւոր երկիր: Թեհրանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման պայմաններում Հայաստանը կարող է հենց այդ կապող օղակ դառնալ իրանական գազը Վրաստանով Եվրոպա տեղափոխելու համար, ինչի մասին խոսեցինք վերեւում: Սա շատ կարեւոր է, քանի որ միանգամից շրջանառությունից դուրս են գալիս «Նաբուկո» թուրքական ծրագիրը վերակենդանացնելու թուրք-ադրբեջանական փորձերը:

Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղղությունը կարեւոր է հենց այս առումով, որպեսզի Իրանը մոտ չգնա «Նաբուկո»-ի վերակենդանացման փորձերին: Իսկ առանց իրանական նավթա-գազային պաշարների՝ ադրբեջանական նվազ պաշարների գործոնը զրոյական է դառնում:

Բաքուն եւս սա հասկանում է ու պայքարում է շահեկան երթուղիների համար: Նախկին «Նաբուկո» գազատարի փոխարեն փորձում է Եվրոպա հասցնել 3 խողովակաշարով: Այստեղ առկա է նաեւ կասպյան այլ երկրների՝ Ղազախստանի ու Թուրքմենստանի մասնակցությունը, ինչը հատկապես Վաշինգտոնի քաղաքականության առաջնահերթություններից է: Վաշինգտոն-Մոսկվա հակամարտությունը ոչ միայն Մերձավորարեւելյան ու Կովկասյան տարածաշրջաններում է, այլ նաեւ՝ Միջինասիական:

Ինչեւէ, մեր իշխանությունները շարունակում են հայ-վրացական համագործակցության ծավալմանն ուղղված քայլերը: Կառավարությունը դեռ օգոստոսին խոսել է Հասատանում 540 ՄՎտ հզորության գազային նոր էլեկտրակայան կառուցվելու մասին: Այն կառուցվելու է «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից, իսկ ներդրումային ծրագիրը կազմելու է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար:

Ի դեպ, նախապես զարմանք էր հարուցել անհայտ մի կազմակերպության նմանատիպ խոշոր ներդրում կատարելու նպատակահարմարության հարցը, սակայն պարզվեց. որ դա վրացական կազմակերպություն է՝ միջազգային կոնսորցիում է, որը հիմնադրվել է աշխարհահռչակ «British Eco Power», «China Power», «Citik Group» (Hong Kong) կազմակերպությունների կոողմից: Ինչպես տեղեկացրել է «Anaklia IEP Holding»-ի գլխավոր տնօրեն Թեյմուրազ Կարչավան, նոր էլեկտրակայանը նախատեսվում է կառուցել Վանաձորում՝ նախկին ՋԷԿ-ի տարածքում, այն բաղկացած է լինելու 2 էներգաբլոկներից՝ յուրաքանչյուրը 270 ՄՎտ հզորությամբ: Նոր էլեկտրակայանը կառուցվելու եւ շահագործվելու է Հայաստանում տեղծվող «Անակլիա էներջ­ի» ընկերության կողմից:

Արտադրվելիք գրեթե ամբողջ էլեկտրաէներգիան արտահանվելու է դեպի Վրաստան եւ «Անակլիա Այ Ի ՓԻ Հոլդինգ»-ը նախատեսում է կառուցել Անակլիա նավահանգիստ՝ խտացված գազի արտահանման նպատակով, որի կառուցմանն ու շահագործմանն էլ ուղղվելու է էլեկտրաէներգիան:

Հայաստանի կառավարությունը երաշխավորել է գազի անխափան մատակարարում՝ տարեկան 1 մլրդ խմ ծավալով՝ հնարավոր ամենաէժան գնով, ինչպես եւ կայանների կառուցման նպատակով համապատասխան տարածքների հատկացում, հարկային արտոնություններ, բարձրավոլտ էլեկտրացանցերից օգտվելու հնարավորություն եւ էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունք: Այս նախագիծը փոխկապակցված է նաեւ վարչապետեր Հովիկ Աբրահամյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպման ընթացքում համաձայնեցված Հայաստան-Վրաստան 500 ՄՎտ հզորությամբ (հետագայում նախատեսվում է հզորությունը հասցնել 700 ՄՎտ-ի) միջպետական էլեկտրական հաղորդագիծ կառուցելու ծրագրի հետ, որի միջոցով կարտահանվի էլեկտրաէներգիան:

Սա հայ-վրացական համագործակցությունը կբարձրացնի մի նոր աստիճանի, քանզի այս ծրագիրը Հայաստանի ու Վրաստանի էներգետիկ դաշտի համար՝ մասնավորապես եւ ընդհանուր՝ տնտեսության համար կունենա մի դրական ազդեցություն:

Կառավարության նիստում նշվեց, որ Հայաստանը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված արտադրող կայանների կողքին կունենա նոր ու առաջադեմ արտադրող կայան (օգտագործվելու են «Ջեներալ Էլեկտրի­կ» ընկերության արտադրության գազատուրբիններ), որը հնարավոր կլինի ճգնաժամային իրավիճակներում շահագործել սեփական կարիքների համար:  Նաեւ նոր աշխատատեղեր ձեւավորելու հարց է առաջ գալիս: Նոր էլեկտրակայանի շինարարությունը երկար սպասեցնել չի տա, քանի որ արդեն առաջիկա ամիսներին սպասվում է, որ անհրաժեշտ տեխնիկան սարքավորումները Անգլիայից կտեղափոխվեն Հայաստան:

Հայ-վրացական հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր եղավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան, հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումն ընթացավ ընդլայնված կազմով, եւ բանակցությունները բազմոլորտ էին: Ձեռք բերված պայմանավորվածությունները ավելի խորացված հաստատվեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումների ժամանակ:

Իզուր չէ, որ այս ամենն անհանգստացրել էր Անկարային ու Բաքվին եւ իզուր չէ, որ ցուցադրաբար ու հենց Նախիջեւանում հանդիպում կազմակերպվեց Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների միջեւ, անգամ հայտարարություն տարածվեց, թե այդ 3 երկրները ծրագրեր են մշակում համատեղ հանդես գալու համար, եթե երկրներից մեկի դեմ սկսվեն ռազմական գործողություններ:

Ակնհայտ է, որ թյուրքական այս քայլն ուղղված էր հենց Հայաստանի դեմ, չնայած վրացական կողմը վստահաբար նկատի է ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ առկա հակամարտությունը՝ հաշվի առնելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախացումները եւ ուկրաինական զարգացումները:

Բացի քաղաքական այս նշանակությունից, Նախիջեւանում կայացած հանդիպումը նաեւ Իրանի դեմ էր ուղղված, որով թյուրքական կողմը հասկացնում էր, որ Նախիջեւանը չի կարող ազատ տնտեսական գոտու վերածվել, ինչն առաջարկել է պաշտոնական Թեհրանը:

Չի բացառվում, որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը միայն ռազմական բնույթ չի կրել, գուցե քննարկվել են նաեւ էներգետիկ ծրագրեր կամ այլ նախագծեր:

Ուստի այդ հանդիպումը պետք է անհանգստացնի Երեւանին ու Թեհրանին, քանի որ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, կարեւոր է նաեւ հայ-իրանական հարաբերություններում:

Իրան-Հայաստան համագործակցությունը այլ ուղղություններով եւս զարգացման միտումներ ունի:

ործադիրն արդեն հաստատեց «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցու­մ» ծրագրի շրջանակներում երկրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման նախագիծը: Այդ ծրագրի իրականացման նպատակով Կոտայքի, եղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի որոշ համայնքներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ կճանաչվի բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Դա անհրաժեշտ է էներգետիկ անվտանգության եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:

Կառավարությունը հավանություն տվեց նաեւ Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության եւ կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որ կմիացնի հարավային եւ հյուսիսային շրջանները: Ճանապարհն ունի ռազմավարական եւ տնտեսական առաջնային նշանակություն՝ որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:

Հայաստանը կունենա նաեւ Հարավային երկաթուղի՝ կկառուցվի 305 կիլոմետր երկարությամբ երկաթուղի, որը միացնելու է եղարքունիքի մարզի ագարին կայարանը Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրի հետ եւ նոր ելք է ապահովելու դեպի Իրան:

Այն ակնկալվում է կառուցել Չինաստանի տրամադրած վարկի միջոցներով: Նախագծի համար պահանջվող ներդրումը, նախնական գնահատականներով, կազմելու է մոտ 3,2 մլրդ ԱՄՆ դոլար, որի ինքնածախսածածկումը կտեւի մոտ 24 տարի:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հնարավորություն կտա վերականգնել Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր եւ սա կարող է լինել միայն առաջին քայլը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։