Կքայլի՞ Ռուսաստանը հայկական ուղով – Իհարկե, այստեղ կան բայցեր… Կա պատմական դառը փորձ… Բայցեւ ոչինչ չի կարելի բացառել… Եվ ինչ ընթացք կստանա ռուս-թուրքական հակահայ պայմանագրի երկարաձգման հարցը…

http://www.hayary.org/wph/?p=5216 - Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…

Ռուս-թուրքական հակամարտությունը դեռեւս հանդարտվելու միտում չունի: Չնայած թուրքական կողմի հաշտեցման տանող քայլերին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հանդարտեցնող կոչերին, ոչինչ չի ստացվում, քանի որ Մոսկվան ցայսօր խոսում է վրեժխնդրությունից եւ ձեռնարկում տնտեսական պատժիչ քայլեր:

Ոմանք էլ արդեն պատերազմի են պատրաստվում՝ կարծելով, թե Միացյալ Նահանգները երբեք չեն հանդուրժի որ Ռուսաստանը մնա ու ծավալվի Սիրիայում, որովհետեւ դա միանշանակ կառաջացնի Ռուսաստան-Սիրիա-Իրան ուժեղ դաշինքի ստեղծան գաղափարը, ինչը կարող է վերջ տալ Արեւմուտքի մենատիրությանը Մերձավոր Արեւելքում:

Վերլուծությունները հիմնականում հանգեցնում են այն տեսակետին, որ Անկարան չէր համարձակվի այս պահին խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը, որը հարվածներ էր հասցնում ԻԼԻՊ-ի դիրքերին, եթե Վաշինգտոնի պարտադրանքը (այս դեպքում համաձայնությունը թույլ է հնչում) չլիներ: Չնայած ԻՊ-ի դեմ պայքարին, Իրաքից Եվրոպա գնացող նավթի ու գազի պաշարները չեն կտրվել եւ գաղտնի առաքվել են (սա արդեն բացահայտել են ռուսները, անգամ լուսանկարներ ներկայացրել Թուրքիային եւ արեւմուտքի երկրներին): Թուրքիայի նախագահի որդին է վերահսկում այդ գաղտնի գործարքը եւ շատ էժան ստանալով նավթի եւ գազի պաշարները, Անկարան դրանք իր տարածքով արտահանում է Եվրոպա… Իզուր չէ, որ ՌԴ նախագահը կտրուկ արտահայտվեց, թե՝ այդ «գաղտնի ճանապարհով ոչ թե նավթ է հոսում, այլ մեր արյունը»… Եվ ռուական ռազմանավերը արդեն հարվածում են նաեւ այդ ուղղությամբ՝ զգալի վնաս հասցնելով ոչ միայն ԻՊ-ի ծայրահեղական ահաբեկիչներին, այլեւ Անկարայի վերահսկողության ներքո գտնվող եւ թուրքմեններով բնակեցված սիրիական տարածքներին:  Պատերազմի թեման արծարծվում է գրեթե ամեն օր եւ արդեն հիշեցվում է, որ ռուս-թուրքական 13 պատերազմներ են արձանագրվել, որոնցից առաջինը՝ 1568-1570թթ., ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով: Առհասարակ, Թուրքիան հաղթել է ընդամենը 2 պատերազմում՝ 1710-1711թթ. եւ 1853-1856թթ., 1676-1681թթ.՝ 2-րդ պատերազմը համարվում է ոչ-ոքի ավարտված, իսկ 1914-1918թթ. պատերազմը արձանագրված է որպես անորոշ: Մնացյալ 9 պատերազմներում հաղթել է Ռուսաստանը:

Անորոշ համարված, Կովկասյան ճակատում ծավալված պատերազմը 1914-1918թթ. վճռորոշներից էր նաեւ հայության համար: Սակայն, ռուսական զորքը այդ անգամ եւս դավաճանեց հայերին եւ, իր դաշնակցի շահերը արհամարհելով, հեռացավ Կարսի ճակատից, իսկ մի քանի տարի անց՝ 1921թ. ապրիլի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական մեծ պայմանագիրը, արդեն լիովին ոտնահարելով հայության շահերը: Խորհրդայնացված Հայաստանն արդեն ի վիճակի չէր որեւէ բան անելու, եւ Մոսկվան Անկարայի հետ դավադրորեն որոշեց հայկական կողմին ձեւականորեն ներգրավել որոշակի հարցերի քննարկմանը: Այնուհետեւ, հոկտեմբերի 10-ին, Մոսկվան Խորհրդային Հայաստանին պարտադրեց ստորագրել Կարսի պայմանագիրը, որը բխեցված էր ռուս-թուրքական պայմանագրի սկզբունքներից: Իսկ մինչ այդ, Օսմանյան կայսրության եւ Ռուսական կայսրության միջեւ ռազմական հակամարտություն էր՝ հետագայում ներառելով նաեւ Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական Կասպիական Բռնապետությունը եւ Բրիտանական կայսրությունը։ 1917թ. փետրվարի 23-ին Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, ապա ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին հայկական կամավորական ջոկատները եւ ֆիդայական ջոկատները։ 1918թ. ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը եւ Լեռնային Հայաստանի Հանրապետությունը։ 1918թ. մարտի 3-ին Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքվեց հաշտություն Բրեստ-Լիտովսկի պայմանագրով եւ 1918թ. հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը ստորագրեց Բաթումի պայմանագիրը Հայաստանի հետ։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական Կովկասյան բռնապետության, Լեռնային Հայաստանի եւ Բրիտանական զորքերի միջեւ շարունակվեց մինչեւ 1918թ. հոկտեմբերի 30-ը։

Հայաստանի 1-ն Հանրապետությունը (1918-1920թթ.) այդպես էլ չկարողացավ դիմանալ ռուս-թուրքական եւ արեւմտյան երկրների խաղերին եւ խորհրդայնացվեց… 1922թ. հռչակվեց Խորհրդային Միության ստեղծումը, եւ Հայաստանն ու հայությունն այլեւս ձայնազուրկ եղան՝ մինչեւ 1988-1991թթ., երբ սկսվեց ու հաղթանակով ավարտվեց ազգային վերազարթոնքը, որին հաջորդեց նաեւ արցախյան ազատամարտն ու հաղթանակը 1994թ., երբ Ադրբեջանի խնդրանքով կնքվեց զինադադար:

Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը շաղկապված են տասնյակ բարեկամական, ռազմավարական ու այլ պայմանագրերով, սակայն մինչեւ վերջերս, հայ-ռուսական հարաբեևրությունները ոչ մի կերպ չէին «հաղթում» ոչ բարեկամական ու ռազմավարական ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական պայմանագրերին ու հարաբերություններին:

Բայց այն օրվանից, երբ Անկարան համարձակվեց խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը Սիրիայում գործողությունների ժամանակ, հայերը կրկին դարձան Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը… Սա արդեն հոգնեցուցիչ «ճշմարտություն» է: Քանի որ դարեր շարունակ ռուս-թուրքական հարաբերությունները որքան էլ սրվել են ու պատերազմներով ավարտվել, միեւնույն է՝ հետո հաշտվել են, իսկ տուժողը հայերն են մնացել…

Ռուսաստանի պետական ու քաղաքական գործիչները, լրատվամիջոցները միմյանց հերթ չտալով դարձել են հայանպսատ ճառասացներ: Ռուսաստանում հանկարծ հիշեցին, որ 1915թ. տեղի Է ունեցել Հայերի ցեղասպանություն, քննարկումներ եղան, թե որ պահին հայերին թույլ տան ազատագրել Արեւմտյան Հայաստանը, որ ինչ պիտի անի Ռուսաստանը, որ հայերը այլեւս չտուժեն Թուրքիայի քաղաքականությունից։ Նույնիսկ հիշեցին, որ Ռուսաստանի հետ բարեկամական կապերից ամենաշատը տուժել է Հայաստանը եւ մնացել է ամենաչգնահատվածը… Մի խոսքով, խիստ մտահոգված են մեր անցյալով, ներկայով ու ապագայով: Մոսկվան վարում է նոր քաղաքականություն:

Անգամ «Անկախ Քրդստանի» եւ «Մեծ Հայաստանի» մասին քննարկումներ եղան՝ չհասկանալով, որ հայերը երբեք չեն համաձայնի թուրքերից ազատագրած հայրենիքը քրդերին զիջել:

«Արդար Ռուսաստան» կուսակցությունն էլ առաջարկել է 5 տարվա ազատազրկում սահմանել բոլոր նրանց համար, ովքեր կասկածի տակ կդնեն եւ կժխտեն 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը ներկայացվել է Պետդումա: Մասնավորապես նշվում է, որ պատիժը պետք է տատանվի 300 հազար ռուբլուց մինչեւ 3 տարվա ազատազրկում, իսկ եթե ժխտումը կատարվի զլմ-ների միջոցով, ապա՝ 5 տարվա:

Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, սակայն, պատմության դասերը հաշվի առնելով, պետք է այեւս քայլ անեն հայերը: Այսօր Ռուսաստանում ծավալվող այն տեսակետը, թե «Պուտինը կարող է զրկել Թուրքիային իր տարածքի 30 տոկոսից», եւս չի կարելի անտեսել: Գուցե այդ մասին Հայաստանի նախագահը խոսել է նաեւ Արեւմուտքի հետ: Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզում կայանալիք ՄԱԿ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին:

Դառնալով «Պուտինը կարող է զրկել Թուրքիային իր տարածքի 30 տոկոսից» թեմային՝ նշենք, որ դա հնարավոր է, եթե Թուրքիան, ԱՄՆ-ի աջակցությունը ստանալով, շարունակի սեղմել Սիրիայի շուրջ օղակը: Սա կնշանակի, որ նոր հարձակումներ կլինեն ռուսական կողմի վրա՝ բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ:

Չճշտված տեղեկությունների համաձայն, այդ դեպքում հնարավոր է, որ «Ռուսաստանը պատրաստ լինի խզել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, ինչի հետեւանքով Թուրքիան կարող է զրկվել իր տարածքների մինչեւ 30 տոկոսից» (գրում է Vesti.Lv-ն):

Մոսկվայի պայմանագիրը ռուս-թուրքական պայմանագիր է «Բարեկամության ու եղբայրության» մասին, որը ստորագրվել է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կառավարության ու Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջեւ: Պայմանագրի համաձայն՝ հայկական Կարս ու Արդահան քաղաքներն անցան Թուրքիային: Արարատ լեռը նույնպես մնաց Թուրքիայի տարածքում: Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանն այն երկարաձգում է յուրաքանչյուր 25 տարին մեկ, ու հիմա մոտենում է պայմանագրի հերթական ստորագրման ժամկետը, ինչը Ռուսաստանը կարող է օրինական հիմունքներով չկատարել: Այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի հսկայական տարածքներ վերադարձնել: Նշվում է, որ այդ տարածքները Թուրքիայի կազմում մինչ օրս բնակեցված չեն 1853-1923թթ. Հայոց ցեղասպանությունից հետո, քանի որ Թուրքիան միշտ դիտարկել է 20-րդ դարասկզբին օկուպացված տարածքները վերադարձնելու հնարավորությունը, ինչի պատճառով էլ այդտեղ չեն ուղղվում ներդրումներ ու բացակայում են ժամանակակից ենթակառուցվածքները:

Իհարկե, այստեղ կան բայցեր… Բայցեւ այնպես, ոչինչ չի կարելի բացառել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։