Բաքվին մնացել է աղաղակելը՝ քանզի Վրաստանն Ադրբեջանի դարպասն է դեպի Թուրքիա ու Եվրոպա,… Ադրբեջանական SOCAR-ին զրկում են մենաշնորհից – Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր՝ միջնորդի դեր ստանձնելով… Ադրբեջանը կորցնում է հիմնական խաղաքարը…

Որ Ադրբեջանում ինչ լինի, մեղավորը հայերն են, նորություն չէ:

Որ մենք շատ հաճախ նրանց չենք պատասխանում, դա էլ նորություն չէ:

Եվ, ի դեպ, մեր չպատասխանելը գրեթե միշտ արդարացված է, քանզի այս պետություն կոչվածը ուրիշ մասնագետի կարիք ունի: Թերեւս ժամանակ առ ժամանակ անդրադառնում եմ նրանց անդրադարձերին, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին կամ մեզ համար տնտեսության՝ ռազմավարական նշանակության այս կամ այն ճյուղին: Հերթական թեման հաստատ չէի ներկայացնի, եթե խոսքը չվերաբերեր ադրբեջանական նավթագազային ընկերությանը՝ SOCAR-ին (այս մասին գրել եմ «ՀՀ»-ում եւ, ի դեպ, թեման միշտ ուշադրության կենտրոնում եմ պահում, քանզի, հասկանալի պատճառներով, այս ընկերությունը ուղղակիորեն ենթարկվում է ալիեւյան կլանին, միջազգային բազմաթիվ խարդախ գործարքների մեջ է ներքաշված եւ ավելին, Ադրբեջանի նավթագազային տվյալների մասին սխալ՝ չափազանցված տեղեկատվություն էր տվել միջազգային այնպիսի կառույցների, ինչպիսիք են բրիտանական Փեթրոլիումը, նորվեգական «Սթեյթ օյլ»-ը եւն, ինչը պատճառ դարձավ, որպեսզի վերջիններս փաստացի փակեն Բաքվի իրենց գրասենյակները՝ խորհրդանշական մեկ-երկու ներկայացուցիչ թողնելով, ինչը նշանակում է, որ նրանք կամաց-կամաց լքելու են նաեւ «Շահ դենիզ» հանքավայրը):

Ուրեմն՝ ադրբեջանական SOCAR-ին Վրաստանում զրկում են մենաշնորհային դիրքից՝ ցանկանալով շուկա թողնել ռուսական «Գազպրոմ»-ին: Եվ ովքե՞ր են մեղավորները: Իհարկե՝ հայերը: Վրացական պաշտոնյաներն ասում են, որ «Գազպրոմ»-ի հետ համագործակցության հիմնական պատճառաբանությունը այն է, որ Վրաստանում հիմնական մենաշնորհ զբաղեցնող ադրբեջանական SOCAR-ը չի կարողանում բավարարել վրացական ընկերությունների ներքին սպառման պահանջարկը: Այս տեսակետն է հայտնել նաեւ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Պահանջարկը լրացնելու համար էլ ոլորտի մասնակիցները փորձում են այդ բացը լրացնել «Գազպրոմ»-ով: Ճիշտ է, տեղի ընդդիմադիրները դեմ են այս որոշումով, բայց Միլանում Վրաստանի էներգետիկայի նախարարի եւ «Գազպրոմ»-ի ղեկավարության միջեւ կայացած հանդիպումը հուշում է, որ SOCAR-ը Վրաստանում այլեւս հիմնական դերակատարը չի լինելու:

Խնդրո առարկայի շուրջ խոսել են նաեւ վրացի որոշ մասնագետներ, քաղաքական գործիչներ: Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էլ է ասել, որ շատ լավ կլինի, եթե ադրբեջանական ընկերությունը, որը մենաշնորհ ունի Վրաստանում գազի սպասարկման ոլորտում, զրկվի իր դիրքից: Ավելին՝ Իվանիշվիլին խոսել է իրանական գազի տարբերակի մասին:

Ահա այստեղ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, ըստ ադրբեջանական տկարամիտների, մեղավոր հայերը:  Բանն այն է, որ վրացի փորձագետներն արդեն խոսում են իրանական գազի ձեռնտու լինելու, Վրաստանից Իրանին ջուր մատակարարելու եւ բազմաթիվ այլ հարցերի մասին: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ չեն թաքցնում դրա անհրաժեշտությունը, եւ, ուզի Բաքուն, թե ոչ, Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր՝ միջնորդի դեր ստանձնելով:

Դրա համար էլ երեկվա ադրբեջանական մամուլը ողողվել էր վայնասունով այն մասին, թե հայ-վրացական կողմը գաղտնի պատերազմ է սկսել ընդդեմ Ադրբեջանի, թե իրենց «դարերի բարեկամ» Վրաստանը գերադասեց ուժեղ Հայաստանին, ով «օկուպացրել է Ադրբեջանի դարավոր հողերը»:

Մի կողմ թողնենք այն, որ «թույլ» Հայաստանը հանկարծ Ադրբեջանի համար ուժեղ դարձավ, որ Հայաստանն «օկուպացրել է դարավոր» երկրի հողերը, որովհետեւ այս թեմայով ծիծաղը մշտառկա է: Ադրբեջանին ավելի «լուրջ» տիրույթ մղենք. պարզվում է՝ Երեւանն ամեն ինչ արեց, որպեսզի Բաքվին դուրս մղի Թբիլիսիից: Բայց թե ինչ արեց ու ինչպես, Բաքուն լռում է: Իսկ տեղի մամուլը միայն գոռում ու գոռում է: Փորձագետներ են խոսում, զանազան մասնագետներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, փիլիսոփաներ անգամ: Օրինակ՝ «Բաքու նեթվորք»-ի փորձագիտական խմբի ղեկավար, փիլիսոփայության դոկտոր Էլհան Ալեքսերովը (մյուս տիտղոսները չեմ գրում՝ տեղն ափսոսալով) կրկին «դարավոր Ադրբեջանի» փառապանծ պատմությունը հիշելով՝ հիշել է նաեւ այն բարեկամներին, ովքեր միշտ իր թիկունքում են գործել: Բայց այդ թիկունքում գործողները մշտապես տապալվում են: Ուշագրավ է, որ այս փիլիսոփան համարում է, որ իր թիկունքում գործում են Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ… Թուրքիան (վերջինիս պահով նկատի ունի հայ-թուրքական արձանագրությունները՝ Ցյուրիխում ստորագրված): «Այդ արձանագրությունները տապալվեցին, քանզի մեզանից գաղտնի էին: Բայց դա դաս չեղավ ուրիշների համար: Հիմա էլ գաղտնի բանակցությունների մեջ է մտել մեր մեկ այլ ռազմավարական գործընկերը՝ Վրաստանը»,-ասում է այս փիլիսոփան: Ի դեպ, նրա ասածները բառացի եմ մեջբերում՝ ընթերցողներին թույլ տալով վայելել «գոհարները»:

Ըստ սույն փորձագիտական խմբի ղեկավարի, այդ գազն անցնելու է Հայաստանով, ինչը «արմատապես, ուղղակիորեն շոշափում է Ադրբեջանի շահերը»:

Հենց այս «բացահայտման» պատճառով է, որ ադրբեջանական մամուլի նյարդերը տեղի են տալիս. նրանք վրացական կողմին մի լավ, «դարավոր» թափ են տալիս՝ խնդիրը տնտեսական տիրույթից դուրս բերելով դեպի քաղաքական դաշտ, թե՝ հեյ-հարայ հասեք, Վրաստանն ուժեղացնում է «Լեռնային Ղարաբաղի օկուպանտների դիրքերը»:

Այստեղ ադրբեջանական «գազային ու նավթային հարցերով միջազգային միակ հիմնարար իրավախորհրդատու» (բնորոշումը սույն անձինն է) Ալի-Հասա Մահմեդովը հռետորական հարց է ուղղում Իրանին. «Գազը դեպի ձե՞զ պիտի գա, թե՞ ձեզնից գնա, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ երկու դեպքում էլ անհնար է առանց Հայաստանի»: Պարզվում է՝ Իրանն էլ չպետք է դիմի այս քայլին, քանզի «Հայաստանում են միջազգային բոլոր օկուպանտները»:

Ավելին՝ օրվա վերջում արդեն ադրբեջանական մամուլը «գտել» էր, թե ինչպես է Հայաստանին հաջողվել այս ձեռնարկում:

Պարզվում է, «հայամետ բանակցությունների գլխավոր դերակատարը Վրաստանի «սեւ կարդինալ» Բիձինա Իվանիշվիլին է»: Իսկ թե ինչպես են «պարզել», սա էլ չեն ասում:

Միայն վերոհիշյալ՝ փիլիսոփայության դոկտոր Էլհան Ալեքսերովը հստակ միայն մեկ ձեւակերպում է անում, որ սպառնալիք է Վրաստանի հասցեին. «Վրաստանը Ադրբեջանի դարպասն է դեպի Թուրքիա եւ Եվրոպա, եւ ադրբեջանական գազին այլընտրանք փնտրելու փորձերը բումերանգի պես հարվածելու են Վրաստանի տնտեսությանը» (այս մեջբերումն էլ է բառացի):

Հավելեմ, որ փիլիսոփայի հրապարակումը իրենց կայքերում տեղադրել էին ադրբեջանական մի քանի բլոգերներ եւ բաց քննարկում ծավալել:

Իմ գրանցումը, ճիշտ է, թույլ տրվեց, բայց դիտարկումս մոտավորապես հինգ րոպե անց ջնջվեց: Բայց, հավանաբար, կարդացող եղել էր, քանզի մեկ ժամ անց ադրբեջանական՝ տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեդովը հավելեց ուշագրավ մեկ դիտարկում. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում: Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»: Թե ինչի մասին է խոսքը, կասենք ստորեւ: – Կարդալ այստեղ՝ http://www.hayary.org/wph/?p=5191Բաքուն պարտվում է միջազգային հարթակներում – Պեկինը աշխուժանում է Կենտրոնական Ասիայում… Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, ինչը հասկացել են Իրանում եւ Չինաստանում…

Կորցնում է հիմնական խաղաքարը

Նավթի համաշխարհային գնանկման հետ կապված Ադրբեջանում ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ փակում են Բաքվում իրենց ներկայացուցչությունները եւ հեռանում են Ադրբեջանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով report.az լրատվական կայքը, Բաքվում իր գրասենյակը փակելու եւ Ադրբեջանից հեռանալու մասին հայտարարել է նաեւ Georservice S.A. ընկերությունը:

Այս մասին կայքին հայտնել է Ադրբեջանի հարկերի նախարարության աղբյուրը:

1958 թվականին հիմնադրված Georservice S.A. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, ծառայություններ է մատուցում էներգակիրների արդյունահանման տեղամասերի, նավթագազային գործառույթների վերահսկողության, հանքահորերի ապարների քիմիական եւ մեխանիկական կազմության անալիզի անցկացման ոլորտում:

Անցյալ տարվա կեսերից մինչ այժմ Ադրբեջանից հեռացել են նավթագազային բնագավառում գործունեություն ծավալող արտասահմանյան տասնյակ ընկերություններ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։