Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 2-րդ) – Կախարդական հեքիաթները մարդկային ներքին խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ անսահման նյութ են պարունակում…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=4402 – Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…

«Ողջ մանկական գրականությունից (հազվադեպ բացառությամբ) ամենաշատը հրաշապատում հեքիաթներն են հարստացնում երեխաներին եւ բավարարում նրանց ներքին պահանջմունքները: Կախարդական հեքիաթները անհրաժեշտ են որքան երեխաներին, նույնքան էլ մեծահասակներին… Կախարդական հեքիաթները մարդկային ներքին խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ անսահման նյութ են պարունակում բոլոր հասարակությունների համար, անկախ պատմական ժամանակաշրջանից»... «Մեր օրերում երեխաները լուրջ վնասներ են կրում, քանի որ նրանցից շատերը հնարավորություն չունեն ծանոթանալու հրաշապատում հեքիաթների հետ: Մեծամասամբ երեխաները ծանոթանում են հեքիաթների փքուն ու պարզեցված տարբերակներին, որոնք թուլացնում են դրանց ներգործության ուժը եւ զրկում խորքային նշանակությունից»…

Նույնատիպ եզրահանգման է եկել նաեւ Կ.Դ. Ուշինսկին՝ Բ. Բեթլհեմից մոտ հարյուր տարի առաջ. «Ուշինսկին դաստիարակչական առումով հեքիաթները շատ ավելի բարձր էր դասում, քան մանկական գրականության մյուս բոլոր ժանրերը: Եվ այդ սկզբունքից ելնելով նա իր կազմած դասագրքերում մեծ տեղ էր տալիս հեքիաթներին»:

Երեխայի համար հրաշապատում հեքիաթների կարեւորության, նշանակության մասին կարելի է խոսել անվերջ: Միանշանակորեն համակարծիք ենք որոշ հետազոտողների վերջնական եզրակացություններին՝ հրաշապատում հեքիաթների դերը երեխաների զարգացման եւ առողջ հոգեկերտվածք ձեւավորելու համար անգնահատելի եւ անփոխարինելի են:

Սովորաբար հեքիաթները կարդում են ծնողներն իրենց ընտրությամբ: Դասարանում, երեխաների հետ աշխատելիս այն հարցին, թե լսե՞լ են հեքիաթներ, աշակերտների մի մասը լռում է… Այսինքն, դասարանում մեր կազմած ծրագրով կարդացած հեքիաթների շարքը որոշ աշակերտների հնարավորություն է տալիս ծանոթանալու դրանց, իսկ մեծ մասին արդեն հայտնի հեքիաթները լսելու պահին ունեցած հոգեվիճակից եւ խնդիրներից ելնելով՝ նորովի են ներկայանում:

Ուստի՝ երեխայի համար հեքիաթի վերընթերցումն էլ դրական ազդեցություն է ունենում: Մենք կփորձենք երեխաների էկոլոգիական դաստիարակության խնդրում հրաշապատում հեքիաթների դերը եւ մատուցման ձեւը դիտարկել նորովի: Տարբեր դպրոցների 2-րդ եւ 3-րդ դասարաններում հեքիաթները կարդալը, այն նորովի մեկնաբանելը եւ էկոլոգիական տեսանկյունից ներկայացնելը երեխաները յուրացնում են շատ արագ:

Պատահական չէ, որ երեխաների համար կարդացվող առաջին հեքիաթը «Անխելք մարդն» է: Ինչպես պարզեցինք հեքիաթը մեկնաբանելիս, երեխաները իրենք են բացատրում նրա տխուր վախճանի պատճառը եւ ներկայացնում պատմությունը երջանիկ ավարտի հասցնելու ուղին: Երեխաները անմիջապես կռահում են, որ եթե մարդը օգներ ծառին, ապա նրա այդ արարքը եւ՛ իր, եւ՛ ծառի համար օգտակար կլիներ՝ ինքը կհարստանար, իսկ ծառը կկանաչեր: Հաջորդ հանդիպմանը, եթե նա ընդուներ աղջկա առաջարկը, ապա երջանիկ կապրեր իր կողակցի հետ եւ գայլի բաժին չէր դառնա: Հենց այս քննարկումից հետո երեխաներին ներկայացնում ենք էկոլոգիական դաստիարակության նպատակը՝ մարդը պետք է համերաշխության (ներդաշնակության) մեջ լինի իր, շրջապատող մարդկանց (հասարակության) եւ բնության հետ: Տվյալ հեքիաթում նա համերաշխության մեջ չէր եւ իր հետ՝ հրաժարվեց հարստությունից, չնայած քաղցած էր ու շատ աղքատ, համերաշխության մեջ չէր բնության հետ, չօգնեց ծառին, համերաշխության մեջ չէր նաեւ մարդկանց հետ՝ մերժեց աղջկան եւ դրա համար պատժվեց բնության մյուս ներկայացուցչի՝ գայլի կողմից: Քանի որ երեխաներն իրենք էին ներկայացրել, թե որ դեպքում նա կարող էր երջանիկ կյանք ունենալ, այս մեկնաբանությունը համոզիչ է թվում եւ շատ արագ է յուրացվում: Այնուհետեւ մենք անդրադառնում ենք մարդու եւ ծառի (կանաչ բնության) հարաբերության առավել մանրամասն մեկնաբանությանը: Եթե մարդը օգներ ծառին եւ հաներ ոսկին, ապա երկուսի համար էլ օգտակար կլիներ, եւ մենք առանց դժվարության երեխաներին սովորեցնում ենք էկոլոգիական գործոններից մեկը՝ սիմբիոզը, երբ 2 տեսակների համագործակցությունը կողմերի համար օգտակար է: Սոցիոլոգիայում, որպես մարդկային հարաբերությունների ընդունելի ձեւ, սիմբիոզ տերմինը վաղուց է կիրառվում: Քանի որ նպատակ ունենք նաեւ հեքիաթների միջոցով օգնել երեխաներին սոցիալականացման խնդրում, այդ պատճառով սիմբիոզ տերմինը առավել հասկանալի դարձնելու համար օրինակներ ենք բերում հենց երեխաների եւ իրենց ընկերների սիմբիոզային բնույթի հարաբերություններից՝ խրախուսելով նման փոխհարաբերությունը նրանց միջեւ: Երեխաներն առավել ակտիվանում են, երբ խոսում ենք մարդու կյանքում ծառի դերի մասին: Չնայած այն հարցին, թե ինչ դեր ունի ծառը մարդու համար, նրանք առաջինը նշում են, որ ծառը տալիս է միրգ, շինանյութ, վառելափայտ եւ այլն: Տեսնելով, որ ուսուցիչը այլ պատասխանների էլ է սպասում, սկսում են նշել դրանց «երկրորդական» հատկությունները, որ նա գեղեցկացնում է շրջապատը (գեղագիտական հաճույք), որ ամառը նրա ստվերում զով է ու խաղալը հաճելի: Լինում են նաեւ պատասխաններ, որ ծառը թարմացնում է օդը: Այս պատասխաններից հետո մենք բացատրում ենք, որ ծառի տերեւները արտադրում են թթվածին, որ տերեւների միջոցով ծառը օդից խոնավություն է վերցնում, իսկ աղտոտված օդում գտնվող փոշին նստելով տերեւների վրա մաքրում է օդը: Տեղեկացնում ենք նաեւ, որ ծառի տերեւներն ունեն օդը, իսկ արմատները հողը խոնավ պահելու հատկություն եւ դրանց կտրելու դեպքում շրջակայքում գտնվող աղբյուրները ցամաքում են, օդը չորանում է, հողը տեղաշարժվում եւ կորցնում է իր օգտակար հատկությունները, իսկ քամիների հաճախականությունը եւ արագությունը մեծանում է: Հայտնի են բազմաթիվ ծառատեսակներ, որոնց տարբեր մասերը՝ արմատները, կեղեւը, տերեւները, պտուղները, սերմերը եւ այլն օգտագործվում են հիվանդությունների բուժման համար եւ նրանց ոչ բոլոր օգտակար հատկություններն են բացահայտված: Այս տեղեկատվությունից հետո, ծառից աննպատակ տերեւ պոկելն էլ է անհասկանալի: Ինչ վերաբերվում է պտուղներին, ապա մարդկանց համար այն կարելի է համեմատել հեքիաթի ծառի «արմատների տակ գտնվող ոսկու» հետ:

Նույնատիպ հատկություններով են օժտված նաեւ թփերը, խոտաբույսերն ու ծաղիկները, ուստի երեխաների առջեւ պետք է դրվի նաեւ դրանց կյանքին անհարկի չմիջանտելու պահանջը:

Այսինքն, երեխաները այս հեքիաթի ծառի եւ մարդու հարաբերությունը էկոլոգիական տեսանկյունով մեկնաբանելիս հեշտությամբ ծանոթանում եւ յուրացնում են էկոգործոններից մեկը՝ սիմբիոզը, որը միմյանց հետ շփվելու առավել ընդունելի տարբերակ է:

Երեխաները տեղեկանում են նաեւ բուսական աշխարհի կարեւոր հատկություններին, որը վերջիններիս կյանքին անհարկի չմիջամտելու համոզիչ փաստարկ է:

Որպես տնային աշխատանք երեխաներին հանձնարարում ենք տանը նկարել ծառեր, որոնցից մեկի (կամ մի քանիսի) բնի վրա պատկերեն ուրախ ծառի դեմքը, իսկ մյուսին (կամ մյուսներին) վիրավոր, ցավ զգացողինը:

Հանձնարարում ենք նաեւ, որպեսզի որոշեն, թե իրենց շրջապատում գտնվող ծառերից որոնց կարելի է համարել ուրախ, իսկ որոնց տխուր եւ արտահայտեն իրենց կարծիքը, թե ինչն է ծառի տխրության պատճառը եւ ինչու են դրանք թվաքանակով առավել գերակշռում: Հաջորդ դասին երեխաները դպրոցի շրջակա միջավայրի ծառերից մատնացույց են անում ուրախ եւ տխուր ծառերը:

Շարունակելով հեքիաթի մեկնաբանությունը, անդրադառնում ենք աղջկա հետ ամուսնության մերժմանը: Եթե նա ամուսնանար, ապա եւ՛ միայնակ, եւ՛ աղքատ չէր մնա, իրեն դարձնելով «գելի բաժին»: Կնոջ ամուսնության առաջարկը անխելք մարդու կողմից մերժելը մենք քննարկում ենք նրա սոցիալիզացիայի շրջանակներում, որը նույնպես անխելք մարդու մեջ չէր ձեւավորվել, դառնալով նրա կործանման պատճառներից մեկը:

Նշենք նաեւ, որ ազատ եւ անկաշկանդ քննարկելով նրանց ամուսնության թեման, նույն կերպ դա թույլատրելով երեխաներին, այն բարենպաստ է անդրադառնում եւ՛ նրանց սեռական դաստիարակության, եւ՛ սոցիալականացման խնդրին՝ մարդը չպետք է մերժի այլ մարդկանց ընկերակցությունը, իսկ ճանապարհը միայնակ շարունակելու ցանկությունը նրան կկործանի:

Հեքիաթում հիշատակվող Աստծուն երեխաներին ներկայացնում ենք որպես՝ հսկա, ամենակարող, բարի եւ իմաստուն պապիկի:

Ինչ վերաբերվում է գայլին, ապա այն հարցին, թե որ դեպքում գայլը մարդուն չէր ուտի, երեխաները պատասխանում են, որ եթե մարդը հարստանար եւ ամուսնանար, գուցե չհանդիպեր գայլին կամ էլ օգներ նրան: Երեխաների մեջ գայլի նկատմամբ բացասական վրաբերմունք չառաջացնելու նպատակով մենք նրանց պատմում ենք գայլերի մասին: Պատմում ենք գայլերի հետ կապված իրական դեպքեր, որոնք հաստատում են, թե որքան հասկացող են նրանք, եւ թե ինչպես են մարդու նման ընտանիքներով ապրում, որ պատմության մեջ հայտնի են 15-ից ավելի «Մաուգլի» երեխաներ, այսինքն, երբեմն գայլերը կարողանում են խնամել, սիրել եւ իրենց ձեւով դաստիարակել մարդու երեխային, որ գայլերը անտառի սնիտարներն են եւ նրանք ոչխարի հոտի կամ մարդկանց վրա հարձակվում են, քանի որ վերջիններս հողագործության կամ որսորդության պատճառով գայլերին զրկել են որս գտնելու հնարավորությունից ու ապրելու տարածքից: Եվ քանի որ գայլը գիշատիչ է, կարելի է խոսել նաեւ «գիշատչություն» էկոգործոնի մասին: Այնուհետեւ բացատրել, որ կենդանիները բաժանվում են՝ ընտանի, վայրի եւ մարդկանց ուղեկցող:

Մինչ այդ երեխաներին ծանոթ այն պատմվածքները, ոտանավորներն ու առարկաները, որոնք կենդանիներին մարդկային տարբեր բնավորության գծերով են ներկայացվում (աղվեսը՝ խորամանկ, գայլը՝ ագահ՝ վտանգավոր եւ այլն) եւ հեքիաթներում դրանց հանդիպելով, անհրաժեշտ է նաեւ երեխաների հետ զրուցել կենդանիների իրական վարքագծի մասին, նրանց մեջ բնության նկատմամբ ճշգրիտ իմացականություն եւ վարքագիծ դրսեւորելու նպատակով:

Անհրաժեշտ է առանձին դասաժամ հատկացնել կենդանիների ձագերի վարքագծի քննարկման համար (երեխան մտքում համեմատականներ է անցկացնում իր հետ), ազդելով նաեւ նրանց հուզական ոլորտի վրա, որը կենդանիների նկատմամբ առավել գթասիրտ, զգուշավոր եւ պատասխանատու դարձնելու նախապայման է:

Օրինակ՝ եթե մայր ոչխարը սատկում է, նրա գառը տեղից (մոր կողքից) չի շարժվում, հրաժարվում է սննդից եւ ինքն էլ է սատկում:

Սատկում են նաեւ բնության մեջ առանց մոր խնամքի մնացած, կամ մարդկանց կողմից որսված շատ վայրի կենդանիների ձագեր, որոնց կենդանի մնալու հավանականությունը անազատ պայմաններում գրեթե անհնարին է (երեխաներն իրենք էլ են բերում բազմաթիվ օրինակներ):

Կենդանիների տառապանքների մասին տեղեկությունները բավականին ծանր փորձություն են  երեխաների համար: Այդ տխուր պատմությունները երեխաների մեջ առաջացնում են  կենդանիների նկատմամբ առավել զգուշավոր վերաբերմունք ցուցաբերելու զգոնություն:

Այս եւ հաջորդիվ շարադրվող հեքիաթներով էկոլոգիական տեսանկյունից մեկնաբանության միջոցով կազմակերպում ենք երեխայի դաստիարակությունը, նրա մեջ ձեւավորելով ներդաշնակություն ինքն իր հետ, հասարակության եւ բնության հետ:

«Անխելք մարդը» հեքիաթի մեկնաբանությունը համընկնում է Բ. Կոմմոների 4 օրենքներից 3-ի հետ. դրանք են՝

– Ամեն ինչ կապված է ամեն ինչի հետ (1 օրենք),

– Բնությունը ավելի լավ գիտե (3 օրենք),

– Ոչ մի բան անվճար չի տրվում (4 օրենք):

Չմանրամասնելով՝ միայն նկատենք, որ այս օրենքները կարելի է լիովին մեկնաբանել հեքիաթի բովանդակության միջոցով:

Իսկ 2-րդ օրենքին՝ ամեն ինչ պետք է անհետանա որեւէ տեղ, հարկավոր է հատկացնել առանձին դասաժամեր, նվիրված բնակարանի աղբից մինչեւ Երկիր մոլորակի հսկայածավալ աղտոտման խնդրին:

Զինաիդա Վարդերեսյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։