Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

Անսպասելի իրադարձություններ են ծավալվում ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ներազգային՝ մեր ներքին քաղաքական կյանքում:

Այն փաստը, որ Սիրիայի քաղաքացիական հակասություններն ու հետագա հակամարտությունը վերածվելու է՝ մի կողմից ամբողջ աշխարհի, մյուս կողմից՝ ծայրահեղ իսլամականների չհայտարարված պատերազմի, երեւի թե սպասելի էր: Մերձավոր Արեւելքում վաղուց է հասունացել իսլամական ահաբեկչության դեմ պայքարը եւ հակաահաբեկչական գործողությունները երբեմն նաեւ տեղային պատերազմների են վերածվում:

Բայց, որ այս համապատկերում առավել առաջնային կդառնա ռուս-թուրքական հակամարտությունը՝ անսպասելի էր: Այդպես էր, քանի որ Եվրոպան ու Ռուսաստանը արդեն հանգում էին միացյալ դաշինքի ստեղծման գաղափարին, ինչը համոզում էին նաեւ Միացյալ Նահանգներին: Բայց Վաշինգտոնը միշտ է խուսափել Եվրոպա-Ռուսաստան մերձեցումից: Ըստ ամենայնի, դա կթուլացնի ԱՄՆ-ի իշխող դերը ոչ միայն Եվրոպայում, այլեւ՝ աշխարհում, ինչը Վաշինգտոնի համար կենաց-մահու խնդիր է:

Սա է պատճառը, որ ամեն մի մերձեցման ժամանակ ամերիկացիները կարողանում են մի մեծ հակամարտություն գտնել ու հեռացնել Եվրոպա-Ռուսաստան կապը: Այդպես եղավ՝ ինչպես Հարավսլավիայի կազմաքանդման դեպքում, այնպես էլ Սերբիայի մասնատման: Այդպես եղավ նաեւ Իրաքի հետ ԱՄՆ-ի երկու պատերազմների հրահրման ժամանակ: Հետո՝ Վրաստան, Ուկրաինա եւ Սիրիա… Մինչ այս՝ նաեւ «արաբական հեղափոխական գարունները» եղան, որ ռազմական գործողությունների վերածվեցին Լիբիայի դեպքում:

Եվ հիմա, երբ կրկին միասնական ճակատի հարցադրում կա, մի նոր հակամարտություն է հասունանում՝ ռուս-թուրքական:

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, եւ Եվրոպան պիտի որ մտածելու բան չունենա, թե որ կողմում կանգնի: Բայց Անկարան արդեն հասցրել է զայրացնել եվրոպացիներին՝ էրդողանական ազգայնամոլությամբ, որից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված… 

http://www.hayary.org/wph/?p=5206Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում… 

Եվ ահա այս ժամանակ էլ տեղի է ունենում ռուսական օդանավի խոցումը Թուրքիայի տարածքում, երբ ռմբակոծիչը պտույտ էր տալիս՝ իսլամական ծայրահեղականների դիրքերը ռմբահարության համար գնալու նպատակով: Առաջին իսկ պահից ռուսաստանյան զլմ-ները նշեցին, որ սա Թուրքիայի նախագահ Էրդողանի որդու ձեռքի գործն է, ով կապված է «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Եվ լրատվամիջոցներում անմիջապես հայտնվեց Էրդողանի որդու՝ ԻՊ-ի հրամանատարների հետ կանգնած լուսանկարը (նախորդ համարում «Լուսանցք»-ը հրապարակել է այդ լուսանկարը):

Ըստ LifeNews-ի՝ Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը, կապեր ունի ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ եւ վերահսկում է նավթի ներհոսքը Թուրքիա: Իսկ այն, որ Ռուսաստանն այժմ ոչնչացնում է իսլամիստների նավթային ռեսուրսները, կարող է Թուրքիայի՝ օդանավ խփելու քայլի իրական պատճառը լինել:

RT-ի վերջին տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս խոսել է նավթային գործոնի մասին՝ Սու-24-ի աղետի առնչությամբ իր հայտարարության մեջ: Նա մասնավորապես ասել է, որ «ԻՊ-ը միլիարդավոր դոլարներ է ստանում նավթի վաճառքից, որը Սիրիայից Թուրքիա է գնում»:

Իսկ համաշխարհային զլմ-ները ցուցադրում էին այն բացառիկ կադրերը, որտեղ երեւում էր, թե ինչպես են գնդակոծում ռուսական Սու-24 ինքնաթիռը, եւ ինչպես են ահաբեկիչները անկարգելով (պարաշյուտով) իջնող ռուս օդաչուների վրա կրակ բացում՝ «Ալլահ աքբար» գոչելով, որից հետո օդաչուներից մեկին սպանում են մինչ գետին իջնելը: Մյուսը գերի է ընկնում:

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ներկայացրել է Սիրիայի սահմաններում ընկած ռուսական մարտական ինքնաթիռի հետագծի վերլուծությունը Թուրքիայի օդային տիրույթում։ Ռազմական աղբյուրների տրամադրած այդ վերլուծությունը վկայում է, որ անհայտ պատկանելության ինքնաթիռը Յայլադաղի շրջանում խախտել է Թուրքիայի օդային տիրույթը։ Չնայած 10 անգամ զգուշացվելուն՝ ինքնաթիռը շարունակել է խախտումը եւ խոցվել է F-16 տիպի 2 կործանիչների կողմից. ասված է թուրքական պաշտոնական տեսակետում: Սա միանշանակ հերքում է ռուսական կողմը՝ հայտնելով, որ Անկարան եւս զգուշացվել էր, որ «Ռուսաստանը հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում կատարելու է նման թռիչքներ, ինչը մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել»… Նշենք, որ այդ օրը Ռուսաստանը Սիրիայում եւս մեկ զինծառայող եւ ուղղաթիռ է կորցրել: Մոսկվան հաստատել է, որ փրկարարական գործողության ժամանակ կրել է նման կորուստներ:

Ահաբեկիչների հետ նավթային գործերով կապված լինելու թեման շարունակվել է նաեւ ՌԴ պետդումայում: Փոխխոսնակ Նիկոլայ Լեւիչեւը հայտարարել է, որ Թուրքիան այդպիսով իր շնորհակալությունն ու համերաշխությունն է հայտնել ահաբեկիչներին՝ խոցելով ռուսական ինքնաթիռը: Քննվում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հարցը. «Այս պայմաններում մեծ ռիսկ կա, որ գրոհայինները կարող են մուտք գործել թուրքական օդանավակայաններ, ինչն ավելացնում է ահաբեկչական սպառնալիքը ռուսական ինքնաթիռների համար»,- նշվել է պետդումայում: Իսկ զբոսաշրջությամբ զբաղվող գրեթե բոլոր կազմակերպությունները հրաժարվել են դեպի Թուրքիա զբոսաշրջիկներ տանել: Պատճառաբանվում է ինչպես անվտանգության հարցը, այնպես էլ միլիարդավոր դոլարներից Անկարային զրկելու հանգամանքը: Ռուսաստանը Թուրքիայի զբոսաշրջության մեջ 2-րդ տեղն է զբաղեցնում, եւ վերջինս ահռելի գումարներ է վաստակում:

Անկարայի պարզաբանումներին անդրադարձել է նաեւ ՌԴ ՊՆ-ն՝ պնդելով, որ խոցված ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում՝ Սու-25 կործանիչների, ինչպես նաեւ Սու-24Մ եւ Սու-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ-ի, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին եւ նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաեւ մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ռուսական ռազմական գործիչները կարծում են, որ հենց այս հաջողություններն էլ հունից հանել են ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կենտրոնատեղի հանդիսացող Թուրքիային:

Մոսկվան Թուրքիայի ռազմական կցորդին պաշտոնական բողոք է հայտնել թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ հավելելով, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններն ընդդեմ ահաբեկիչների շարունակվելու են:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Անկարային, որ ինքնաթիռի կործանումը անպատասխան չի մնա՝ «ահաբեկիչներին կուղարկեմ դժոխք»: Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին իր մոտ կանչելով Թուրքիայի դեսպանին, Ռուսաստանի նախագահը նրան ասել է՝ «Կասեք ձեր բռնապետ նախագահին, որ նա կարող է հայտնվել դժոխքում իր ԻՊ ահաբեկիչներին հետ: Այնպես որ, ես այլ բան անել չեմ կարող, քան Սիրիան վերածել նոր Ստալինգրադի «ինչպես Էրդողանի, այնպես էլ նրա Սաուդյան դաշնակիցների համար, որոնք ավելի չար են, քան Ադոլֆ Հիտլերը»:

Նախագահ Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,- ասել է նա Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկել են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ պետդումայում Ռուսաստանի նախագահին կոչ են արել խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, այս հարցով պաշտոնապես դիմել են Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը: Դիմումի կրկնօրինակը ուղարկվել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին: Այստեղ եւս առաջարկ է հնչել՝ ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով առհասարակ խզել կապերը Թուրքիայի հետ եւ քննարկել Անկարային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ահաբեկչությանն աջակցելու համար։

Արեւմուտքը հիմնականում չի կողմորոշվում հետագա քայլերում, քանզի միայն Վաշինգտոնն է հայտարարել, թե թուրքական իշխանությունները պարտավոր էին պաշտպանել երկրի սահմանները: Բայց ռուսական ագրեսիվ ու մարտական կեցվածքը զգաստացրել է նաեւ Միացյալ Նահանգներին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հայտարարել է ավելի մեղմ, որ կարծում է՝ «այժմ շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանն ու Թուրքիան խոսեն միմյանց հետ եւ պարզեն, թե ինչ է կատարվել, եւ քայլեր ձեռնարկեն, որպեսզի թույլ չտան հետագա սրացումներ»: Այս խոսքերն ասվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Հասկանալի է, որ Ֆրանսիայի համար իսլամական ահաբեկիչների դեմ պայքարը թարմ վերքեր ունի դեռ բաց, ինչը եւ մեղմել է Բարաք Օբամայի կտրուկ խոսելաձեւը:

Եվրոպական երկրները Անկարային խորհուրդ են տվել կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, եւ այլեւս զերծ մնալ նման գործելաոճից, ինչը կարող է հանգեցնել ԻՊ-ի դեմ միասնական պայքարի տրոհմանը:

Այս զգուշացումներից հետո թուրքական ՕՄՕՆ-ը շրջափակել է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը, որպեսզի նոր անակնկալներ չգրանցվեն: Բայց միաժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը իրավունք ուներ անելու ամեն անհրաժեշտը իր անվտանգությունն ապահովելու համար:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանելով Թեհրան՝ հանդիպել է երկրի ղեկավարության՝ այդ թվում գերագույն ղեկավար Ալի Համենեիի հետ: Թեհրանում կայացել է գազ արտահանող երկրների ֆորումը, որի շրջանակներում տեղի է ունեցել ռուս-իրանական բանակցություններ՝ նեղ ու ընդլայնված կազմով:

Տեղի է ունեցել նաեւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իսկ լատինաամերիկյան երկրները հայտնի են հակաարեւմտամետ տրամադրություններով:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։