«Մետաքսի ճանապարհ». Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Մեր երկիրը կարող է դառնալ արեւմտյան եւ արեւելյան աշխարհամասերի գործարարների շահերի կենտրոն…

Սկիզբը՝ թիվ 27-ում

http://www.hayary.org/wph/?p=4973«Մետաքսի ճանապարհ».- Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը – Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի  ծովային դարպասը – Պատմական հարթակում պարտվեց, անցավ նորին…

Արդեն ասել ենք, որ միջազգային հարթակներում շրջանառվող «Մետաքսի ճանապարհի» տարբերակներից եւ ոչ մեկում Հայաստանի բացակայությունը չկա, եթե, իհարկե, այդ տարբերակը թյուրքական տարրը չի առաջ քաշել: Բայց քանի որ նա «Մետաքսի ճանապարհում» «պատմական իր հզոր դերի մասին» ապացույցներ հայթայթել չի կարողանում (ավելի ստույգ՝  նավթա-գազային շահը գոնե այս պահի դրությամբ դեր չի խաղում այս պարագայում), առաջ է քաշում  «Նոր մետաքսի ճանապարհի» վարկածը:

Բայց այստեղ էլ տապալվեց, քանի որ Չինաստանի նախագահն առաջ քաշեց նոր դարի «Մետաքսի ճանապարհի» գաղափարը, որն ընդունելի դարձավ շատ կողմերի համար եւ որում Հայաստանն առանցքային դեր ունի: Այս երկու նոր տարբերակներից կխոսենք՝ սկսելով թյուրքական «Նոր մետաքսի ճանապարհից»:

Թյուրքական եւս մեկ նախաձեռնություն տապալվեց

Միանգամից ասենք, որ այն էներգետիկ ուղի է ենթադրում: Մեկ ամիս առաջ Անկարայի կողմից առաջ քաշված «Նոր մետաքսի ճանապարհի» նախաձեռնությունը իրականում նոր բան չէ, այն հինգ տարի առաջ՝ 2010թ. հուլիսի 13-ին Պրահայում կազմակերպված «Հարավային միջանցք – նոր Մետաքսի ճանապարհ» էներգետիկ գագաթնաժողովի շարունակությունն է։

Այդ տարին գագաթնաժողովին  Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներ են մասնակցել եւ նախագծի մասնակից երկրներն էլ եղել են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Եգիպտոսը եւ Իրաքը։ Այս «Հարավային միջանցք – նոր Մետաքսի ճանապարհ»-ը, այսպես ասած, մեգանախագիծ էր, որի հիմքում տապալված «Նաբուկո» նախագիծն էր՝ իր դուստր նախագծերով: Վերջիններից էր նաեւ Միջերկրական ծովի հատակով Եգիպտոսից ԵՄ երկրներ գազատարը, Իրաք-Թուրքիա գազատարը, որը կրկին միանալու էր «Նաբուկո»-ին եւ, սրանց համեմատ, մեկ-երկու ավելի փոքրածավալ ծրագրեր, բոլորն էլ՝ մեկ նպատաով: ԵՄ-ի համար՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու, իսկ Թուրքիայի համար՝ ՀՀ-ին տարածաշրջանային բոլոր խոշոր, միջին ու մանր ծրագրերից ՀՀ-ին մեկուսացնելու:  

Եվ եղավ այն, ինչ մենք կանխատեսել էինք եւ որն արդեն փաստ է: Գագաթնաժողովում հռչակագիր ընդունվեց, եւ փաստաթուղթը ստորագրեցին միայն Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Եգիպտոսի ու ԵՄ ներկայացուցիչները։ Ռուսաստանի գործոնը հաշվի առնելով՝ հռչակագիրն անսպասելիորեն հրաժարվեցին ստորագրել Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Հետոյի դեպքերն արդեն գիտենք. Մոսկվան «Նաբուկոն» տապալեց՝ Բաքվից գազը շուկայականից թանկ գնելով: Հետո տնտեսական շահն այնքան անարդյունավետ եղավ, որ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվեցին ներդրումներ անել «Նաբուկոում»:

Ինչեւէ, 5 տարի անց Թուրքիան կրկին խոսում է «Հարավային միջանցք – նոր Մետաքսի ճանապարհ»-ից՝ ասելով, որ «ԵՄ-ն հնարավորություն կունենա համեմատաբար ավելի էժան գազ գնել, իսկ կենտրոնասիական հանրապետությունները‘ համեմատաբար թանկ վաճառել իրենց վառելիքը։ Մինչ այժմ, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը ստիպված են իրենց վառելիքը ցածր սակագնով վաճառել ռուսաստանյան «Գազպրոմին», որն էլ գնված վառելիքը մի քանի անգամ ավելի բարձր սակագնով վերավաճառում է ԵՄ երկրներին»։

Սրանք, ի դեպ, այն նույն խոսքերն էին, որոնցով ամփոփվել էր 2010թ. հիշյալ գագաթնաժողովը: Խոսքերի կրկնությունը նույնիսկ հիմա, երբ ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերի թուլացման շրջան է Արեւմուտքի հետ հարաբերություններով պայմանավորված, ազդեցություն չեն գործում:

Արդյունքում՝ թյուրքական «Հարավային միջանցք – նոր Մետաքսի ճանապարհ»-ն օդում է մնում:

Փոխարենը՝ Չինաստանի նախաձեռնության նոր «Մետաքսի ճանապարհը» գործուն է, եւ քայլերն են՝ արդեն գործնական:

Մինչ չինական տարբերակին անդրադառնալը, բերենք գլխավոր մի գործոն, որի պատճառով տապալվում են թյուրքական մետաքսային առաջարկ-գլուխգործոցները:

Ով ով, բայց Չինաստանը լավ գիտի, որ թուրքական մետաքսային նախաձեռնությունները չարիք կդառնան ամբողջ աշխարհի գլխին: Ասելիքը տանք փաստին:

Բանն այն է, որ վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրները (թյուրքական ցեղախմբեր) առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Տեղի անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից: Թե Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում քանի թյուրքալեզու է բնակվում, տվյալները հստակ չեն: Թուրքիայի ուսումնասիրողները 80 մլն են ասում, իսկ չինական աղբյուրները՝ 16 մլն:

Թուրքիան բացահայտ է խոսում ույղուրներին պաշտպանելու մասին: Հիշում ենք, եւ նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին չինական ապրանքները բոյկոտելու կոչեր էր հնչեցնում: Դեռ 1992թ. Ստամբուլում ձեւավորվեց «Համաշխարհային ույղուրական կոնգրես» կազմակերպությունը, որ զբաղվում է ույղուրների պաշտպանությամբ:

Նախորդ տարի թուրքական մամուլում տվյալներ հայտնվեցին այն մասին, որ Անկարան «իր եղբայրներին ամեն ինչ կտա չինական հալածողներից պաշտպանվելու համար»: Ույղուրները պարբերաբար անջատողական շարժումներ են սկսում, հարձակվում են ոստիկանական ու զինվորական հենակետերի վրա: Չինաստանի զինված ուժերն էլ դիմում են համարժեք գործողությունների։ Էրդողանը քանիցս բացեիբաց սպառնալիքներ է հնչեցրել Չինաստանի հասցեին: Լարվածությունը, ժամանակ առ ժամանակ թուլանալով, այնուամենայնիվ, մշտապես պահպանվում է:

Միով բանիվ, նոր մետաքսի ճանապարհի  անցման հատվածներում հիմնականում պահպանվել են հին մետաքսի ճանապարհի երկրներն ու այնտեղ բնակվող ազգերը: Որոշակի անվանական փոփոխություններ են եղել պարզապես:

Չինաստանից մինչեւ Հայաստան տարածքներում բնակվողները լավ գիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում թյուրքական տարրը: Եվ այսօրվա աշխարհը նույնպես ճանաչում է թյուրքական չփոփոխվող գենը: Ուստի՝ թե հին եւ թե՛ նոր ազգերը հակված են չինական նախաձեռնած Նոր մետաքսի ճանապարհի տարբերակին, որ փորձում է համադրելի լինել հնին: Բացի այդ, ինչու ոչ, կա ավանդույթի ուժը, իսկ այն հուշում է, որ «Մետաքսի ճանապարհի» «հեղինակային իրավունքը» Չինաստանինն է՝ հայերի ու Հայկական աշխարհի ամենագործուն մասնակցությամբ:

Ինչ է ենթադրում Չինաստանի առաջարկած «Մետաքսի ճանապարհը» եւ ինչ դեր է հատկացվելու Հայաստանին:

Դեր՝ ոչ միայն մեզ, այլեւ՝ ամբողջ աշխարհի համար

«Մետաքսի ճանապարհի» գրեթե բոլոր տարբերակներին, որ ամենաշատն է քննարկվում միջազգային հարթակներում, անդրադարձանք: Զուգահեռ ներկայացրեցինք նաեւ այն տարբերակները, որոնք առաջ էր քաշել Թուրքիան՝ բնականաբար անտեսելով Հայաստանը: Բայց, քանի որ, ինչպես ասվում է, Մետաքսի ճանապարհի հեղինակային իրավունքը Չինաստանինն է, այս տարբերակն է այսօր ամենագործունը եւ որտեղ գործուն տեղ է հատկացված նաեւ Հայաստանին: Ինչ է ենթադրում Չինաստանի առաջարկած «Մետաքսի ճանապարհը»:

Արդեն ասել ենք, որ այն մոտ է հնին՝ պատմական հիմքին: Ուշագրավ է, որ Չինաստանը Մետաքսի ճանապարհի վերականգնումը սկսեց մշակութային շերտով (ինչպես Մետաքսի ճանապարհի Սեւծովյան միջանցքի ծրագիրն է):

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին  Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը եղավը, որի ժամանակ փայլուն հաջողության հասան հայկական գեղարվեստական ֆիլմերը: Փառատոնի բարձրագույն՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացան Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» կինոժապավենները:

Երբ կինոփառատոնի փակման արարողությունն էր, ընդունվեց «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի համատեղ հռչակագիրը՝ Չինաստանի եւ Մետաքսի ճանապարհի այլ երկրների կինոմատոգրաֆիստների համագործակցության վերաբերյալ: Կինոփառատոնի նախաձեռնության նպատակն էր կինոարվեստի միջոցով խրախուսել Մետաքսի ճանապարհն ընդգրկող երկրների միջեւ համագործակցությունը:

Մետաքսի ճանապարհի մշակութային շերտին հաջորդեց եվրասիական քաղաքականության երանգը:

Այս տարեսկզբից շրջանառվեց Մետաքսի ճանապարհի եվրասիական հատված եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան ԵՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու նախագծերի միավորում:

Դրանից հետո, այս տարվա ապրիլին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն այցելեց, իր խոսքերով, «Չինաստանի համար լավագուն գործընկեր պատմական Գյումրի»:

«Գյումրին Չինաստանի համար դարձել է լավագույն գործընկեր: Շուտով այստեղ մեծ պատվիրակություն է ժամանելու Չինաստանից: Մի պատմական ու հին ծրագիր է կյանքի կոչվելու՝ «Մետաքսի ճանապարհը», այսպես ասած՝ վերակագործարկվելու, Գյումրին եւս դերակատարություն ունի»,- ասել էր նորանշանակ  դեսպան Թիան Էրլուին եւ հավելել, որ գալ ու քաղաքին ծաոթանալն իր պարտքն էր:

Դեսպանը նաեւ ընդգծել էր, որ Մետաքսի ճանապարհը Չինաստանը Առաջավոր Ասիայի եւ Եվրոպայի հետ կապող առեւտրաքարավանային մայրուղին էր, որն անցել է նաեւ Գյումրի քաղաքով: Արդեն 2 տարի է Գյումրին եւ չինական Սիան քաղաքը, որի հենց կենտրոնից է սկիզբ առել մետաքսի արտահանումը, քույր քաղաքներ են:

Սեպտեմբերին Չինաստանում «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը նվիրված հաջորդ կոնֆերանսն է լինելու: Դեսպանը նաեւ հստակ շետադրել էր, որ Մետաքսի ճանապարհի վերականգնումը ոչ միայն պատմական դարավոր ավանդության վերածնումն է, այլեւ նորից միջազգային առեւտրի կապող օղակ ստեղծելը, ինչպես նաեւ այդ ճանապարհային քարտեզի մեջ մտնող երկրների ու քաղաքների տնտեսական զարգացմանը նպաստելը. «Այն քաղաքները, որոնք ընդգրկվում են երթուղու մեջ, կոնկրետ եւ կարեւոր դերակատարություն են ունենալու ոչ միայն իրենց երկրների, այլեւ ամբողջ աշխարհի համար»:

Շարունակենք: Հունիսին Չինաստանի Սիան քաղաքում կայացավ «Մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» անվանումը կրող «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը նվիրված մաքսային մարմիների կոնֆերանսը, որին մասնակցեց ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: Կոնֆերանսի նպատակն էր նպաստել «Մետաքսի ճանապարհի» երկայնքով տեղակայված երկրների մաքսային մարմինների միջեւ փոխշահավետ համագործակցությանը եւ համատեղ զարգացմանը, որի համար ՉԺՀ-ն պատրաստակամություն է հայտնել ներդնել իր կարողությունները:

Մինչ սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն էին տարածել ԵՏՄ եւ  «Մետաքսի ճանապարհ» նախագծի տնտեսական հատվածի միավորման մասին: Ներկայացնելով Կրեմլում երկկողմ բանակցությունների արդյունքները՝ Պուտինը նշել էր, որ «ԵԱՏՄ եւ «Մետաքսի ճանապարհ» նախագծերի միավորումը նշանակում է գործընկերության նոր մակարդակ ու, ըստ  էության, ենթադրում է մայրցամաքում ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծում»:

Փակագծերում հավելենք նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայտարարել է, թե դիտարկում է Մետաքսի ճանապարհի նախագծի ֆինանսավորմանը մասնակցելու հնարավորությունը: Ղազախստանը, Վրաստանը, Ղրղզստանը դիմել են ՎԶԵԲ-ին՝ այս նախագծի ֆինանսավորման հարցով՝ հասկանալով հարցի լրջությունը:

Բանն այն է, որ Մետաքսի ճանապարհին գտնվող երկրների համար ծրագրի վերականգնումը բացառիկ հնարավորություն կլինի ոչ միայն տնտեսական շահի, այլեւ քաղաքական դիրքի տեսանկյունից: Հենց այնպես չէ, որ այդ մասին Գյումրիում խոսել է ՉԺՀ դեսպանը: Իսկ Հայաստանը ոչ միայն Մետաքսի ճանապարհին գտնվող երկիր է, այլեւ՝ աշխարհագրական դիրքով որոշակի ու կենտրոնական տեղ է զբաղեցնում: Եվ այս մասին խոսել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ելույթով հանդես էր եկել Չինաստանում ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին. «Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջեւ եւ որտեղ միաձուլված են արեւելյան եւ արեւմտյան արժեքները:

Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը»:

Հայաստանը կարող է դառնալ արեւմտյան եւ արեւելյան աշխարհամասերի գործարարների շահերի կենտրոն: Եվ սա այն դեպքն է, որ ներուժը բացահայտելու կարիք չկա, ինչպես մեր երկրի նախագահն է ասում,  հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել: Մնում է կիրառական քայլեր ձեռնարկել: Այնպես որ, ՀՀ-ն պետք է ձեռքը զարկերակին պահի՝  ճիշտ պահին եւ արագ արձագանքելու Մետաքսի ճանապարհի վերականգնման հետ կապված բոլոր գործընթացներին:

Արմենուհի Մելքոնյան (հոդվածաշարս մասնակի կրճատումներով հրապարակել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։