Նիցշեն եւ Հայաստանը (2-րդ մաս) – Հայկական լեռնաշխարհը դիտել են որպես Մեծ ջրհեղեղից՝ ջրից դուրս մնացած կղզի, աշխարհի կենտրոն, արեւի ու անմահության երկիր, Աստվածային կացարան՝ որտեղ անմահության ծառն է գտնվում… ուր Արարչի ընտրյալներն են ապրում…

Սկիզբը՝ թիվ 10-ում

http://www.hayary.org/wph/?p=4731 – Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

Ինչպես արդեն գիտենք, Նիցշեի մարգարեի համար երկրի միակ սրբազան վայրը իր «հայրերի ու մայրերի երկիրն» է: Դժվար չէ, հետեւաբար, կռահել, որ նա իր՝ աշխարհն իսկությամբ տեսանող երազում հայտնվել է ոչ այլ տեղ, քան իր նախնյաց երկրում, որն այս անգամ նրան հայտնվել է իր ժայռեղեն պատկերով:

– Այդ «ժայռի» խորհուրդն ու տեղը Զրադաշտը ավելի է որոշակիացնում «Յոթ կնիքները» (Կամ՝ Ամեն-ի եւ Այո-ի երգը)» դրվագում ներկայացված իր մեկ այլ ոգետեսիլքում, որն ասում է այն մասին, որ այն նրանում առաջացել է ոչ որպես զուտ երեւակայական կամ պատահական պատկեր, այլ խորհրդալից ինչ-որ բան. «Ես գուշակ եմ եւ լցված այն ոգով կանխագուշակ, որը շրջում է զույգ ծովերի միջեւ ձգվող բարձր լեռնաթմբին,- շրջում անցյալի ու գալիքի միջեւ, որպես ծանրածանր մի ամպ,- թշնամի հեղձուկ հարթավայրերին եւ այն ամենին, ինչը հոգնած է եւ ոչ մեռել կարող է, ոչ էլ ապրել մռայլ ծոցում պատրաստ կայծակին եւ փրկարար լույսի ճառագայթին, կայծակներով հղի, որ Այո՜ են ասում, Այո՜ են ծիծաղում, կայծակնային կանխագուշակ ճառագայթներին պատրաստ,- սակայն երանելի՜ է նա, ով այդպես է հղի. եւ արդարեւ, երկար պետք է կախվի լերանց վրա, հանց ծանր որոտ, ով մի օր պետք է վառի լո՜ւյսը գալիքի – Օ, ինչպե՞ս հավերժությունը ես տենչում եւ մատանիների մատանի՜ն հարսանեկան,- մատանին վերադարձի: Երբեք դեռ չեմ գտել ես այն կինը, ումից զավակներ ուզենայի,- եթե ոչ կինն այս, ում ես սիրում եմ. զի ես սիրում եմ քեզ, օ, հավերժություն»20:

– Մենք դեռ կանդրադառնանք «Յոթ կնիքները (Կամ. Ամեն-ի եւ Այո-ի երգը)»-ի հաջորդ հատվածներին, որոնցում երգի՝ որպես գուշակ հանդես բերվող Զրադաշտը հիշում է իր՝ «երբեւէ» ապրած աստվածամարդկային կյանքի դրվագները. այստեղ բերված հատվածի առանձին մասերի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնենք: – Պարզվում է, կանխագուշակ՝ գալիքն ու անցյալը տեսանող ոգով լցված գուշակ Զրադաշտը հեռաթափանցողական իր տեսիլքում շրջում է երկու ծովերի միջեւ գտնվող բարձր լեռների թմբին կամ, այլ կերպ ասած, լեռնաշխարհում: Հենց այդ՝ կարծես աստվածավայր, կարծես իդեալական դիտակետ տեղանքից է նրա ոգին ազատորեն «շրջում անցյալի ու գալիքի միջեւ», շրջում՝ «որպես ծանրածանր մի ամպ», պատրաստ շամփրելու այն ամենը, ինչը հարթավայրային է, այն ամենը, ինչը վտիտ է ու մեռելային, պատրաստ՝ միաժամանակ լինելու կայծակ ու Այո ասող, Այո ծիծաղող «փրկարար լույսի ճառագայթ»: Նիցշեի Զրադաշտը երանելի է համարում նրան, ով «լերանց վրա» շրջող կանխագուշակ ոգով՝ «ծանրածանր մի ամպ»-ով է հղի, որը դեռ «երկար պետք է կախվի լերանց վրա», որ մի օր «վառի լո՜ւյսը գալիքի»: Իմաստասերի հոգեզավակը, փաստորեն, «լերանց» հետ է կապում իր հավերժությունը, իր սկզբին վերադարձը, որը նրա ոգետեսիլքում հայտնվում է հարսանեկան  մատանիների մատանու՝ վերադարձի  մատանու կամ սիրելի կնոջ՝ միայն ումից կցանկանար զավակներ, հավերժի՜ զավակներ, ունենալ, տեսքով:   

– «Գիրք ամենքի եւ ոչ ոքի համար» (ինչպես «Զրադաշտի» ենթավերնագիրն է գիրքը բնորոշում)-ի «Վասն մեծ իրադարձությունների» դրվագը սկսում է հետեւյալ պարբերությամբ. «Ծովում մի կղզի կա,- Զրադաշտի երանելի կղզիներից21 ոչ շատ հեռու,- որի վրա մշտապես մի հրե լյառ է ծխում. այդ կղզու մասին ժողովուրդը ասում է, եւ ժողովրդի մեջ առանձնապես պառավ կնանիք են այդպես ասում, որ այն ժայռեղեն մի զանգվածի պես դրված է անդրաշխարհի դարպասի առջեւ. հենց հրո լեռան միջով նեղլիկ մի ճանապարհ է իջնում ցած, որը տանում է դեպի անդրաշխարհի այդ դարպասը»22 (ընդգծումներն իմն են,- Ք.Մ.): – Կարծում ենք, այստեղ նշված «ծովում մի կղզի»-ին («ժայռեղեն մի զանգված»-ը), իր մշտապես ծխացող «հրե լյառ»-ով՝ նախորդ դրվագում հիշատակված, երկու ծովերի մեջ վեր խոյացող «բարձր լեռների թումբը»՝ լեռնաշխարհն է, այստեղ երկրային կյանքի իր մեկ այլ՝ կենաց դերակատարումով խորհրդանշված (հիրավի, «երկու ծովերի մեջ» գտնվող «լեռները», ինչ-որ մի առումով, կարելի է նաեւ կղզի համարել):

– «Զրադաշտում» Զրադաշտի նախնյաց երկրի՝ այս անգամ որպես «տուն»՝ խորհրդին հանդիպում ենք նաեւ երկի «Ստվերը» դրվագում: Այստեղ Զրադաշտի Ստվերը մի կերպ բռնացնելով Զրադաշտին ու նրան ներկայացնելով իր ով լինելը, ասում է՝ «Ես մի թափառական եմ, որն արդեն շատ է կրնկոխ հետեւել քեզ. միշտ ճանապարհին, սակայն առանց նպատակի, նաեւ անտուն, այնպես որ իրոք, քիչ բան է պակասում ինձ հավերժական հրեա լինելու համար, եթե միայն հաշվի չառնենք, որ ես ոչ հավերժական եմ եւ ոչ էլ հրեա: Ինչպե՜ս: Միթե՞ ես պետք է միշտ ճանապարհին լինեմ: Ամեն քամուց քշվո՞ղ, թափա՞ռ, հալածակա՞ն»23 (ընդգծումն իմն է,- Ք.Մ.): Եվ ապա նրան պատմելով այդ կյանքի ընթացքում իր բազում այլակերպավորումների ու ինքնուրացումների մարմին,- իր մարմնի հետ իր ողբն է կիսում, ասելով՝ «Այլեւս ի՞նչ է մնացել ինձ: Հոգնած, հանդուգն մի սիրտ, անկայուն կամք, թպրտացող թեւեր, ջարդված մի ողնաշար: Այս որոնո՜ւմն իմ տան, օ, Զրադաշտ, դու լավ գիտես, այս որոնումը իմ տունը քանդեց, այն լափում է ինձ: Ո՞ւր է – տունն իմ: Նրա մասին են իմ հարցերը, ես դա եմ փնտրում, ես դա՛ չգտա: Օ, հավերժական Ամենուրե՜ք, օ, հավերժական Ոչ-ուրե՜ք, օ, հավերժական Իզո՜ւր»24: – Ի՞նչ ենք տեսնում – դարձյալ Զրադաշտի՝ հայրենի տնից, իր տնից, զրկումի ցավ, նրա նկատմամբ կարո՜տ25,- հայրենի տուն, որն այս անգամ ժամանակ-տարածությունից դո՜ւրս է պատկերացվում:

«Յոթ կնիքները (Կամ. Ամեն-ի եւ Այո-ի երգը)»-ում վերը հիշված՝ «զույգ ծովերի միջեւ ձգվող բարձր լեռնաթմբի»՝ Զրադաշտի ոգետեսիլքը կրկնվում է «Զրադաշտի» «գիշերաշրջիկի երգը» մասում: Կարդում ենք. «Նրա (Զրադաշտի,- Ք.Մ.) ոգին… վազում էր առջեւից եւ հեռավոր հեռուներում էր եւ ասես թե «բարձր ժայռի վրա»,- ինչպես որ գիրն է ասում,- զույգ ծովերի միջեւ,- անցյալի եւ գալիքի միջեւ շրջելով, հանց ծանր մի ամպ»26: Ասել է թե՝ խորհուրդն այնքա՜ն հարազատ է Նիցշեին, որ նրա հոգեզավակ Զրադաշտի ոգին էլի «հեռավոր հեռուներ» է թռչում՝ տեսնելու համար հարազատ Լեռնաշխարհը: Նկատենք նաեւ հետեւյալը. Զրադաշտին (Նիցշեին)՝ իր ու այդ՝ «հեռավոր հեռուներում» գտնվող երկրի կենսական կապի մասին «գիրն է ասում»27:

Հարցի ամբողջական ներկայացման շահերից ելնելով՝ ավելացնենք, որ «Զրադաշտը» գրելիս Նիցշեի հոգու խորհրդարանում ոչ մեկ անգամ արծարծված երկրի  (աշխարհագրական վայրի) մասին հիշատակություն՝ հանդիպում ենք նաեւ «Զվարթ գիտությունը»-ում: Գրքի հինգերորդ գրքի 377-րդ «Մենք՝ հայրենազուրկներս» ասույթում կարդում ենք. «Այսօրվա եվրոպացիների մեջ պակաս չկա այնպիսինների, ովքեր իրավունք ունեն իրենց վեր հանող ու պատվավոր մի իմաստով հայրենազուրկներ կոչելու, թող հենց նրանց սրտին էլ ուղվա՜ծ լինի իմ թաքուն իմաստնությունն ու gaya scienza-ն: Քանզի նրանց բախտը դաժան է, նրանց հույսը՝ անորոշ, նրանց համար մխիթարանք հորինելը դյուրին հնարք չէ – եւ դա միթե՞ կօգնի: Մենք ապագայի զավակներս, մենք այս այսօրվա մեջ ինչպե՞ս կարողանայինք մեզ տանը զգալ»28 (հետո իմաստասերը բացատրում է, թե ինչու ժամանակակից Եվրոպան իրպեսների տունը չէ): – Ուշադրություն դարձնենք՝ Նիցշեն այս անգամ իրեն ու իրպեսներին ուղղակիորեն (առանց «միջնորդ» Զրադաշտի) է հայրենազուրկ, անտուն համարում: Ընդ որում՝ դա նա մի պատվավոր, առինքնեցնող տիտղոս է համարում եւ ո՛չ ամոթալի, քանի որ այդ ինքնագիտակցությունն է իրենց «ապագայի զավակներ» դառնալու (ասել է թե՝ կորուսյալ հայրենիքը, տո՜ւնը գտնելու) դաժան պարտականությունն իրենց վրա դնում: Շեշտենք հետեւյալն էլ. իմաստասերը իր այդ ըմբռնումը բնորոշելով որպես «թաքուն» (այլ կերպ ասած՝ ոչ բացահայտ՝  լրիվորեն ասած) «իմաստնություն» ու «հայա սայնսա»29՝այն ուղղում է իրպես հայրենազուրկներին (ընդգծումները իմն են,- Ք.Մ.)…

– «Զվարթ գիտության» հինգերորդ գրքի «Մեծ առողջությունը» ասույթում իրեն ու իր պես «ապագայի զավակներ»-ին, այս անգամ, կոչելով «նորեր», «անանուններ», «դժվարամատչեր», «տակավին չհայտնված մի ապագայի վաղածիններ»30 եւ, հին հունական առասպելաբանության մի խորախորհուրդ խորհուրդի հանգույն ասած, մի նոր «իդեալի արգոնավորդներ»,- ահա այսպես է իմաստասերը գծում նրանց հայտնաբերվելիք նոր՝ «տակավին չհայտնաբերված» երկրի սահմանները. «Եվ ահա այս կերպ երկար ճանապարհին լինելուց հետո մեզ՝ իդեալի արգոնավորդներիս, թերեւս՝ ավելի համարձակ, քան խելամտությունն է պահանջում, եւ հաճախ բավականաչափ նավաբեկյալ ու տուժած, սակայն,…, ավելի առողջ, քան մեզ կուզենային թույլ տալ,…,- մեզ սկսում է թվալ, թե իբր մենք, ի հատուցումն դրա, մեր առջեւ տակավին չհայտնաբերված մի երկիր ենք նշմարում, որի սահմանները դեռ ոչ ոք նայելով չի տեսել, իդեալի բավանդակ մինչայժմյան երկրների ու անկյունների մի անդին, գեղեցիկով, օտարով, հարցահարույցով, սարսափելիով ու աստվածայինով այնքան գերհարուստ մի աշխարհ…»31:

Ո՞րն է այսպես՝ մերթ ընդ մերթ մեծ իմաստասերի ոգետեսիլքում, տեսակ-տեսակ պատկերներով  հայտնված երկիրը: Ինքը՝ Նիցշեն դա իմանալու բանալին տալիս է: «Զրադաշտի» դրվագներից մեկում, Զրադաշտին շրջապատող «բարձրագույն» մարդկանցից մեկը՝ «ձախակողմյան թագավորը»32 նրա մասին ասում է՝ «իմաստունն այս արեւելքցի»33: Որն ասում է այն մասին, որ այդ երկիրը արեւելյան երկիր է: Առաջին հայացքից՝ Նիցշեն նկատի ունի Պարսկաստանը, չէ՞ որ այդ երկրի հետ է կապվում Զրադաշտականության հիմնադրի կրոնական գործունեությունը: Այդ թյուր ըմբռնումը կանխելու համար Նիցշեն «Զրադաշտի» էջերից մեկում իր մարգարեի մասին ասում է, որ նրա ընդամենը «անունն է սերում» Պարսկաստանից34: Իսկ այն՝ արեւելյան երկիրը, որի հետ իմաստասերն իր մարգարեին ծագումնաբանորեն կապում ու նրա հայրենիքն է համարում,- այդ երկրի մասին նա «Զվարթ գիտությունում» ասում է. «Երբ բոլորեց Զրադաշտի երեսուն տարին՝ թողեց նա հայրենիքն իր եւ լիճը Ուրմիա եւ լեռները գնաց»35: Խոսքը հայկական լեռնաշխարհում գտնվող լճի մասին է (լիճը մեկ այլ՝ Կապուտան անուն էլ ունի): Ուրեմն՝ Նիցշեի հոգեզավակ Զրադաշտի հայրենիքը, նրա՝ «հայրերի ու մայրերի երկիրը», որն իր «զավակների երկիրն» է ցանկանում տեսնել, Հայկական լեռնաշխարհն է, որի մասին նա իր «Զրադաշտում» բացորոշ չի ասում, ելնելով, թերեւս, «թաքուն իմաստնության» իր կանոններից:

Այն, որ երկրի հետ կապված՝ Նիցշեի տեսած վերոհիշյալ ոգետեսիլքները («զույգ ծովերի միջեւ ձտվող բարձր լեռնաթումբ»-ը, «ժայռ»-ը՝ «աշխարհից անդին» գտնվող, աշխարհը կշռող «կշեռքը», «հավերժությունը»՝ «մատանիների մատանի՜ն հարսանեկան», «նոր երկիրը» հայտնաբերող «Արգոնավորդները», Զրադաշտը՝ «երկրի աստվածային սեղանին աստվածների հետ զառ» գցելիս36, «հրո երկիր»-ը եւ այլն) զուտ բանաստեղծական երեւակայության ծնունդ չեն, այլ ունեն իրենց իրական հիմքերը՝ վկայում են բազմաթիվ դիցաբանական, կրոնական ու պատմական աղբյուրներ, որոնց կամ որոնց մի մասին իմաստասերը, անտարակույս, ծանոթ է եղել (հիշենք նրա «գիրը»): Մերօրյա հայ պատմագրությունը պարզել է, որ հնում օտարները (շումերները, աքադացիները, հույները, եբրայացիները…) Հայկական լեռնաշխարհը դիտել են որպես37 (պատկերացումներն ի մի բերած ասենք)՝ «բարձր լեռ», Մեծ ջրհեղեղից՝ ջրից դուրս մնացած կղզի, «արեւելք»՝ Արեւի դուրս գալու տեղ (արեւի երկիր), աշխարհի կենտրոն՝ պորտ, անմահության երկիր, աստվածային սուրբ օրենքներիերկիր, աստվածների իջեւանատեղի՝ կացարան, լեռ (լեռնային երկիր), անդրաշխարհ, Դրախտ, տեղ, որտեղ անմահության ծառն է գտնվում, երկիր, որտեղ աշխարհի գագաթն է գտնվում, տեղ, ուր գնացին հույն արգոնավորդները, այնտեղ գտնվող կենաց ծառից կախված ոսկե գեղմը բերելու, տեղ, ուր Արարչի ընտրյալներն են ապրում: 

– Այդ երկիրն էր Նիցշեի Զրադաշտը ցանկանում տեսնել որպես իր «զավակների երկիր»: Այդ երկրի հետ կապված մի նոր ոգետեսիլքով ոգեշնչված մի նոր՝ «ամենա անկախ» գիրք էր ցանկանում գրել Նիցշեն38, որն, ավաղ, մնաց չիրականացված:

Քուրմ Մանուկ, Հայ Արիական Միաբանություն

  1. Նույն տեղում, էջ 258:
  2. Խոսքը այն կղզիների մասին է, որոնցում Զրադաշտը ապրում էր իր հայրենիքից դուրս գալուց հետո:
  3. Նույն տեղում, էջ 156:
  4. Նույն տեղում, էջ 301:
  5. Նույն տեղում, էջ 303:
  6. «Զրադաշտի» «Ստվերը» հատվածը ավելի պարզորոշ է հաստատում վերը մեր այն ասածը, որ Զրադաշտին պետք է ցեղաբանական իմաստով հասկանալ. նա խորհրդանշում է արիական ցեղի՝ բուն ամբողջից կտրված, հետո նժդեհական կյանքով ապրած, հետո հոգեւոր ինքնահայտությունն ապրած, մասին:
  7. Նույն տեղում, էջ 348:
  8. Սա պարզ է, պետք է հասկանալ այն իմաստով, որ Նիցշեին հայտնի էր այդ կապի մասին վկայող ինչ-ինչ գրավոր աղբյուրներ:
  9. Ֆրիդրիխ Նիցշե, «Զվարթ գիտությունը», էջ 293-294:
  10. «Զվարթ գիտությունը» գրքի լատիներեն ենթավերնագիրն է: Լատիներեն gaya բառը (հիմքը հին արձակում՝ հայա բառն է…) տարբեր իմաստներ ունի՝ զվարթ, պայծառ, կատարյալ, ամբողջական: Նիցշեն առաջին իմաստն է ընտրել: Թեեւ բացառված չէ, որ նրա «gaya»-ն նրա «թաքուն իմաստնության» մեջ է մտնում…
  11. Ֆրիդրիխ Նիցշե, «Զվարթ գիտությունը», էջ 300:
  12. Նույն տեղում, էջ 301:
  13. Արտահայտությունը պետք է խորհրդանշական իմաստով հասկանալ եւ ոչ ուղղակի. կարծելի է Նիցշեն նկատի ունի Զրադաշտի հայրենիքի ձախ կողմում գտնվող երկրի թագավորին (թագավորներին):
  14. Ֆրիդրիխ Նիցշե, «Զվարթ գիտությունը», էջ 311:
  15. Տե՛ս նույն տեղում, էջ 84:
  16. Նույն տեղում, էջ 237:
  17. Այս ոգետեսիլքը վերեւում մենք չենք բերել (տե՛ս «Այսպես խոսեց Զրադաշտը», էջ 259):
  18. Ստորեւ մենք բերել ենք Արտակ Մովսիսյանի «Սրբազան լեռնաշխարհը» (Եր., 2000) եւ Անժելա Տերյանի «Հայաստանը արարչագործության եւ քաղաքակրթության բնորրան» (Եր., 2002) գրքերում՝ Հայաստանի մասին ձեւավորված հնագույն պատկերացումներով:
  19. Տե՛ս, Ֆրիդրիխ Նիցշե, «Բարուց եւ չարից անդին», էջ 250):

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։