«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել –  ուժեզ եւ թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները… Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում…

«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել

http://www.hayary.org/wph/?p=4933«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Արտադրանքի համաշխարհային ճանաչումն ու համբավը Համաշխարհային բանկն անգամ ուժեղ կողմ է համարում

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ՀԲ-ի հաշվետվությունը պատրաստ է: Գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունում նշվում է, որ արտադրանքը Հայաստան խոշոր չափի արտարժույթ ներմուծելու հնարավորություն կտա եւ որ այն ռազմավարական բարձր արժեք ունի: Աշխատեցնել «Նաիրիտը», թե ոչ, վերջնականապես կորոշի մեր գործադիրը:

ՀԲ-ն երեք տարբերակներ է քննարկել՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն ացետիլենային եղանակով, նույն եղանակով՝ 24 հազար տոննայի արտադրություն եւ տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն բութադիենային եղանակով: Վերլուծության մեջ նշվում են յուրաքանչյուր տարբերակի ուժեղ եւ թույլ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները:

Խոսենք առաջինից՝ ացետիլենային եղանակով տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության վերլուծությունից:

Այստեղ տրվում են եւ՛ դրական եւ՛ բացասական կողմերը, ինչպես ընդունված է ասել միջազգային հարթակում՝ ուժեղ եւ թույլ կողմերը, ըստ այդմ՝ ռիսկերն ու հնարավորությունները:  

Խոսենք ուժեղ կողմերից: Նախ՝ ՀԲ-ն 15 ուժեղ կողմ է շեշտադրում: Այն է՝ 1. այս տարբերակը ամենացածր կապիտալ ներդրումներ է ենթադրում: 2. Բնական գազի հումքն ապահովում է որոշ չափով հումքային անկախություն, թեեւ գինը արտաքին կազմակերպությունն է ֆիքսում: 3. Հարաբերականորեն փոքր ազդեցությունը համաշխարհային պոլիքլորոպրենային շուկայի վրա պետք է որ տա դրվածքային հզորությունների օգտագործման բարձր աստիճանի հնարավորություն, քանի որ իր ապրանքները կարող են վաճառվել նախկին Խորհրդային Միության եւ Մերձավոր Արեւելքի մոտակա երկրներում՝ առանց գնային պատերազմի մեջ մտելու այս շուկաներում իր խոշոր մրցակցի ետ (օրինակ՝ Lanxess-ի): 4. Ուժեղ կողմ է գործող հարթակում առկա արտադրամասերի ամբողջական համալիր շղթան՝ հանգեցնելով պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հիմնական միջանկյալ քիմիական նյութերի համար տրանսֆերային գնագոյացման (քլոր, ացետիլեն, կաուստիկ սոդա եւն): 5. Գործարանում առկա որոշ սարքավորումներ կարող են վերաօգտագործվել՝ կրկին դրանք շահագործման մեջ մտցնելով կամ՝ կարող են որպես պահեստամասեր ծառայել՝ նոր ներդրումներին օժանդակելու համար: 6. Տեղում տեխնոլոգիական գործառնությունների բլոկի աշխատանքի զգալի փորձ կա: 7. Քլոր-ալկալիական գործող արտադրամասերի համար տեղում բավարար որակի սեփական աղաջրի մատակարարումն էլ է ուժեղ կողմ: 8. Տեխնիկական սպասարկման հարցում չափազանց արագ արձագանք՝ գործարանի անձնակազմի կողմից սարքավորումների նոր մասերը սարքելու ունակությամբ (օրինակ՝ պղնձե էլեկտրոդներ քլոր-ալկալիական էլեկտրոլիզյորի համար, պարզ անոթներ, խողովակաշարեր): 9. Քլորոպրենային մոնոմերի արտադրության համար քլորի ավելի արդյունավետ ավելացումը՝ (բութադիենային եղանակի համեմատ) հանգեցնում է քլոր-ալկալիական արտադրամասի համար ավելի պակաս հզորության պահանջի  (որն արտադրական հրապարակում էլեկտրաէներգիայի հիմնական սպառողն է): 10. Արտադրական հարթակում առկա է սեփական փորձնական պոլիմերացման արտադրամաս, որը տալիս է ապրանքի բարձր որակի հսկողություն պահպանելու հնարավորություն՝ հանգեցնելով պակաս կորստի եւ ըստ բնութագրի արտադրանք ստանալու հնարավորություն: 11. «Նաիրիտ» գործարանում նախկինում արտադրվող պոլիքլորոպրենային կաուչուկը լավ որակի էր եւ շուկայում լավ համբավ ուներ: «Նաիրիտ»-ի պոլիքլորոպրենային արտադրանքը համաշխարհային ճանաչում ունի եւ «Նաիրիտ»-ը տարիներ շարունակ, նախքան 2010թ. գործունեության դադարեցումը, պոլիքլորոպրենային շուկայում ակտիվ է եղել: 12. «Նաիրիտ»-ի՝ արտադրական հարթակում արտադրված պոլիքլորոպրենային ապրանքներից շատերը հավանություն են ստացել կարեւորագույն կիրառության տեսակետից, երբ մրցակցության համար մուտքի զգալի արգելք կա (այսինքն՝ ավտոմոբիլային արտադրություն, մալուխներ եւն): 13. Արտադրանքը վաճառվելու է միջազգային շուկայում՝ տալով Հայաստան խոշորածավալ արտարժույթ ներմուծելու հնարավորություն: 14. Որպես Հայաստանի քիմիական նյութերի մշակման միակ գործարան՝ կառույցն ունի ռազմավարական բարձր արժեք: 15. Բնական գազով աշխատող էլեկտրակայանից էլեկտրաէներգիայի ապահով մատակարարում:

Գանք թույլ կողմերին: Դրանք էլ են 15-ը՝ ըստ հիշյալ վերլուծության:

Շեշտվում է ացետիլենի գոյություն ունեցող արտադրամասը, որ չափազանց վատ վիճակում է (կրկնում եմ, բոլոր դիտարկումները ՀԲ-ինն են), նախագծման թերություն ունի, որի հետեւանքով բնական գազի սպառումը չափից ավելի է: Բնական գազի գինը «Նաիրիտ»-ի վերահսկողությունից դուրս է եւ ներկայումս սահմանված է «չափազանց բարձր մակարդակում»: «Նաիրիտ»-ի  վերահսկողությունից դուրս է նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման  գինը եւ «ներկայումս սահմանված է չափազանց բարձր մակարդակում»: Սարքավորումները եւ հարակից ենթակառուցվածքը չափազանց վատ վիճակում են, ընդ որում առկա են զգալի փաստեր գործարանի  մեխանիկական ամբողջականության լուրջ վատթարացման վերաբերյալ: Քանի որ անցյալում էլ գործարանը հիմնականում առաջնորդվել է տեղում սարքելու մոտեցմամբ, հնացած տեխնոլոգիաներին ապավինելը շարունակվել է եւ դա էլ խոչընդոտել է տեխնոլոգիական առաջընթացն ու շահագործման արդյունավետության բարելավումը: Կապիտալ ներդրումների պակասը հանգեցրել է գործարանի մաշվածությանը եւ խոչընդոտել գործարանի կողմից ավելի արդի տեխնոլոգիաների ընդունմանը՝ ինչպես շահագործման արդյունավետության, այնպես էլ ընդհանուր առողջության եւ անվտանգության տեսանկյունից:

Թույլ կողմերից է այն, որ առողջության, անվտանգության եւ շրջակա միջավայրի  հետ  կապված խնդիրներ կան, ասենք՝ գազորսիչներ տեղադրված չեն, լուսազդանշանները խորը կորոզիայի են ենթարկված, շրջակա միջավայրի դիտարկման գործիքներ չեն նկատվել: Պահանջվում է օդի անջատման առանձին բլոկ, ինչը լրացուցիչ կապիտալի ներդրումների է հանգեցնում:

Ինչ վերաբերում է ռիսկերին ու սպառնալիքներին: Ացետիլենային եղանակով տարեկան 12  հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության տարբերակը քննարկելիս  9 սպառնալիքներ են նշվում վերլուծությունում: Դրանցից առաջինը արտադրության ավելի բարձր ինքնարժեքն է, քան բութադիենային եղանակով արտադրության դեպքում: Դա կխոչընդոտի «Նաիրիտ»-ի՝  այլ արտադրողների հետ մրցելու ունակությունը եւ նրան չափից ավելի շատ կենթարկի շուկայական պահանջարկի տատանումների վտանգին, քանի որ արտադրական խոշոր ծախսը կսպառնա գործունեության ընդհանուր շահութաբերությանը:

Բացի այս, տեխնոլոգիաների գործարկումը հնարավոր դարձնելու համար գործարանի վերակառուցման հետ կապված  կապիտալ ծախսերի վերադարձն ապահովելու անհրաժեշտությունը «Նաիրիտ»-ի  արտադրական ծախսերի կառուցվածքի վրա շատ մեծ բեռ է դնում: «Նաիրիտ»-ի մշակման գործարանը կարող է անմրցունակ գնի պատճառով դուրս մղվել շուկայից՝ այլ արտադրողների կողմից այն երկրներում արտադրանքի ավելացման  դեպքում, որոնց համար հասանելի է ավելի էժան հումք եւ տրասնպորտային ավելի դյուրին երթուղիներ: Սպառնալիքների ներքո եւս ՀԲ-ն նշում է բնական գազի գնորոշման մեխանիզմների ռիսկը:

Սպառնալիքներից է նաեւ այն, որ գործարանի հրապարակը ապամոնտաժված սարքավորումներից չի ազատվում, իսկ դա կարող է հանգեցնել շրջակա միջավայրի համար վնասների կամ արտադրության կորստի: Թունավորման ցանկացած դեպք, որ չի ստուգվում, կարող է հանգեցնել գործունեության զգալի խափանման:

Այս՝ 12 հազ տոննայի տարբերակի հնարավորություններն ավելի մեծ են, քան ռիսկերը: Հնարավորությունները 13-ն են:

Դրանցից մեկը համեմատաբար արագ իրականացման ներուժն է՝ հաշվի առնելով պահուստային սարքավորումների գոյատեւումը: Մեկ այլ հնարավորություն է հարակից կողմնակի արդյունքից փոքր տոննաժի լրացուցիչ հատուկ տեսակի քիմիական նյութերի արտադրությունը, որ կօգնի փոքր-ինչ ավելացնել գործունեության շահութաբերությունը: «Սինթեզ գազի (ացետիլենային արտադրության կողմնակի արգասիքի) բաշխումը, լրացուցիչ շոգու ստացման համար, կտա  արտադրական հրապարակում  բնական գազի սպառումը կրճատելու հնարավորություն: Այս տարբերակն ավելի շահավետ է համարվում, քան լրացուցիչ քիմիական արտադրության համար սինթեզ գազի բաշխումը, քանի որ ավելի քիչ կապիտալ ներդրում է պահանջվում: Հնարավորություն է անցումը քլոր-ալկալիական արտադրության նոր (մեմբրանային) տեխնոլոգիայի, ինչպես նաեւ օդի անջատման նոր բլոկը, որը կտա հարթակում էլէներգիայի ընդհանուր սպառման եւ հետեւաբար արտադրական ծախսերի կրճատման հնարավորություն՝ չնայած ավելի խոշոր կապիտալ ներդրման հաշվին:

Որպես կանոն պոլիքլորոպրենն արտահանվում է բավականին փոքր՝ 25 կգ պարկերով՝ հանգեցնելով փաթեթավորման համեմատաբար բարձր ծախսերի: Գնային խթանի սահմանումը պատվիրատուներից պարկերը, իջեցված գնով հետ ստանալու համար, կարող է նպաստել ընդհանուր արտադրության ինքնարժեքի բարելավմանը: Ընդհանուր առմամբ, պետք է ուսումնասիրել ավելի մեծ տարրաներով փոխադրելու տարբերակը: Ներկա արտադրությունն ընդլայնելու հնարավորություններ կան՝ կապիտալ ներդրումների ընդունելի ծախսով:

ՀԲ-ն այլ հնարավորություն էլ է մատնանշում. «Նաիրիտ»-ը հրապարակում ունի պոլիմերացման փորձնական գործարան, որը կարող է օգտագործվել որոշ բարձրարժեք ոլորտներում նոր արտադրանքի մշակման համար: Սա արժեքավոր ակտիվ  է, որ մրցակիցներից շատերի համար մատչելի չէ: Նաեւ՝ որ «Նաիրիտ»-ի հրապարակում ձեռնարկությունների պարկի ստեղծումը (կառավարության օժանդակությամբ) կարող է լրացուցիչարժեք ապահովել գործարանի համար, քանի որ փոքր ձեռնարկություններ կարող են ստեղծվել պոլիքլորոպրենային կաուչուկից վերջնական արտադրանք մշակելու համար: Մշակման մեծաքանակ ավելորդ սարքավորումները եկամտի լրացուցիչ աղբյուր կլինեն հարթակի մաքրման ժամանակ:

Իսկ բութադիենային եղանակով տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության հնարավորությունների մասին կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում

Գործադիրը երկու օր առաջվա նիստում հաստատեց մեր երկրի 2016-18թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ այդ փաստաթղթի, կանխատեսվում է, որ 2015թ. արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: «Այս կանխատեսումները հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պահանջարկի եւ արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք են եղել գործընկեր երկրների պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչպես նաեւ ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատականները, որոնք, արտաքին շոկերի ազդեցությամբ պայմանավորված, համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել»,-ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

2015թ. եւ միջնաժամկետում գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2015թ. տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: 2016-2018թթ. ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում:

Կանխատեսվում է, որ միջնաժամկետում շինարարության ճյուղը դանդաղ աճի միտում կդրսեւորի: Շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015թ.  կնվազի 0,6%-ով, իսկ միջնաժամկետում միջինում կաճի 3,8%-ով:

«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։