Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…

Ռուսական մի հեռուստահաղորդմանը, երբ հատուկ թողարկում էր կազմակերպվել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման կապակցությամբ, մասնակցում էր նաեւ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Այս գործիչը հայտնի է իր քաղաքական խեղկատակի դերակատարությամբ, ասում է այն, ինչ պիտի ասի պաշտոնական Մոսկվան եւ ասում է առանց սկզբունքային եւ իրատեսական մոտեցումների: Պարզապես, ինչպես հին խեղկատակները, ժողովրդին է լսեցնում ցարի ձայնը…

Ժիրինովսկին մեկ հանդես է գալիս որպես հայամետ գործիչ, մեկ ադրբեջանամետ, մյուս դեպքում՝ բացահայտ թուրքամետ, իսկ այսօր՝ ավելի քան բացահայտ թուրքասպան… Նա խիստ քննադատել է Թուրքիային եւ «հանկարծ հիշել», որ Թուրքիան պատմության ողջ ընթացքում միշտ ատել է Ռուսաստանին եւ գործել ռուսների դեմ: Ուստի՝ առաջարկել է Թուրքիայի վերջը տալ, բայց… ուրիշի ձեռքով եւ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքների մասին է խոսել: Բայց «հանկարծ չի հիշել», որ այդ տարածքները վերջին անգամ ռուսական դավաճանության պատճառով մնացին թուրքական՝ Կարսի ճակատը լքելով՝ հայերին կանգնեցրին նոր ջարդի առաջ:

«Թուրքիայի հարցերը պետք է լուծել, անել դա ուրիշի ձեռքով: Հայերն ատում են թուրքերին, եթե մենք նրանց թույլ տանք ազատագրել իրենց արեւմտյան տարածքները, նրանք հաճույքով կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն Մոսկվան չօգնեց, նորից անցավ Թուրքիայի կողմը»,- մի կերպ այսքանը արտաբերել է Ժիրինովսկին: Նրա խոսքերով՝ քրդերը նույնպես սպասում են ռուսական օգնությանը, եթե Մոսկվան ճանաչի նրանց անկախությունը, իսկ նրանց թիվը հասնում է 20 միլիոնի, եւ մայրաքաղաքն արդեն հայտնի է՝ Դիարբեքիրը, այդպիսով Արեւելյան Անատոլիան կդադարի որպես այդպիսին գոյություն ունենալուց:

«Արդյունքում՝ կունենանք եւ՛ անկախ Քրդստան եւ՛ Մեծ Հայաստան»,- ասել է Ժիրինովսկին:

Բայց այս խեղկատակը «մոռացել է», որ իր նշած տարածքում «Անկախ Քրդստան» ասվածը նույն Արեւմտյան Հայաստանի տարածքն է եւ առնվազն ծիծաղելի է, որ ռուսներն այսպիսի ազատագրում առաջարկեն մինչ ցայսօր բարեկամ երկիր մնացած Հայաստանին:

http://www.hayary.org/wph/?p=5209Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

«Մենք կարող էինք Թուրքիան գրավել դեռ 100 տարի առաջ,- նորից հիշողության գիրկն է ընկել Ժիրինովսկին,- չարեցինք եւ Թուրքիան այսօր էլ է անցել հակառուսական քայլերի՝ հարվածել է ռուսական ինքնաթիռին ոչ թե սխալմամբ, այլ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար»: Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն պահում է շատ գռեհիկ. «Նրանք արդեն քանի տարի է Իրաքում ռմբակոծում են Քրդստանը, անընդհատ խախտում են Սիրիայի տարածքը, ուղարկում են այնտեղ զինյալներ, զենք, որի փոխարեն մեծ քանակությումբ նավթ են ստանում… Այդ ամենն էլ հարստացնում է Թուրքիային, իսկ այդ գումարներով ֆինանսավորում են ԻՊ-ի զինյալներին: Թուրքերը մեզ միշտ ատել են: Եվ այդ ամենը արձանագրված է պատմության գրքերում: Մենք պայքարել ենք նրանց դեմ հարյուրավոր տարիներ եւ միշտ նրանք պարտվել են»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ անցյալում Ստամբուլը գրավելու բոլոր հնարավորություններն ունեցել են ու կարող են անել նաեւ հիմա:

Իսկ առայժմ… առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Այս գործիչը լավ գիտի թուրք-քրդական հարաբերությունների մասին, եւ մի կողմից խոսում է նրանց համար Քրդստան ստեղծելու մասին, մյուս կողմից նշում, թե քրդերին շատ վստահել պետք չէ, քանզի նրանք այլ տեղերից են կառավարվում…

Վերջերս ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Արճեշի շրջանի Թոնդրակ գյուղում զինվորականները սպանված քուրդ զինյալներին այրել են, որից հետո նրանց մոխրացած դիակների շուրջ պար բռնել։ Նոյեմբերի 15-ին այդ գյուղում թուրք զինվորների ու քուրդ զինյալների միջեւ բախման վերաբերյալ սարսափելի տեղեկություններ են հայտնել տեղացիները։ Ականատեսները պատմել են նաեւ, որ թուրք զինվորականները դիակները այրելու ժամանակ սպառնացել են քուրդ գյուղացիներին՝ ասելով. «Բոլորդ հայ եք, դուք դեռ ձեր օրը կտեսնեք»՝ նկատի ունենալով, որ տասնյակ հազարավոր հայեր կան քրդացած…

Նման իրավիճակում են նաեւ իսլամական ծայրահեղականների զավթած տարածքներում մնացած հայերը:

Կան տեղեկություններ, որ նրանց բացի նվաստացնելուց կամ սպանելուց, նաեւ աշխատացնում են իրենց համար: Հատկապես հայ արհեստավորներին են աշխատեցնում: Պաշտոնական տվյալով, Սիրիայում պատերազմի հետեւանքով շուրջ 17 հազար հայ տեղափոխվեց Հայաստան, բայց շատերը մնացին իսլամիստների իշխանության ներքո։

Այս ամենն իմանալով, Ժիրինովսկին փորձում է խաղալ մեր եւ քրդերի դեռ բաց եւ անընդհատ թարմացող վերքերի վրա:

Այս ամենը դուր չի եկել իր մտածողությամբ հայասեր Վլադիմիր Սոլովյովին, ով լսելով Ժիրինովսկուն եւ այլոց, ովքեր պետդումայում արդեն հարց են բարձրացրել Հայոց ցեղասպանություն ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Նա իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի տասնամյակների կեղծիքին եւ ժխտողական քաղաքականությանը, բայց նաեւ դիպուկ ակնարկել է, որ ռուսական կողմը եթե ցանկանում է վերականգնել հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ, պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին:

Իսկ պատմական գիտությունների թեկնածու Վյաչեսլավ Նիկոնովը նշել է, որ Հայաստանը ամենաչգնահատված գործընկերն է Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ սա աններելի սխալ էր… Այսօր էլ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում դա շարունակվում է, ինչը կարող է տխուր հետեւանքների հանգեցնել: Իսկ Հայաստանը ունի Ռուսաստանի հետ ընդհանուր շահեր ինչպես իսլամական աշխարհի հետ առնչությամբ, այնպես էլ իր տարածաշրջանային երկու հարեւանների հետ սուր հարաբերություններով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։