Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

Սկիզբը՝ թիվ 40-ում

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ընդունված է, սակայն, ըստ բնապահպանների, չի լուծի խնդիրը: Ավելին՝ Սեւանի գլխին էլի մի մեծ խնդիր կավելացնի:

Բնապահպանները պնդում են, որ այդ ծրագիրը «անկառավարելի ռիսկեր է պարունակում Սեւանա լճի համար»: Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը: Եթե դրանք կան, ապա չենք կարող անտեսել, քանզի Սեւանա լիճը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է: Մենք տարիներ առաջ հազիվ կարողացանք փրկել լիճը մահացումից, եւ նույն վտանգի առաջ կանգնելը, մեղմ ասած, անմտություն կլինի:

Ի դեպ, որպեսզի ռիսկերն ավելի հասկանալի լինեն, նախ հայացք նետենք Սեւանի ձկնաշխարհին: Լճի ձկները ներկայացված են՝ Սաղմոնազգի, Սիգազգի եւԾածանազգի ընտանիքներով: Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սեւանի իշխանը՝ գոյապահպանական 4 ենթատեսակներով. Ամառային բախտակ, Ձմեռային բախտակ, Գեղարքունի, Բոջակ: Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ականներին լճում կլիմայավարժեցված սիգն է: Ձկնորսության քանակն ավելացնելու նպատակով նոր ձկնատեսակներ «դրվեցին»՝ Լադոգայի սիգն ու Չուդ լճի սիգը:

Երբ լճի մակարդակն արհեստականորեն իջեցրին խորհրդային տարիներին, վատացան իշխանի կենսաբանական պայմանները: Մինչեւ լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից (50%) եւ կողակից (40%): 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետեւանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները:  Որպեսզի Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների գլխաքանակը պահպանվի, մինչեւ 1980-ականները լիճ է լցվել 7-10 մլն տարբեր չափերի մանրաձուկ եւ թրթուր, ինչը որոշակիորեն նպաստել է այդ տեսակների արդյունագործական ծավալների վերականգնմանը: Հետո եկան ցուրտ ու մութ տարիները: Սեւանն այս անգամ ստիպված կերակրեց ոչ միայն ավազանի ժողովրդին, այլ ամբողջ երկրին, եւ 1990-ականներից տարեցտարի կրճատվեց գետերում ձվադրման մտնող սեռահասուն ձկների քանակը: Հետեւանքը այն եղավ, որ աճեցվող մանրաձկան քանակը ավելի քան 100 անգամ նվազեց: Ցավոք, այսօր արձանագրվում է, որ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը, համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին ու ամառային իշխանն էլ աննշան քանակությամբ են պահպանվել: Ճիշտ է, 2004թ. Պետական տարբեր ծրագրերի համաձայն լիճ մանրաձուկ է բաց թողնվում՝ ձկան պոպուլիացիան վերականգնելու համար, բայց դա բավարար չէ: Եվ ասել, որ գեղարքունին եւ ամառային իշխանը կարողանում են բնականորեն վերարտադրվել, առայժմ չենք կարող:

Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն

Այս տարվա սկզբին մի քանի բնապահպանական հասարակական կազմակերպություններ («Էկոլուր»-ը, «Թռչնասերների կենտրոն»-ը, «Էկոմոս»-ը եւն) նամակ գրեցին վարչապետին, բնապահպանության նախարարին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահին: Բնապահպաններն իրենց նամակում հստակ ներկայացրել էին, թե ինչու են դեմ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծական զարգացման ծրագրին»:

Բանն այն է, որ ծրագրով նախատեսված է Սեւանա լճում իշխանի արհեստական բուծում ազոտ եւ ֆոսֆոր պարունակող արհեստական կերի հաշվին: Մինչդեռ դրանք տարրեր են, որոնք նպաստում են լճի ճահճացմանը եւ ջրի որակի վատթարացմանը:

Բացի այդ՝ Սեւանա լիճը գտնվում է բնապահպանության նախարարության՝ ի դեմս «Սեւան» ազգային պարկի, հսկողության ներքո: Կառավարվում է երկու օրենքներով՝ «Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքներով, եւ ունի հաստատված կառավարման պլան: Աակայն ծրագրում ոչինչ ասված չէ ոչ օրենքների դրույթներին, ոչ կառավարման պլանին համապատասխանության մասին: Ծրագիրն ընդհանրապես չի պարունակում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (ՇՄԱԳ), որը հենց պետք է դառնա բնապահպանական փորձաքննության դիտարկման առարկան՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» օրենքի:

Բնապահպանները նշում են նաեւ, որ Սեւանի ձկնաբուծության զարգացման ծրագրում ներառված փորձնական նախագծի արդյունքները անբավարար են եւ չեն համապատասխանում ծրագրի հավակնոտ մասշտաբներին: «Հաշվարկներն արված են նախնական արդյունքների հասարակ բազմապատկմամբ միջոցով, ինչը բացարձակապես չի համապատասխանում էկոհամակարգերի մոդելավորման դեպքում»: Իսկ փորձնական նախագծում բացակայում են այն տվյալները, որոնք թույլ են տալիս հաշվել հնարավոր ռիսկերն ու բացասական ազդեցությունները, տվյալներ չկան լճի հատակում աղտոտիչ նյութերի կուտակման մասին:

Այս ամենին հավելվում է, որ այն, ինչ նախատեսում է ծրագիրը՝ ցանցավանդակային ձկնաբուծություն, ճիշտ չէ, քանզի գիտական փորձը վկայում է, որ դրա բնապահպանական ռիսկերը մեծ են հենց մասշտաբային ծրագրերում: Օրինակ՝ որ արհեստական եղանակով բուծվող ձկան, այդ թվում իշխանի եւ այլ հիդրոբիոնտների մասշտաբային աճն ամենից հաճախ ուղեկցվում է ջրային համակարգերի ձեւախեղմամբ, աճող օբյեկտների եւ բնական ջրամբարների աբորիգեն ներկայացուցիչների շրջանում զանգվածային հիվանդությունների բռնկումով, ձկների վրա ապակայունացնող ազդեցության ուժեղացմամբ, բնական եւ անտրոպոգեն ծագման սթրեսային տարբեր գործոններով: Դարձյալ ըստ բնապահպանների, գիտական փորձերը ցույց են տվել, որ «աճեցվող ձկան եւ կերի մնացորդի նյութափոխանակության արտադրանքի ծավալների ավելացման դեպքում ավելանում է անտրոպոգեն ազդեցությունը, եւ տեղի են ունենում ջրային էկոհամակարգերի վիճակի զգալի փոփոխություններ, որոնք դրսեւորվում են որոշ հիդրոքիմիական ցուցանիշների փոփոխությամբ (ազոտի, ֆոսֆորի եւ այլ տարրերի միավորում), հիդրոհիբրիտների կենսագործական գործընթացների իրականացման վրա ազդեցության ուժեղացմամբ (վերատադրողական համակարգի խախտում, քաշային չափսերի ցուցանիշների խախտում եւ այլն) եւ նաեւ ջրային կառույցների քանակական եւ որակական ցուցանիշների փոփոխությամբ: Աղտոտման աղբյուրի ուժեղ ազդեցության դեպքում ինչպես առանձին օրգանիզմներում, այնպես էլ ողջ էկոհամակարգում առաջանում են էական, ամենից հաճախ անդառնալի փոփոխություններ: Էկոհամակարգն անցնում է գործելու այլ մակարդակի, կարող է փոխվել նույնիսկ ջրամբարի բերքատվությունը»:

Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն

Շարունակենք թվարկումը. «Սաղմոնի բուծումը եւ արդյունաբերական ցանցավանդակային սաղմոնաբուծությունը հանգեցնում են ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածման: Տվյալ դեպքում որպես ռիսկի չափանիշներ են հանդես գալիս տարածաշրջանում (բնական կամ արհեստական պայմաններում) ձկնային օրգանիզմների համար նոր պաթոգենների ի հայտ գալը, ինչպես նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող պարազիտներ եւ հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմների քանակի ավելացումը» (մեջբերումը Մուրմանսկի ծովային կենսաբանական ինստիտուտի գիտական կենտրոնի համապատասխան ուսումնասիրությունից է):

Մեկ այլ մեջբերում մասնագիտական հատվածից. «Ամսվա մեջ մեկ անգամից ավելի ցանցավանդակային եղանակով աճեցրած սաղմոնի օգտագործումը ավելացնում է քաղցկեղով հիվանանալու ռիսկը: Աճեցված սաղմոնը պարունակում է 10 անգամ ավելի շատ պոլիքլորացված դիֆենիլ եւ դիոկսին, քան վայրի սաղմոնը: Կանոնավոր կերպով ցանցավանդակային եղանակով աճեցված ձկան օգտագործումը հանգեցնում է տեսողության հետ կապված խնդիրների, քանի որ կերը պարունակում է կանտակսանտին: Կանտակսանտինի բարձր պարունակությունը առաջացնում է աչքի ծիածանաթաղանքի քայքայում: Սաղմոնի ակվակուլտուրան ձկան բուծում է ֆերմաներում՝ ծովում տեղադրված ցանցավանդակներում: Յուրաքանչյուրում կերակրվում է բավականին շատ մանրաձուկ, եւ հենց այնտեղ ել հրաշալի պայմաններ են ստեղծվում տարբեր հիվանդությունների համար, որոնց համար ֆերմերներն օգտագործում են հակաբիոտիկներ եւ այլ դեղեր, ինչը լուրջ հետեւանքների է հանգեցնում: Մարդը, սնվելով ցանցավանդակային եղանակով աճեցված սաղմոնով, ստանում է զգալի քանակությամբ այդ նյութերից: Բացի այդ, կյանքը սահմանափակ տարածության մեջ նպաստում է ձկների մեջ ոչ միայն տարբեր հիվանդությունների առաջացմանը, այլեւ պարազիտների բազմացմանը» («Ռուսձկնորսության» Պեչորյան տարածքային վարչություն, 2014):

Այս ամենից ելնելով՝ բնապահպաննեը կարծում են, որ լճի էկոհամակարգի քայքայումը, ջրի որակի վատթարացումը, Սեւանում մնացած ձկների շրջանում համաճարակի բռնկման վտանգը կարող է անդառնալի եւ աղետալի հետեւանքներ ունենալ ամբողջ երկրի եւ տարածաշրջանի համար: Իշխանի եւ այլ ձկնատեսակների բազմացումը պետք է տեղի ունենա Սեւանա լճի էկոհամակարգի բնական պայմաններում, որի պաշտպանությունն ու պահպանությունը դրված է «Սեւան» ազգային պարկի եւ բնապահպանության նախարարության վրա:

Այս ամենի մասին ինչ կարծիքի է մեր գիտական հատվածը: Կխոսենք դեռ:

Սույն հոդվածաշարի շրջանակներում կներկայացնենք նաեւ պետության հստակ, բայց պետության կողմից նշանակված պաշտոնյայի ոչ ադեկվատ պահվածքին…

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

(Այս հոդվածաշարը սկսել էր տպագրվել այս՝ 2015թ. սկզբից: Մանրամասները տե՛ս նախորդ համարի համանուն նյութի նախաբանում):

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։