Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

Անկախությունն ու ազատությունը բնական երեւույթներ են, եւ, երբ դրանք խախտվում կան ինչ-որ եվրաչափանիշներով են սահմանափակվում, բնականորեն դառնում են դիմադրության եւ պայքարի կենտրոններ: Այստեղ է, որ առաջ է գալիս ազատագրական պայքարը, հանուն որի հաղթանակի ազատատենչ ազգերը մարտնչում են նաեւ դարեդար:

Արցախի եւ արցախահայության պայքարը զուտ ազատագրական էր եւ արժանի հաղթանակի, ինչն ամրագրվեց հայորդիների սխրանքով: Ափսոս, որ վերամիավորման խնդիրը «չի հասունանու­մ» մեր իշխանությունների ու քաղաքական վերնախավի մոտ: Անարձագանք մնաց նաեւ Հայ Արիական միաբանության կոչը, որում դիմում կար հայ քաղաքական եւ հանրային բոլոր կառույցներին՝ կազմակերպական որոշումներով ճանաչել Արցախի անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանի հետ, ինչը կդառնար մեր խորհրդարանի, կառավարության եւ նախագահի քննարկման թեմա: Նաեւ արտաքին ուժերին կստիպեր հաշվի առնել համահայկական այդ պոռթկումը: Ինչեւէ, որպես համահայկական ազգայնական ու արիադավան-հեթանոսական կառույց, ՀԱՄ-ը վաղուց է հայտարարել, որ Հայաստանն ու Արցախը վերամիավորված է համարում, քանի որ դրա համար անհրաժեշտ բնական ու պատմական, ռազմա-քաղաքական ու իրավական եւ բոլոր այլ պայմանները կան: Ուստի մենք՝ հայերս, չպետք է անտեսենք հայկական երկու պետությունների վերահաստատված միավորումը, երբ բոլոր հարցերն արդարորեն լուծված են: Այսպես՝ հայ արիներն Արցախը ճանաչել են որպես Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզ, ինչը պետք է անի նաեւ մեր պետությունը, քանի որ սա է սկիզբը ամբողջական Հայաստանի վերակերտման եւ Հայկական լեռնաշխարհում հայերիս առաքելության վերահաստաման:

Սակայն, հաշվի առնելով մեր պետության դիրքորոշումը եւ միջազգային առկա իրավիճակը, քաղաքական ու հանրային ուժերը, այդ թվում՝ հայ արիներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները, ողջունում են, երբ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հետզհետե մոտենում է իրավական կարգավիճակին: Օրերս Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով եղավ Իսպանիայում, անկախության ձգտող եւ հայագեն Բասկերի երկրում, որտեղ ճանաչեցին Արցախի անկախությունը: Մինչ այդ, Բասկոնիայի ներկայացուցիչները եղել էին Արցախում եւ հիացել հայկական այս տարածքի բնակիչներով ու անկախացած Արցախի հաջողություններով:

ԼՂՀ ԱԳ նախարարը նախ հանդիպել է Գիպուզկո նահանգի նահանգապետին, որտեղ էլ առաջինն են ճանաչել Արցախի Հանրապետության անկախ լինելու իրավունքը: Այս այցը կազմակերպվել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի նախաձեռնությամբ, ինչն ավարտվեց հաջողությամբ: Բասկերի խորհրդարանի կողմից ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրագործմանը հայտնած աջակցությունն ինչ-որ չափով նաեւ նշանակում է, որ Բասկերի երկիրը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իզուր չէ, որ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս է ասել, որ «ընդլայնելու է ճանաչման աշխարհագրությունը, երկկողմ հարաբերությունների հաստատումը»: Այն, ինչ վաղուց բարձրաձայնում են հայ ազգայնականները, ասել է նաեւ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը. «Բասկերի հետ ընդհանրություններ ունենք նաեւ՝ թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական, նրանցից ոմանք էլ ասում են, թե իրենց նախնիները գաղթել են Հայկական լեռնաշխարհից: Ամեն դեպքում Բասկերի խորհրդարանի այս ճանաչումը շատ կարեւոր զարգացում է միանգամից 2 առումով՝ հայության արցախյան հատվածը ստանում է իր ճանաչումը, ինչպես նաեւ սա հաջողություն է արտաքին քաղաքականության տեսանկյունի­ց»:

2014թ. սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը, եւ Բասկոնիայի Խորհրդարանը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակին: Նաեւ նշվել է, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Իհարկե, պետք է համաձայնել նրանց հետ, ովքեր սա համարում են արդյունքը գործող եռամիասնության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, ինչպես նաեւ Արցախի գործուն պետության առկայության, այլապես որեւէ մեկը չի ճանաչի չգոյ կամ համարյա չգոյ ինչ-որ պետության:

Դառնալով Արցախի ճանաչմանը, նշենք, որ Սան Սեբաստիանում Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Բասկերի Երկրի միջեւ հետագա համագործակցությունը: Հենց այս հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից ճանաչվել է Լեռնային Ղարաբաղը: Հայկական կողմը նաեւ նշել է, որ ներկայացնում է մի երկիր, որի խաղաղ քաղաքացիները նույնպես պատերազմի արհավիրքների զոհ են դարձել, եւ խորապես հարգում է Գեռնիկայի անմեղ զոհերի հիշատակը։ ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը այցելել է բասկ ժողովրդի համար սրբավայր համարվող Գեռնիկայի Ծառ, որտեղ տեղի է ունենում Բասկերի Երկրի լեհենդակարիների-նախագահների երդման արարողությունը։ Գեռնիկա քաղաքը բասկ ժողովրդի հնագույն կենտրոններից է։ 1937թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծման եւ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այդ իրադարձությանն է նվիրված Պաբլո Պիկասոյի հանրահայտ «Գեռնիկա» նկարը (1937թ.)։

Արցախի ԱԳ նախարարն այցելել է նաեւ Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ Ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։ Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։

Հիշեցնենք, որ բասկերի պայքարի մասին լսում էինք դեռ ԽՍՀՄ տարիներին, երբ նրանք զինված պայքար էին մղում իրենց անկախության համար: Բասկերն անգամ չեն երկնչում բացահայտ ահաբեկչություններ իրականացնելուց, եւ մերթ ընդ մերթ, այսօր էլ հասկացնում են Իսպանիայի իշխանություններին, որ հասնելու են անկախ կարգավիճակի: Գիպուզկոա մարզը Բասկերի 3 մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը: Լինելով Իսպանիայի ամենափոքր մարզը, Գիպուզկոան ունի ավելի քան 700 հազ. բնակիչ (բասկերի բնակչության 1/3-րդը): Մարզի տնտեսությունը հիմնված է 3 ոլորտների վրա՝ առեւտրի, մետաղագործության եւ զբոսաշրջության: իպուզկոան գրանցել է տարեկան մոտ 32 000 էքյու՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ, ինչը 28%-ով բարձր է Եվրամիության ընդհանուր ցուցանիշից: Բասկոնիայում համոզված են, որ անկախանալով ոչ միայն կստեղծեն իրենց պետությունը, այլեւ կապրեն ավելի բարեկեցիկ:

Այսպես՝ առաջին անգամ ԼՂՀ-ն ճանաչում է ստանում եվրոպական ենթապետական մակարդակով՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ու ԱՄՆ մի շարք նահանգներից հետո: Նոր Հարավային Ուելս նահանգի (կենտրոնը՝ Սիդնեյ) օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ, որը Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի աշխատանքի արդյունքն է: Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն ու հարաբերութուններն ամրապնդել երկրի ու նրա քաղաքացիների հետ:

ԼՂՀ անկախությունը ճանաչել է նաեւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձեւը: Սենատը կոչ է արել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: Կալիֆորնիան ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ 5-րդ նահանգն է: Մյուս 4 նահանգներն են Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ Լուիզիանան:  Կալիֆորնիա նահանգի Հայլենդ եւ Ֆրեզնո քաղաքները եւս ճանաչել են ԼՂՀ անկախությունը: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն էլ հավանություն է տվել ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւին ու ճանաչել Արցախի անկախությունը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին եւ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ Արցախը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեջ, նաեւ Կանադայի հետ փոխգործակցության առումով:

Հիշեցնենք նաեւ, որ Արցախի անկախության ճանաչման գործում մեծ խթան եղավ Ուրուգվայի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը: Մոնտեվիդեոն խոստացավ նախաձեռնել քայլեր, որոնք, ինչպես նշեց Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն, պետք է նպաստեն, որ «վերականգնվի պատմական արդարությունը եւ ճանաչվի Արցախի անկախությունը այնքան ժամանակ, մինչեւ կայանա Հայաստան-Արցախ վերամիավորումը»: Այս տեսակետը թերեւս եզակի է ճանաչումների շղթայում: Սա նաեւ խթան է Հայաստանի իշխանությունների համար՝ Արցախի անկախությունը ճանաչելու եւ ընթացքում 2 հայկական պետությունների վերամիավորման հարցը լուծելու համար: Ուրուգվայն այն պետությունն է, որն առաջինը ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Շատ է նշվել, որ եվրոպական երկակի չափորոշիչները հասել են մի ծիծաղելի մակարդակի, երբ այլեւս հետաքրքիր չի լինում ծանոթանալ հերթական հայտարարության հետ, որն առնչվում է Եվրոպային ոչ հաճո մի երկրի անկախացման գործընթացին կամ անկախության ճանաչմանը:

Բայց Եվրոպան չի կարող փախչել բնական զարգացումներից, ինչը հանգեցնելու է ինչպես աշխարհի տարբեր անկյուններում անկախական շարժումների: Այս մասին իր «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» ծավալուն հոդվածում նշել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը («Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.), որից էլ որոշակի օգտվել եմ սույն հոդվածս գրելիս:  http://www.hayary.org/wph/?p=3248 - Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այնտեղ հստակ եւ փաստարկված նշված է, որ կկազմաքանդվեն նաեւ Եվրոպան, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Այսօր Եվրոպայում արդեն ընթանում են նման գործընթացներ. դիցուկ՝ Իտալիայում, երբ Վենետիկում հանրաքվե անցկացվեց, հայտնի է նաեւ, որ Հյուսիսային Իտալիան երկար տարիներ փորձում է անկախանալ «հետամնաց» եւ «մաֆիոզ» Հարավից, Բասկերի երկիրը վաղուց նպատակ ունի անջատման հանրաքվե անցկացնել (հետո միավորել իսպանական ու ֆրանսիական Բասկոնիաները), Շոտլանդիան փորձում է անջատվել Մեծ Բրիտանիայից, հիշենք, որ Հյուսիսային Իռլանդիան տարիներ շարունակ զինված պայքար էր մղում անգլիացիների դեմ, ինչը ճնշվեց, սակայն կարող է կրկին վերհառնել: Կան նաեւ այլ շարժումներ, Գրենլանդիան փորձում է անկախանալ Դանիայից, Արեւմտյան եւ Արեւելյան Ֆլանդրիաները՝ Բելգիայից, Բասկոնիայից բացի  Կատալոնիան եւ Գալիցիան եւս փորձում են անկախանալ Իսպանիայից, Բավարիան՝ Գերմանիայից… Կազմաքանդման վտանգը առկա է Ռուսաստանի Դաշնության համար, դա կարող է լինել ինչպես Կովկասի տարածաշրջանում (Չեչնիա, Դաղստան եւ այլն), այնպես էլ կենտրոնական շրջաններում՝ ի դեմս Թաթարստանի, Բաշկորտոստանի, իսկ Ճապոնիայի հետ կա Կուրիլյան կղզիների, անգամ Սախալինի վեճը, տարածքային մանր հարցեր կան նաեւ Չինաստանի ու Մոնղոլիայի հետ: Նման խնդիրներ ունեն իրար հետ նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը, Ալյասկայի հարցում կարող են խաչվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը եւ այսպես շարունակ:

Վերջերս նաեւ վերամիավորման դեպք գրանցվեց՝ Ուկրաինաին ԽՍՀՄ տարիներին նվիրած Ղրիմը նախ անկախացավ, ապա վերամիավորվեց Ռուսաստանի հետ: Արեւմտյան Ուկրաինան եւս հայտնի է իր անկախական կեցվածքով, որը համարվել է միշտ «ազգայնական (անգամ՝ ազգայնամոլ) տարածք», որը կարող է անջատման գնալ, եթե Ուկրաինան թուլանա վերջնականապես: Վերամիավորվեցին նաեւ Գերմանիաները, Եմենները: Պորտուգալական եւ անգլիական գաղութներ Աոմինը (Մակաո) եւ Հոնկոնգը հանձնեցին Չինաստանին:

Կան նաեւ չճանաչված երկրներ՝ Մերձդնեստրը՝ Տիրասպոլ կենտրոնով, անկախանալցել է Մոլդովայից: Արցախը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ եւս չճանաչված անկախ երկրներ են:

Վերոնշված եվրոպական եւ ոչ եվրոպական անկախական շարժումներն ու անկախացած երկրները եվրոպացիների սրտով չեն, իսկ ահա Հարավսլավիայի, ապա նաեւ Սերբիայի մասնատումները արագ ողջունվեցին, անմիջապես ճանաչվեցին Խորվաթիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովենիան, Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) Մակեդոնիան, անգամ Սերբիայի բուն տարածք՝ Կոսովոն ուժով անկախացրեցին… Չեխիան եւ Սլովակիան եւս բաժանվեցին, քանի որ Արեւմուտքի սրտով էր սլավոնական հերթական պառակտումը: Աշխարհում նոր պետություններ էլ են ճանաչվել ինչպես՝ Թիմորը Ասիայում, Էրիթրեան եւ Հարավային Սուդանը Աֆրիկայում եւ այլն: Անգամ ՄԱԿ-ում քննարկվել է Պաղեստինի ճանաչման հարցը, բայց Արցախի մասին՝ ո՛չ մի խոսք:

Սակայն ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերն ու ճանաչման բուն գործընթացը ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Արդեն Ֆրանսիայում են փորձում ճանաչել տալ Արցախի անկախությունը: Այս տարվա փետրվարին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

«Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմամբ եվրոպական մայրցամաքում Արցախի ճանաչման գործընթացում նոր փուլ է սկսվու­մ»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եվրոպական կազմավորումները, փաստորեն, արդեն սկսել են ճանաչել Արցախի անկախությունը, ինչը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական պետություն է:

Հավելենք, որ Արցախը ոչ միայն ժողովրդավար պետություն է, այլեւ այնպիսի կայացած պետություն, ինչպիսին չի կարողանում դառնալ Ադրբեջանը: Եվ սա բազմիցս նշել են նաեւ եվրոպական գործիչները:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=3028 – Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության  տեսլականը ֊ Ընդդեմ  խառնածինների ավերիչ աշխարհակարգի

«Լուսանցք» թիվ 29 (334), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։