Վարդի գիծը – Քարահունջի N-63 հրաշք-քարը, որը նման է խոյի, միակտոր է, եւ նրա գագաթները գտնվում են մի ուղղության վրա… «Վարդագիծ» Քարահունջը դեռ գաղտնիքներ ունի…

Սկիզբը՝ թիվ 32-ում

http://www.hayary.org/wph/?p=4420 – Վարդի գիծը – Այս միջօրեականը, որը ձգվում է հյուսիսից հարավ, կոչվել է Վարդի գիծ… Այսպիսի մի «Վարդի գիծ», բայց ավելի հին, կա նաեւ Հայաստանում՝ Քարահունջ աստղադիտարանում…

Այժմ անդրադառնանք «5», «7» թվերին:

«5» թիվը պյութագորիզմում ներկայացված է որպես հինգթեւանի աստղ (Վեներա): Հինգթեւանի աստղը (պենտակ) եղել է հեթանոսական կրոնի խորհրդանիշը: Քրիստոնեությունում «5» թիվը համարվում է Քրիստոսի թիվ, իսկ «7» թիվը՝ կույս Մարիամի թիվ:

Դավիթ Անհաղթը «7» թիվը համարում է կուսական. «Կուսական, որովհետեւ տասնյակի մեջ մտնող բոլոր թվերը կամ ծնում են ինչ-որ թիվ, կամ ծնվում են ինչ-որ թվից, իսկ 7-ը ոչ ծնում է ինչ-որ թիվ, ոչ էլ ծնվում է ինչ-որ թվից»: Շատ հավանական է, որ «5» եւ «7» թվերը կապ ունեն նաեւ Խոյ  համաստեղծության λ կրկնակի աստղի  հետ, որը բաղկացած է 5m եւ 7m աստղերից: Այս աստղերը անշարժ են մեկը մյուսի նկատմամբ եւ սլանում են տարածության մեջ մի ուղղությամբ:

Քարահունջի N-63 հրաշք-քարը, որը  նման է խոյի, միակտոր է, եւ նրա գագաթները գտնվում են մի ուղղության վրա:

Վարդի հնագույն տեսակն է «Rosa rugosa»-ն, որն ունի 5 թերթիկ՝ դասավորված հնգանկյունանի սիմետրիայով՝ նման Վեներա ուղեցույցին: Հնում վարդի սիմվոլն օգտագործել են նավագնացությունում, որտեղ  կողմնացույցը օգնում էր ճանապարհորդներին: Նույնը կարելի է ասել «Վարդի գծի» մասին՝ քարտեզների վրա նշված երկայնությունների մասին:

Երկնային Վեներան հայտնի է տարբեր  անուններով՝ Արեւելյան աստղ, Արշալույս, Իշտար, Իսիդա, Աստրեա, որոնք խորհրդանշում են հզոր Իգական սկզբունքը՝ կապված Բնության եւ Մայր-Հողի հետ: Քարահունջի «Վարդի գիծը» թույլ է տալիս ենթադրելու, որ ավերված մատուռը նվիրված է եղել Աստղիկ դիցուհուն:

Ղեւոնդ Ալիշանը իր «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը» գրքում Աստղիկ դիցուհու մասին գրում է. «Հայոց երրորդ դիցուհին է մեծարված ավելի, քան երկրորդը՝ Նանեն», թերեւս ամենից սիրելին ու ամենաազգայինը, որովհետեւ, թեեւ ոմանք Աստղիկին էլ են համարում Արամազդի դուստր, բայց Անահիտի հետ շփոթելով են այդ անում: Ազգային ավանդությունը Աստղիկին սեփական անվամբ եւ օտարներին ոչ նման համարում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո, ինչպես իր եղբայր Մանիտոնը:

Ալիշանը մի հետաքրքիր մեջբերում է անում Հերոդոտոսից, ով գրել է. «Արաբները պաշտել են Ուրանիա-Աստղիիկին, որին պարսիկները կոչում էին Միթրա»:

Վերը նշվածը Ալիշանը այսպես է պարզաբանում. «Ոմանք այս անունը Միհր կարծեցին, բայց հմտագույնները համարում են  Մաթեր (Mater), այսինքն՝ Մայր: Պարսիկները Նսվիտ էին կոչում Արուսյակին, որ Աստղիկին նվիրվաբերված լուսատուն էր եւ համարվում էր Երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից…

Քրիստոնեությունը Հայաստանում հաստատվելուց հետո ժողովրդի կողմից հարգված ու սիրված Աստղիկ դիցուհուն եկեղեցին սկսեց անվանել «ցանկասիրության  գարշելի չաստված, որին նրա սիրեկանի եւԱնահիտի հետ մեկտեղ ավերեց եւ անհետացրեց» ս. Գրիգորը»,- մեծ գոհունակությամբ գրում է Ալիշանը, նույնիսկ մեջբերում է Վարդան Վարդապետի վիրավորական արտահայտությունները՝ հասցեագրված Աստղիկ դիցուհուն:

Ո՞րն է ավերիչ Գրիգորիսի «սրբությունը»: Այն, որ քար ու քանդ է արել մեր հին մշակույթը, որպեսզի հայ ժողովուրդը  ընդմիշտ մոռանա իր ակունքները: Զարմանալին այն է, որ նույնիսկ մեր օրերում նոր եկեղեցիներ են կառուցում նրա անունով, էլ չենք խոսում Նոր Նորքի հիվանդանոցի՝ ծննդատան  մասին, որ կոչվում է այդ վնասարարի անունով, որին խորթ է եղել Հիպոկրատի «Մի վնասիր»-ը:

Զարմանալին այն է, որ Ալիշանը իր գրքի մի ամբողջ գլուխ վերնագրել է «Դիք չաստվածների պաշտամունք»՝ մոռանալով  քրիստոնեական չաստվածին՝ Հիսուս Քրիստոսին:

Դեն Բրաունի («Կոդ դա Վինչի» գրքից) տեղեկանում ենք, որ Հռոմի կայսր Կոնստանտինը (ով, ի դեպ, հեթանոս է եղել) եւ կաթոլիկ եկեղեցին, օգտագործելով Քրիստոսի համբավը եւ ժողովրդականությունը, ելնելով իրենց շահերից, «Տիեզերական ժողովում» Քրիստոսին հռչակեցին Աստծո Որդի (քվերակությամբ) եւ ստեղծեցին մի հիբրիդ կրոն (հեթանոսություն + քրիստոնեություն), որը հետագայում փաթաթեցին այլ ժողովուրդների վզին: Այն, որ Քրիստոսը եղել է հասարակ մահկանացու, գուցե մարգարե, բայց ոչ աստված, շատերը վաղուց գիտեին, բայց լռում էին՝ վախենալով ինկվիզիցիայի խարույկում հայտնվելուց: Քրիստոսն ինքը իրեն աստված չի համարել, նրան աստվածացրին:

Մ. Աբեղյանը Աստղիկ դիցուհուն համարում է նաեւ ջրի աստվածուհի եւ կարծում է, որ եղամա լեռներում եւ Հայաստանի այլ վայրերում հայտնաբերված վիշապներ  կոչված ձկնակերպ կոթողները Աստղիկ  դիցուհու արձաններն են: Նա վարդավառ անունը ստուգաբանում է՝ այն կապելով Աստղիկ դիցուհու վարդամատն մակդիրի եւ՝ նրան նվիրաբերվող ծաղկի՝ վարդի հետ:

Կես լուրջ կես կատակ կարելի է Քարահունջի «Վարդի գծի» 20 քարերը կապել նրա «վարդամատների» հետ՝ 10-ական  մատներ ձեռքերի եւ ոտների վրա:

Խիլդեգարդա Բինգենսկայան (1098-1179) նշում է, որ մարդու մարմինը հարաբերակցվում է 5 թվի հետ՝ մարդն ունի 5 հավասար մասեր բարձրությամբ եւ լայնությամբ, ունի 5 զգացմունք եւ 5 անդամ, հնգական մատներ ամեն մի ձեռքի ու ոտքի վրա, ինչը թույլ է տալիս խոսել պենտագրամմայի մասին, այսինքն՝ տիեզերքի նշանի մասին (Խուան Կիրլո «Սլովար սիմվոլով»):

Աստղիկ դիցուհու նվիրական կենդանին է եղել աղավնին: Քարահունջի հին անվանումը եղել է Ղոշուն Դաշ (Աղավնու դաշտ): Ռիգվեդայում խոսվում է հնդարիացիների հայրենիքի մասին եւ 7 իմաստունների (Մեծ Արջի), որը գտնվում է բարձրադիր երկնքում: Այսպիսի դասավորում հատուկ է հյուսիսային լայնություններին: Հնդկաստանում այն հազիվ է երեւում հորիզոնի վերեւում (Ա. Բելով «Տայնայա ռոդոսլովնայա չելովեկա»)»:

Պ. Հերունու ուսումնասիրությունները  թույլ են տվել հասկանալ, որ Քարահունջի աստղագետները կարեւորագույն ուշադրություն են դարձրել Օրիոնի (Հայկի) համաստեղծության աստղերի նկատմամբ (14 քար 5 աստղի համար) եւ Մեծ Արջի համաստեղության աստղերի նկատմամբ (5 քար), ընդ որում, Ալիոթը (Մեծ Արջի ), Դաբհեն (Մեծ Արջի a) տարբեր անկյան տակ հատել են Քարահունջի տեղի միջօրեականը 7500 տարի առաջ, իսկ Ալկաիդը (Մեծ Արջի ղ)՝ 2000 տարի առաջ:

Ամենաշատ ուսումնասիրված Օրիոն  համաստեղծությունը, ըստ երեւույթին, կապ ունի Քարահունջի հետ: Ենթադրվում է, որ 2,5 մլն տարի առաջ 100 կմ/վրկ արագությամբ արտավիժել են 3 ջերմ աստղեր (AE Կառավարի, 53 Խոյի եւ Աղավնու): Այս երեք աստղերին համապատասխանող քարերն են՝ Արքայի նման քարը, N63 քարը (նման Խոյի) եւ N66 քարը (նման աղավնու կամ արծվի): Իսկ 40 թվի հետ կապ ունի Օրիոնի ամենապայծառ աստղը՝ Ռիգելը (Օրիոնի B), որը համարվում է գերհսկա:

Այսպիսով, Քարահունջի կենտրոնական ձվաձեւ շրջանի 40 քարերը համապատասխանում են Վեներա (Արուսյակ) աստղի 40-ամյա ցիկլին (շրջանին), իսկ Վարդի գծի  (լարագծի) 20 քարերը համապատասխանում են Ավելյաց օրերին, որոնք 40 ամյա  ցիկլում կազմում են 20 օր (40×0©5=20):

Այս Ավելյաց (տոնական) օրերի մասին է գրում Ղեւոնդ Ալիշանը՝ անդրադառնալով հեթանոսական Վարդավառ տոնին. Ինչպես  հույներն էին նվիրում իրենց Ափրոդիտեին  վարդեր, այնպես էլ հայերն էին վարդեր նվիրում իրենց Աստղիկին, Վարդավառ ասելով եւ անելով, եւ տարեվերջին Ավելյաց  օրերին, որ օգոստոսի սկիզբն է, կատարելով իրենց բարեկենդանի մեծամեծ հանդեսները, երբ Հայաստանի բարձրավանդակներում առկա էր գարնանային զովությունը:

Նշենք նաեւ, որ Թաս (լատ. Grater) համաստեղությունը բաղկացած է 20 աստղերից, որոնք երեւում են անզեն աչքով: Մեծ հավանականությամբ Թաս համաստեղծությունը եւս կապ ունի Քարահունջի  երկրային Թասի (կենտրոնական ձվաձեւ  շրջանի) եւ Վարդի գծի հետ:

Այստեղ թասը պետք է դիտվի երկկողմնաի՝ եւ՛ մատերիայի տեսանկյունից, եւ՛ ձեւի  տեսանկյունից, որպես բնության Թաս եւ որպես արվեստի թաս: Էզոտերիկ տեքստերում մեծամասամբ նշվում է նրա ձվաձեւ  լինելու մասին:

Մարիամը, Կույսը եւ Մայրը խորհրդանշում են ձեւը, իսկ Իլիան, Արեւը, Հայր-Աստվածը՝ հարություն տվող ոգին:

Միջնադարյան ալքիմիկոսներն իրենց ձեռագրերում Հայկական ձու տերմինը օգտագործելիս նկատի են ունեցել ձվաձեւ ապակե անոթներ, որոնք արտահանվում էին Հայաստանից այլ երկրներ: Սիսիանից 12 կմ հեռավորության վրա է գտնվում Թասիկ գյուղը: Մինչեւ անվանափոխումը (1968) կոչվել է Ղուշչի-Թազագյուղ: յուղից հարավ գտնվում են միջին դարերի հայտնի Թանահատ վանքը, ավերակ գյուղատեղիներ, Դիքդաշ կոչվող սրբավայրը եւ այլ հնություններ: Չի բացառվում, որ նախկինում գյուղը կոչված լիներ Ղուշչի-թասագյուղ, իսկ Խոյից գաղթած պարսկահայերը չիմացության  պատճառով այն անվանել են Թազագյուղ (Նորագյուղ):

Դիքդաշը համահունչ է Ղոշուն Դաշի  հետ, որտեղ Դիքդաշը բառացիորեն կնշանակի Աստծո թաս (այսպես կոչված «չաշա Գրալյա (ռուս.)»), իսկ Ղոշուն Դաշը՝ Աղավնու դաշտ կամ Ոգու դաշտ: Դաշտն ու Թասը  նույնական են, որովհետեւ Քարահունջի ձվաձեւ  կենտրոնական շրջանը իր մագնիսական դաշտով Երկրի (Թասի) խորհրդանիշն է:

Քանի որ Կույսը խորհրդանշում է ձեւը՝ Թասը, ապա կարելի է ասել, որ Քարահունջի քանդված մատուռը եւ Թասիկ գյուղի Դիքդաշ մատուռը նվիրված են եղել Աստղիկ Դիցուհուն:

Հունական դիցաբանությունում, ըստ  Հոմերոսի, «Օրի»-ները կույս-աստվածուհիներ են, որոնք բացում ու փակում են Օլիմպիոսի դարպասները, առաջացնում եւ ցրում են ամպերը, ղեկավարում տարվա եղանակները եւ բուսականությունը, խնամում են Հերայի ձիերին:

Ըստ եսիոդի, «Օրի»-ները Ֆեմիդայի եւ Զեւսի դուստրերն են: Նա հիշատակում է նրանց անունները՝ Էվմոնիա (օրինականություն), Դիկե (արդարություն) եւ էյրենա (խաղաղություն):

Հայերենում օրիորդ բառն ունի նույն իմաստը, ինչ կույս բառը, ինչը նշանակում է՝ սեռական կյանք չվարած՝ անարատ աղջիկ, իսկ «դիք» բառը՝ հեթանոսական աստված:

Դիք եւ Դիկե (Դիքե) անունները եւ՛ հայերենում եւ՛ հունարենում նշանակում են  աստվածներ: Տարբերությունն այն է, որ հունական առասպելում շեշտվում է սեռը՝ «օրիները» կույս-աստվածուհիներ են:

Ա. Կոնդրատովը («Պոգիբշիյե ցիվիլիզացիի»), խոսելով Օրօ աստծուն նվիրված «սուրբ միության» մասին, գրում է. «Ազնվականության վերնախավը եւ առաջնորդները (պոլինեզիերեն» «ալիկները», «արիները» կամ «արիկները») անհամբեր սպասում էին Օրօ Աստծո թափառաշրջիկ ասպետների գալուն: Տոնակատարությունները տեւում էին մի քանի օր եւ վերջանում էին պարերով ու ըմբշամարտով»: Օրօ աստծուն են երկրպագել Պերուի եւ Զատկի կղզու բնիկները:

Հնդիկ հնագետ Դիքշիտը («Վվեդենիյե վ արխեօլոգիյու»), գրում է. «Մետաղներից հիշատակվում են «hirania» (ոսկի) եւ «ayas»: Ընդ որում՝ հաճախ միասին: Սանսկրիտյան «ayas» բառը համապատասխանում է լատիներեն «aes»-ին, գոթական «aiz»-ին, գերմաներենի «Erz»-ին եւ անգլերենի «ore»-ին:

Լատիներեն «aes»-ը նշանակում է ինչպես պղինձ, այնպես էլ բրոնզ, գոթական «aiz»-ը՝ արույր (կարկիդեյ) կամ բրոնզ (անակապղինձ), այնուամենայնիվ, ենթադրվում է, որ սանսկրիտյան «ayas»-ը սկզբում նշանակել է պղինձ, հետագայում ընդհանրապես մետաղ, եւ վերջապես՝ երկաթ: Սկզբնային երկաթ նշանակությունը բացառվում է:

Դիքշիտը անդրադառնալով Հնդկաստանում տեղավորված մեգալիթյան հուշարձաններին՝ գրում է. «Ինչպես նշել է Կ.Վ. Սուբրախմանյա Խայարը, այդ քարե օղակները հիշատակվում են մի հին թանջուրական արձանագրությունում քարկիդեյ (կարկիդեյ) անվամբ, որտեղ «կար» նշանակում է քար «կամեն», իսկ «կիգեյ» օղակ («կոլցո»)»:

Էզոտերիկ գրականությունում Արեգակի  խորհրդանիշն է ոսկին, Մարսինը՝ երկաթը, Վեներայինը՝ պղինձը: Պղինձը եւ երկաթը այն հասարակ մետաղներն են, որոնցից իսկական ալքիմիկոսները կարողանում էին ստանալ ոսկի:

«Ayas» բառը հիշեցնում է հայկական  լեռնաշխարհում մ.թ.ա. 15-18 դդ. խեթական արձանագրություններում հիշատակված հայասա-Ազզի երկրի մասին:

Մյուս կողմից, օտար եւ հայերեն ալքիմիական ձեռագրերում հաճախ հիշատակվում է «հայկական քար» արտահայտությունը:

Մեր կարծիքով՝ պղինձն ու երկաթը բրոնզի եւ երկաթի դարերում ունեցել է մի ընդհանուր անվանում՝ «հայկական քար» (ayas), դրա համար էլ Դիքշիտը բացառում է «ayas»-ի սկզբնային նշանակությունը որպես երկաթ:

Իսկ անգլերեն «are»-ին համապատասխանում է պղինձը (Վեներայի խորհրդանիշը): Սանսկրիտյան «ayas»-ին համապատասխանում է երկաթաքարը (մագնետիտը): Հայաստանը հարուստ է եղել ու հիմա էլ հարուստ է պղնձով ու երկաթով:

Հայկ  նախահորը համեմատել են նաեւ Մարսի (Հրատի) հետ, որի խորհրդանիշն է երկաթը: Հայկ-Օրիոնի համաստեղությունը հայոց մեջ հայտնի է Հայ աստեղատուն  անվանումով, որի ներքո ծնվողն իբր մեռնում է երկաթից:

Օրօ, Օրիոն (Օրիհովն), Օրոմազդ (Արամազդ) անունները հայերեն «օր» արմատով ոչ մի կապ չունեն հունարենի եւ պարսկերենի հետ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայել Օրու ազգանունը առաջացել է Օրօ անունից:

Օրիոն-Հայկը հին ավանդույթներում համարվել է հայոց առաջին տոմարադիրը, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը:

Հայկի օրացույցը, որը նույնպես «օր» արմատ է պարունակում, ընդունվել է մ.թ.ա. 2492թ., երբ ճակատամարտում նա հաղթելով Բելին, հրամայեց ամեն տարի տոնել այդ հաղթանակի օրը (օգոստոսի 11-ը) եւ սահմանեց նոր տոմար (ՀԲՏ):

Խալդեական երրորդության մեջ են մտնում՝ Անուն, Բելը եւ Խոյը (Xea« Xoa) (Ե.Պ.Բլավատսկայա «Ռազոբլաչյոննայա Իզիդա»):

Օրիոն համաստեղությունը հայոց մեջ  կոչվել է Հայկ (Խեյք, Խեք):

Հայերեն այբուբենի «խ» տառի անունն է «խե», նշանակել է քառասուն (40) եւ քառասուներորդ, բյուրի նշանով՝ (խ՛)՝ չորս հարյուր հազար: Եթ «խե»-ին ավելացնենք «ք» տառը, ապա կստացվի Խեք (Հայկ) կամ (եթե մի քիչ երեւակայենք) Խեք քար (Խոյի քար): Եթե մեր ենթադրությունը ճիշտ է, որ Խոյը Հայկն է, ապա սուրբ «40» թիվը միասնական է Օրիոն-Հայկի եւ Աստղիկ-Վեներայի համար: Ինչպես նշեցինք, խոյի նման հրաշք-քարը միակտոր է եւ նրա գագաթները գտնվում են մի ուղղության վրա:

Հավանաբար, այս կապի մասին են խոսում Հ.Համբարձումյանի «Մտորումներ Հոմերոսի մասին» գրքում տեղ գտած հետեւյալ տողերը. «Երբ Վարդամատ Արշալույսը  Օրիոնին սիրով սիրեց, ողջագուրեց, վրդովվեցիք, նախանձեցքի դուք, հեշտակյաց ով աստվածներ, մինչեւ նրան սուրբ Արթեմիսի ոսկեգահ Օրթիգեյումն հարձակվելով, զարկեց հանկարծ եւ սպանեց իր հնագույն սլաքներով (Ոդ., V, 121-124)»: «Տեսա այնտեղ նաեւ հսկա ու վիթխարի Օրիոնին՝ Այսֆոգիլյան մարգերի մեջ հալածում է նա գազաններ, որոնց ինքը մի ժամանակ ամայացած լեռների մեջ կոտորել էր պղնձակուռ եւ հավիտյան չխորտակվող իր մեծ գուրզով (Ոս. XI 572-575)»:

Զարմանալի է, բայց Վարդամատն Արշալույսը սիրով սիրել է Հայկին…

Եկեք մենք էլ սիրով սիրենք մեր «Վարդագիծ» Քարահունջը եւ գործնական քայլեր անենք նրա գաղտնիքները բացահայտելու համար:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։