Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…

Հեղինակը մեզ տեղեկացրել էր, որ ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Մանկավարժական միտք» հանդեսում: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը եւ «Լուսանցք»-ի ընթերցողների շրջանակը, նա խնդրեց մեզ ներկայացնել թեման (դա անում ենք կրճատումներով,-խմբ.)՝ ցանկանալով կրկին խոսել այն ամենակարեւորի ու ամենաքնքուշի մասին, որից վաղը կախված է լինելու բոլորիս ապագան: 

«Լուսանցք»-ը պատրաստ է խնդրո առարկայի շուրջ ծավալումներ սկսել:

* * *

- «…Երեխան հեքիաթից, տվյալ իրավիճակից, կյանքի յուրաքանչյուր իրադարձությունից վերցնում է այն, ինչը նրան հետաքրքրում է, ինչի կարիքը նա ունի, ոչ մի րոպե չընդհատելով ընտրելու աշխատանքը»…

Մարդկային անհեռատես գործունեությունն իր կործանարար հետեւանքներով խոր եւ անդառնալի փոփոխություններ է առաջացնում Երկիր մոլորակի վրա: Բնական եւ տեխնածին աղետների հետեւանքով մարդկությունը հայտնվել է առավել խոցելի եւ անպաշտպան վիճակում: Հետագա բացասական զարգացումները կանխելու կամ գոնե նվազագույնի հասցնելու միակ ուղին,  արդի բնապահպանական գիտական կանխատեսումների համաձայն, մարդկային կենսակերպի, պահանջմունքների, իչպես նաեւ բնության հետ փոխհարաբերությունների վերանայված նոր արժեքային գիտակցության եւ նոր արժեհամակարգի ձեւավորումն է: Վերոնշյալ խնդրի բարդությունը ենթադրում է, որ դրա լուծումը երկարատեւ, հետեւողական գործընթաց է եւ պայմանավորված է հասարակությանը նոր կրթական ազդակ հաղորդելու գործոնով: Սույն խնդրի լուծումը, մեր խորին համոզմամբ, պետք է սկսել անհատի սոցիալականացման ամենավաղ շրջանից, ուսուցման սկզբնական փուլից՝ նախակրթարան եւ տարրական դպրոցական օղակներից՝ այն դարձնելով շարունակական մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, նպատակահարմար ենք կարծում էկոլոգիական դաստիարակությունը տարրական դպրոցից սկսել, քանի որ ուսուցման այդ աստիճանում կրթության բովանդակությունը առավել մեծ հնարավորություն է ընձեռում դրա իրականացման համար:

Կրտսեր դպրոցականների էկոլոգիական դաստիարակության հիմնախնդրի երկարամյա ուսումնասիրությունները մեզ բերել են այն համոզման, որ էկոլոգիական աղետների եւ դրանց պատճառ հանդիսացող մարդկային սխալներով ուղեկցվող այլեւայլ գործունեության մասին տեղեկատվությունը մանկական դեռեւս չամրակայված հոգեկանում հնարավոր է, որ առաջացնեն տագնապ, անվստահություն, ինչպես նաեւ անզորության, մեղավորության զգացում եւ վախ ապագայի հանդեպ: Նույն մտահոգությունն է արտահայտում նաեւ Ն. Ս. Դեժնիկովան. «Հարկավոր է անդրադառնալ բնության օրենքներին համահունչ մարդկային գործունեության դրական օրինակներին, խուսափելով դպրոցականների մեջ վատատեսություն առաջացնել, որի պատճառը նաեւ աշխարհը դեպի լավը փոխելու մարդու  հնարավորություններին չհավատալն է»: Բայց քանի որ «Էկոլոգիա» առարկայի ուսուցումն ուղեկցվում է այդ ոլորտի մասին ճշգրիտ տեղեկատվությամբ, ուստի մենք նպատակահարմար ենք համարում տարրական դպրոցում այն կազմակերպել լավատեսական եւ ուրախ շեշտադրումներով: Կարծում ենք, որ դա առավել արդյունավետ կարելի է իրականացնել հրաշապատում հեքիաթների միջոցով:

Հրաշապատում հեքիաթները ոչ միայն էկոլոգիական, այլ ընդհանրապես երեխայի դաստիարակության արդյունավետ եւ անփոխարինելի գործոն են: Դաստիարակության մեջ ժառանգականության եւ միջավայրի անբարենպաստ ազդեցությունը կարելի է երեխայի մեջ ոչ միայն նվազեցնել, այլ զարգացնել նրա այն հատկանիշները, որ նա միջավայրից վերցնի դրականը, ինչպես նաեւ իր ժառանգական հնարավորություններն առավելագույնս օգտագործի իր մտավոր զարգացման համար: Այս խնդրում եւս կարեւոր է հրաշապատում հեքիաթների դերը:

Այսօր հայտնի են բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ, տեսակետներ, առաջարկներ, որոնցում շեշտադրվում է հեքիաթների կարեւոր նշանակությունը երեխաների էկոլոգիական դաստիարակության խնդրում: Մենք այդ տեսակետները բաժանում ենք 3 խմբի: 1-ին խմբի հեքիաթները էկոլոգիական կրթության եւ դաստիարակության նպատակով հորինված են ուսումնասիրողների կողմից, մասնավորապես Բ. Յու. Չաուսի, Վ. Վ. Պիռոգի, Գ.Ա. Ֆադեեւայի կազմած հեքիաթների ժողովածուն եւ այլն: Այս հեքիաթների մի խումբը երեխաներին ծանոթացնում է ջրի շրջանառության եւ այն աղտոտելու հետեւանքների մասին, մասնավորապես դրանք վերնագրված են. «Կաթիլի ճանապարհորդությունը», «Աղբյուրիկ», «Ճանապարհորդություն դեպի կապույտ երկնքի երկիրը», «Ջրի շրջանառությունը բնության մեջ» եւ այլն: Կարծում ենք, որ այս պատմվածքներից մի քանիսը կարելի է ընդգրկել էկոլոգիա առարկայի համակարգված ընդհանուր ծրագրում՝ ջրի աղտոտման հետեւանքներին անդրադառնալիս: Բայց Բ.Յու. Չաուսի եւ Գ.Ա. Ֆադեեւայի կազմած հեքիաթների վերնագրերում հանդիպում ենք. «Շատ զարհուրելի պատմություն», «Առավել ցավալի վիպակ չկա աշխարհում», «Տխուր պատմություն» եւ այլն: Երեխաների համար նման վերնագրերով հեքիաթները մենք անընդունելի ենք համարում: Մեզ հանար ընդունելի չէ նաեւ մի քանի հեքիաթներում կրկնվող հետեւյալ նախադասությունը. «…Նա սիրում էր մարդկանց, չնայած մայր երկիրը ոչ մեկ անգամ զգուշացրել էր, որ նրանք նենգ են», եւ պատմության շարունակությունը դա ապացուցում է: Ինչքան էլ անհրաժեշտ է երեխաներին տեղեկացնել մարդկանց անհեռատեսության, ագահության, անփութության եւ սխալների պատճառով շրջակա միջավայրին եւ ընդհանրապես բնությանը հասցրած վնասների ու դրանց հետեւանքների մասին, անընդունելի ենք համարում նման տագնապալից ու տխուր որակումները՝ նկատի առնելով երեխաների այդ տարիքին բնորոշ հուզականության բարձր մակարդակը:

Տեսակետների 2-րդ խումբը. երեխաների էկոլոգիական դաստիարակությունը կազմակերպվում է հրաշապատում հեքիաթների միջոցով:

Օրինակ: ործնական պարապմունքների ժամանակ խաղային իրավիճակ ստեղծելիս, մանկավարժը հենվում է դերակատարների տիպիկ վարքագծի վրա, կարծես նրանց կյանքը շարունակվում է սովորական պայմաններում:

– Ամբողջ ժամանակ Կարմիր գլխարկը անտառով գնում է տատիկի մոտ, իսկ դա նշանակում է, որ նա կարող է ոչ միայն գայլի, այլ նաեւ ուրիշ գազանների հանդիպել, նա կարող է ինչ-որ բան հավաքել, գտնել հետաքրքիր ինչ-որ բան:

– Այբոլիտը բժիշկ է, նա բուժում է կենդանիներին, բայց կարող է բուժել նաեւ բույսերին, կարող է զննել կենդանիներին»:

Մենք այն համոզմունքն ենք արտահայտել, որ անհրաժեշտություն չկա երեխաներին զբաղացնելու կամ ուսուցանելու նպատակով նրանց առաջարկել դաշտերից կամ անտառներից «ծաղիկներ քաղել», «թիթեռնիկներ բռնել», «թփեր պոկել» կամ «կենդանիների, թռչունների բներ ուսումնասիրել»: Սովորական պայմաններում Կարմիր գլխարկին նման վարքագծով ուղղորդելը ոչ միայն անարդյունավետ, այլ նաեւ հակաէկոլոգիակյան է: Անընդունելի է նաեւ սովորական պայմաններում Կարմիր գլխարկին անտառում թողնելը, քանի որ նման իրավիճակում հայտնված ցանկացած երեխայի կյանքը վտանգված է:

Բժիշկ Այբոլիտի օրինակն առավել ուսանելի է: Նրա կերպարը իրականություն տեղափոխելով, կարծում ենք, որ թեման կարելի է առավել զարգացնել եւ համեմատականներ անցկացնել բժիշկ Այբոլիտի եւ այսօր հանդիպող այն մարդկանց ու կազմակերպությունների միջեւ, որոնք անտեսելով վայրի կենդանիների որսով ու դրանց առք ու վաճառքից հսկայական շահույթներ ստացող ընդհատակ խմբավորումների չդադարող սպառնալիքները, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, զբաղվում են վայրի կենդանիների ուսումնասիրությամբ, պաշտպանությամբ եւ բուժմամբ:

Էկոլոգիական դաստիարակության նպատակով կախարդական հեքիաթների կիրառման մեկ այլ մոտեցում է. «Հետաքրքիր են պարապմունքները հայտնի ժողովրդական հեքիաթների (ՙնդիկ բոքոնիկը», «Աղվեսը եւ նապաստակը», «Գազանների ձմեռոցը», «Այծը եւ գայլը» եւ այլն) հերոսների կերպարների օգտագործմամբ. «Կատվի տունը», «Սագեր-սագեր», «Ագռավը», «Արջի մատ» եւ այլ հեքիաթների երգերով, պարերով, խաղերով հագեցումը: Կարդալով եւ քննարկելով հեքիաթների բովանդակությունը՝ դաստիարակները նյութը բացահայտելու համար օգտագործում են դրվագներ, հերոսների արարքները եւ կերպարները: Նրանք հեքիաթների բովանդակությանը համապատասխան հորինում են թատերական եւ տիկնիկային բեմադրություններ, դրանց մոտիվներով նկարչական հանձնարարականներ են կազմում, երեխաներին տալիս են հարցեր, որոնք ուղված են տարբեր գործողությունների, երեւույթների, իրավիճակների միջեւ թաքնված, չբացահայտված կապերի բացահայտմանը»:

Իհարկե, երեխաների ժամանցը հետաքրքիր կազմակերպելը նրանց համար շատ կարեւոր ու օգտակար է, բայց դա չի կարող լիարժեք ապահովել երեխաների էկոլոգիական դաստիարակությունը:

Տեսակետների 3-րդ խմբի կողմնակիցները երեխայի էկոլոգիական դաստիարակության նպատակով առաջարկում են գործել առանց տարբերակելու հատուկ այդ նպատակով հորինված հեքիաթները, եւ ժողովրդական հեքիաթները, վերը ներկայացված սկզբունքով:

Կան հետազոտողներ, ովքեր ժողովրդական հեքիաթները դիտարկում են էկոլոգիական հավասարակշռության գաղափարի տեսանկյունից: Օրինակ, Ե. Գոգիաշվիլին ուսումնասիրելով վրացական ժողովրդական հեքիաթները, եկել է այն եզրակացության, որ «Հեքիաթներում հետաքրքիր է այն փաստը, որ կենդանին եւ մարդը ոչ միայն փոխադարձ երախտագիտություն են արտահայտում, այլ  հարգում են միմյանց իրավունքները»:

Իհարկե, հոդվածը չի արծարծում էկոլոգիական դաստիարակության խնդիրներ: Մեր հետազոտությունների համատեքստում մեծ հետաքրքրություն է ներկայացնում կենդանիների եւ բնության նույնականացումը: Ի տարբերություն Ե. Գոգիաշվիլու, մենք հեքիաթում հանդիպող կենդանիներին ոչ թե ողջ բնության հետ ենք նույնականացնում, այլ դիտարկում ենք, որպես նրա մեկ մասնիկը:

«Էկոլոգիա» առարկայի դասանյութում կարեւորվում է ժողովրդական մշակույթի այնպիսի ժառանգություն, ինչպիսին հրաշապատում հեքիաթներն են: Դասավանդումը կազմակերպելիս ապահովելով անցումը առասպելաբանությունից դեպի էկոլոգիական գիտություն, մեր դասավանդման փորձը բերել է այն համոզման, որ հեքիաթների միջոցով էկոլոգիական գիտելիքները առավել դյուրին են յուրացվում կրտսեր դպրոցականների կողմից:

Կրտսեր դպրոցականների էկոլոգիական դաստիարակությունը կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալ մոտեցումները.

1. Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հասարակության հետ:

2. Կրտսեր դպրոցականների էկոլոգիական դաստիարակության համար, որպես մեթոդաբանական հիմնավորում են դիտվում Բ. Կոմմոների 4 օրենքները:

3. Դասանյութում ներառվել է Կյանքի պահպանման օրենքը. կյանքը կարող է  գոյություն ունենալ միայն կենդանի մարմնի միջով նյութի էներգիայի, տեղեկատվության հոսքի շարժման գործընթացում:

4. Էկոլոգիական խնդիրներ մեծամասամբ առաջանում են բնության օրենքների ու օրինաչափությունների մասին մարդու անտեղյակությունից եւ դրանց հետ չհամաձայնեցված գործունեությունից, որը հետագայում կարող է հանգեցնել նորանոր սխալների:

5. Առարկայի դասավանդումը անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ երեխայի մեջ ոչ թե տագնապ եւ մարդկանց  կամ ընդհանրապես կյանքի, ապագայի նկատմամբ անվստահություն առաջանա, այլ ընդհակառակը՝ լավատեսություն, ինքնավստահություն եւ կյանքի դժվարությունները կամաց-կամաց հաղթահարելու ցանկություն ու կարողություն:

Ելնելով վերոնշյալից առաջարկում ենք տարրական դպրոցում «էկոլոգիա» առարկայի դաասավանդումը կազմակերպել հրաշապատում հեքիաթների միջոցով, ապահովելով արդյունավետ, սահուն կապը հրաշապատում հեքիաթներից դեպի գիտական ընդհանրացումներ, որոնք երեխաներին կօգնեն պարզորոշ հասկանալու կյանքում հանդիպող դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները, ինչպես նաեւ բնության հետ հաղորդակցվելու եղանակները:

Անգնահատելի է հրաշապատում հեքիաթների կարեւորությունը երեխայի անձի ձեւավորման գործում: Դա են հաստատում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների տեսակետները.

«…Երեխան հեքիաթից, տվյալ իրավիճակից, կյանքի յուրաքանչյուր իրադարձությունից վերցնում է այն, ինչը նրան հետաքրքրում է, ինչի կարիքը նա ունի, ոչ մի րոպե չընդհատելով ընտրելու աշխատանքը: Ուրիշ ինչի՞ համար է նրան անհրաժեշտ հեքիաթը: Նրա համար, որպեսզի ստեղծի իր բանականության կառուցվածքը, հաստատի տարբեր բնույթի կապեր. «ես եւ մյուսները», «ես եւ առարկաները», «իրական եւ մտացածին առարկաներ»: Հեքիաթը նրան անհրաժեշտ է, որպեսզի իր համար պատկերացում ստեղծի տարածության («հեռու-մոտիկ») եւ ժամանակի («վաղուց-հիմա», «սկզբում-հետո», «երեկ-այսօր-վաղը») մասին»:

Շարունակելի

Զինաիդա Վարդերեսյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։