Կյանքի դասեր մեր էպոսից.- 2. Թշնամու հետ զրույցի չնստել… Եվ Դավիթը իր թշնամուց իր վրեժն առնում է (2-րդ մաս)…– Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Սկիզբը՝ թիվ 17-ում

http://www.hayary.org/wph/?p=4830Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Սասնա տան վրեժի առարկան որոշակի է՝ թշնամին, նա, ով խախտել է աստվածադիր օրենքը, նա, ով իր զուտ մարդեղեն «օրենքներով» խախտել է իր տան աստվածադիր օրենքի պահապանի, կյանքի բնականոն ընթացքը: Տունը, քանի դեռ ուժը չի պատում, քանի դեռ իրենից չի ծնվել-զորեղացել այն դիցազունը, ով պետք է ի մի բերի, բազմապատկի իր ուժերը եւ առաջնորդի իրեն իր թշնամուց վրիժառության սուրբ-գործը, ատամները կրճտացնելով ու լուռ ու մունջ ենթարկվում է թշնամու‘կանոններին (այդ ընթացքում նա սուր չի ճոճում իրենից դեռեւս զորեղ թշնամու նկատմամբ, նրա դեմ իր ժանգոտ թրով, իր քոսոտ ձիով կռվի չի ելնում, անգամ իր վիճակի մասին չի խոսում: Իսկ երբ այդ ամենը լինում է, նա նոր գործի է անցնում…

Էպոսում չգրված օրենքներ կան. երբեք չհավատա՛լ թշնամուն (էլ չասած‘«սիրելու» մասին…), նրա ստերին, «փեզեվանքություններին» կուլ չգնալ, նրա հետ կռվի ելնելուց առաջ հացի, զրույցի չնստել (դիցազներգության մեջ մի անգամ խախտվում է այս պատվիրանը, եւ հայ դիցազունը՝ Դավիթը, պատժվում է:

Դավթի կերպարը շատ բարոյական է: Եվ այդ բարոյականության մասին ասող է դիցազներգության այն դրվագը, որտեղ, երբ Դավիթը կոտորում է Մելիքի զորքը, զորքից մի «հալեւոր» է դուրս գալիս ու Դավթին ասում. «Դավի՛թ, մեռնե՛մ քո արեւուն. /Չէ՞ որ էնոնք էլ մա՛րդ են. ինչի՞ կը կոտորես, ինչի՞ կը սպանես./ Չէ՞ էդոնք էլ էրեխանե՛ր ունե՛ն, /Տուն ու կնի՛կ ունեն: …/Մեզ ինչ՞ մեղք կա. /Մըսրա Մելի՛քն է զոռովեն բռնե, բերե./ Մըսրա Մելիքն է քո դուշման, /Գնա՛ իր հետ կռիվ արա»: Հայ դիցազունը արդար է համարում ասվածը եւ գնում է իր «դուշման»-ի հետ կռվելու, որի գտնվելու տեղը հենց «հալեւորն» է ասում: Որեւէ ազգ, ժողովուրդ չէ Սասնա տան հայի թշնամին, այլ՝ նրա այլասերված, խառնածին տականքը (էպոսում որպես այդպիսիք հանդես են գալիս Մսրա Տունը եւ նրան ենթակա դեւերը).- ասում է էպոսի «վրեժային բարոյականությունը»:  

Թշնամուն չպետք է ուժավորել, ինչքան էլ նա իր գայթակղիչ քայլերով դրդի դրան: Ոչ մեկ անգամ այսպիսի‘ողբերգականությամբ լեցուն մտահոգություն ենք տեսնում էպոսում՝ կապված Սասնա տան անվտանգության խնդրի հետ: Ասում ենք մտահոգություն, քանի որ դիցհերոսները այդ առումով մեկ-երկու անգամ խախտում են տան արտաքին անվտանգության կանոնները, որը թեեւ նրանք գիտակցում են, բայց արդեն ուշ է լինում:

– Դեպքերից մեկում Մեծ Մհերը խաբվելով Իսմիլ Խաթունի «սերենադից», նրա հետ պառկում ու իր տան ապագա թշնամուն է սերմանում, եւ թեեւ հետագայում գիտակցում է իր այդ քայլի վտանգավորությունը (ասում է. «Թող իմ աչքերը քոռանար, /որ ես էկա, էս յոթ տարի, /Խալխի արտը ջրի կանաչ պահեցի, /իմ արտ չորցավ: Վայ, էս ի՞նչ արի»), բայց ճակատագրական սխալն ուղղելն արդեն անհնար էր:

– Մյուս դեպքում Դավիթը Չմշկիկ Սուլթանի հետ ունեցած իր ճանապարհային «արկածներից» մեկից ծնված աղջկա թունավոր նետից է մահանում: Ու թեեւ Դավիթն էլ է գիտակցում ինչ-ինչոցը (ասում է.«Իմ ցեց իմ անձից է,/ Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց», բայց արդեն ուշ է լինում:

Էպոսում հավուր պատշաճի է գիտակցվում նաեւ ներքին անվտանգության խնդիրը. զորեղ թշնամուց վրեժ լուծելու հրամայականն ունեցող Տունը պետք է հոգ տանի իր ժողովրդի (նաեւ իր տարածքում ապրող «խալխի» մասին): Պետք է հետամուտ լինի, որ նախ ինքն արդարամիտ լինի, պահպանի երկրում ընդունված ավանդույթները, մարդկանց համակեցության կանոնները, պետք է աշխատի, որ իր երկրում ապրողները հացի խնդիր, այլեւայլ դժգոհություններ չունենան: Այս ամենի համար Սասնա տունը (նրա դիցազունները) իրեն գլխավոր պատասխանատու է համարում:

Հիշենք այս առումով էպոսային մի քանի դրվագ:

– Մեծ Մհերը զորեղ գազանի առյուծի դեմ ելնում ու նրան սպանում է, որ ազատի երկիր հաց բերող ճանապարհը:

– Սասնա տան մեծերը իրենց «ծռերին» են մեղադրում, որ նրանք խախտել են «խալխի» երեխաների հետ խաղի կանոնները, կամ էլ, որ նրանք, ըստ պատշաճի չեն կատարել «խալխին» իրենց ծառայություն-հովվությունը:

– Մեծ Մհերը երկրում գտնվող անգամ «անգյալների», «կույրերի», «կաղերի» ապրելու մասին է մտածում, նրանց համար «վանք» կառուցելով (վանքի անունը նա Մարութա Բարձր Աստվածածին է դնում) ու վանքում նրանց հանապազօր կյանքը ապահովագրելով:

– Սանասարն ու Բաղդասարը հիմնելով Սասունը՝ նրա բնակիչների վրա «հարկ ու տուրք» չեն դնում, հոգ են տանում, որ «մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»,- ինչպես ասում են նրանց տիրապետության տակ գտնվող մարդիկ :

– Դիցազունները սպանելով ավազակ դեւերին՝ նրանց գողացածն ու թալանածը բաժին են հանում դրանց տերերին ու ժողովրդին, իրենց պահելով նրանց ձին կամ առեւանգած աղջկան (մեր հերոսների աչքը կուշտ է, նյութապաշտությունից նրանք հեռու են… հիշենք այս առումով, Մսրա տանը պատանի Դավթին ոսկով ու կրակով փորձելու ելքը):

Էպոսում այն համոզմունքը կա, որ թշնամուց վրիժառությանը, որպես Սասնա տան կյանքի, բեկումնային կենսահաստատուն պահի, պետք է ըստ ամենայնի նախապատրաստվել. այն Տան ողջ ոգեկան ու նյութական, կամային ու զինական, ավանդական ու ժամանակակից, նախնի ու ներկայում ապրողների ուժերի զորաշարժ է պահանջում, այն Տան՝ իր ոգե-նյութական զենքերը ասպարեզ հանելու հրամայականն է կանխադրում, այստեղ ամեն մի թեթեւամտություն, ինչ-որ զգացմունքի տրվածություն հղի է վտանգներով.- ասում է էպոսի իմաստությունը:

Շատ բան ասող է էպոսի այն դրվագը, որտեղ, երբ Դավիթն իր «ժանգոտ թրով, «քոսոտ ձիով» գնում է Մելիքի դեմ կռվելու, Պառավը նրան խորհուրդ է տալիս Հովհանից, հոր Մհերի զենք ու զրահը, Ձին, Խաչ Պատերազմին վերցնի-նոր գնա կռվի: Ասում է. «Մագյար չը կա՞ր քո հոր Քուռկիկ Ջալալին, /Մագյար չը կա՞ր քո հոր Թուր Կեծակին,/ …Մագյար չը կա՞ր քո հոր Խաչ պատերազմին»: Դավիթը հետեւում է Պառավի խորհրդին: Շա՜տ խորհրդանշական է Դավթի՝ պատերազմի ելնելուց առաջ Դեղձում Ծամի (ում «մուրազը» կատարվել էր…) Քուռկիկ Ջալալուն ասածը. «- Քուռկի՛կ Ջալալի, մեռնե՛մ քե, մուրա՜զ…/ իմ Դավիթը հե՛ր չ՛ունի անե՛ս հերություն./ Իմ Դավիթ մե՛ր չ՛ունի, անե՛ս մերություն./ Իմ Դավիթ աղբեր չ՛ունի, անե՛ս աղբերություն./ Իմ Դավիթ դու տանես իր կաթնով աղբյուր./ Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խըմի,/ Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար-/ Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի: /Քուռկիկ, քե ամանա՛թ/իմ նորամանուկ Դավիթ»: Տեղի է ունենում այն, ինչ Պառավի եւ Դեղձում Ծամի իմաստությունն էր ցանկանում: Եվ Դավիթը իր թշնամուց իր վրեժն առնում է:

 Սերգեյ Մանուկյան, ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։