Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…

Սկիզբը թիվ 30-ում

http://www.hayary.org/wph/?p=5050 – Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (1-ին մաս)– Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

Դուք դժուար թէ կարողանայիք երեւակայել այն սարսափն ու վրդովմունքը, որ հրամանագիրը պատճառել էր մեզ: Մենք, ողջ գիշերը նստած քննարկում էինք, թէ լաւագոյնը ի՜նչը պիտի լինէր անել…: Թրքական կառավարութեան ուժերին դիմադրելը թւում էր գրեթէ անյոյս: Ընտանիքներին ցիրուցան անելը, նրանց տարագրելը ասպատակող, ֆանատիկ ու անօրէն արաբական տոհմերով բնակեցուած հեռաւոր ամայի վայրեր, այնպիսի սարսափելի հեռանկար էր, որ տղամարդկանց ու կանանց շրջանում առաջացրեց մերժելու կառավարութեան տարագրութեան պահանջի կատարումը:

Պատրաստ էին դիմակայելու կառավարութեան զարոյթը: Ամենայն դէպս բոլորը այդ մտքին չէին: Պիթիաս գիւղից աւետարանչական եկեղեցու հովիւ՝ պատուելի Յարութիւն Նուխուտեանը եկաւ այն համոզման, որ խենթութիւն պիտի լինէր դիմադրելը: Մտածում էր՝ տարագրութեան անողոքութիւնը մի կերպ բարեփոխել տալով, կողմնակից էր տեղի տալ կառավարութեան որոշման կատարմանը: 60 ընտանիքներ իր հարազատ գիւղից (Պիթիաս) եւ նշանակալի թուով ընտանիքներ յաջորդ գիւղից (Հաճի Հապապլի) համաձայնելով նրա հետ, առանձնացան մեզանից եւ թրքական պահակների հսկողութեան ներքոյ գնացին դէպի Անտիոք: Կարճ ժամանակ յետոյ, նրանք այնտեղից տարուեցին դէպի Եփրատի ուղղութեամբ: Մենք բոլորովին կորցրեցինք նրանց հետքը եւ կարող է երբեք էլ չլսենք նրանց մասին:

– Մեր անխախտ բարեկամներ՝ Ամերիկեան միսիոնարները, մեզանից կտրուած էին 120 մղոն դէպի հիւսիսային կողմը գտնուող Այնթապ քաղաքից: Արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցութեան կապերը գործնականապէս կտրուած լինելով, վստահել էինք մեր սեփական միջոցներին: Գիտակցել էինք, որ մեր յոյսը մեր ու նաեւ Աստուծոյ ողորմութեան վրայ է: Եռանդագին աղօթեցինք, որ մեր ստանձնած պարտաւորութիւնը կատարելու համար Նա ամրացնէր մեզ:

– Գիտենալով, որ անկարելի պիտի լինէր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը, վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները: Մեզ հետ տարել էինք ուտելիքի խոշոր պաշարներ ու փոխադրման հնարաւոր անհրաժեշտ պիտոյքներ: Ոչխարների ու այծերի բոլոր հօտերը քշուել էին դէպի լեռան կողմը: Պաշտպանութեան համար բոլոր առկայ զէնքերը թաքստոցներից դուրս բերուած ու վերանորոգուած էին: Մենք գտանք, որ ունէինք 120 ժամանակակից հրացաններ, թերեւս այդ թուից 3 անգամ էլ աւելի շատ որսորդական հրացաններ, հին կայծքարէ փակաղակով ու հեծակ հրացաններ: Մեր տղամարդկանց աւելի քան կէսը դեռեւս թողնուած էր առանց զէնքի…  - … Մինչեւ առաջին օրուայ գիշերամուտ, մենք արդեն հասել էինք լեռան բարձունքների քարափներին: Մինչեւ որ կը պատրաստուէինք ճամբար դնել եւ եփել իրիկուայ ճաշը, տեղատարափ անձրեւ սկսուեց, այն շարունակեց տեղալ ամբողջ գիշերը: Դրա համար մենք վատ էինք նախապատրաստուած: Ժամանակ չէր եղել ծառերի ճիւղերից խրճիթներ պատրաստել եւ ոչ էլ որեւէ վրան կամ անջրթափանց հագուստներ ունէինք: Գրեթէ 5 հազարից աւելի տղամարդիկ, կանայք ու երեխաներ, ամբողջովին թրջուած էին: Մեզ հետ բերած հացի մի մասը վերածուել էր փափուկ զանգուածի: Մենք ջանում էինք յատկապէս վառօդը եւ զէնքերը չոր պահել: Տղամարդիկ յաջողեցին այն շատ լաւ կատարել:

– Յաջորդ առաւօտեայ լուսաբացին, աշխատող բոլոր ձեռքերը լծուեցին աշխատանքի: Լեռան զառիթափի ամենակարեւոր ռազմագիտական նշանակութիւն ունեցող կէտերին խրամատներ փորեցինք, ժայռեր իրար վրայ թաւալելով՝ հզօր պատնէշներ սարքեցինք: Այնտեղ էին տեղաբաշխուելու մեր դիպուկ հրաձիգների խմբերը: Հիասքանչ արեւը ամպերի տակից դուրս եկաւ: Թուրրքերի յարձակումները դիմագրաւելու համար, ամբողջ օրուայ ընթացքում եռանդով ամրացնում էինք մեր դիրքերը: Հաստատ գիտէինք՝ նրանք գալու էին:

– Ժողովուրդի մասնակցութեամբ «Պաշտպանական Խորհուրդ» ընտրելու համար, իրիկնադէմին ընդհանուր ժողով գումարեցինք, որը վեց համայնքների համար գերագոյն իշխանութիւն պիտի ունենար: Ժողովուրդի մի մասը նախընտրեց ձեռք մեկնելով քուէարկութիւն կատարել, իսկ ուրիշներ վիճարկեցին նման առաջարկը, քանի որ այն շատ կենսական նշանակութիւն ունեցող հարց էր: Գաղտնի քուէարկութեամբ համայնքային ճիշտ ընտրութիւն պէտք էր կատարուել: Նրանք առաջարկեցին՝ քուէարկութիւն կատարելու համար թղթի բաւարար քանակի կտորներ հաւաքել: Մեր ժողովուրդը շատ էր նուիրուած այդ ժողովրդական ձեւին, որը ուսուցանուած էր միսիոնարների կողմից: Առանց շատ ուշացման, շատ թէ քիչ պատռուած կամ թրջուած թղթի կտորներ հաւաքեցին, որպէս քուէաթերթիկներ նետեցին քուէարկութեան համար նախատեսնուած սնդուկ: Կառավարման համար խորհուրդ ստեղծելով, անմիջապէս պաշտպանական ծրագիրներ կազմեցինք՝ պաշտպանելու համար լեռան իւրաքանչիւր անցք եւ ճամբար տանող իւրաքանչիւր մատոյց: Ընտրուած էին հետախոյզների, սուրհանդակների, հրաձիգների ու կեդրոնական պահեստային զինական խմբերի գումարտակներ, որոշուել էին նրանց պարտականութիւնները:

– Կառավարութեան կողմից տարահանութեան ազդարարութիւնը տրուած էր Յուլիսի 13-ին, 8 օրուայ «բարեշնորհութիւնը» արդէն համարեայ թէ անցած էր: Մենք վստահ էինք, որ թուրքերը պէտք է յայտնաբերած լինէին մեր շարժումները: Անտիոքի ամբողջ դաշտավայրը բնակեցուած է թուրքերով ու արաբներով, զինուորական մշտական ուժեղ պահակախումբ կար Անտիոքի զօրանոցներում:

– Յուլիսի 21-ին, թուրքերի յարձակումը սկսուեց առաջապահ պահակախումբի 200 մշտական ծառայութեան զինուորներով: Պահակախումբի հրամանատարը ամբարտաւանօրէն պարծեցել էր, որ մէկ օրուայ ընթացքում լեռը կը մաքրէր հայերից: Սակայն, թուրքերը կրեցին մի շարք կորուստներ ու ետ քշուեցին իրենց հաւաքատեղին: Երբ նրանք աւելի ծաւալուն յարձակման անցնելու համար սկսեցին նորէն առաջանալ, իրենց հետ քարշ էին տուել նաեւ դաշտային մի հրանօթ: Մի քանի հրաձգային փորձարկումներից յետոյ, այն ձեռք բերեց համապատասխան գործողութեան շառաւիղ: Մեր ճամբարի մէջ սկսուեց աւերուածութիւն տեղի ունենալ: Մեր հրաձիգներից մէկը (Պետրոս Գալուստեան) առիւծասիրտ երիտասարդ ջահել տղայ, մացառուտների ու ժայռերի միջով ներքեւ սողաց, մինչեւ որ հասաւ տափակ ժայռի վրայ տեղաւորուած դաշտային թնդանօթին շատ մօտիկ տարածութեան: Ծառի ճիւղերով դարանակալ, սպասել էր յարմար պատեհութեան: Թնդանօթին այնքան մօտիկ էր եղել, որ կարողացել էր լսել այն լիցքաւորող թուրք հրաձիգների իրար հետ խօսակցութիւնը: Երբ մի թնդանօթաձիգ դուրս էր եկել իր տեսադաշտ, երիտասարդ մարդը առաջին կրակոցով գնդակահարել էր նրան, 5 կրակոցների զարկերով սպանել էր 4 թնդանօթաձիգների: Դրանից յետոյ, սարսափահար հրամանատարը անկարող լինելով նշմարել մեր հրաձիգին, վեր բարձրացրել ձեռքերը, հրամայել հրանօթը քաշել պատսպարուած մի տեղ:

– Սակայն, թուրքերը համախումբ յարձակման համար մարդիկ էին հաւաքագրում: Նրանք, ժողովուրդին զէնքի կոչելու համար զօրահրաման էին ուղարկել իսլամական գիւղեր: Անտիոքի զինանոցից բանակային հրացաններ եւ առատ զինամթերք էին յանձնել նրանց: Արիւնահեղութեան ծարաւի մուսուլմանների 4 հազարանոց ամբոխը վերածուեց նշանակալի թշնամու: Սակայն, թուրքերի գլխաւոր ուժը կարգապահութեան վարժուած ու դժուարութիւնների հանդէպ կոփուած 3 հազարանոց կանոնաւոր զօրախումբն էր:

– Մի առաւօտ, մեր հետախոյզները խիստ կարեւոր տեղեկութիւն բերին շտապկայան, որ թշնամու զինուորները երեւում էին ամէն մի կիրճում: Նրանք, ամենուստ արդէն նուաճել էին կիրճերի քարափները ու նրանց գագաթները: Ինչպէս յետագային համոզուեցինք «Պաշտպանական Խորհուրդի» պաշտպանական ու պահեստային մարմինները, չափազանց անխոհեմ էին վարուել, զինական փոքրիկ խմբեր միայն ուղարկել ճակատային զանազան այդ կէտեր: Կարճ ժամանակից յետոյ, մեր ուժերը իրարից բաժանուել էին: Այնուհետեւ, միայն մէկ կիրճի միջով թուրքերը խոշոր ուժերով զանգուածային յարձակում սկսեցին: Միւս բոլոր առաջխաղացումները կեղծ յարձակում լինելով չէին շարունակուել: Կարճ ժամանակի ընթացքում մեր մարդիկ գնահատեցին կացութիւնը, տարբեր տեղերից համախմբուել սկսեցին: Թուրքերը սպաննել էին մեր հետախոյզներին, թափանցել էին մի կարեւոր լեռնացք: Ի սարսափ մեզ, նկատեցինք թշնամու կողմից դիմացի բարձրադիր տարածքի նուաճումը: Այն սպառնում էր մեր ճամբարին: Թուրքերի նոր համալրումը, բուռն գրոհել սկսեց դէպի լեռան պաշտպանական դիրքերը: Կէսօրին համոզուեցինք, որ նրանք թուով գերազանցում էին մեզ: Մենք նկատեցինք նաեւ, որ թուրքերի հրացանների հրաձգութեան հասողութիւնը բոլորովին գերազանցում էր մեր հնաձեւ հրացաններինը: Մինչ իրիկնամուտ, անտառի խիտ մացառուտի միջով թշնամին 3 վաշտերով առաջ էր շարժուել, հասել մեր խրճիթներից 500 կանգուն հեռաւորութեան սահմաններում: Խորը ու խոնաւ կիրճ էր ընկած մեր ու թշնամու զօրքի մէջտեղը: Թուրքերը որոշել էին տեղաւորուել բաց օթեւանում, քան թէ յարձակման հարուածը շարունակել մթութեան մէջ:

– Մեր առաջնորդները, շշուկով ու շատ հանգիստ կերպով շտապ խորհրդակցութիւն կազմակերպեցին, արգիլեցին ճամբարում որեւէ լուսաւորութիւն կատարել: Բոլորը ըմբռնում էին, որ ճգնաժամային վիճակի էին մատնուել: Ի վերջոյ, արկածախնդրական ծրագիր որդեգրուեց: Մեռեալ կէս գիշերին սողոսկել թուրքերի գրաւած դիրքերի շուրջ, այդ ձեւով շրջապատման շարժում իրականացնել, յանկարծակի հրաձգութեամբ մօտենալ նրանց, մարտը վերջացնել ձեռնամարտի անսպասելի ընդհարումով: Ըմբռնում էինք, որ եթէ ծրագիրը ձախողուէր… ամէն ինչ կորած էր: Մեր մարդիկ մութ ու խոնաւ անտառների միջով սողացին արտակարգ հմտութեամբ, շրջապատեցին խոնաւ կիրճում թշնամու գիշերային օթեւանը: Այստեղ էր, որ քարափներին ու մացառուտներին քաջատեղեակ լինելը մեր մարդկանց հնարաւորութիւն տուեց անել այն, ինչ որ ներխուժողները չէին համարձակուի փորձել: Երբ շրջանակը արդէն գործնականապէս աւարտուած էր, բոլոր կողմերից զէնքերի կրակոցների փայլատակումներով ու համազարկերի շառաչիւններով, մեր մարդիկ իրականացրին յարձակումը: Յանդուգն քաջութեամբ գրոհեցին առաջ:

– Մի քանի վայրկեանների ընթացքում ակնյայտ էր դարձել թշնամու շփոթութիւնը ու նրա զօրքի խուճապը: Թրքական ճամբարում սկսել էր ծայր աստիճանի խառնաշփոթութիւն: Մթութեան մէջ թուրքի զօրքը, շտապում էր այս ու այն կողմը, սայթաքում ժայռերի ու կոճղերի վրայից: Սպաները հակասական հրամաններ էին արձակում, ի զուր էին պայքարել իրենց մարդկանց համախմբել: Տպաւորութիւն էր ստեղծուել հայկական շատ նկատելի յարձակման իրողութեան վերաբերեալ, որովհետեւ թրքական գնդապետը կէս ժամից յետոյ նահանջի հրաման էր արձակել: Լուսաբացից առաջ, անտառները գործնականապէս մաքրուած էին թշնամու զինուորներից: Աւելի քան 200 թուրք զինուորներ էին սպաննուել, որոշակի ռազմաւար էր վերցուած՝ 7 Մաուզեր հրացաններ, զինամթերքի 2500 փամփուշտ եւ 1 ջորի: Կռիւը վերսկսելու որեւէ նախանշան չկար: Բայց, մենք գիտէինք, որ մեր թշնամիները պարտուած չէին, նրանք պարզապէս դուրս էին քշուած:

– Յաջորդ մի քանի օրերի ընթացքում, թշնամին ոտքի հանեց բազմաթիւ մղոնների շառաւիղի ամբողջ մահմետական բնակչութեանը՝ թերեւս 15 հազարանոց հրոսակախումբ: Այդ խոշոր թուաքանակով նրանք ի վիճակի էին շրջապատել լեռը՝ ցամաքի կողմից պաշարելով Մուսա Տաղը: Նրանց ծրագիրը սովամահ կ՛անէր մեզ: Ծովի կողմից նաւահանգիստ չկար եւ ոչ էլ հաղորդակցութեան ուղիներ որեւէ ծովային նաւահանգիստի հետ: Լեռան զառիթափ բարձունքը ուղիղ դէպի ծովն էր իջնում: Մենք, լրիվ զբաղուած էինք մեր վիրաւորների խնամքով ու ճամբարին պատճառուած փլուզումների վերանորոգումով: Մինչեւ հիմա պատահած մեր փրկութեան համար ծիսական յատուկ արարողութիւններ էինք կատարում:

Աստծուն շնորհակալութիւն էինք յայտնում, խնդրում էինք պահպանել մեր ընտանիքներն ու փոքրերը: Մարտական մկրտութեան այս տառապանքի մէջ, լուսաւորչականներն ու բողոքականները միաձուլուել էին մէկ դաւանանքի ու ընկերակցութեան մէջ: Այդ ժամանակ էր, որ կինս ծնեց մեր անդրանիկ տղայ զաւակը:

Մի քանի օր յետոյ դէպի ծովի ուղղութեամբ իջնող վայրէջքի դժուարութիւնից շատ տանջուեց, ինչքան հնարաւոր էր նեցուկ եղայ նրան: Փառք Աստուծոյ, նա հիմա առողջական լաւ վիճակի մէջ է, այդպէս է նաեւ մեր տղան:

Շարունակելի

Մուսա Լեռ, Լորտ Ճէյմս Բրայս, «Կապոյտ Գիրք» (Հայերի վիճակը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1916թթ.)

(անգլերէնից հայացրեց՝ Պօղոս Արմէնակ Լագիսեան, Կալիֆորնիա, Հայ Գրողների Միութեան անդամ, Կլենտէյլ, 2005թ.)

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։