Էջմիածինն ընդեմ Աբովյանի՞ – Կամ՝ նոր հակահեղափոխական երգ՝ երկրապահ եմ ես, երկրապահ ես դու… Քաղաքական դաշտի ազատամարտիկանացումը հղի է վտանգներով…

Իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, ինչպես ահազանգել էր «Լուսանցք»-ընախորդ թողարկումներում, քայլում է դեպի քաղաքական դաշտի ազատամարտիկանացումը, ինչը վտանգավոր հետեւանքներ կունենա, եթե իրապես ծավալվի: Չի բացառվում, որ սա պայքարի մի հատվածն է, երբ տեղի է ունենում ուժի ցուցադրություն եւ ոչ ավելին: Բայց չենք կարող վստահ ասել՝ այս փուլը ցուցադրակա՞նն է, թե՞ պարտադիր կատարողականը:

http://www.hayary.org/wph/?p=4444 - Իշխանությունն ու ընդդիմությունը նու՞յն «շայկան» են… Երբ եռյակի առաջնորդները հրաժարական պահանջեն, մենք (ՀՀԿ-ն) մեր ասելիքը կասենք…

 ԵԿՄ-ականներին ու հատկապես ԱԺ պատգամավոր գեներալներ զույգին՝ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին զայրացածրել են ԲՀԿ-ական «երկրապահական» խաղերը, նրանք չեն բացառում, որ կարող է հանկարծ «հանդիպում լինի նրանց ու Ծաղիկ Ռուբոյի միջեւ»: Վերջինս ղեկավարում է ԲՀԿ-ի ազատամարտիկների նոր կազմակերպությունը:

Գեներալներին, իրենց խոսքով, մտահոգել է ազատամարտիկների պառակտման քայլը, ինչը վտանգավոր է հատկապես մեր իրավիճակում, երբ նորից սրվել է վիճակը սահմանապահ դիրքերում, հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Ըստ «Երկրապահ կամավորականների միության»՝ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գեւորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի ու հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։ Նրանց զարմացրել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի այս կեցվածքը, այլեւ՝ հեղափոխական դառնալը:

Գեներալներն անգամ քմծիծաղել են. «Էդ երբվանի՞ց է Գագիկ Ծառուկյանը դարձել հեղափոխական: Ինչ ուզում ա դառնա, իրա խնդիրն ա: Բաղդատում էլ խուրմա կա… Շատ մարդ ա շատ բան ուզում, ուզում ա՞, թող ուզի՛…»: Գեներալ Գրիգորյանը պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ, իշխանափոխության մասին է այլեւս խոսում, կրկնել է, թե «շատ մարդ ա շատ բան ուզում»: Իսկ թե ինչու է եկել ընդդիմության հանրահավաքին, արդյո՞ք հետեւում է ընթացքին, նշել է, թե «մեկը լինի մեզ հետեւի», պարզապես գեներալներն անհանգստացել են, քանի որ այս ամենը «ազդում են եւ՛ սահմաննների անդորրի եւ՛ ներքաղաքական կյանքի վրա»:

Շարունակելով խոսքը՝ գեներալն ասել է, թե «Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն ա եղել, էտ ո՞ր օրվանից եղավ, որ արդեն իշխանություն չի: 10 տարի Ռոբերտ Քոչարյանի վախտով կար, չնայած հենց դրանից առաջ էլ կար»: Ըստ գեներալ պատգամավորների, ԲՀԿ ղեկավարն ամբողջ կյանքում իշխանություն է եղել, այսօր էլ է այդպիսին:

Սեյրան Սարոյանի խոսքով՝ լավ կլինի Գագիկ Ծառուկյանը զբաղվի իր գործով, իսկ թե ո՞րն է իր գործը՝ բացատրեց. «Բիզնեսները: Ի՞նչ վատ գործ է»: Մի խոսքով, երկրապահ կամավորականների ղեկավարները, ՀՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են ոչ միայն պատասխան տալ ԲՀԿ-ական «երկրապահական» խաղերին, այլեւ ԲՀԿ-ական հեղափոխական խաղերին, քանի որ դրանք վտանգում են մեր սահմանների պաշտպանությունն ու ներքին անվտանգությունը:

Իսկ արդյո՞ք ԵԿՄ-ի մշտապես քաղաքականացված կարգավիճակը չի վտանգել, վտանգում ու վտանգելու մեր սահմանները եւ ներքին կյանքը, գեներալ պատգամավորներն այս մասին չեն ասում: Մենք կարող ենք հիշեցնել, թե հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ եւ հետընտրական գործընթացներում ինչեր են արել երկրապահ կամավորականները այս կամ այն իշխանության օգտին…

Ինչպես Գագիկ Ծառուկյանը, այդպես էլ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը եղել ու գործել են (նաեւ իրենց տնտեսական շահերը հետապնդելով) ՀՀ բոլոր 3 նախագահների օրոք: Պարզապես այստեղ շահերի նոր բախում կա: Եվ ուրիշ ոչինչ: Եթե Աբովյանում շատ-շատերն են հիշում Գագիկ Ծառուկյանի կատարած անարդարություններն ու հարստահարումները, ապա Էջմիածնում բոլորովին այլ մարդկանց մասին են այդ նույն բաներն ասում… Ու նաեւ այսօր:

Ինչեւէ, գեներալներ Սարոյանն ու Գրիգորյանը գործարար Ծառուկյանին երկրի նախագահի պաշտոնում չեն տեսնում: Իսկ արդյո՞ք մի օր կտեսնեն՝ «Կյանքը ցույց կտա՝ կարա դառնա, թե չի կարա»,- ասել են նրանք եւ բողոքել նաեւ, որ «հայ ազգը հեղափոխական ազգ է, ինչը վատ է, մեր երկրում հեղափոխություն չի լինի եւ իզուր է Գագիկ Ծառուկյանը դարձել հեղափոխական»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։