Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (2-րդ մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Գաղտնիքներն այնտեղ են, որտեղ Աստվածների քաղաքն է…

Սկիզբը՝ թիվ 33-ում

http://www.hayary.org/wph/?p=5099Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

Վիրտի այն տեսակետը, որ արյան 2-րդ խումբը մեծ մասամբ բնորոշ է այսպես կոչված Homo eureopeus հյուսիսային գերմանո-սկանդինավյան եվրոպացիներին, չի համապատասխանում իրողությանը, ինչում մենք կհամոզվենք Հովիկ Ներսիսյանի «Հայերի բռնագաղթն ու բավարիացիների հայկական ծագումը» գրքից վերցրած տեղեկություններից (էջ 75-89). «Չեկանովսկին եվրոպական ցեղախումբը բաժանում է 4 մաքուր (հիմնական) ցեղերի, որոնք են՝ 1. Nordigue, Նորդիք (հյուսիսային), 2. Mediterraneene, Մեդիթերանական (միջերկրածովային), 3. Lapponoide, Լափոնիդ, 4. Armenoide, Հայկական»:

Հայկականից (Արմենոիդից) սերվածներն են.

Ա – Հայկականներից եւ հյուսիսայիններից սերված Ալփիանները (որի մեջ ընդգրկված են ներկա բավարացիք),

Բ – Հայկականից եւ մեդիթերականներից սերված Լիթորալները (ծովափնյա ժողովուրդները),

Գ – Հայկականից եւ լափոնիդներից սերված դինարիքները (Ադրիատիկ ծովի շրջանի ժողովուրդները):

Գրեթե աշխարհի բոլոր մարդաբանների տեսությունները համընկնում են ներկայացված այս տեսության հետ եւ համարվում է, որ Դինարիք ցեղերը, Լիթորալները, Ալփիանները սերված են հայերից:

Գրքում տեղեկություններ կան արյան բոլոր 4 խմբերի վերաբերյալ, բայց մենք կանդրադառնանք միայն 2-րդ խմբին:

Հայոց լեռնաշխարհի բնիկ վանեցիների արյան 2-րդ (A) խումբը կազմում է 56%: Արեւելքում հայերի արյան 2-րդ խումբը կազմում է 50,6%, Կովկասում՝ 55,6%, իսկ Արեւմուտքում՝ 45,7%:  Ազգային պատկանելության աղյուսակից ներկայացնում ենք միայն հայերի 2-րդ խմբի տվյալները (56%) եւ Բեռլինի գերմանացիների (42,5%) տվյալները: Ինչպես նկատում է Հովիկ Ներսիսյանը, «վերը բերված ցուցանիշները ցույց են տալիս, թե որքան հեռու են գնում հայերը Հայաստանից, այնքան էլ նրանց արյան խմբերի մեջ փոփոխությունները մեծ են, եւ դա արտահայտվում է հատկապես արյան A (2-րդ) խմբի նվազումով:

Այս ուսումնասիրությամբ բացահայտվում է, որ միայն հայերի մոտ է արյան A (2-րդ) խումբը գերիշխում՝ մյուս խմբերի նկատմամբ:

Ինչպես տեսնում ենք՝ հայ ժողովրդի արյան A խմբի տոկոսը շատ ավելի բարձր է այլ ժողովուրդների նույն ցուցանիշի նկատմամբ»:

Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս Վիրտի սխալ տեսակետը այն մասին, որ արյան A (2-րդ) խումբը բնորոշ է հյուսիսային գերմանո-սկանդինավյան եվրոպացիներին, որը նվազելով տարածվում է մինչեւ Արեւելք:

Ինչպես տեսանք, 2-րդ խումբը Հայաստանում, Կովկասում եւ Արեւելքում աճում է, այլ ոչ թե նվազում:

Իրականությանը չի համապատասխանում նաեւ նրա ատլանտների միգրացիայի վերաբերյալ տեղեկությունը, որը կատարվել է հակառակ ուղղությամբ՝ ոչ թե Եվրոպայից, այլ Հայաստանից:

Ա. Դուգինը, որը հիացմունքով է ընդունում Վիրտի տեսությունը, այնուհանդերձ նշում է. «Սխալ կլիներ ենթադրել, որ Եվրոպան բնակեցված է «ֆրիզներով», եւ որ նա իր ռասային հիմնացեղով հոմոգեն (համածին) է: Եվրոպայի հյուսիսային մասում «ֆրիզական» տարրը բավականաչափ խառնված է լափոնո-ֆրիզական էթնոսի հետ, որը Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում ազգակցական կապի մեջ է այսպես կոչված ալփիական ռասայի հետ»:

Այսինքն՝ Հերման Վիրտը, ով իրեն «ֆրիզ» է համարում, սերում է հայերից: Վիրտը ծնվել է Նիդեռլանդներում եւ նրա ընտանիքը եղել է հին «ֆրիզների» տոհմից, որոնք, ինչպես ներկայացնում է Դուգինը, այժմ էլ տարբերվում են անբնական բարձր հասակով եւ դասական հնդեվրոպական (ավելի ճիշտ՝ հայեվրոպական) դիմագծերով:

Որ «ֆրիզները» սերում են հայերից, հաստատվում է նաեւ Է. Մուլդաշեւի ակնաբուժաերկրաչափական տվյալներով, այսպես կոչված «միջին վիճակագրական աչքեր» ուսումնասիրություններից բխող արդյունքերով, որտեղ ասվում է. «Դինարիք ռասան ալփիական ռասայի (ֆրանսիացիներ, մասամբ իսպանացիներ եւ իտալացիներ) եւ հյուսիսայինների (գերմանացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ, նորվեգացիներ, իսլանդացիներ եւ շվեդներ) նախահայրն է»:

Մուլդաշեւը, անդրադառնալով արմենոիդ (հայկական) ռասային, գրում է. «Մեր՝ եվրոպացիներիս համար, երեւի տարօրինակ կթվա, որ ակնաբուժա-երկրաչափական տվյալներով մեր ակունքներից մեկին է պատկանում (բացի ենթադրյալ պարսկական ռասայից) արմենոիդ ռասան»: Ժամանակակից հայերը խիստ տարբերվում են եվրոպական ժողովուրդներից: Բայց հայերի մոտ գոյություն ունի հավատալիք, որ այդ ժողովրդի հնագույն ներկայացուցիչները եղել են սպիտակ մաշկով, երկնագույն աչքերով, իսկ ժամանակակից հայերի կերպարանքը ձեւավորվել է կովկասյան այլ ցեղերի հետ խառնվելու արդյունքում»:

Այսքանը իմանալով հանդերձ՝ ելնելով իր հետազոտությունների արդյունքներից, նա եզրակացնում է, որ ժամանակակից մարդկությունը առաջացել է տիբեթյան միասնական արմատից:

Կրկնելով նույն սխալը՝ ինչն անում է Ե. Բլավատսկայան, որի աշխատություններից Մուլդաշեւը հաճախ մեջբերումներ է անում, նա համարում է, որ արիացիների միգրացիան սկիզբ է առել Տիբեթից, մինչդեռ այն տարածվել է Հայաստանից դեպի Արեւելք, Արեւմուտք եւ այլ ուղղություններով, որը ցույց է տրված Գաղթերի հանրահայտ քարտեզի վրա (Հ. Ներսիսյան «Հայերի բռնագաղթն ու բավարացիների հայկական ծագումը», էջ 74): Բլավատսկայան, չհամաձայնվելով Հ. Ռաուլինսոնի եւ Մ. Մուլերի հետ, ովքեր կարծում էին, որ արիացիների միգրացիան Հայաստանից է տարածվել տարբեր ուղղություններով, առանց լուրջ փաստարկների, պնդում է, որ այն տեղի է ունեցել Տիբեթից կամ Ցեյլոնից, եւ որ Հնդկաստանն է մարդկության օրրանը, բայց ո՞ր Հնդկաստանն է, այդպես էլ գլխի չի ընկել: Մյուս կողմից, ինչպե՞ս կարող էր արմենոիդ ռասսան՝ արյան 2-րդ խմբի կրողը, առաջանալ տիբեթցիներից: Չէ՞ որ վերջիններս ունեն արյան 3-րդ խումբը: Արյունաբանության տվյալների համաձայն, արյան 2-րդ խումբը առաջացել է 1-ինից՝ առանց խառնվելու մյուս խմբերի հետ:

Պետք չէ անգամ ենթադրել, որ հայերը սերում են տիբեթցիներից կամ պարսիկներից, որովհետեւ, երբ կար Հայաստան պետությունը, Տիբեթ եւ Պարսկաստան պետություններ դեռ գոյություն չունեին:

Ե. Բլավատսկայան ինքն էլ է հաստատում, որ մինչեւ Համաշխարհային ջրհեղեղը, Հիմալայների եւ Տիբեթի շրջաններն են եղել Երկրի հյուսիսային բեւեռը, որի դիրքը փոխվել է Երկրի առանցքի թեքության փոփոխությունների հետեւանքով: Հայաստանը նույնպես այն ժամանակ գտնվել է Հյուսիսային բեւեռին ավելի մոտ, քան այժմ:

Ամերիկան ժամանակին կապված է եղել Եվրոպայի հետ ցամաքով, իսկ առանցքների տեղաշարժման հետեւանքով անջատվել է նրանից: Ըստ երեւույթին՝ սա է պատճառը, որ Ամերիկայի հնդկացիների որոշ մաքուր ցեղեր, երկար ժամանակ գտնվելով մեկուսացման մեջ, պահպանել են արյան 1-ին խումբը:

Հին եւ Նոր աշխարհի պետությունների անվանումները ավելի ուշ են առաջացել, քան Հնդկաստան անվանումը: Մարդկության բնակելի աշխարհի ընդհանուր անվանումը եղել է Հնդկաստան:

Արհավիրքի պատճառով հյուսիս-հարավ ուղղությունը փոխարինվել է արեւմուտք-արեւելքով: Այս պատճառով են Եփրատից մինչեւ Արեւելքի ծայրամասերի տարածքները հնում կոչվել Մեծ Հնդկաստան, իսկ Ամերիկան՝ Արեւմտյան Հնդկաստան (West Indies): Այժմ Վեստ Ինդիա են կոչվում միայն Մեծ եւ Փոքր Անթիլյան կղզիները:

Մենք «Լուսանցք»-ի էջերում անդրադարձել ենք Հնդկաստան-Հիպերբորեա-Ատլանտիդա թեմային: Ատլանտիդայի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, որոնցից մեկն էլ Լյուդվիգ Զայդլերի «Ատլանտիդան» է:

Լեհ գիտնականը համարում է, որ «մոտավորապես 12 հազար տարի առաջ Երկիրը բախվել է հսկայական տիեզերական մարմնի հետ, որի հետեւանքով ցնցվել եւ տեղաշարժվել է: Արդյունքում աշխարհագրական առանցքները արտաքին ուժի ազդեցությամբ տեղափոխվել են 30 աստիճանով: Հյուսիսային բեւեռը «հեռացավ» Գուդզոնի նեղուցից եւ ընդունեց այժմյան դիրքը: Համապատասխանաբար փոխեց իր դիրքը նաեւ հասարակածը: Նախկինում այն անցնում էր Էվերեստի բարձրագույն գագաթով: Համաշխարհային օվկիանոսի ջրերը հսկայական ալիքով հեղեղեցին ցածրադիր շրջանները, այդ թվում՝ նաեւ ենթադրյալ Ատլանտիդան: Հնարավոր է այս հիմքի վրա էլ առաջացել է բիբլիական առասպելը Համաշխարհային ջրհեղեղի մասին»:

Ընդունելով Զայդլերի տեսակետը՝ այժմ անդրադառնանաք սբ Հերոնիմոսի աշխարհացույցին, որը պատկերված է Ռուբեն Գալչյանի «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» գրքի շապիկի վրա եւ ուղղորդված է Արեւելքը վերեւով: Այստեղ մենք տեսնում ենք հետեւյալը.

  1. Կովկասյան լեռները ձգվում են հյուսիսային ծայրամասից դեպի հարավ՝ հասնելով մինչեւ Միջերկրական ծով: 2. 00-ական միջօրեականը հատում է Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ, որոնք ավելի մոտ են Հյուսիսային բեւեռին, քան այժմ, իսկ հարավում հատում է Բրիտանիան, Իռլանդիան, որոնցից մի քիչ վերեւ ու ձախ է գտնվում Գերմանիան (Վիրտի Գոնդվանան,-հեղ.): 3. 00-ական միջօրեականը բաժանում է Հայաստանը՝ հյուսիս-արեւմտյանի եւ հյուսիս-արեւելյանի: 4. Քարտեզի հյուսիսային ծայրամասում 00-ական միջօրեականից մի փոքր աջ պատկերված է փոքրիկ լեռան կամ բուրգի նման մի պատկեր, որի գագաթին դրված է գնդիկ եւ վերեւում գրված է PARADYS (դրախտ): Պատկերի ներքեւում գրված է INDIA, բայց ոչ թերակղզի Հնդկաստանը:

Սբ Հերոնիմոսի մեկ այլ քարտեզի տեքստում, որը նվիրված է Պաղեստինին (նույնպես ուղղված արեւելքով վեր), գրված է. «Քարտեզի մագաղաթի վնասված մասը, որտեղ նշված են Կովկասյան լեռները, նորոգված է: Այստեղից է, որ սկիզբ են առնում Փիսոնը (Գանգես), Ինդոսը եւ Տիգրիսը: Կովկասյան լեռներից արեւմուտք են տարածվում հայկական լեռները (լեռնաշխարհը) Mons Armenie, որտեղից նաեւ սկիզբ է առնում Եփրատը: Հայկական լեռների արեւմտյան ծայրամասում առանձնացված մասը մակագրված է Նոյան տապան»:

Այս տեքստում ուշագրավն այն է, որ Կովկասյան լեռներից (Հինդուկուշ լեռներ) է, որ սկիզբ են առնում Փիսոնը (Գանգես) եւ Ինդոսը, որոնց կրկնակը պահպանվել է այժմյան Հնդկաստանի քարտեզի վրա: Սա է պատմության հանելուկներից մեկը, որի վրա ուշադրություն չեն դարձրել մեր պատմաբանները:

Ճիշտ է, միջնադարյան քարտեզները կատարյալ չեն, նրանցում կան նաեւ սխալներ, բայց մի բան պարզ է, որ մինչեւ համաշխարհային արհավիրքը երկրագունդը գտնվել է աշխարհագրական այլ կոորդինատներում, իսկ կատակլիզմից հետո ընդունել այժմյան դիրքը:

Հնդկաստան անվան հետ կապված Ա. Դուգինը հետեւյալ մեջբերումն է անում. «Ինդոսները տիրապետում են տիեզերական ցիկլերի ավանդական տեսությանը, որը կապում են մայրցամաքների դինամիկայի (ուժաբանության) հետ: Ամեն մի ցիկլին համապատասխանում է իր մայրցամաքը, dvipa: Մեր ցիկլին համապատասխանում է, այսպես կոչված jambydvipa-ն՝ «Խնձորների երկիր»-ը, ընդ որում, Ռենե Գենոնը ցույց է տվել, որ խոսքը ոչ թե Հնդկաստանի մասին է, այլ բոլոր ակտուալ (այժմեական) գոյություն ունեցող մայրցամաքների մասին է, եւ հատկապես, նրանց սինթեզի՝ Հյուսիսային երկրի, Արկտոգեայի, Հիպերբորեայի:

Սա եւս մի լրացում, որ Մեծ Հնդկաստանը այժմյան Հնդկաստանը չի եղել:

Բայց ինչու է Հիպերբորեան կոչվել «Խնձորների երկիր»: Այս խորհրդանշանական պահը հատկանշանական է՝ խնձորը, խնձորենին շատ առասպելներում կապված է հենց Դրախտի կամ դրախտային այգու հետ, որտեղ ապրել է մարդկությունը նախասկզբնական ժամանակներում:

Բացի դրանից, կա նաեւ մի արտահայտիչ մանրամասնություն. եթե խնձորը կտրել լայնակի, ապա միջուկում մենք կունենանք հինգթեւանի աստղի պատկեր, որն ի սկզբանե եղել է բեւեռի, Հյուսիսի, Դրախտի նկարագիրը: Հինգթեւանի Վեներա-Աստղիկ աստղը կոչվում է նաեւ Հյուսիսային աստղ:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ Հայաստանը (հայ ժողովրդի ձեւավորման փուլում) գտնվել է հյուսիսում՝ իր բնօրրանում, իսկ համաշխարհաին արհավիրքից հետո ընդունել այժմյան դիրքը՝ մնալով էլի հյուսիային երկիր, բայց այժմյան կոորդինատներով:

Կարծում ենք՝ Վիրտի նկարագրած միգրացիան քաղաքական հիմքերի վրա է կառուցված: Միգրացիան տեղի է ունեցել ավելի ուշ: Արհավիրքից փրկված մարդկանց որոշ մասը, օգտագործելով նախնիների գիտելիքները, հասել են քաղաքակրթության բարձր աստիճանի, որից հետո է տեղի ունեցել միգրացիան Հայաստանից տարբեր ուղղություններով:

Ահա ինչ է ասում Ահուրամազդան (Արամազդը) Սփիթամա Զրադաշտին:

«Երբ երկրի վրա մարդկանց ապրելու համար որեւէ մի տեղ չկար, հանգստության եւ երջանկության դրախտային երկրներ ստեղծեցի, եթե այդպես չլիներ, բոլոր մարդիկ Աիրիանա Վաեջա կգային եւ, Աիրիանա Վաեջայում մարդկային ժխոր լինելով, կյանքը անհանդուրժելի կլիներ:

Լավագույն եւ առաջին երկիրը, որ ես՝ Ահուրահ Մազդաս ստեղծեցի, Վանգուհի Դաիթյա (Որոտան) գետի հովտում Աիրիանա Վաեջան է…»:

Հիպերբորեա-Հնդկաստան-Հայաստանը Արամազդի ստեղծած 16 դրախտային երկրների սինթեզն է, իսկ «Վարան» (ԹՈՐՈ), որը կառուցվել է Յիման Արամազդի պատվերով, եւ որտեղ պետք է պահպանվեին մարդկային ցեղի եւ կենդանական աշխարհի լավագույն սերմերը, նույն Քարահունջ (Քարատակ) համալիրն է, որը գտնվում է Որոտան գետի ձախ վտակ Դար գետի մոտակայքում:

Ենթադրում ենք, որ մինչեւ աշխարհակործան արհավիրքը 00-ական միջօրեականը անցել է Քարահունջ աստղադիտարանով: Այժմ այն անցնում է Գրինվիչի եւ Փարիզի աստղադիտարաններով:

Մենք արդեն նշել ենք, որ Հնդկաստան անվանումն առաջացել է հայերեն «հունդ-սերմ» արմատից եւ «ստան» վերջավորությունից, իսկ «Վարա» կամ «Վարահի» անվանումը նույնպես բաղկացած է հայերեն «վար» (ներքեւի կողմը, ցածր) արմատից, ինչը, ելնելով Քարահունջի առանձնահատկություններից, կարելի է անվանել նաեւ Յանատակ կամ Անդունդք:

Տիբեթի գիտակ Էրնստ Մուլդաշեւը, ով այնտեղ փնտրում է Աստվածների քաղաքը, գրում է. «Շամբալա բառը հայտնի է շատերին, սրա տակ մարդիկ պատկերացնում են ինչ-որ առեղծվածայնություն, բայց հաճախ գաղափար չունեն՝ դա ինչ է նշանակում: Իսկ Ագարտի բառը գործնականորեն մարդկանց հայտնի չէ եւ միայն կարելի է ասել, որ երկրի վրա Շամբալայի հետ միաժամանակ գոյություն ունի «Ագարտի» երկիրը, որի տեղը գիտնականներին հայտնի չէ:

Շամբալան եւ Ագարտին հուսալի թաքնված են գետնի տակ եւ տարբերվում են աշխարհագրական սկզբունքով. չի բացառվում նաեւ, որ նրանք միմյանց հետ կապված են «նուրբ» էներգիաներով:

Շամբալան լեմուրացիների տեխնոգեն քաղաքակրթությունն է, իսկ Ագարտին՝ մարդկության գենոֆոնդը:

Ակնհայտ է, որ երկրի վրա գույություն ունի ստորգետնյա կյանքի զուգահեռ միասնական համակարգ, որն ունի ընդհանուր կենտրոն եւ տարածված է ամբողջ երկրագնդով մեկ»:

Հիմնվելով Ավեսթայի Բոն-Դահեշնի եւ այլ աղբյուրների եւ հատկապես Քարահունջ աստղադիտարանի տարիքի վրա (7500)՝ կարելի է եզրակացնել, որ այդ ընդհանուր կենտրոնը գտնվում է Քարահունջում:

Եվ Քարահունջի տակ էլ տարածված է երեւակայական Ագարտի (Աղ-արտ-ի) երկիրը, իսկ Քարահունջի երկգագաթ հրաշք քարը, որը «գլուխ» է ստանում, ասես իր խորհրդանշական տեսքով մեզ հուշում է՝ նայեք Մայր լեռան կողմը. այնտեղ է Աստվածների քաղաքը:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։