Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կյանքում ամենավտանգավոր բանը աչքակապությամբ կամ քողարկված խարդավանքներով գործելն է…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=4486  – Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ (1-ին մաս)… «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում եղած խրախճանքները եւ պատճառած վնասները

Վերջերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը անդրադառնալով Զվարթնոցում եւ առնիում հունիսին տեղի ունեցած վերոնշյալ միջոցառումներին, հուլիսի 4-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում իրավացիորեն նշում է, որ այդ գործում «Կոնկրետ մշակույթի նախարարության համապատասխան մեղքը կա, որ պայմանագրային կետերը չի վերահսկել, եւ թեթեւ կառույց է տեղադրվել հուշարձանի տարածքում: Չնայած հուշարձանին վնաս չի հասցվել, այնուհանդերձ, ստեղծվել է մի իրավիճակ, որը չպետք է ստեղծվեր: Համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվել, թեպետ կարող են ասել, որ մշակույթի  նախարարն է եղել այդ գործընթացի կենտրոնում… պայմանագրերը նրանք են կնքում, ոչ թե անձամբ մշակույթի նախարարը: Մի բան հստակ է՝ ով ուզում է լինի, հուշարձանի հանդեպ պիտի հարգալից վերաբերմունք դրսեւորի: Ես ամենեւին չեմ ուզում պատասխանատվությունը նախարարության վրայից գցել… Ոչ ոք հաշվի չի առնում, որ պետությունն այսօր ի վիճակի չէ մեծ գումար դնել հուշարձանների պահպանության համար: Ուղղակի բոլորս պետք է ունենանք պատասխանատվություն եւ չափը չանցնենք հուշարձանը օգտագործելու մե­ջ»:

Նախարարն այստեղ, կարծում եմ, իր առաջ քաշած հարցադրումներին էլ ջանացել է պատասխանել: Քանզի իր կողմից ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Վերջինս էլ իր հերթին աշխատանքից ազատել է Զվարթնոցի վարիչին, առնիի թանգարանի վարիչ Արամ Բաբայանին էլ իր հերթին ս/թ. հունիսի 18-ին Կենտրոնական բանկի կազմակերպած (ՊՈԱԿ-ի թույլատրած) միջոցառման շրջանակում էլ գրավոր նկատողություն է տվել: Մի խոսքով, իրականացվել է նախարարի  «համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվե­լ»-ը, փույթ չէ, որ վերջիններիս մեղքն այդ գործում ամենանվազագույնն է, եւ նրանք պարզապես քավության նոխազներ են դարձել: Նույնիսկ շնորհակալ պետք է լինել, որ այդ աստիճանը չի իջեցվել հուշարձանների պահապանների կամ էլ հավաքարարների մակարդակներին:

Ավելին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն էլ զանց առնելով նախարար Հասմիկ Պողոսյանի վերոնշյալ պաշտոնական դիրքորոշումը, ս/թ. սեպտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում լրագրողի այն դիտարկմանը, թե որքանո՞վ  էին Գառնիում եւ Զվարթնոցում կազմակերպված կորպարատիվները գիտական եւ մշակութային բնույթի, փոխնախարարը նշեց, որ դրանք 2-ն էլ, հանրահռչակմանն էին ուղղված: «Երկուսն էլ աշխատանքային ժամից հետո են եղել… Ինչ վերաբերվում է բնույթին, ապա, կարծում եմ, խոշոր բանկերի կառավարիչների, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ շուրջ 200 համաշխարհային բանկի կառավարիչ գան-տեսնեն Հայաստանը եւ վայելեն հոգեւոր դասական երաժշտություն… ոչ մի բան հուշարձանի չի դիպել, ոչ մի բան չի եղել հուշարձանի­ն»,- հավատացրեց Սամուելյանը: Այստեղ, վերստին չանդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված փաստագրական լուսանկարներին ու հասարակայնության ներկայացուցիչների զայրույթին, այնուամենայնիվ անհասկանալի է մնում այն, որ եթե ամեն ինչն այդքան օրինական է եղել, ինչպես հավաստում է փոխնախարարը, ապա ինչի՞ համար է աշխատանքից ազատվել Զվարթնոցի վարիչ Վ. Գրիգորյանը, կամ էլ ինչի համար է նախարար Հ. Պողոսյանը պաշտոնապես նախարարությանը կատարվածի համար մեղսակից համարում…

Այնուամենայնիվ հարց է առաջանում, թե  հուշարձանների վարձակալական օգտագործման համար ի վերջո ո՞վ պետք է չափը չանցնի՝ թույլտվություն կամ համաձայնություն տվողը, թե թույլտվություն ստացողը… Այստեղ երեւի թե փաստենք, որ խոսքը նախեւառաջ պետք է վերաբերվի թույլտվություն ու համաձայնություն տվողներին: Քանզի, հուշարձանի տարածքում՝ 250-300 մարդու խրախճանքային միջոցառման ընթացքում, համաձայնեք, որ շատ դժվար է ապահովել պահանջվող կարգուկանոնն ու հուշարձանի նկատմամբ հարգանքն ու ակնածանքը: Փաստենք նաեւ այն, որ մինչեւ 2011թ. էլ թե՛ Գառնիում եւ թե՛ Զվարթնոցում տեղի են ունեցել մի շարք մեծ ու փոքր միջոցառումներ՝ երգի ու երաժշտության համերգներ, պարերի ու տարազի ցուցադրություններ, կրոնական արարողություններ, Թ. Թորամանյանի անվան հուշամեդալի հանձնման, հանդիպումների արարողություններ, զանազան տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների նկարամանումներ եւ այլն, որոնք  երբեւէ չեն հարուցել հանրության զայրույթը: Քանզի  այս ամենը, նախարար Հ. Պողոսյանի խոսքերով ասած, հուշարձանի օգտագործման գործում «չափը չեն անցել»:

Ահա հենց այդ չափն անցնելու վերաբերյալ բուռն քննարկումների ժամանակ էր, որ հեռուստաընկերությունների էկրաններից հնչեցին եւ գրավոր լրատվամիջոցների էջերում տեղ գտան բարոյապես խոցելի շատ վիրավորանքներ ու կարծիքներ: Օրինակ, գրականագետ, լրագրող Հ. Չարխչյանը հայտարարեց, որ հուշարձաններում այդպիսի միջոցառումների անցկացման թույլատրելը «կարող է հղիանալ միայն ախտավոր ուղեղներու­մ»: Մեկ այլ մտավորական կատարող-հեղինակ Է. Զորիկյանի կարծիքով, նման միջոցառումներին կանաչ ճանապարհներ տվողները «ընդհանրապես այդ խառնածիններն ավելի վտանգավոր են, քան զտարյուն սրիկաները» («Ժողովուրդ», 19.06.2014):

Այս եւ լրատվամիջոցների նմանօրինակ այլ կարծիքները, պարզապես սպանիչ են, որոնք, թող թույլ տրվի փաստելու, հարիր են պետության կամ հայրենի մշակույթի նկատմամբ կատարված դավաճանական երեւույթներին: Իմիջիայլոց նկատենք, որ դավաճանության երեւույթն առհասարակ ընդգրկում է ոչ միայն յուրայինների դեմ գործող կամ թշնամու կողմն անցնող մարդու գործողություններ, այլ նաեւ իր տեղում չգտնվող անձի այն արարքներն ու վարքագիծը, որի միջոցով անձը զանազան հնարքներով ու քողարկված նպատակներով մսխում ու կողոպտում է պետական ու հանրային ունեցվածքը, ոտնահարում է ազգային արժեքների ու մշակույթի գիտակցումը, ի դերեւ է դարձնում, չի արդարացնում իրեն վստահված գործը պատշաճորեն կատարելը, որն ոչ միայն բարոյապես, այլեւ քրեորեն դատապարտելի արարք է:

ՊՈԱԿ-ի «Գառնի» թանգարանը 2011թ. արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման Միլենա Մերկուրիի մրցանա­կ»-ին: Ըստ տնօրեն Վլ. Պողոսյանի, այդ մրցանակի «տրամադրած 15.000 դոլարը նախատեսվում է ներդնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հետագա զարգացման նախագծերի իրագործման մե­ջ» (տե՛ս «Իրավունք», 20.09.2011): Անցել է արդեն 3 տարի, եւ ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվություններում այդ մասին ոչինչ փաստագրված չէ: Այդ պատճառով էլ համացանցի կայքէջերում հարցումներ են ուղղվում ՊՈԱԿ-ին այդ մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա պարզաբանելու, թե ե՞րբ եւ ինչի՞ համար են ծախսվել (կամ առ այսօր ինչու չեն ծախսվել) մրցանակի գումարները, մանավանդ որ առնիում պահպանության խնդիրների «հետագա զարգացման նախագծերի» թվում հրատապ է համալիրի բաղնիքի եւ նրա խճանկարի նորոգման հարցը: էլ չենք խոսում այն մասին, որ առանց այդ մրցանակի գումարի էլ, եթե հենց միայն ամեն տարի առնի թանգարանի ՊՈԱԿ մուտքագրած տոմսերի վաճառքի վերջին տարիների 60-90 միլիոն դրամի 10-20 տոկոսը հատկացվեր առնիին, ապա վաղուց կառուցված կլիներ թե՛ թանգարանի եւ թե՛ աշխատակիցների աշխատատեղերի շենքերը: Այդ առիթով փաստենք, որ թանգարանի շենքի կառուցման, ինչպես նաեւ բաղնիքի վերանորոգման նախագծերն արվել են դեռեւս 1981-1984 թթ. Ճարտարապետ Համլետ Խաչատրյանի կողմից: ՊՈԱԿ-ը 2013թ. այս նախագծերից անդրադարձել է թանգարանի նախագծին եւ որոշ սրբագրման աշխատանքներ կատարել եւ հուսանք, որ առաջիկա տարիներին այն կյանքի կկոչվի: Այստեղ, այս խնդրին առնչվող մի հավելում կատարելով նշենք, որ քաղ. Ա. Հարությունյանի հարցումներին ՊՈԱԿ-ի տված պատասխանի 5-րդ կետում փաստվում է, որ 15.000 ԱՄՆ դոլար մրցանակային գումարը «ՊՈԱԿ-ի աշխատանքային ծրագրի համաձայն գումարն ուղղվել է նրատակային ու առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանը, որպիսիք են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում թանգարանի շենքի նախագծումը, հուշարձանի հանրահռչակմանն ուղղված, սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիների հոգեւոր, կրթական պահանջմունքները բավարարող, մասնավորապես թույլ լսողություն ունեցող սոցիալական խմբի համար նախատեսված ծրագրերի իրագործումը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ազգագրական երգ ու պարի երեկոյի կազմակերպումը, արգելոց-թանգարանի մասին ուղեցույցի պատրաստումը եւ հրատարակումը, արգելոց-թանգարանների եւ ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների եւ հավաքածուների  կառավարման ու զարգացման բաժնի նյութատեխնիկական հագեցվածությունը բարելավելու նպատակով համակարգիչների եւ կից սարքավորումների ձեռքբերումը… «Մելինա Մերկուր­ի» միջազգային մրցանակի պատվոգրի մետաղյա տարբերակի պատրաստումը եւ տեղադրումը «Գառնի» պատմամշակութային ապգելոց-թանգարանի տարածքում, ՅՈւՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում կամավորական ճամբարի գործառումը (2012թ-ից սկսած) եւ այլ­ն»:

Այստեղ հավելենք նաեւ, որ այդ միջազգային մրցանակը, որին Հայաստանից առայժմ արժանացել է միայն առնին, տրվում է աշխարհի գեղատեսիլ պատմամշակութային բնապատկերը պահպանելու ու չձեւափոխելու եւ այն հաջորդ սերունդներին անխաթար փոխանցելու համար: Այդ մրցանակով առնիի միջազգային ճանաչում գտած այդ վարկանիշը խելացիորեն եւ քայլ առ քայլ  ամրապնդելու փոխարեն ՀՀ մշակույթի նախարարությունը եւ նրա ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ը 2011-2013թթ. ձեռնամուխ եղան Գառնիի միջնադարյան կամրջի նորոգմանը («Լուսանցք»-ը առիթով տպել է «նորոգման» լուսանկարները,- խմբ.) եւ անմիջապես թանգարանային համալիրում, այսպես ասած, «պիլոտային սրճարա­ն» տեղադրելու աշխատանքներին, որոնք, բնականաբար, հանդիպեցին մտավորականության եւ հասարակայնության լայն շրջանակների արդարացի զայրույթներին ու բողոքներին:

Ընդ որում, Գառնիի կամուրջն էլ, որ թե՛ իր պահպանվածությամբ եւ թե՛ իր գործառնական նշանակությամբ այնքան էլ շտապ կարգով նորոգման կարիք չուներ: Արդյունքում էլ այն մի շարք աղավաղումներով չգիտես նորոգվե՞ց, թե՞ վերակառուցվեց, վերականգնվե՞ց…, որին անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ եւ այդ բնագավառի մասնագետները:

Ինչ վերաբերվում է Գառնիի սրճարանի խնդրին, որի էսքիզային նախագիծը ոչ մի անգամ չի քննարկվել ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդում կամ ակտիվի խորհրդակցությունում, ապա իմ խորին համոզմամբ մեր հուշարձանները ունեն նմանատիպ կառույց-ծառայությունների անհրաժեշտություններ: Սակայն, դրանք իրենց տեղադրվածությամբ-գոյությամբ երբեք չպետք է խաթարեն հուշարձանների դերն ու նշանակությունը եւ առաջնային դիրք ու նշանակություն ունենան հուշարձանների համալիրներում: Գառնիի պարագայում այն պատճառաբանությունները, որոնք բերում են Մշակույթի նախարարության եւ ՊՈԱԿ-ի պաշտոնյաները, զբոսաշրջիկներին մի բաժակ թեյ կամ սուրճ, զովացուցիչ ջրեր կամ հյութեր հրամցնելը, կարծում եմ, անհամոզիչ ու անհիմն են:

Քանզի այդ ամենը մասնավորապես առնիում կարելի է կազմակերպել Գառնիի մուտքից մինչեւ տաճարի հրապարակը հասնող, շուրջ 270 մ անցուղու ձախ կողմում այդ նպատակներով 4-5 ինքնասպասարկող ավտոմատ սարքավորումների տեղադրմամբ, որոնք իրենց մոտ կունենան համալիրի պատմաճարտարապետական ոճին հարիր մի քանի տեղանոց սեղան-աթոռներ իրենց հովանոցներով: Այսպիսի կամ նմանօրինակ լուծումներն ամենեւին վնաս չեն կարող պատճառել համալիրին եւ ավելորդ խոսակցությունների տեղիք չեն տա:

Ավելին, եթե պատկան մարմինները ցանկություն ունեն այդ խնդրին արմատական լուծումներ տալու, ապա պետությունը կամ որեւէ ներդնող կարող է գնել Գառնիի մուտքի դիմաց գտնվող 1 կամ 2 բնակելի տները իրենց տնամերձերով եւ այդտեղ կառուցել ասենք՝ 6-7 հարկանի տուրիստական-հյուրանոցային համալիր, որի 1-ին հարկին ամբողջովին տաղավարային լուծում կտրվի եւ կհատկացվի գառնեցիների բերք ու բարիքը (միրգ, գաթա, մեղր եւ այլն) զբոսաշրջիկներին քաղաքարիրթ ձեւով հրամցնելուն: Իսկ օրվա երկրորդ կեսին, Գեղարդի այցելությունից հետո, զբոսաշրջիկները գիշերելով առնիում, հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես առնիի համալիրին, այնպես էլ գյուղի մնացած այլ հուշարձաններին ու գառնեցիների գյուղական մշակույթին: Երեկոյան էլ հյուրանոցի ամենավերին հարկում տեղադրված սրճարան-ռեստորանից էլ կվայելեն թե՛ տաճարային համալիրի ու Գառնիի ձորի« եւ թե՛ Գառնի բնակավայրի ու նրա շրջապատի գիշերային ողջ հմայքն ու համայնապատկերները:

Մի երրորդ տարբերակ էլ՝ առնիի եւ նրա շրջապատի գեղարվեստական պատկերին հաղորդակից լինելու նպատակով կարելի է նաեւ տաճարի հետնամասի գրեթե ուղղաձիգ ժայռերի մոտից ճոպանուղային կապ հաստատել հանդիպակաց ձորալանջ, ուր կարելի է տեղադրել նաեւ տեղանքին մերվող համապատասխան սրճարան-պանդոկ, որը ոչ մի կերպ չի խանգարի հուշարձանին (Գառնիի զբոսաշրջիկներին բավարարելու առաջարկները բացառապես հեղինակինն են, եւ միշտ չէ, որ համընկնում են խմբագրության տեսակետներին,-խմբ.):

2014թ. հունիսի 20-ին Հ1-ի «Հարցազրույց»-ում «Զվարթնոց» թանգարանի տարածքում հունիսի 14-ին տեղի ունեցած «Տրոյկա Դիալո­գ» ընկերության միջոցառման (տեխնիկական կապալառու՝ «Քեմփ Վենչուր­ս» ՓԲԸ) վերաբերյալ, որը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, «Զվարթնոց» թանգարանի վարիչ Վ. Գրիգորյանին աշխատանքից ազատելու հանգամանքների վերաբերյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանն, մեղմ ասած, հրապարակավ պաշտոնական անճշտություն հայտարարեց, որ իբր Վ. Գրիգորյանը ս/թ. մարտ սկզբներին իր նախաձեռնությամբ «Զվարթնոցի» տարածքում կազմակերպել է ծառատունկ՝ առանց ՊՈԱԿ-ի գիտության, որի համար արժանացել է գրավոր նկատողության, ապա վերջին միջոցառման առիթով էլ հունիսին 2-րդ նկատողությունը ստանալուց հետո աշխատանքից ազատվել է: Սա ակնհայտ անճշտություն է, լիակատար անհեթեթություն« քանզի հիշյալ ծառատունկը կազմակերպվել է Իրանի «Արարատ» միության հիմնադրման 70-ամյակի առիթով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, որի վերաբերյալ տեղյակ է եղել ինչպես Մշակույթի նախարարությունն, այնպես էլ ՊՈԱԿ-ը:

Ավելին, ծառատունկի համար էլ ՊՈԱԿ-ի ճարտարապետ Աշոտ Աբրահամյանը՝ ՊՈԱԿ-ի հանձնարարությամբ էլ մեկ շաբաթ առաջ կազմել է նաեւ շուրջ 300 ծառատունկի տեղանքի էսքիզային նախագիծը եւ տրամադրել թանգարանին: Իսկ ծառատունկին մասնակցել է Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը« Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, բազմաթիվ իրանահայեր, մտավորականության ներկայացուցիչներ:

Ի դեպ, իսկ մշակույթի նախարարությունից էլ այդ ծառատունկին պաշտոնապես մասնակցել է փոխնախարար Արեւ Սամուելյանը, ՊՈԱԿ-ից՝ տնօրենի տեղակալ Սեյրան Առաքելյանն ու քաղպաշտպանության տեսուչ Ս. Դովլաթբեկյանը [ծառատունկի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը տե՛ս ՊՈԱԿ-ի կայքեջում htt://hushardzan.am/40031]:

Թե այստեղ որն է թանգարանի վարիչի մեղքը, ակնհայտորեն մնում է անհասկանալի: Մանավանդ այն պարագայում, որ Վ. Գրիգորյանը իր երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար բազմիցս գրեթե ամեն տարի պարգեւատրվել է ինչպես ՊՈԱԿ-ի ու այլ կազմակերպությունների« այնպես էլ մշակույթի նախարարության շնորհակալագրերով ու պատվոգրերով:

Եթե վերոնշյալ փաստերն ի մի բերենք, ապա, ուզես թե չուզես, հիշում ես ժողովրդական այն իմաստուն խոսքը, որ կյանքում ամենավտանգավոր բանը աչքակապությամբ կամ քողարկված խարդավանքներով գործելն է…

Կամ էլ իսկապես եկեք չափը չանցնենք հուշարձանները օգտագործելիս…

Արգամ Այվազյան

Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։