Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեզ դժվարությունների ժամանակ օգնում են միայն այն բանի համար, որ դուք հայ եք: Անկախ այն բանից, թե դուք որտեղ եք՝ Հայաստանում, թե արտերկրում: Ձեզ մոտենում է հայկական, արդեն ընդունված եւ իրապես համազգային կազմակերպության ներկայացուցիչը, եւ, ուսումնասիրելով ձեր խնդիրներն ու կարողությունները, առաջարկում է անշահախնդիր օգնություն: Հենց այդ պահից ձեր համար սկսում են աշխատել բարձրակարգ մասնագետներ, հասանելի են դառնում տեղեկատվական շտեմարաններ, ինչի արդյունքում բազմապատկվում են ձեր հնարավորությունները: Այս ամենի արդյունքում դուք դառնում եք հաջողակ (ավելի նպատակասլացները՝ հեղինակություններ) եւ որոշ ժամանակ անց դուք էլ կարողանում եք այդ համահայկական կազմակերպության միջոցով առաջարկել անշահախնդիր օգնություն:

Նախորդը – http://www.hayary.org/wph/?p=5116 - Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Օգնություն ստացողների թվի ավելացման հետ աճում է առաջարկվող օգնության մեծությունը: Ստեղծվող հավելյալ արդյունքն էլ ուղղվում է հայագիտության զարգացմանը եւ հայապահպանության հրատապ խնդիրների լուծմանը: Իզուր չէ, որ Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ առաջարկում է ստեղծել Հայապահպանության նախարարություն՝ իհարկե կարեւորելով, որ այն վստահվի հենց հայ արիներին, որպեսզի վերածվի ցուցադրական (օրինակելիի իմաստով) նախարարության…

Հաստատ կգտնվեն այս գործի նվիրյալներ, ովքեր իրենց ապրած կյանքով են ապացուցել իրենց անկաշառ եւ աննահանջ կեցվածքը: Կգտնվի նաեւ սկզբնական կապիտալ: Կամ կօգնեն, որ գտնվի այդ նախնական եւ չպղտորված կապիտալը, որ պիտի շարունակի իր չարատավորված առաքելությունը:

Շատ ցանկալի է, որ օգնություն առաջարկող կառույցը հենց հայկական պետությունը լինի, որ կներդնի բոլորովին չեզոք մի դրամագլուխ: Ցավոք, Հայաստանի Հանրապետության կազմավորման առաջին տարիներից իշխանության նկատմամբ վստահության պակաս սկսեց զգացվել: Անշուշտ, իշխանության (նաեւ ընդդիմության) մեջ կան գործիչներ, ովքեր բառիս բուն իմաստով պետական ծառայողներ են: Նրանց թվի մեծացումը հնարավորություն կտա հանրապետությունը դարձնել ազգային պետություն՝ առանց հանրային միջամտությունների, որ առավելապես ապազգային են:  Հայաստանի Հանրապետության մրցակցային առավելություններից մեկն էլ այն է, որ բնակեցված է առավելապես հայերով՝ ավելի քան 98%: Ի տարբերություն բոլոր փոքր ու մեծ կայսրությունների եւ աշխարհակուլ խմբավորումների, մեր պետության ներքին քաղաքականության օրակարգում չկա ազգամիջյան խնդիրներ հարթելու, կրոնական տարաձայնությունները սանձելու, անջատողական շարժումներ զսպելու կամ նմանատիպ այլ ծրագրերի անհրաժեշտություն եւ պետության հզորացումը կարող է ծառայել բնիկ ազգի հզորացմանը՝ առանց որեւէ մեկին «նեղացնելու»:

Ներկայումս, երբ արդեն սկսվել է Մերձավոր Արեւելքի վերաձեւման գործընթացը, ավելի է կարեւորվում ազգային գաղափարների ու նպատակների շուրջ միավորումը: Մեր արեւմտյան հարեւանը, կարծես, անցանկալի խաղացող է դարձել միջազգային թատերաբեմում ու արդեն շրջանառվում են նրա մասնատման տարբեր ծրագրեր: Այս իրավիճակում մենք անմիջապես հայտնվում ենք ռազմաճակատի առաջին կամ հարվածային գծում: Չի բացառվում նաեւ, որ մեր նախահարձակ չլինելը անդառնալի հետեւանքների հանգեցնի: Խոսքս վերաբերում է, մասնավորապես, Նախիջեւանին:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բնակչությունը միատարր չէ: Բացի կովկասյան ու իրանական ծագմամբ ազգություններից (լեզգիներ, ավարներ, ուդիներ, այրումներ, ծախուրներ, թալիշներ, թաթեր…), Ադրբեջանի մնացած բնակչությունն էլ բաժանված է քրդական ու թյուրքական ծագում ունեցող հատվածների: Քրդական ծագում ունեն նույնիսկ իշխանական հայտնի կլանները, որոնք մինչեւ Բաքու հասնելը բնակվել են Նախիջեւանում ու այդպես էլ կոչվել՝ «Նախիջեւանյան կլան»:

Սիրիայի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի քրդաբնակ տարածքների վրա նախատեսվում է ստեղծել Քուրդիստան պետություն, որը կարող է տարածվել նաեւ Նախիջեւանի ուղղությամբ՝ կտրելով մեզ Իրանից: Քրդական կազմավորումներն արդեն վայելում են ազդեցիկ պետությունների (Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, եվրոպական երկրներ, Իսրայել) հովանավորությունը, ստանում են քարոզչական եւ նույնիսկ ռազմական բնույթի հսկայական աջակցություն: Այստեղ շահերի համընկնում ունենք հատկապես Իրանի հետ, որն իր հյուսիս-արեւմտյան նահանգներում գերակշռող ունենալով քրդական տարրը, պետք է թույլ չտա սահմանների անմիջական հարեւանությամբ քրդական պետության ստեղծումը:

Այս իրավիճակում, բացի հայկական զորքերի (գործող բանակ եւ պահեստազոր, սփյուռքահայ մարտական ջոկատներ, կազմ ու պատրաստ աշխարհազոր) մարտական պատրաստականության բարձրացումից, շատ կարեւոր է պատրաստվել մինչ այժմ քիչ բարձրաձայնված խնդիրների լուծմանը: Խոսքս վերաբերում է Արեւմտյան Հայաստանում պայքարող հայերին:

Անհրաժեշտ է, որ մեր հայրենակիցները «խորթության» նշույլ անգամ չզգան հայացքը դեպի մեզ ուղղելիս: Կարեւոր է հասկանալ, որ նրանք շատ հպարտ են հայ լինելով, որ կարողացել են 100, նույնիսկ 200 (որոշ տարածքներում 300) տարի ծպտված մնալ պատմական հայրենիքում, պահպանել հայությունը եւ պետականությունը վերականգնելու մեծ հույսը:

Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում: Եվ, ամենակարեւորը, վճռական մարտից առաջ պետք է նախ մտքով հաղթել մինչ այդ ուժեղ թվացող թշնամուն:

Տրդատ Գրիգորյան

«Հայ-Արիական» ուսանողական եւ «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբների համակարգող

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։