Այսօր Հաղթության օր է – Հայաստանում նշվում է Եռատոնը… Տոն՝ նայած ում համար… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նշում են Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Բազմիցս է նշվել, որ մայիսը հաղթանակների ամիս է: Իհարկե, սա խորհրդանշական իմաստ ունի նաեւ, քանի որ հայոց հաղթանակները նախկինում այն պարբերականությամբ են կատարվել, որ որեւէ ամիս չէր կարող ընդգծված զատվել… Սակայն, դարեր շարունակ հայրենիքի կորուստը սրտներին հայերը այդ հաղթանակներից հեռու են եղել, ցեղասպանվելով ավելի են կռացել ու, այս կամ այն պետությանն ապավինելով, մի երկար ժամանակ հեռու մնացել հաղթանակների բերկրանքից: Բայց Արցախյան ազատամարտի հաղթական օրերը եկան ամբողջացնելու այդ դարերի ընթացքում որոշակիորեն ձեռք բերած հաղթանակները, եւ դրանք եղան մայիսյան…

http://www.hayary.org/wph/?p=4810#more-4810Այսօր Հաղթության օր է, նաեւ՝ Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Իմիջիայլոց, հայ արիականները մայիսյան հաղթական մեկամսյակը նշում են հենց մայիսի 1-ից: Նրանք համարում են, որ աշխատավորի օրը, առավել եւս հայ աշխատավորի՝ կռիվ է եւ հաղթանակ՝ ամենօրյա ապրելու, երկիրը ապրեցնելու եւ դեպի ապագա գնալու համար… Դա չի կարող լինել սոցիալիստական կամ կապիտալիստական տոն, աշխատավորը հայրենաշեն եւ ազգասեր այն հատվածն է, որ կմաքառի օրնիբուն, բայց կապրեցնի իր ընտանիքը, իր հայրենիքը:

Եվ հայ արիները ցավով են նշում, որ մեր անկախացումից ի վեր, պատերազմի, երկրաշարժի եւ տարբեր այլ աղետների պատճառով, հաճախ էլ՝ երկրի ապազգային կամ ապաշնորհ կառավարիչների առկայությամբ, մեզանում մեծապես նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը: Եվ դա վտանգ է ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության ռիթմիկ զարգացման համար: Այստեղ էլ պիտի հաղթել, ներքին թշնամուն, որ օտարների կենցաղն ու բարքը, օտարների տարաբնույթ շահերն «օրինականացնում» է հայոց երկրում: Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում եւ մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչն էլ հաճախ հայ ընտանիքների պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից… Եվ  իշխանությունները, իշխանության ձգտող բոլոր ուժերը, սփյուռքահայությունը պետք է կարողանան այս հարցում միասնական լինել եւ շենացնել հայոց երկիրը, հայ մարդուն հնարավորություն տալ՝ սեփական քրտինքով ստեղծելու իր ազատ կենսաձեւն ու արդար պետությունը:

Հայ արիները ազգային ամոթ են համարում, որ  Հայաստանում կան մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար անարգանք է: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:  

Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հպարտորեն հայտարարում են, որ Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր կամ պարզ հաղթանակ, հայոց կարեւորագույն բնակավայրերից մեկի վերադարձը վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ մեր՝ հայության հոգիներում: Այս հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն ու ավարտն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում: Եվ, ի վերջո, աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր…

Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր նաեւ կրոնական շղարշով, իսկ Սարդարապատը՝ հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման, ապա՝ Շուշիի ճակատամարտը սրբազան կռիվ էր վասն ազատագրության, հանուն հայրենատիրության եւ գալիք հաղթական ապագայի:

Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրության, մայիսի 9-ը՝  2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրերն են, նաեւ Երկրապահի տոնն է նշվում, իսկ մայիսի 28-ը՝ Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման պատմական օրն է, որով էլ ամփոփվում է հաղթական մայիսը… Եվ հավերժ փա՛ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող քաջերին, բոլոր հայերին:

Հետաքիքիր է, որ այս եռուն օրերին հայ արիականները նշում են նաեւ Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է… Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը:

…Մարտի 21-ի՝ Հայոց Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Հայոց Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի… Մայիսի 8-ի առավոտյան ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները ծիսական եւ տոնական արարողություն կանցկացնեն կապուտաչյա Սեւանի ափին՝ փառաբանելով Վանատուր Աստծուն, Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:

Այնուհետեւ, հայ արիները ամբողջ օրվա ընթացքում կայցելեն միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն – Հայրենիքը:

Հիշեցնենք, որ այս ամսի 15-ին ՄԱԿ-ը նշում է որպես Ընտանիքի օր: Ընտանիքի միջազգային օրն է եւ, 1993-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի համաձայն, այս տոնը հնարավորություն է տալիս պատկան մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի խնդիրներին: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այս օրը կարելի է նաեւ դիտարկել, թե սոցիալ-տնտեսական ոլորտում տեղ ունեցող փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենում ընտանիքի եւ նրա անդամների վրա, ինչպես նաեւ, թե ինչ պատասխան քայլեր է հնարավոր ձեռնարկել ընտանիքի ամրապնդման համար:

Կարծում ենք՝ ՄԱԿ-ը ընտանիք ասելով, նույնպես նկատի ունի տղամարդ+կին միասնությունը եւ ոչ հակաբնական փոքրամասնական տարբերակները: Ընտանիքի մասին միջազգային ձեւակերպումներում նշված է, որ «ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է եւ հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի», ուստի այդ բջիջը պիտ բնականոն ու բնախոսական ընթացքով զարգանա: Իհարկե, այդ ձեւակերպումներում նաեւ նշված է, որ «ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ համաձայնության դեպքում», սակայն այդ լիարժեք ու ազատ համաձայնությունը պիտի զերծ մնա լիարժեք ու սանձարձակ պղծումներից:

Տոն՝ նայած ում համար

Ի տարբերություն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Դրանց կմասնակցի Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: Հասկանալի է, որ Էրդողանի կողմից Պուտինի հրավերի մերժումը կապված է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին Պուտինի՝ Երեւան այցի հետ: Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ին մի շարք նախագահների թվում նաեւ ռուս գործընկերոջն էր  սպասում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին, բայց այս հանդիսություններին Ռուսաստանը ներկայացրեց Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Այնուհետեւ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց Պուտինին՝ Երեւանում արած հայտարարության համար: Ուստի Անկարայի կողմից Մոսկվա գնալու հրավերի մերժումը ավելի քան կանխատեսելի էր:

Իսկ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարծում է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսը անհանգիստ ու անկայուն աշխարհի խորհրդանիշն է լինելու։ «Լեհաստանը պետք է հիշի պատմության դասերը եւ չտրվի այն մոլորությանը, թե հանրապետությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է նա. «Մոսկվայում Կարմիր հրապարակը կրկին կվերածվի զրահատանկային հրապարակի։ Այնտեղ կրկին ցուցադրելու են այն դիվիզիաների ուժը, որոնք վերջերս աշխարհի ու մեր աչքերի առջեւ հարձակվեցին հարեւան Ուկրաինայի վրա։ Վաղուց ռազմական հակամարտությունն այդքան մոտ չի եղել Լեհաստանի սահմաններին, ինչպես հիմա է։  Մենք ստիպված ենք կառուցելու Լեհաստանի անվտանգությունը»։

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։