Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…

Սկիզբը՝ թիվ 29-ում

http://www.hayary.org/wph/?p=5035 - Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննությանԶարաթուշթրաՆա հայտարարեց, որ կա մեկ աստվածԻսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

Ավեսթան շատ անպատասխան հարցեր ունի, որոնց պատասխանները թույլ կտան վերջնականապես կատարել հստակեցումներ: Ավեսթային նվիրված ուսումնասիրություններում բավականին վարկածներ կան Զարաթուշթրայի ծննդյան վայրի մասին, սակայն դրանցից ոչ մեկը Ավեսթայի տվյալների համադրման հիմամբ չէ: Հ. Ներսիսյանը փորձել է համադրել եւ պատասխանել մի խումբ անպատասխան հարցերի՝ «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» մենագրության, որը մաս է կազմում «Հայագիտական ուսումնասիրություններ» աշխատության՝ հրատարակված 2011թ.:

Մենագրության մեջ կան շատ լուրջ բացահայտումներ, միեւնույն ժամանակ տեսանելի է պարտադրված պատմության դրոշմը, ինչպիսին է այս միտքը. «Ավեսթան պարսիկ ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սբ. Գիրքն է»: Շատ ճիշտ կլիներ, որ այն շարադրված լիներ հետեւյալ կերպ՝ «Ավեսթան տարածաշրջանի եւ հատկապես հայերի, փարսերի եւ մարաց, այսինքն՝ Հայ Արիքի համադաշնության պետական կրոնն էր՝ մ.թ.ա 500-ից սկսված մինչեւ Վարդանաց պատերազմը հայության համար, իսկ Իրանի համար՝ մինչեւ իսլամի ընդունելը, այսինքն՝ 650 թվականները»: Ընթեցրողին հիշեցման կարգով ասենք, որ Ավեսթայի լեզուն արարողակարգային էր, այսինքն՝ այդ լեզվով կատարել են կրոնական ծիսական արարողություններ: Ըստ էության՝ հայ իրականության մեջ առաջին անգամ Հ. Ներսիսյանը փորձ է կատարել վերլուծել Ավեսթայի նյութերը, տեղայնացնել Զարաթուշթրայի ծննդյան վայրը եւ մեկնաբանել, թե ով էր նրա՝ Զարաթուշթրայի հոգեւոր հայրը:

Համադրելով Ավեսթային նվիրված ուսումնասիրությունները, հարակից նյութերը եւ Հ. Ներսիսյանի մենագրությունը ու, հատկապես կարեւորելով լինգվո (լեզվական) նյութերի աշխարհագրական անունների (սարեր, գետեր, ծովեր եւ այլն) տեղայնացումը եւ մեկնաբանությունները՝ ֆարսի, ժամանակակից պամիրի, տաջիկերենի, աֆղաներենի, թյուրքական լեզուների եւ հայերենի օգնությամբ դառնում է ավելի ամբողջական ու հավաստի: Հատկապես առաջնային է ճիշտ տեղայնացնել Հարա Բերեզաթի լեռան, Ռանհա, Վահիվա Դատիա եւ Վորկուշա ծովի գտնվելու վայրերը, որոնք Ավեսթայի պատմություններում կենտրոնական են բոլոր առումներով:  Հարա Բերեզաթի (Ալբուրզ)

Ավեսթան ասում է, երբ Ահուրամազդան աշխարհն արարեց, Ահրիմանը նույնպես ցանկացավ ցույց տալ իր կարողությունները, ճեղքեց գետինը եւ մտավ հողի տակ, երկիրը սկսեց ցնցվել եւ առաջացան լեռները: Լեռների մեջ առաջինը ձեւավորվեց   Հարա Բերեզաթի (Ալբուրզ) լեռը: Ըստ Ավեսթայի՝ այս լեռը լեռների մեջ աստվածանիստ էր: Հ. Ներսիսյանը կարծում էր, որ Հարա Բերեզաթի լեռը Արագածն է եւ իր տեսակետը ներկայացնում էր այսպես. «Հարա նշանակում է արա», հ-տառը սղված է, իսկ Արարատ լեռը Ավեսթայում ներկայանում է «Սփիթա Գաոնա» անունով, ըստ հեղինակի՝ «Սփիթա Գաոնա» նշանակում է՝ սպիտակ գույն: Սփիթա Գաոնա-Արարատը տարածաշրջանի այն եզակի լեռն է, որի գագաթը մշտապես ծածկված է սպիտակով՝ ձյունով: Ըստ էության, Հ. Ներսիսյանի մոտեցումները ճիշտ են, սակայն հեղինակը եզրակացությունների մեջ սխալվում է, շեշտենք, որ Հարա Բերեզաթի եւ Սփիթա Գաոնա անուններով լեռը նույնն է:

Մինչեւ այժմ Հարա Բերեզաթի (Ալբուրզ) լեռան տեղայնացման խնդրո հետ կապված մեկ տեսակետ չկա, Բարտոլլոմեն այս լեռը նույնանցնում է Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Էլ Բուրզ սարի հետ: Այս մոտեցումը ընդունում են Մ. Բոյսը, Բ. Գաֆուրովը, Ի. Յարշարտերը: Համաձայն Տ. Գամկրելիձեի եւ Վ. Իվանովի տեսակետի՝ այս սարը պետք է տեղակայված լինի Կովկասում: Իտալացի ուսումնասիրող Ժ. Նոլին Հարա Բերեզաթի լեռնազանգվածը տեղակայում է Հինդուկուշում: Գ. Բոնգարդ-Լեվինը եւ Է. Գրանտովսկին Հարա Բերեզաթի լեռնազանգվածը նույնացնում են Ուրալի հետ, իսկ Ն. Չելնովը՝ Ուրալից հարավ գտնվող Իրեմել անունով սարի հետ: Կան տեսակետներ, որ Հարա Բերեզաթի լեռնազանգվածը կարող է գտնվել Արեւմտյան Պամիրում:

Ավեսթայի մեջ Հարա Բերեզաթի լեռնազանգվածը կոչվում է նաեւ Հարա եւ Հարաիտի: Լեռան բարձրագույն գագաթը կոչվում է Հուկարիա: Ավեսթայի մեջ մասնավորապես «Բունդահիշնա» մասում Հարա Բերեզաթի լեռը կոչվում է նաեւ Տայրա եւ «Տիրակ». այս գագաթի շուրջն են պտտվում արեւը, լուսինը եւ աստղերը: Ըստ Ավեսթայի, Հարա Բերեզաթի կամ Հարաիտի լեռնազանգվածը ունի երկու գագաթ՝ Հուկարիա եւ Տայրա անուններով եւ Ահուրամազդան Միհրի համար Հարա Բերեզաթի լեռան վրա կառուցել էր «լուսաշող կացարան»:

Այսպիսով՝ ըստ Ավեսթայի, Հարա Բերեզաթի կամ Հարաիտի լեռնազանգվածը երկգագաթ է եւ այս կենտրոնի շուրջ են պտտվում «արեւը, լուսինը եւ աստղերը»: Միհրի համար Հարա Բերեզաթի լեռան վրա կառուցվել է «լուսաշող կացարանը»: Արարչագործությանը մասնակից լեռնազանգվածը Ավեսթայի մեջ ունի հետեւյալ անունները. Հարա Բերեզաթի, Ալբուրզ, Հարա, Հարաիտի, Հուկարիա, Տայրա, Տիրակ, Սփիթա Գաոնա եւ Ուշի Դարա: Նշված բոլոր տերմին բառերը իրենց իմաստաբանությամբ կապված են հայերենի հետ:

Տանք այս տերմին բառերի ընդհանրական բացատրությունը: Հարա Բերեզաթի-հավերժությունից բերված եւ զատված, Ալբուրզ-կարմիր զինվոր, Հարա-հավերժ (կենդանացնող), Հարաիտի-ցույց է տալիս պատկանելություն, Հուկարիա-հզորագույն, Տայրա-մեկ այր, Տիրակ-Տիրի աչք, Սփիթա Գաոնա-սպիտակ գույն: Առանձնակի կարեւոր է Ուշի Դարա տերմինը, որը կարող է նշանակել լսելու կամ ուժի սար:

Որպեսզի ավելի ամրագրվի մեր տեսակետը, որ Ավեսթայի Համաշխարհային Լեռը կամ Հարա Բերեզաթի լեռազանգվածը տարածաշրջանում հայտնի Արարատ կամ Մասիս լեռնազանգվածն է, տանք մի շարք հետաքրքրական մեկնաբանություններ: Օրինակ՝ «Պամիր» նշանակում է «հեռավոր սահմանային երկիր», «Պամիր» ձեւը առաջացել է «Պո-ու-մուր» «մահվան ստորոտում» ձեւից կամ «Պո-ի-Միհր-, Միհրի (արեւի) ոտքերի տակ» ձեւից: Կենտրոնական Ասիայի գիտակ Ն. Մալլիցկին հաստատում է, որ Աֆղանստանում մինչեւ հիմա էլ «Պամիր» գրում են «Պաի-Միհր» ձեւով, այսինքն՝ «Միհրի (արեւի) ոտքերի տակ»: Այսպիսով՝ Պամիրում բնակվող իրանալեզու ժողովուրդների մոտ «Միհրի ոտքերի տակ» արտահայտությունը պահպանվել է «Պամիր» տերմինի ձեւով: Ըստ Հերոդոտի՝ մասարգատների արեւի աստվածը Միհրն էր, իսկ վահանը խաչով՝ մասարգատների մոտ Միհրի խորհրդանշանն էր: Հիշեցնենք նորից, որ Ավեսթայի Միթրա յաշտի 12-14 հատվածում ասվում է, որ Միհրը Հարա Բերեզաիթի՝ Արարատ լեռնազանգվածի վրա ունի իր «լուսավոր նստավայրը»:

«Միհրի ոտքերի տակ» արտահայտությունը պահպանվել է Պամիր տերմինի մեջ, որն ունի կոնկրետ իմաստ, այն ճիշտ արտացոլում է հոգեւոր եւ կրոնական փոխհարաբերությունները՝ ըստ Միհրի բնակության վայրի: Միհրին նվիրված (Յաշթ 10.12, 15) ներկայացնում է.

«Մենք երկրպագում ենք Միhրին

Ով առաջինն է

բոլոր դիցերից երկնային

Բարձրանում է Հարայի վրա,

Անմահ Արեւի ներկայությամբ,

Ում արագավազ ձիերը

Առաջինն են հասնում

Հրաշալի ոսկեփայլ բարձրունքներին,

Որտեղից նա տեսնում է ողջ արիաց աշխարհը:

Որտեղից նավարկելի գետերի լայն հուները

Ձգում են իրենց հոսանքները

Եվ դեպի Իշկաթը Պարթուսի,

Եվ դեպի Մերվան, որը Հարոյվեում է,

Եվ դեպի Հավե, որը Սոգդում էր,

Կամ էլ հոսում են դեպ Խորեզմ:

Ինչպես դեպի արեւելք եւ արեւմուտք

Երկու կողմը հյուսիսի

Երկու կողմը հարավի:

Եվ դեպի Քարշվար գեղանի:

Բազմահոծ բնակչությամբ

Բնակեցված Հվանիրատից

Դիտում է Միհրը հզոր:

(թարգմանությունը՝ Ա.Մ.-ի)

Ներկայացված հատվածից պարզ է դառնում, որ Ավեսթան ընդունված էր լայնածավալ տարածքների վրա՝ ներառյալ Կենտրոնական Ասիան, որոնք վերահսկվում են կենտրոնից՝ Միհրի նստավայրից կամ Հվանիրատում գտնվող Միհրի նստավայր՝ Աստվածանիստ լեռից:

Համադրելով այս պահին մեր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը՝ կարող ենք ամփոփել՝

ա) Պամիր կոչվող լեռնազանգվածը աշխարհագրորեն գտնվում է Միհր Ատծո նստավայր՝ Հարա Բերեզաիթի՝ Արարատ լեռնազանգվածի՝ գլխի նկատմամբ հակադիր՝ ոտքերի տեղում:

բ) Ավեսթայի մեջ ներկայացված Հարա Բերեզաիթի լեռնազանգվածը նույն ինքը Համաշխարհային Լեռ կամ ջրհեղեղի Նոյի փրկության «լսելու կամ ուժի» Արարատ լեռան զանգվածն է, որի վրա է գտնվում Միհրի նստավայրը:

Արամ Մկրտչյան, Գերմանիա, 04.07.2015թ.

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։