Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

ԽՍՀՄ պայմաններում հնարավոր Երիտասարդական երազանքներիս վերջը, տարիների հեռվից ու առաջին հայացքից նախանձելի չի թվում, բայց այդ վերջը եղավ արդեն բուռն ընթացող երիտասարդական կյանքիս մի այլ պոռթկման՝ հոգուս ազգային զարթոնքի սկիզբը…

Լավ չեմ հիշում, կարծես ֆրանսիական մեծերից մեկն է ասել՝ բախտավոր է նա, ով ապրում է իր ազգի համար ճակատագրական ժամանակաշրջանում: Այո, ճշմարիտ է ասված, այդժամ ազգիդ ճակատագիրը նաեւ քեզնից, քո գործունեությունից է կախված…

Բախտավորություն եմ համարում, որ ազգիս պատմության առանցքին այդքան մոտ եմ կանգնել… Ու դեռ կանգնած եմ:  Հազվագյուտ մարմնական դող է առաջացնում այս գիտակցությունը, որ հոգիդ ձուլված է քո ինքնության ակունքին ու կարելի է նվիրվելով հասնել ու հզորացնել այն… Սույն ճշմարտությունն է երաշխիքն առաքելության իրականացման եւ միակ կայծը՝ ունակ հրդեհելու այս սին աշխարհը: Առաքելության բնազդն է ծնում անհատներ, ովքեր շրջում ու նպատակակետին են ուղղում պատմության անիվը, եւ օրեր, ժամանակներ, որոնք նոր սկիզբ են դառնում հարյուրամյակների, հազարամյակների համար:

Այս տեսանկյունից 1988թ. փետրվարի 18-ն իր նշանակությամբ բեկումնային կարող է դիտվել եւ՛ հայ ազգի, եւ՛ համայն մարդկության պատմության մեջ:

Իսկ ի՞նչ կատարվեց այդ պատմական օրը ու նրան հաջորդած օրերին:

…Սատանան անգամ երազում չէր տեսնում ԽՍՀՄ փլուզումն ու մասնատումը, աներեր-անսասան էին համարվում աշխարհի 1/6-րդ մասը գրաված կայսրության հիմքերն ու սահմանները:

Համայնավարական մսաղացն այնպիսի դաժանությամբ ու բավականությամբ էր խժռում, որ նրա դեմ պայքարի մասին մտածելն անգամ թվում էր խելացնորություն:

Բայց, պայքարող անհատներ, գաղտնի-ընդհատակյա կազմակերպություններ, այնուամենայնիվ, կային ԽՍՀՄ-ում (նաեւ՝ Խորհրդային Հայաստանում):

Բայց այդ անհավասար պայքարի մարտիկները լավագույն դեպքում դառնում էին քաղաքական բանտարկյալներ կամ «հոգեկան հիվանդներ», վերամշակվում էին կամ դանդաղ մահվան դատապարտվում խորհրդային համակենտրոնացման ճամբարներում ու հոգեբուժարաններում:

Նվիրյալների ու ազգայինների մի մասն էլ ոչնչացվում էր «թխած» քրեական հանցագործություներ կատարելու պատրվակով…

Իսկ պայքարը շարունակվում էր, փոխանցվում սերնդեսերունդ, ստանում տարաբնույթ այլակերպումներ:

Առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ, 1988թ. փետրվարյան օրերին, խելացնորվեց ոչ թե անհատը, կազմակերպությունը, այլ մի ամբողջ հանրություն՝ ժողովուրդ՝ ազգ:

Սաղմնավորվում էր Ազգային Մեծ Զարթոնքը…

Սա արդեն գործելու ազդանշանն էր՝ ով քնած է, արթու՛ն կացեք, ով արթու՛ն է՝ շուտ վե՛ր կացեք, հետա չասե՛ք Դավիթն ելավ, գող-գող գնա՛ց…

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։